12
10, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 


Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Սերբիայի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պարոն Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, քանի որ այն կայանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին այսօրինակ բարձր մակարդակի փոխայցերը բարի ավանդույթ են դարձել, ինչը վկայում է, որ մենք հանձնառու ենք պատմության փորձությունն անցած ավանդական բարեկամական հարաբերությունները վերածել շատ ամուր երկկողմ միջպետական հարաբերությունների:

Անցած երեկո ես և իմ սերբ բարեկամը ջերմ միջավայրում վայելեցինք Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Սերբիա ազգային հավաքականների խաղը, որը, վստահ եմ, կլինի միակ հարթակը, այսինքն՝ սպորտային հարթակը կլինի միակ հարթակը, որտեղ մենք մրցակցում ենք: Ե՛վ ես, և՛ Սերբիայի Նախագահը դժվարությամբ էինք զսպում մեր էմոցիաները, բայց այնուհանդերձ, խաղաղությամբ հեռացանք մարզադաշտից, և կարծում եմ, որ սերբերն իրենց մտքում ափսոսում էին, թե ինչու իրենք չհաղթեցին, որովհետև իրենք ուժեղ էին, հայերն էլ ափսոսում էին, թե ինչու չհաղթեցին, քանի որ կար այդպիսի հնարավորություն:

Այս երկու օրերի ընթացքում պարոն Նիկոլիչի հետ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը: Մենք միակարծիք էինք, որ ժամանակն է վերաիմաստավորելու վերջին քսան տարիների մեր անցած ուղին և նոր շունչ հաղորդելու երկկողմ համագործակցությանը բոլոր հնարավոր ոլորտներում: Այս համատեքստում կարևորեցինք Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչը մեծապես կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Կարևորեցինք քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային կապերի և մարդկային շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ գործակցության ընդլայնումը: Այդ ուղղությամբ այժմ քննարկումներ են ընթանում փոխադարձաբար Հայաստանի և Սերբիայի քաղաքացիներին սահմանի վրա մուտքի արտոնագրեր տրամադրելու կամ ավելին՝ առանց արտոնագրերի մուտք արտոնելու վերաբերյալ:

Առանձնակի շեշտադրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Թեև մեկնարկային կետը ցածր է, բայց ականատեսն ենք լինում մեր ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ աճի: Կարծում եմ, դրան նպաստեց նաև այս տարվա սկզբին Երևանում կայացած առաջին հայ-սերբական գործարար համաժողովը: Սույն այցի շրջանակներում ստորագրվեցին զբոսաշրջության բնագավառում և տնտեսական, գիտական ու տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր:

Իմ գործընկերոջը ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Նախագահ Նիկոլիչն ինձ ծանոթացրեց Կոսովոյի խնդրում Սերբիայի մոտեցումներին և դիրքորոշումներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Գիտեք, մենք էլ համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, որ կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ է, որ դրա այլընտրանքը քաոսն է:

Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, և այդ առումով Հայաստանը սատարում է Սերբիային այդ պատասխանատու առաքելության մեջ և աջակցելու է կազմակերպության ամրապնդմանն ուղղված սերբ գործընկերների նախաձեռնություններին:

Մեր բանակցությունների օրակարգում էին նաև միջազգային հրատապ խնդիրները` Իրաքում, Սիրիայում ահաբեկիչների վայրագություններին վերջ դնելուն ուղղված միջազգային հանրության միասնական ջանքերը: Մտահոգություն հայտնեցինք Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների փաստերի, ինչպես նաև քրիստոնեական հուշարձանների ոչնչացման փաստերի կապակցությամբ: Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին և դրա հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինչպես գիտեք ես նոր եմ վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:

Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը:

Այս հարաբերություններում իրենց կարևոր ուրույն տեղն ունեն եվրոպական երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները: Սերբիայի Նախագահի այս այցը և բոլոր մակարդակներում ինտենսիվ քաղաքական շփումները հենց դրա վկայությունն են:

Պարո՛ն Նախագահ, մեկ անգամ ևս Ձեզ բարի գալուստ եմ մաղթում Հայաստան և սիրով Ձեզ եմ փոխանցում խոսքը:

← Վերադառնալ