Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Շնորհակալ եմ պարո՛ն Գլխավոր քարտուղար:
Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ: Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:
Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարևորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկեցինք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը: Եվ ես պարոն Գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը և նախանշելու ապագա մեր գործողությունները:
Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, և որ այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ: Դրանք պատկանում են առանձին երկրների և բոլորին: Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի և անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:
Հպարտ եմ նաև, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ և պատասխանատու մասնակիցներ: Վստահ եմ, որ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ձեռք բերված միջազգային փորձառությունն ու կարողությունները մեր զինվորականները լավագույնս կծառայեցնեն մեր բանակաշինության գործին:
Անշուշտ, անդրադարձ կատարեցինք մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես ի նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար:
Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը շարունակելու աշխույժ դրական օրակարգ ձևակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Հույս եմ հայտնում նաև, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:
Շնորհակալություն։
***
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Պարո՛ն Նախագահ,
Ջերմորեն ողջունում եմ Ձեզ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Հաճելի է Ձեզ կրկին հանդիպել: Մենք վերջին անգամ հանդիպել ենք անցյալ տարի հուլիսին Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես նաև ողջունում եմ մեր շատ կառուցողական և հետաքրքիր քննարկումները, որ հենց նոր մեր հանդիպման ընթացքում անցկացրինք: Ողջունում եմ այն գործընկերությունը, որ երկար տարիների ընթացքում մենք զարգացրել ենք ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև: Դա լավ է և՛ Հայաստանի, և՛ ՆԱՏՕ-ի համար: Ես ողջունում եմ այն, որ մենք մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր գործընկերությունը և շարունակել ամրապնդել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը: Մենք զարգացրել ենք մեր գործընկերությունը երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այս տարի Ձեր՝ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին միանալու 25-րդ տարեդարձն է: Դա որոշիչ ժամանակ էր, որ հաջորդեց Սառը պատերազմի ավարտին: Հենց դա է մեր գործընկերության հիմքը, որի վրա երկար տարիների ընթացքում մենք կառուցել եք մեր հետագա համագործակցությունը:
Դուք մասնակցեցիք Վարշավայի գագաթնաժողովին, որովհետև Ձեր երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաև աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունություն ապահովելու: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատել այդ երկրներում: Մենք երախտապարտ ենք Ձեր ներդրած ավանդի համար, որն օգնում է Եվրոատլանտյան շրջանը դարձնել ապահով և առավել անվտանգ:
ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Ձեր կարիքներին և պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների և այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին:
Ես ուզում եմ Ձեզ շնորհավորել նաև Բարեվարքության ամրապնդման ծրագրում մասնակցելու համար, որ ուղղված է բանակում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Ձեր՝ «Կանանց, խաղաղության և անվտանգության» վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործում գրանցած առաջընթացի կապակցությամբ: Սրանք կարևոր քայլեր են բոլորիս համար:
Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով՝ ներառյալ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ և աշխատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսօր այստեղ գալու, ինչպես նաև մեր սերտ համագործակցության համար, որն իմ կարծիքով՝ լավ է թե՛ Հայաստանի և թե՛ ՆԱՏՕ-ի համար:
Շատ շնորհակալ եմ:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Աբրահամ Գասպարյան, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն - Պարո՛ն Գլխավոր քարտուղար, կարծես թե ՆԱՏՕ-ի ուշադրությունը Գործընկերության հանդեպ վերջին տարիներին փոքր-ինչ նվազել է, գործընկեր երկրների հետ հանդիպումներն ու միջոցառումները քչացել են: Տեսակետ կա, որ ՆԱՏՕ-ն իր գործընկերներին զտել է և հիմա խորացնում է իր հարաբերությունները միայն «այսպես կոչված» Կատարելագործված հնարավորություններ ունեցող գործընկերների հետ: Եթե չեմ սխալվում, նույնիսկ գործընկեր երկրները չեն էլ հրավիրվել գալիք գագաթնաժողովին: Ինչպե՞ս Դուք դա կմեկնաբանեք: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն փոխում է իր մոտեցումը գործընկերների վերաբերյալ: Շնորհակալություն:
