09
03, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

album picture
Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Շնորհակալ եմ ջերմ բարեկամական ընդունելության համար: Նախագահի կարգավիճակով սա իմ առաջին այցն է Լատվիա, թեև նախկինում բազմաթիվ առիթներ եմ ունեցել լինելու ձեր հյուրընկալ երկրում թե ի պաշտոնե, և թե որպես զբոսաշրջիկ: Կարծում եմ մենք մշտապես փոխայցելությունների և փոխճանաչողության լավագույն ավանդույթներ ենք ունեցել, որոնք այսօր վերածվել են ջերմ ու բարեկամական միջպետական հարաբերությունների։

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Քիչ առաջ ավարտվեց Նախագահ Զատլերսի հետ մեր հանդիպումը: Բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, քննարկեցինք հայ-լատվիական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում տարբեր միջոցառումների ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը:

Կարևորեցինք բարձր մակարդակի մեր երկկողմ շփումները` մասնավորապես, անդրադարձ կատարելով պարոն Նախագահի` 2009թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցին։ Պայմանավորվեցինք ապահովել մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը` նպատակ ունենալով խթանել հայ-լատվիական բարեկամական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում:

Մենք համակարծիք ենք, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք հայտարարեցինք մեր նպատակադրվածությունը լիարժեքորեն օգտագործելու առկա բարենպաստ նախադրյալները, այդ թվում` երկկողմ իրավապայմանագրային լայն դաշտի առկայությունն ու Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի առկայությունը:

Այս համատեքստում առանձնացվեցին մի շարք ուղղություններ` առևտրատնտեսական կապերը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, մշակույթը, միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև վարչատարածքային միավորների միջև համագործակցությունը: Կարևորվեց փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը բազմակողմ ձևաչափերում` միջազգային կազմակերպություններում և հատկապես` եվրամերձեցման բնագավառում:

Նշեմ, որ հայ-լատվիական համագործակցությունը մենք դիտում ենք նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության համատեքստում: Գործընկերոջս հետ համակարծիք էինք, որ Արևելյան գործընկերությունը նոր հեռանկարներ է ստեղծում և որակական այլ հարթություն է տեղափոխում Եվրամիության և անդամ երկրների հետ մեր համագործակցությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լատվիան Արևելյան գործընկերության ջատագովներից է և հարուստ փորձ ունի եվրաինտեգրման բնագավառում՝ պայմանավորվեցինք այս ուղղությամբ ևս ակտիվացնել մեր գործակցությունը:

Այսօր մենք հերթական քայլն արեցինք այդ ուղղությամբ` ստորագրելով փաստաթուղթ երկու արտգործնախարարությունների միջև եվրաինտեգրման բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Արձանագրեցինք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը անհետևանք չանցավ նաև հայ-լատվիական տնտեսական համագործակցության համար. 2009թ. կտրուկ նվազել էին առևտրաշրջանառության ցուցանիշները: Այդուամենայնիվ, 2010թ. գրանցվեց որոշակի աճ, ինչը սակայն, կարծում եմ, դեռ չի արտացոլում իրական ներուժի պատկերը։ Չեմ կասկածում, որ մենք ունակ ենք համատեղ ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները և ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել, քան մինչև ճգնաժամը:

Այս համատեքստում ես և Նախագահ Զատլերսը կարևորեցինք այցի շրջանակներում հայ-լատվիական հերթական գործարար համաժողովի անցկացումը: Մենք նաև պատրաստակամություն հայտնեցինք հետագայում ևս խրախուսել գործարարների միջև պարբերական շփումները` երկկողմ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու և առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով:

Կարևորեցինք նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը, ինչի համար լավագույն իրավական հիմք է ծառայում 2009թ. գործընկերոջս` Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրված տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ընդգծեցինք նաև միջխորհրդարանական կապերի զարգացման դերն ու նշանակությունը մեր հարաբերությունների օրակարգում: Գովելի է, որ արդեն իսկ մեր խորհրդարաններում գոյություն ունեն բարեկամության խմբեր. մեզ անհրաժեշտ է նրանց ակտիվ և հետևողական աշխատանքը, մասնավորապես միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Նշեցինք մշակութային կապերի և մարդկային շփումների ընդլայնման և այս ոլորտում մեր լավագույն ավանդույթների պահպանման կարևորությունը։

Այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար:

Օգտվելով առիթից սրտանց ուզում եմ հրավիրել Լատվիայի քաղաքացիներին այցելել Հայաստան: Վստահեցնում եմ, որ դա կլինի հետաքրքիր և վառ տպավորություններով լի հանգիստ: Հայաստանը շատ գեղեցիկ է, հարուստ պատմական ժառանգություն ունեցող մեր երկիրն ունի նաև ժամանցի կազմակերպման անընդհատ զարգացող ենթակառուցվածք: Ուղիղ ավիաչվերթի առկայության և Հայաստանի ճկուն վիզային համակարգի պայմաններում մեր երկրի ուղղությամբ ճանապարհորդության կազմակերպումը բավականին դյուրին է:

Լատվիացի գործընկերոջս ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները։ Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը. մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով խաղաղ կարգավորելու հանձնառությանը։

Մտքեր փոխանակեցինք նաև Թուրքիայի կողմից ներկայումս սառեցված հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ:

Նախագահ Զատլերսի հետ մեր հանդիպումները գնահատում եմ չափազանց արդյունավետ և հույս հայտնում, որ դրանք շարունակական բնույթ կկրեն, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունն էլ ավելի արգասաբեր կդառնա:

Շնորհակալություն:

← Վերադառնալ