Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի և ԵԽ Նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում և իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար:
Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ:
Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը:
Անդրադառնալով ս. թ. մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովի արդյունքներին` մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ և գործընկեր երկրների միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը:
Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:
Մենք նաև կարևորեցինք, որ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009թ.-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:
Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով:
Անշուշտ, անդրադարձանք նաև այս օրերին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր իրադարձությունների և համոզմունք հայտնեցինք, որ այդ իրադարձությունների բարեհաջող ընթացքը իր դրական դերակատարությունը կունենա ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման գործում։ Մեր երկրի առաջնահերթ շահերից է բխում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության բնականոն զարգացումն ու լիարժեք ներգրավվածությունը միջազգային գործընթացներում: Անշուշտ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դարավոր բարեկամ Հունաստանը օր առաջ կարողանա լուծել իր առջև ծառացած բարդագույն խնդիրը:
Ավարտելով խոսքս՝ նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի այցը լավագույնս վկայում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա են ընդհանուր ըմբռնում և փոխադարձ հետաքրքրություն` խորացնելու առկա կապերն ու շփման ձևաչափերը:
Շնորհակալ եմ, իսկ հիմա հաճույքով խոսքը տրամադրում եմ Նախագահ պարոն Տուսկին:
***
Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Շատ շնորհակալություն, պարո՛ն Նախագահ: Երջանիկ եմ լինել Երևանում եմ և կրկին հանդիպել ՀՀ Նախագահին: Իմ այցն այստեղ՝ մարտին Բրյուսելում կայացած և մայիսին Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կայացած մեր հանդիպումների ամփոփումն է: Նախ և առաջ` ես կցանականի Ձեզ շնորհակալություն հայտնել Ցեղասպանության հուշահամալիր այցելելու հնարավորության համար: Սա իմ երկրորդ այցելությունն է և ինչպես առաջին այցելության ժամանակ, այնպես էլ այս անգամ նույնչափ հուզվեցի:
Այսօր մենք շատ լավ քննարկում ունեցանք մի շարք հարցերի, մասնավորապես՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Անդրադարձանք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս: Հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն Եվրոպական միության համար: Եվրոպական միությունը սատարում է բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը և իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք սատարում ենք հետագա երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ ամենաբարձր մակարդակով՝ պարո՛ն Նախագահ, Ձեր մակարդակով: Անչափ կարևոր է խստագույնս հարգել հրադադարը, սթափություն դրսևորել գործողություններում և հայտարարություններում, ստեղծել մթնոլորտ, որը նպաստավոր կլինի հակամարտության կարգավորման առաջընթացի համար: Հայաստանը որոշել է չօգտագործել Եվրոպական միության առաջարկած Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ` Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Դա ընտրություն է, որը Եվրոպական միությունը լիովին հարգում է: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար միջավայրի բարելավման ներդրումների ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով, մեկ խոսքով՝ բարեփոխումների ընդգրկուն օրակարգով: Մենք բարեհաջող ավարտել ենք երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը և այս համաձայնագրով նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները: Եվրամիության անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են այս բանակցությունների մանդատի տրամադրման հարցը: Մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկն այն է, որ ավելի հեշտացնենք ճանապարհորդելը Հայաստանի և Եվրամիության միջև:
Ես ողջունում եմ այն դրական առաջընթացը, որը Հայաստանը ձեռք է բերել շարժունակության գործընկերության ուղղությամբ: Վիզաների դյուրացման և հետընդունման մասին պայմանագրերի արդյունավետ կատարումը, որոնք ուժի մեջ մտան 2014-ի հունվարից, կարևորագույն պայման է, որպեսզի սկսվեն վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները: Վիզայազերծ ռեժիմը վերջնական նպատակն է: Ես լիահույս եմ, որ հաջորդ քայլը հնարավոր կլինի իրականացնել մոտակա ամիսների ընթացքում, եթե աշխատանքի այս տեմպը շարունակվի: Հայաստանը կարող է հույս դնել Եվրոպական միության շարունակական օժանդակության վրա, որպեսզի առաջ ընթանա սոցիալական և քաղաքական բարեփոխումների ուղղությամբ և բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը: Եվրոպական միությունը սատարում է քաղաքացիական հասարակության աշխատանքը Հայաստանում: Ես քաջալերում եմ, որպեսզի քաղաքացիական հասարակությունն առաջիկայում սերտորեն ներգրավվի բարեփոխումների գործընթացում, որպեսզի ընդլայնվի երկխոսությունը և բոլորն զգան իրենց դերը իրականացվող բարեփոխումներում: Այս տարին վճռորոշ է մեր հարաբերությունների համար:
Շնորհակալություն ուշադրության համար:
***
Շաքե Ղազարյան՝ «Արմենիա» հեռուստաընկերություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն: Հարցս հետևյալն է` արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը, և ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները:
