24
10, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները

  Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

 

Ձե՛րդ Վսեմություն,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար․ այսօր կայանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի և մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան։ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջև։ Խորհրդանշական է նաև, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում. Ձերդ Վսեմության այցով մենք հավակնում ենք նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը։

Րոպեներ առաջ ես և Ֆրա Մեթյու Ֆեսթինգն անմիջական ու բարձր փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք ինչպես երկկողմ համագործակցության հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր:

Անշուշտ, մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի դաժան օրերին և մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է և, իհարկե, աննկատ չի մնացել։

Քննարկեցինք նաև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության և նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե´ Մալթայի Ուխտը և թե´ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, և այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել: Այդ օգտակար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հավելյալ տեղեկություն խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև եղած համագործակցության մասին:

Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը։ Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է եղել մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության ու արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության խրախուսման։ Կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ։

Իհարկե, խոսեցինք նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի և ս․թ․ հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու և իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։

Անշուշտ, խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում։

Ձե՛րդ Վսեմություն, կրկին բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեական երկիր, որտեղ մշտապես ուրախ ենք ընդունելու Հայաստանի պատվարժան հյուրերին։

Շնորհակալություն։

 

***

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ


Ձե՛րդ գերազանցություն պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մալթայի Ուխտի 900-ամյա պատմության ընթացքում սա առաջին անգամ է, որ մեծ վարպետն այցելում է Հայաստան: Այժմ ես մտածում եմ՝ արդյո՞ք չեմ սխալվում: Ես այնքան էլ համոզված չեմ. վստահորեն այն ժամանակներում, երբ Մալթայի Ուխտը տեղակայված էր իր հայրենիքում, պետք է որ մեծ վարպետների ճանապարհներն ուղղված լինեին նաև դեպի Հայաստան: Ես կասկածներ ունեմ: Բայց այն, ինչ գրված է այստեղ, իսկապես ճիշտ է ժամանակակից Հայաստանի դեպքում: Իսկապես, հիանալի է լինել այստեղ՝ Երևանում այս այցով, ինչը, իրոք, շրջադարձային իրադարձություն է:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Սարգսյանին ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Շատ քիչ ազգեր աշխարհում ունեն ձեզ պես հին և հարուստ պատմություն: Պատահական չէ, որ դուք հայտնի եք որպես ամենահին քրիստոնյա պետություն: Դրա հետ մեկտեղ, մենք բոլորս երբեք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաև մեծ ողբերգություններ: Այսօր՝ կեսօրից հետո, ես պարտականություն ու պատիվ եմ ունենալու հարգանքի տուրք մատուցել ձեր շատ քաջ ժողովրդին՝ հուշահամալիրում, որ ոգեկոչում է 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրությունում զոհված հայերի հիշատակը: Անշուշտ, ես դա անելու եմ ամուր հավատով, որ նման սարսափազդու իրադարձություններ այլևս երբեք տեղի չունենան:

Ես հպարտ եմ, որ Մալթայի Ուխտը կարողացել է նվիրվածություն ցուցաբերել Հայաստանին՝ օգնելով փախստականներին Առաջին համաշխարհային պատերազմից հետո և աջակցելով 1988 թվականի դեկտեմբերին ձեր երկրին պատուհասած ավերիչ երկրաշարժի օրերին, ինչպես Նորին Գերազանցությունն ավելի վաղ նշեց:

Մինչ օրս մենք ձեր երկրում իրականացնում ենք մարդասիրական ծրագրեր, օրինակ՝ Էջմիածնում և Զվարթնոցում գտնվող մանկատների, Դիլիջանի առողջարանի և այստեղ՝ Երևանում, խոսքի և լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի համար:

Ես վստահ եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդելու Մալթայի Ինքնիշխան Ուխտի և Հայաստանի Հանրապետության միջև պատմական կապերը: Եվ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք հետագայում ևս ոչ միայն զարգացնել մեր հարաբերությունները, այլ նաև ընդլայնել այն աշխատանքը, որ այստեղ՝ Հայաստանում իրականացնում է Ուխտը:

Մալթայի Ուխտը ներգրավված է աշխարհի առավել ճգնաժամային, այդ թվում նաև սիրիական հակամարտությունից տուժած տարածաշրջաններում: Թուրքիայում, Լիբանանում և Իրաքում մեր բժշկական խմբերն օգնում են պատերազմից և հետապնդումներից մազապուրծ եղած փախստականներին: Միջերկրածովյան ավազանում մեր բժիշկներն ու բուժքույրերն առաջին օգնություն են ցուցաբերում վտանգավոր նավերով Հյուսիսային Աֆրիկայի ափերից ժամանողներին: Ի պատասխան աճող միգրանտների հոսքին Արևելյան Եվրոպայում գտնվող մեր ասոցիացիաները Բալկանյան ուղու երկայնքով մեծացրել են իրենց աջակցության ծրագրերի մասշտաբները:

Մենք առերեսվում ենք մարդասիրական աղետների ևս: Մալթայի Ուխտի անդամները, մասնագետներն ու կամավորները յուրաքանչյուր օր ակտիվ գործունեություն են ծավալում 120 երկրում՝ հոգ տանելով աղքատների և հասարակության մարգինալացված անդամների մասին: Մեր առաքելությունը միտված է նաև խաղաղության և անվտանգության պահպանմանը, աղքատության ու անհավասարության վերացմանը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին ու հոգածությանը: Մեր դիվանագիտական մարդասիրական ցանցը մեծապես դյուրացնում է աշխարհով մեկ Մալթայի Ուխտի մարդասիրական գործունեության իրականացումը. մենք երկկողմ դիվանագիտական հարաբերություններ ունենք ավելի քան 100 երկրի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության հետ: Իհարկե, մենք մշտական դիտորդի կարգավիճակ ունենք Միավորված ազգերի կազմակերպությունում:

Ես լի եմ հույսով ու հավատով, որ այստեղ՝ Հայաստան կատարած իմ այս այցը կօգնի շարունակել զարգացնելու մեր արդեն իսկ գերազանց հարաբերությունները՝ ոգեշնչված կարիքի մեջ գտնվող անձանց կյանքն ու կենսապայմանները բարելավելու մեր ընդհանուր ցանկությամբ:

Շնորհակալություն, պարո՛ն Նախագահ, մեզ ցուցաբերած Ձեր հոյակապ և բարեհամբույր ընդունելության համար: Անձամբ ես մեծապես վայելում եմ իմ այցը ձեր երկիր:

Շնորհակալություն:

 

← Վերադառնալ