27
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին

album picture
ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Պարո՛ն Նախագահ, ո՞րն է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման նպատակը և ի՞նչ արդյունքներ ձեռք բերեցիք:

- Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այս ճյուղում են աշխատում մեր խոշոր ձեռնարկությունների մի մասը, հետևաբար՝ խոշոր հարկատուների մի մասը: Ինչպես գիտեք, մենք Անվտանգության խորհրդում մոտակա երեք տարիների համար հաստատել ենք մաքսային և հարկային բարեփոխումների ծրագիր, և ես ցանկացա անձամբ հավաստիացնել խոշոր ձեռնարկությունների սեփականատերերին, ղեկավարներին, որ մեր նպատակները լուրջ են, և մենք ցանկանում ենք, որպեսզի առավելագույնս պարզեցվեն հարկային և մաքսային գործընթացները, որպեսզի մենք կարողանանք պետական բյուջեի մուտքերը կատարելու ընթացքում հարկատուներին ազատել ավելորդ հոգսերից: Ասածս չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք իջեցնել հարկերի դրույքաչափերը կամ ավելի քիչ մուտքեր ակնկալել: Բարեփոխումների ընթացքում, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, երբեմն լինում են որոշակի խաթարումներ: Մենք չենք կարող կրճատել մեր ծախսերը սոցիալական, կրթության, առողջապահության, պաշտպանության ոլորտներում, մենք չենք կարող թոշակներ չվճարել կամ ուշացումներով վճարել: Ուստի, պարզեցնելով այդ գործընթացները՝ մենք իրավունք ունենք հարկատուներից ակնկալելու ըմբռնումով մոտեցում: Սա փոխադարձ շահավետ գործընթաց է, և այս գործընթացի մանրամասների մասին ես զրուցել եմ ոլորտի ղեկավարների հետ: Բնականաբար, մենք զրուցել ենք նաև զարգացման ծրագրերի մասին, և մոտակա երեքից երեքուկես տարվա ընթացքում, ինչպես ձեռնարկատերերն ասացին, նրանք պատրաստվում են կրկնապատկել իրենց գործունեությունը: Այսինքն` կրկնապատիկ ավելի արտադրանք կստանանք, իսկ սա նշանակում է՝ կրկնապատիկ ավելի հարկեր, սա նշանակում է՝ եթե ոչ կրկնապատիկ, գոնե 70-80 տոկոսով ավելի աշխատատեղ և, բնականաբար, նաև ուղեկցող այլ արտադրություններ: Սա էր մեր զրույցի ամբողջ թեման:

Պարո´ն Նախագահ, վերջին շրջանում շատ է խոսվում ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին: Ինչպե՞ս եք գնահատում երկրի ներքին քաղաքական կյանքն այս փուլում:

- Այս ժամանակահատվածում իմ մոտեցումները չեն փոխվել: Ես համարում եմ, որ քաղաքական գործընթացները մեր երկրում ընթանում են նորմալ հունով կամ գոնե ամեն ինչ գնում է դրան:

Կոալիցիոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: Տնտեսության որոշակի ոլորտներում մենք նկատում ենք աշխուժություն, որոշ հանգամանքներում նկատում ենք ոգևորություն, և կարծում եմ, որ դրանց արդյունքներն ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակական ընկալման տեսնակյունից մոտ ապագայում հստակ կերևան:

Բավականին ակտիվ է խորհրդարանական գործունեությունը, ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը: Կարծում եմ, որ շատ կարևոր ավանդույթ է ձևավորվում խորհդարանում այն առումով, որ քննարկումները թեև հաճախ կոշտ են լինում, նույնիսկ հնչում են մեղադրանքներ, այնուհանդերձ, այդ քննարկումներն ընթանում են գրեթե կոռեկտության սահմաններում: Սա շատ կարևոր հանգամանք է, և կարծում եմ, որ և՛ կոալիցիայի, և՛ խորհրդարանական ընդդիմության կողմից որոշակի ջանքերի ներդրման դեպքում մենք կարող ենք հասնել քաղաքակիրթ նշաձողի, ինչը խիստ կարևոր է:

Կարևորում եմ նաև արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումները: Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն «ջարդել», «փշրել» հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը նաև որոշակի հարթակներ տեղափոխելուն: Ինձ դուր է գալիս այն, որ հանրահավաքի կազմակերպիչները և ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել: Եվ փառք Աստծո, վերջին տևական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ: Սա՛ կարող է հնարավորություն ընձեռել, որպեսզի Ազատության հրապարակը նորից դառնա Հայաստանի զարգացման համար այլընտրանքային կարծիքների հնչեցման վայր: Սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը, և եթե իրադարձություններն այսպես զարգանան, կարծում եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ ավելի ճիշտ՝ երեկ գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր: Սա բոլորիս համար չափազանց կարևոր է:

Ուզում եմ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր Հանրապետության անկախության 20-ամյակը: Մենք այս օրերին էլ ենք միջոցառումներ իրականացնում, և դրանք տևելու են ոչ թե մինչև սեպտեմբերի 21-ը, այլ, բնականաբար, մինչև տարվա վերջ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս՝ մեր ժողովրդի համար հաջողությունների, հաղթանակի ամիս: Մայիսին տոնելու ենք նաև Հանրապետության տոնը. տոն, որը շատ լուրջ դասերով է լի, և այդ դասերն այսօր էլ արդիական են:

Պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի: Չարությամբ որևէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել, և մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին՝ իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով մենք կարող ենք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություն¬ներ: Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ:

← Վերադառնալ