Սերժ Սարգսյան – Նախ դուք բոլորդ վկաներն եք և կարող եք հանգիստ հաստատել, որ Արևելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում: Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա: Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետև այդ ընդհանրությունը հատկանշական չէ: Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ` եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ՝ թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Եկեք ա՛յս ոլորտում մենք համագործակցենք: Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության: Ուստի, մենք, անդամակցելով ԵԱՏՄ-ին, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: Այո՛, կարծում եմ, և պարոն Տուսկն իր ներածական խոսքում ասաց ու մեր հանդիպման ժամանակ էլ ասաց, թե եկել է հաստատելու, որ՝ այո՛, մենք սկսելու ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Բայց, կարծում եմ, իր տեղեկատվությունը ավելի հավաստի կլինի, ուստի, այս երկրորդ ենթահարցի վրա ես շատ ժամանակ չծախսեմ, խոսքը փոխանցեմ պարոն Տուսկին: Նա այս մասով, թերևս, ավելի հանգամանորեն կասի:
Դոնալդ Տուսկ - Շատ շնորհակալություն, պարո՛ն Նախագահ: Շնարհակալություն հարցի համար, որովհետև այն կապված է նաև իմ սեփական պատմության և անձնական ներգարվվածության հետ: Իմ կառավարությունը Արևելյան գործընկերության նախաձեռնողներից էր, և ես խորապես հավատացած եմ, որ այդ գաղափարը իսկապես կարևոր էր ոչ միայն Եվրամիության, այլև Արևելյան գործընկերության 6 պետությունների համար: Կարծում եմ` սա կարելի է եվրոպական մասնագիտացում համարել օգնելու մեր հարևաններին՝ չպարտադրելով մեր առաջարկները և մեր լուծումները: Ահա, դրանով եմ ես այդքան հպարտ, որ ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը միշտ պատրաստ է օգնել առանց գաղափարական, տնտեսական ագրեսիայի, եթե հասկանում եք ինչ ի նկատի ունեմ, բայց կարծում եմ՝ բավական պարզ ասացի: Իմ մտադրությունն է այսօր ընդգծել, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ես կարող եմ կրկնել, որովհետև կարծում եմ, որ սա կարևոր է ձեզ համար. մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, և մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ: Իհարկե, դա որոշ հետևանքներ է առաջացնում, օրինակ` մեր ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան մեր նախկին առաջարկն էր՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (ԽՀԱԱԳ), բայց ես կարծում եմ, որ և՛ Եվրամիությունը, և՛ Հայաստանը լիովին գոհ և բավարարված կլինեն, երբ մենք ավարտենք մեր աշխատանքը այս նոր համաձայնագրի շուրջ և համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ են Արևելյան գործընկերության մեջ որոշ փոփոխություններ, որովհետև Արևելյան գործընկերությունը եղել է և ապագայում պարտավոր է լինել հարմարավետ ձևաչափ ոչ միայն նախաձեռնողների համար՝ օրինակ ինձ, այլև առաջին հերթին դրանում ընդգրկված պետությունների՝ օրինակ Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ մենք լավագույն մոտեցումը կգտնենք, որպեսզի ուժեղացնենք մեր համագործակցությունը նաև Արևելյան գործընկերության շրջանակում:
Հովհաննես Քոսյան՝ «Ինտերֆաքս» գործակալություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ փաստ է, որ Ադրբեջանում անցկացված եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում և հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Սակայն, խաղերից անմիջապես հետո, ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսման: Ավելին, խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները` մեղադրելով, թե Եվրոպական կառույցներին և թե առանձին երկրների` օրինակ Գերմանիային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի և նմանատիպ այլ բաներում: Կխնդրեի Ձեր մեկնաբանություններն այս առնչությամբ:
Սերժ Սարգսյան – Ձեր հարցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասի վերաբերյալ՝ ես անկեղծորեն եմ ասում՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության և կայունության խաբկանք: Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետև սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, և ու՞մ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը: Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից: Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն` ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում, և ո՞վ է պաշտպանում: Երբ այդ հավասարության նշանը կա, և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են: Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ Ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի Նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման:
Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով Նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ Նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային և Հայաստանի մեղադրում է իսալամաֆոբության մեջ:
Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, և ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում ՝ եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին և ասենք՝ ժողովուրդ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:
Շնորհակալ եմ:
Դոնալդ Տուսկ - Նախ և առաջ` և՛ Հայաստանին և՛ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Երկրորդ՝ երկու կողմերը պետք է պատրաստակամություն դրսևորեն գնալու փոխադարձ զիջումների, մտնելու երկխոսության մեջ և ձեռնպահ մնալու որևէ հռետորաբանությունից կամ այլ գործողություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը: Կասկած չունեմ, որ խաղաղ լուծմանը այլընտրանք գոյություն չունի, և եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծման հասնել, ապա մենք պարտավոր ենք խուսափել՝ բոլոր կողմերը, բոլոր սուբյեկտերը, բոլոր դերակատարները այս շատ ռիսկային խաղում, պարտավոր են ձեռնպահ մնալ ագրեսիվ խոսքերից և ագրեսիվ հռետորաբանությունից, որովհետև, ինչպես գիտեք, խոսքերը և հռետորաբանությունը քաղաքականության մեջ ունեն հետևանքներ և ժամանակ առ ժամանակ դրամատիկ հետևանքներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ երբեմն լռությունը գերադասելի է, քան խոսքը, մասնավորապես՝ ագրեսիվ հռետորաբանությունը: Ուստի, ես միանշանակորեն վստահ եմ, որ սա կոչ է այս հակամարտության բոլոր կողմերին և քաղաքական գործիչներին:
Շնորհակալություն: