28
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

album picture
album picture
album picture

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեկ անգամ ևս ողջունում եմ Լեհաստանի Հանրապետության նախագահ պարոն Կոմորովսկուն, նրա տիկնոջը և ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում:

Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք: Մենք Լեհաստանը դիտում ենք որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր և որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված բարեկամությունն արժանահավատ է և անխախտ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լեհական երկխոսությունը տարեցտարի զարգանում է և ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ: Նախագահ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան դիտում եմ որպես կարևորագույն քայլ այս ճանապարհին և մեր բարձր մակարդակի հարաբերություններն առաջ մղելու ու խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն:

Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր, և նշեմ ամենակարևորը՝ վերահաստատվեց հարաբերություններն ամրապնդելու երկուստեք ցանկությունը և հանձնառությունը: Արձանագրվեց, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-լեհական փոխգործակցությանը նոր դինամիկա և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ: Ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են մեր երկկողմ շփումների շրջանակը` ավելացնելով դրանց շահառուների թիվը:

Առաջին հերթին ուշադրություն դարձրինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Այս առումով նշեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Ուրախ եմ, որ Նախագահ Կոմորովսկուն ուղեկցում է լեհ գործարարների պատվիրակություն: Հուսով եմ, որ նրանք Հայաստանում կգտնեն լավ գործընկերներ:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր, երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Արձանագրեցինք մշակութային կապերի ընդլայնման և մարդկային շփումների կարևորությունը: Հայ և լեհ ժողովուրդներն ունեն դարերի խորքը գնացող բարեկամություն, որը շարունակվում և նոր որակ է ստանում մեր ժամանակներում: Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները մշակութային և գիտակրթական կապերի զարգացման ոլորտում, այդ թվում` երիտասարդության միջև շփումների և փոխանակումների խրախուսման միջոցով:

Հանգամանորեն քննարկեցինք ԵՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները և Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին, որի համահեղինակներից և ակտիվ ջատագովներից է Լեհաստանը: Նախագահ Կոմորովսկու հետ նախանշեցինք մեր հետագա անելիքները վերը նշված ծրագրի շրջանակներում` ԵՄ-ում Լեհաստանի նախագահության և այս տարվա սեպտեմբերին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեքստում:

Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը, հակամարտություն, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման արդյունքում: Արձանագրեցինք, որ կազանյան հանդիպումից և՛ մեր, և՛ միջազգային հանրության սպասելիքները մեծ էին, բայց, ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը: Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի: Ուրախ եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Լեհաստանը Հայաստանի համար հանդիսանում է ավանդական բարեկամ երկիր, որի հետ մենք կարող ենք ազատ և հանգիստ քննարկել խնդիրներ և աջակցության հույս ունենալ:



***



Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ և լեհ լրագրողների հարցերին

«Ինտերֆաքս» գործակալություն- ՀՀ Նախագահը Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի ամբիոնից հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես Եվրոպայի մաս է: Որպես Արևելյան գործընկերության և առհասարակ եվրաինտեգրման ջատագովներ, չե՞ք կարծում, որ հարկ է, որ Եվրոմիությունը ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրի ԼՂ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին, քանի որ, անկախ նրանից` ԼՂ-ն ճանաչված է, թե` ոչ, այնտեղ իրականացվող բարեփոխումները միտված են ժողովրդավարության ամրապնդմանը:

Ս.Սարգսյան- Ժողովրդավարությունը բացարձակ արժեք է, և, այս առումով, ցանկացած օժանդակություն ժողովրդավարությանը մենք շատ բարձր ենք գնահատում: Ուստի, եթե վաղը Եվրամիությունն օժանդակի Լեռնային Ղարաբաղին` ամրապնդելու ժողովրդավարական կառույցները, ամրապնդելու պետական կառույցները, մենք միայն ուրախ կինենք: ԼՂՀ քաղաքացիներն, իհարկե, ակնկալում են այդ օժանդակությունը, որովհետև արդեն 17 տարի է նրանք ընթանում են այդ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում ընտրություններ, որոնք անցնում են միջազգային չափանիշներին համապատասխան, ինչով և՛ նրանք, և՛ մենք հպարտանում ենք: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ներկա լինեն բոլոր քաղաքական ուժերը: Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել երեք նախագահական ընտրություններ, ընտրվել են երեք նախագահներ, և նրանցից որևէ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել: Նաև այդ պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններն իրենց երբեք թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանական ժողովրդի մասին, ինչը նրանց պատիվ է բերում` ի տարբերություն հարևան երկրի ղեկավարության, որը, իհարկե, կարողանում է հոդաբաշխ արտահայտվել, բայց չի կարող իր ատելությունը թաքցնել: Իսկ ինչպես հայտնի է` թշնամանքով լցված մարդը չի կարող լավ, նորմալ որոշումներ կայացնել և, իհարկե, այս պարագաներում Եվրամիության օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է:

Լեհաստանի հանրային հեռուստաընկերություն- Կազանյան ֆիասկոյից հետո գոյություն ունի՞ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մշտական և խաղաղ լուծման հնարավորություն: Եվ եթե՝ այո, ապա ի՞նչ պահանջներ պետք է կատարի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, որպեսզի, իսկապես կայուն լուծման հասնի:

Ս. Սարգսյան- Իհարկե, ես կազանյան հանդիպումը ֆիասկո չէի անվանի, թեև ինչպես նշեցի և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը բավականաչափ սպասելիքներ ունեինք այդ հանդիպումից: Ուղղակի, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար և ինչի մասին ես խոսեցի ԵԽԽՎ-ում: Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, և առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի. չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր, ամեն մակարդակով թունավորել: Չգիտեմ, դուք, օրինակ, երեկ հետևե՞լ եք միջազգային լրահոսին, տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին: Եվ արդյո՞ք դա նորմալ մարդու արտահայտություն է, էլ չեմ խոսում երկրի ղեկավարի մասին: Ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի պահանջը միակն է` խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, և այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որը կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Մենք այլ պահանջներ չունենք: Այսինքն` մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին:

«Պրոսավա» գործակալություն-Հարցս Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի կապակցությամբ է. պարո՛ն Նախագահ, ի՞նչ ակնկալիքներ ունեք Արևելյան գործընկերությունից:

Ս.Սարգսյան-Վարշավայի գագաթաժողովից մենք առաջին հերթին ակնկալում ենք տարբերակված մոտեցում, տարբերակված գնահատականներ. ոչ թե այն առումով, որ եթե չլինեն տարբերակված գնահատականներ կամ նույնիսկ եթե չլինեն գնահատականներ, ապա դա նշանակում է, որ մեր երկրներում պետք է դադարեցվեն բարեփոխումները: Ո՛չ: Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում մենք բարեփոխումներ իրականացնում ենք ոչ թե նրա համար, որպեսզի հաշվետվություններ տանք, ոչ թե նրա համար, որպեսզի մեզ գնահատականներ տան, այլ նրա համար, որ առանց այդ բարեփոխումների մենք չենք տեսնում զարգացում, չենք տեսնում ուժեղ պետության և զարգացած հասարակության կառուցում: Բայց երբ գնահատականներ են հնչում ոչ թե հաշվի առնելով առաջընթացը, այլ ելնելով այլ հանգամանքներից, կարծում եմ, որ սա ուղղակի հակասում է նույն քաղաքականության սկզբունքին: Եթե փորձեմ հակիրճ ձևակերպել, ապա սկզբունքը կայանում է հետևյալում. ավելի մեծ օժանդակություն՝ մեծ առաջընթացին: Տարբերակված մոտեցում, ուրիշ՝ ոչինչ:



← Վերադառնալ