Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեկ անգամ ևս ողջունում եմ Ավստրիայի Հանրապետության նախագահ պարոն Հայնց Ֆիշերին Հայաստանում: Հայաստանի և Ավստրիայի միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում սա Ավստրիայի Հանրապետության նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Այն ևս մեկ կարևոր ուղենիշ է հայ և ավստրիացի ժողովուրդների՝ ժամանակի փորձությունն անցած բարեկամության ամրապնդման ճանապարհին և լավ հնարավորություն է՝ ուրվագծելու երկկողմ համագործակցության առավել հավակնոտ և հեռանկարային ուղղություններ:
Մենք Ավստրիան դիտում ենք որպես բարեկամ պետություն և վստահելի գործընկեր: Դա պայմանավորված է թե՛ հայ-ավստրիական դարավոր պատմամշակութային առնչություններով և մեր ժողովուրդների միջև առկա համակրանքով, թե՛ մեր երկրները միավորող արժեքային համակարգով, թե՛ ավստրիահայ համայնքի առկայությամբ, թե՛ վերջին երկու տասնամյակում մեր միջպետական հարաբերությունների դրական փորձով:
Մեր բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր. Նախագահ Ֆիշերի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, վերահաստատեցինք երկկողմ և բազմակողմ բնագավառներում հայ-ավստրիական կապերն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` արձանագրեցինք, որ մեր պետությունների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մեր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար: Կարևորեցինք հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Պարոն Ֆիշերի այցը նաև տնտեսական բաղադրիչ ունի: Այցի շրջանակներում ընթանում է հայ-ավստրիական գործարար համաժողով, կստորագրվի հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի տնտեսական պալատի միջև համագործակցության վերաբերյալ: Հուսով եմ, որ համաժողովը կտա տեսանելի արդյունքներ և մոտ ապագայում Ավստրիայի ներկայությունը Հայաստանում առավել զգալի կդառնա:
Ես շնորհակալություն հայտնեցի պարոն Ֆիշերին այն օգնության համար, որ Ավստրիայի կառավարությունը ցուցաբերեց Հայաստանին 1988թ. երկրաշարժից հետո, ինչպես նաև Գյումրիում Ավստրիական մանկական հիվանդանոցի և Ավստրիական թաղամասի կառուցման համար: Մենք նաև երախտապարտ ենք Հայաստանում ավստրիական աջակցությամբ իրականացվող զարգացման ծրագրերի համար, ինչի համատեքստում կարևորում ենք Զարգացմանն ուղղված համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումն այսօր:
Հայաստանում նաև բարձր են գնահատում Ավստրիայի կառավարության կողմից ցուցաբերվող ուշադրությունը և աջակցությունը թե՛ հայ համայնքին, թե՛ երկրի տարածքում գտնվող հայկական կրթամշակութային ժառանգության, այդ թվում` Վիեննայի Մխիթարյան միաբանության պահպանման հարցում:
Քննարկեցինք ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին: Ավստրիական կողմը վերահաստատեց իր լիակատար պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի եվրամերձեցման ջանքերին, մասնավորապես` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Պարոն Ֆիշերին ներկայացրեցի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի արդի փուլը, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու իրավիճակի վերաբերյալ մեր մոտեցումները: Մենք բարձր ենք գնահատում Ավստրիայի ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում և այն հաստատակամությունը, որով Ավստրիան աջակցում է տարածաշրջանային հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր ձգտմանը:
Ավստրիայի նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանում իրականացվող և իրականացվելիք էներգետիկ ծրագրերը և, կարծում եմ, եկանք ընդհանուր հայտարարի, որ դրանք պետք է խթանեն, այլ ոչ թե խաթարեն տարածաշրջանային հավասարակշռությունը: Ոչ մի պարագայում էներգետիկ ծրագրերը չպետք է դառնան մեր՝ առանց այն էլ փխրուն տարածաշրջանում նոր պատերազմի ֆինանսավորման աղբյուր: Համակարծիք էինք նաև, որ շրջափակումներն ու փակ սահմանները բացարձակապես անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի ոգուն և տրամաբանությանը:
Ամփոփելով խոսքս` Նախագահ Ֆիշերի հետ մեր հանդիպումը գնահատում եմ շատ դրական ու արդյունավետ և հույս հայտնում, որ դրանք շարունակական բնույթ կկրեն` հանուն մեր երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման և ամրապնդման: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Նախագահին՝ ինձ Ավստրիա պաշտոնական այցի հրավերի համար: Ինձ համար դա մեծ պատիվ է, և ես այն հաճույքով ընդունում եմ:
Շնորհակալություն:
***
Հայաստանի և Ավստրիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ավստրիացի լրագրողի հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ
Հարց - Մեծարգո՛ պարոն Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության տեսանկյունից որո՞նք են այն մեծ խոչընդոտները, որոնք խանգարիչ հանգամանք են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Սերժ Սարգսյան – Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը մենք այլընտրանք չենք տեսնում: Բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ռազմատենչ հայտարարություններն ու չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա: Եվ պատահական չէր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ սադրանքների արդյունքում զոհվեցին երիտասարդներ, և իրավիճակը լարվեց:
Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հայտարարեցին և կոչ արեցին կողմերին, որպեսզի նրանք պահպանեն 1994թ. կնքված հրադադարի պայմանները, պահանջներն ու նաև շեշտեցին, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված սկզբունքների հիմա վրա: Այն է՝ ուժի ու դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում և պետությունների տարածքային ամբողջականության պահպանում: Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, և որքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի և ԼՂ ժողովուրդների շահերից: Թե որո՞նք են խանգարող պատճառները, կարծում եմ վերջին ամիսների ընթացքում միջազգային հանրությունը կարողացել է դրանում համոզվել. Ադրբեջանը որդեգրել է առավելապաշտական դիրքորոշում՝ խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ: Իրականության մեջ Ադրբեջանն այս երեք սկզբունքներից ընդունում է միայն մեկ՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը:
Երբ մենք կարողանանք այս սկզբունքներն իրականում ընդունել, դարձնել մեր համոզմունքը, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի: