Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը լրագրողի հարցին
Հարց-Եվրամիությունը մեր տարածաշրջանում իրականացնում է տարբեր ծրագրեր` իր էներգետիկ անվտանգությունը և էներգամատակարարման բազմազանությունն ապահովելու համար: Սակայն, ինչպես գիտեք, Ադրբեջանն այդ ծրագրերն օգտագործում է ի վնաս տարածաշրջանի, խորացնում տարածաշրջանում բաժանարար գծերը: Այդ ծրագրերից ստացված եկամուտներն ուղղում է ավելի մեծ քանակությամբ նոր սպառազինությունների ձեռք բերմանը, խախտելով միջազգային պայմանագրերով սահմանված քվոտաները և այդպիսով սպառազինությունների մրցավազք հրահրելով մեր այս զգայուն տարածաշրջանում: Պարո՛ն Նախագահ, ի՞նչ է անում Ֆրանսիան, որպեսզի Եվրամիությունը կանխի նման զարգացումները, թույլ չտա բաժանարար գծերի խորացում մեր տարածաշրջանում և որպեսզի, ի վերջո, մեր տարածաշրջանում ապահովվի քաղաքական, տնտեսական, էներգետիկ հավասարակշռություն:
Պատասխան-Այս հարցի շուրջ ես իմ կարծիքը հայտնել եմ Եվրամիության Արևելյան հարևանության գագաթնաժողովի ընթացքում: Կրկնեմ, որ մենք, իհարկե, հարգանքով և ըմբռնումով ենք մոտենում Եվրամիության երկրների ցանկությանը` ապահովելու էներգետիկ անվտանգություն և էներգակիրների աղբյուրների բազմազանեցում: Բայց մենք նաև ակնկալում ենք Եվրամիության այդ նույն երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Եվրամիությունը ծրագրեր իրականացնի, որովհետև այդ ծրագրերի տարածաշրջանային համագործակցության բաղադրիչն էական դեր կարող է խաղալ կայունության ապահովման գործում: Բայց այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որպեսզի ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը: Այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որ դրանց արդյունքները ծառայեն խաղաղությանը և ոչ թե պատերազմին: Այդ ծրագրերը պետք է այնպես իրականացվեն, որպեսզի, Աստված մի արասցե, չդառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ: Ահա սա է մեր մոտեցումը, և կարծում եմ, որ այս մոտեցումը արդար է, մյուս կողմից էլ` պատրաստակամ: