18
01, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում

album picture
album picture
Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ և´ Հայաստան այցելելու հրավերն ընդունելու, և´ մեզ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նախագահի կարգավիճակում սա իմ առաջին այցելությունն է Հունաստան` չնայած բազմաթիվ անգամներ եղել եմ Ձեր հյուրընկալ և լավ երկրում: Բարձր մակարդակի այս շփումները մենք դիտում ենք որպես հայ-հունական քաղաքական երկխոսությունը շարունակաբար զարգացնելու փոխադարձ ցանկություն: Ուրախ եմ, որ Ձեզ հետ մենք բովանդակալից և արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և երկկողմ մի շարք հարցերի շուրջ: Արձանագրեցինք, որ կարող ենք ավելին անել և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-հունական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու, այդ փոխգործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ: Հարուստ իրավապայմանագրային դաշտը, որ ընդգրկում է երեք ու կես տասնյակ պայմանագրեր, այսօր էլ´ ավելի հարստացավ և մեր գերատեսչություններին համագործակցելու ավելի մեծ հնարավորություն ընձեռեց:

Կուզենայի հատուկ առանձնացնել պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը: Հաշվի առնելով, որ այդ գերատեսչությունները, դրանց գործունեությունը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:

Կարևորեցինք հայ և հույն գործարարների Աթենքում ընթացող համաժողովը և եկանք այն եզրակացության, որ ինչպես Հունաստանի, այնպես էլ Հայաստանի տնտեսությունները թոթափում են ճգնաժամի հետևանքները, և մեր գործարարները կարող են շատ բան անել` օր առաջ այդ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար:

Մենք երկուստեք կարևորեցինք մշակութային կապերի և մարդկային շփումների ընդլայնման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եւ ես վստահ եմ, որ գալիք տարիներին անցկացվելիք հայկական մշակութային օրերը Հունաստանում և հունական մշակութային օրերը Հայաստանում անցնելու են բարձր մակարդակով և էլ ավելի են ամրապնդելու մեր մշակութային կապերը, մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունները:

Ես իմ հույն գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը, որ, չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով կարգավորելու քաղաքականությանը:

Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Ես ուրախ եմ լսելու, որ նաև մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի և հարևանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եւ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարևան:

Մենք ընդգծեցինք նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Պարոն նախագահ, ամփոփելով խոսքս` թույլ տվեք մեկ անգամ ևս հույս հայտնել, որ հայ-հունական համագործակցությունն օր-օրի զարգանալու է: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ ջերմ ընդունելության, Ձեր բարի կամքի համար և վստահ եմ, որ և´ այսօր, և´ վաղը ես արդյունավետ հանդիպումներ եմ ունենալու Հունաստանում: Շնորհակալ եմ:

← Վերադառնալ