Յենս Ստոլտենբերգ - ՆԱՏՕ-ի համար գործընկերությունները շատ կարևոր են, և հենց սա է պատճառը, որ մենք գործընկերությունը Հայաստանի հետ ամրացնում ենք: Մենք այժմ Հայաստանի հետ գտնվում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատման փուլում, և ես կարծում եմ, որ սա ապահովում է լավագույն հնարավոր համատեքստը Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերային գործունեության համատեղ իրականացման համար:
Նախ և առաջ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի տարբեր գործողություններին և առաքելություններին իր ներդրման համար, ՆԱՏՕ-ի ներկայությանը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին, որ իր նպաստն է բերել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ներկայությանը՝ օգնելով կայունացնել Արևմտյան բալկանները, և նաև այն փաստը, որ ՆԱՏՕ-ն օգնում է Հայաստանին տարբեր դրսևորումներով իրականացնելու իր բարեփոխումները, արդիականացնելու պաշտպանական հաստատությունները և պաշտպանության կրթության համակարգը, և մենք նաև միասին էինք Բարեվարքության ամրապնդման ծրագրում, որը կոչված է զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարելուն, և նաև վերապատրաստում ենք Հայաստանի զինված ուժերին ՆԱՏՕ-ի զինված ուժերում զորավարժություններում մասնակցելու հնարավորություն ընձեռնելով:
Այն փաստը, որ հայ զինվորները, զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի զինավարժություններում, խթանում է փոխգործունեությունը, զինվորական գործողություններում միասին աշխատելու հնարավորությունը, մենք կիսվում ենք գիտելիքով, մենք իրարից սովորում ենք, և, ըստ իս, դա նաև խթանում է որակը և՛ Հայաստանի, և՛ ՆԱՏՕ-ի զինված ուժերի:
Մենք նաև միասին աշխատում ենք քաղաքացիական ռազմական գործողությունների առանցքում, ինչպես, օրինակ, քաղաքացիական արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքելու վարժանքներում. Հայաստանն անցյալ տարի մասնակցեց նման գործողությունների:
Բազմաթիվ ուղղություններով մենք աշխատում ենք և մենք մտածում ենք, թե ավելին ինչ կարող ենք անել:
Ինչ վերաբերվում է Վարշավայի գագաթնաժողովին՝ հուլիսին Հայաստանն այնտեղ ներկա էր: Հանդիպումը, որը մենք մտադիր ենք ունենալ մայիսին պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, գագաթնաժողով չէ, սա հատուկ հանդիպում է, շատ կարճ հանդիպում է լինելու, որի հիմնական նպատակն է լինելու նոր ԱՄՆ նախագահին ՆԱՏՕ այցելել հրավիրելու: Այսինքն՝ այդտեղ գործընկերներ առհասարակ չեն լինելու՝ ո՛չ Կատարելագործված հնարավորություններով, ո՛չ այլ գործընկերներ չեն մասնակցելու այդ հանդիպմանը, բայց Հայաստանը հրավիրվում է ՆԱՏՕ-ի զանազան գործողություններին և մասնակցել է մեր վերջին գագաթնաժողովին Վարշավայում:
Շաքե Ղազարյան, Արմենիա հեռուստաընկերություն - Դուք խոսեցիք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շատ ընդգրկուն օրակարգի մասին, խնդրում եմ, ասեք, որքանո՞վ է դա համատեղելի անվտանգության մյուս կառույցներում մեր համագործակցության հետ, մեր ստանձնած պարտավորությունների հետ: Շնորհակալություն:
Սերժ Սարգսյան - Ինչպես ցույց է տալիս ժամանակը և պրակտիկան՝ ամբողջովին համատեղելի են: Մեր տարածաշրջանում բազմաթիվ դերակատարներ կան, և մենք փորձում ենք յուրաքանչյուր պարագայում մեր ազգային անվտանգության համար գտնել համագործակցության հնարավորություն, և երբեք՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը չի փորձել որևէ շահ տեսնել կամ ունենալ այդ դերակատարների հակամարտությունից: Դա, մեր կարծիքով, կործանարար քաղաքականություն է, և մենք նաև տարածաշրջանում համոզվեցինք իմ խոսքերի ճշմարտացիության մեջ:
Անշուշտ, տարբեր նպատակներ են հետապնդում և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ՆԱՏՕ-ն, բայց նորից եմ կրկնում, որ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որպեսզի երկիրն իր ազգային անվտանգությունն ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում:
Իմիջիայլոց, ասեմ, որ Եվրամիության հետ, երբ որ բանակցություններ էինք վարում, երբ որ խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին, և Եվրամիությունում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում էինք ՆԱՏՕ-ի հետ օրինակը՝ ասելով, որ լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ՝ մենք 25 տարի է համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և դրանից ոչինչ վատ բան չի պատահում: Այնպես որ, կարծում եմ, որ մեր օրինակն ուսանելի է և մենք շարունակելու ենք մեր այս քաղաքականությունը: Շատ շնորհակալ եմ: