23
10, 2010

Նախագահի հարցազրույցը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ

album picture
album picture
Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը շաքարի գործարան այցելությունից հետո:

-Երկար տարիներ Հայաստանում շաքար չէր արտադրվում, հիմա արտադրվեց: Մեր շաքարն ամենից լավը պետք է լինի: Իհարկե, կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու. նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ: Հիմա արդեն աշխատում է 700 հոգի: Իսկ 1000 կայուն աշխատատեղը` բարձր աշխատավարձով, շատ լուրջ խնդիրներ է լուծելու այս տարածաշրջանի համար, և որոշ ժամանակ հետո, իրոք, ազդեցությունն զգացվելու է: Երկրորդ` գործարանը այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև այն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը: Հասկանում եմ, որ հիմա որոշակի խնդիրներ կան, վստահության պակաս կա. մարդիկ երևի չեն հավատում, որ գործարանն ի վիճակի է իրենց արտադրած բերքն ամբողջովին գնելու, կամ կասկածում են բերքատվության վրա: Ժամանակի ընթացքում այս խնդիրը, իհարկե, կկարգավորվի: Եւ երրորդ կարևորագույն խնդիրը, որ լուծում է այս գործարանը` մեր քաղաքականության կենսագործումն է, այսինքն` ներմուծման կրճատում և արտահանման ավելացում: Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև Ախուրյանի գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան, քան արտերկրում արտադրված շաքարը: Իսկ արտահանման առաջին խմբաքանակն արդեն ուղարկված է և, ինչպես ինձ ասում է գործարանի սեփականատերը, հաջողությամբ իրացվում է այն երկրում, որտեղ արտահանել են շաքարը: Կան նաև այլ խնդիրներ, բայց կարծում եմ, որ այս երեք հիմնական խնդիրն է լուծում գործարանը և՛ երկրի համար, և՛ այս տարածաշրջանի համար:

Պարո՛ն Նախագահ, շաքարն արդեն արտահանվել է Վրաստան: Կարո՞ղ ենք ասել, որ մեր արտադրատեսակն ուժեղ մրցակցություն կառաջացնի այնտեղի շուկայում:

-Ճիշտն ասած, ես Վրաստանի շուկան առանձնապես չեմ ուսումնասիրել, բայց վստահ եմ, որ այս գործարանը, արտադրելով որակյալ և մրցունակ գներով շաքար, ոչ միայն Վրաստանում, այլ նաև այլ երկրներում ունենալու է իր կայուն շուկան: Մանավանդ, որ պետությունը մշտապես կատարելու է իր խնդիրներից մեկը ևս այս տարածաշրջանում. մենք ամեն կերպ խրախուսելու ենք մեր գյուղացիներին, որպեսզի ճակնդեղ արտադրեն: Գիտեք, ինչքան շատ Հայաստանում արտադրվի ճակնդեղ, այնքան գները կայուն են լինելու, որովհետև քիչ է ունենալ շաքարի գործարան, պետք է նաև հումք ունենալ: Իսկ եթե այս գործարանը պետք է աշխատի Հարավային Ամերիկայից ներկրած հումքի վրա, ապա շաքարի վերջնական արտադրանքի գինը կախված է լինելու հումքի գնից: Մենք չենք ցանկանում, որ այդպես լինի:

Պարո՛ն Նախագահ, գնաճը և բնակչության եկամուտները համաչափ չեն աճում: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Շատ արդիական հարց եք տալիս, որովհետև վստահ եմ, որ մեր գյուղատնտեսական մթերքի շուկայում և, ընդհանրապես, մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ է: Իհարկե, այդպես է, և այդ մտահոգությունը մենք էլ ունեն: Տվյալ պարագայում, ես չեմ էլ փորձի այս գործընթացը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետև ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միևնույն է, թանկացումը միշտ էլ վատ երևույթ է, և այդ երևույթի դեմ մեր պայքարը պետք է է՛լ ավելի ուժեղանա: Չնայած նրան, որ հիմնական թանկացումները, իրոք, կապված են սննդամթերքի, գյուղմթերքի հետ, որովհետև անցած ինն ամիսների ընթացքում մեր երկրում 4.8 տոկոս է գնաճ արձանագրվել և չնայած նրան, որ այդ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 8 տոկոսով, սոցիալական նպաստների չափն ու կենսաթոշակներն աճել են ավելի մեծ տոկոսով: Դուք ինձնից լավ գիտեք, միևնույն է, սա որևէ հանգստություն չի կարող բերել: Մյուս կողմից էլ, ես չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարում պետական բյուջեով մենք նախատեսում ենք աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացում, և որ հենց սկսենք նոր տարին, ամեն ինչ շատ հարթ է լինելու: Թեև նոր բյուջեն նախատեսում է զինծառայողների աշխատավարձի 10 տոկոսանոց աճ (գիտեք, նախատեսվում է մշակույթի աշխատողների, ուսուցիչների աշխատավարձի, թոշակների աճ և այլն), միևնույն է, այս խնդիրը դեռևս տևական ժամանակ Հայաստանում լինելու է: Միակ ելքն այն է, որպեսզի ոչ միայն Ախուրյանում, այլ մեր հանրապետության ողջ տարածքում, ահա այսպիսի գործարաններ կառուցվեն, որպեսզի կայուն և բարձր վարձատրվող աշխատանք լինի: Իսկ եթե աշխատանք լինի, մեր մարդիկ աշխատելով, նման գնաճերի պրոբլեմը, վստահաբար, կլուծեն: Ասածս հետևյալն է` մոտ ժամանակներում մեծ հեղափոխություններ չսպասենք այս ոլորտում, բայց, միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք հարցի սրությունը և պրոբլեմի լուծման ուղղությամբ, իրոք, լուրջ աշխատանք ենք կատարում:

Պարո՛ն Նախագահ, բանակի մասին վերջին շրջանում հրապարակումներն ավելի հաճախակի են դարձել: Ի՞նչ եք մտածում, ինչպե՞ս եք վերաբերում այս երևույթին:

-Այդ երևույթին շատ վատ եմ վերաբերում` ոչ թե այն երևույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ ա՛յն երևույթին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից: Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետև մեր բանակը հսկայական կառույց է, մեր բանակը գործող բանակ է, և, վերջապես, յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը: Բանակը հասարկության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում` լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր: Իհարկե, բանակը շատ ավելի կազմակերպված, շատ ավելի կարգապահ, շատ ավելի կատարելագործված կառույց է, քան այլ կառույցները, և մեր պահանջները բանակի նկատմամբ շատ ավելի բարձր են, քան այլ կառույցների նկատմամբ: Այս տեսանկյունից նայելով, իհարկե, ես մտահոգված եմ բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, և վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով: Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են հայկական բանակը մեր աչքի լույսը, մեր հպարտության առարկան, մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանողը: Նաև ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում են բանակում եղած թերությունների մասին, բայց խոսում են սրտի ցավով, խոսում են նրա համար, որպեսզի վաղն ավելի լավ բանակ ունենանք, որպեսզի ավելի քիչ երիտասարդ զոհվի կամ սպանվի բանակում: Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են: Պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր զինված ուժերի կառավարման համակարգում, բայց այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ի՞նչ է հայկական բանակը և ի՞նչ են, ընդհանրապես, մեր զինված ուժերն իրենցից ներկայացնում: Ես կոչ եմ անում բոլոր առողջ դատողություն ունեցող մարդկանց, կոչ եմ անում բոլոր հայրենասեր ուժերին, ի վերջո, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի մեր բանակին վերաբերեն ջերմությամբ, չեմ բացառում` նաև խստությամբ, բայց մեր բանակը, նորից եմ կրկնում, մեր հպարտության առարկան է: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով: Փառք Աստծո, դեռևս խաղաղություն է: Ընդամենը մեկ անգամ է անհրաժեշտ եղել ապացուցելու, որ այս բանակն իր առաքելությունը կարող է կատարել, և այդ ապացույցն այսօր բոլորը կարող են տեսնել, շոշափել: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի կատարած սխրագործության արդյունքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես:

← Վերադառնալ