26
11, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սուլեյմանին` բարեկամ Լիբանան այցելելու հրավերի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար: Անցյալ տարի` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պատիվ ունեցանք Հայաստանում հյուրընկալելու Լիբանանի Նախագահին: Այս տարի կայանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Լիբանան, և այս այցելությունների պարբերականությունը խոսում է այն մասին, որ մեր միջև հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, որ մենք ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, և այդ հարաբերությունները նաև զարգացնելու ցանկություն:

Քիչ առաջ Նախագահ Սուլեյմանի հետ մենք արդյունավետ բանակցություններ ունեցանք. քննարկեցինք հայ-լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային` մասնավորապես մերձավորարևելյան և հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Այս տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ այս ընթացքում ձևավորվել են միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական կապեր, ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց այս այցելության ընթացքում կավելանան, ավելի ճիշտ՝ արդեն ավելացան ևս երկուսը:

Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ:

Նախագահ Սուլեյմանին ներկայացրեցի այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Լիբանանի հետ համագործակցությանը միջազգային ասպարեզում: Հայաստանն էլ իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը:

Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով դի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, և Սիրիայի ցավը` մեր ցավն է:

Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը՝ և ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը:

Անդրադարձանք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Վերահաստատեցի, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է վարել խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված քաղաքականություն: Մենք բացառում ենք խնդրի լուծման ուժային տարբերակը և հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ հարցը բանակցային ճանապարհով լուծելու մեր հանձնառությանը: Ցավոք, հարևան Ադրբեջանն անտեսում է ՄԽ վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը և իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության և ռասիզմի ցցուն օրինակ:

Հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: Այսօր էլ պարոն Սուլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը և շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը: Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ և պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին:

Որպես վերջաբան մաղթում եմ, որ մեր եղբայրական ժողովուրդների պատմական ընթացքը լինի անընդհատ և վերընթաց: Թող մեզ միշտ ուղեկից լինեն խաղաղությունը, արդարությունն ու լավատեսությունը:

 

← Վերադառնալ