07
06, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը panorama.am-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին

Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը:

Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են:

Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կամ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, և այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ:

Մենք չունենք զինված ուժ կիրառելու որևէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, և կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց:

Հատկապես ցավալի է, որ սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը:

Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը:

← Վերադառնալ