20
08, 2010

Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահների համատեղ մամուլի ասուլիսը ՌԴ Նախագահի` ՀՀ կատարած պետական այցի ընթացքում

album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ եւ ՌԴ Նախագահների համատեղ մամուլի ասուլիսում

Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մեր հանդիպումը: Ինչպես գիտեք` մենք Դմիտրի Անատոլիի հետ մշտական շփման մեջ ենք եւ բաց չենք թողնում հնարավորությունները քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների արդի հարցերը, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության կարեւորագույն խնդիրները: 2008 թվականից ի վեր` մենք շուրջ 30 հանդիպում ենք ունեցել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Սակայն, այսօրվա հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ այն տեղի է ունենում ՌԴ Նախագահի` պատմության մեջ առաջին անգամ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանելու ընթացքում:

Ինձ եւ Ռիտա Ալեքսանդրիի համար մեծ պատիվ է` Երեւանում ընդունելու Դմիտրի Անատոլիի եւ Սվետլանա Վլադիմիրիի Մեդվեդեւներին`ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ մեր երկրի, ամբողջ հայ ժողովրդի մեծ բարեկամներին:

Բանակցությունների օրակարգը շատ հագեցած եւ տարողունակ էր: Սկսեմ ամենագլխավորից. երկրների ղեկավարների մակարդակով եւս մեկ անգամ հաստատվեց հայ-ռուսական համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը: Այս տրամադրվածությունը համապատասխանում է մեր երկրների ռազմավարական հետաքրքրություններին եւ բխում է տարածաշրջանային մակարդակով անվտանգության եւ կայունության ամրապնդման շահերից:

Մեր հարաբերությունները, իսկապես, ռազմավարական եւ դաշնակցային են: Դրանք արտացոլում են մեր ժողովուրդների զգացմունքները, եւ այդ են պահանջում Հայաստանի, հուսով եմ` նաեւ Ռուսաստանի ազգային եւ պետական իրական շահերը:

Բանակցությունների արդյունքում այսօր ստորագրվեց հինգ փաստաթուղթ: Դրանց շարքում կուզենայի հատկապես նշել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագիրը եւ Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը: Այդ արձանագրությամբ ոչ միայն երկարաձգվեց ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, այլեւ ընդլայնվեց դրա աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը:

Ռուսական ռազմակայանի գործունեությունը մինչ այս սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ հիմա այդ սահմանափակումը հանված է համաձայնագրի տեքստից: Ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել համատեղ ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը եւ աջակցելու մեր զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով հագեցնելու գործում:

Հանդիպման ընթացքում մենք տպավորություններ եւ կարծիքներ փոխանակեցինք առեւտրատնտեսական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մասին: Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, չնայած այն բանին, որ համընդհանուր ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռեւս չի նահանջել, մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակի արդյունքներով աճել է ավելի քան 20 տոկոսով: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ կարող ենք անգամ ներկա պայմաններում համատեղ իրագործել փոխշահավետ գործարար նախագծեր:

Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում հիմնական օտարերկրյա ներդրողն է, նրան է բաժին ընկնում բոլոր արտասահմանյան ներդրումների 60 տոկոսից ավելին: Ռուսաստանը միայն անցյալ տարի 500 միլիոն դոլար է ներդրել մեր երկրի տնտեսության ռազմավարական ոլորտներում` էներգետիկ համակարգում, կապի եւ հաղորդակցության ոլորտում:

Մոտ ժամանակներս սպասվող ներդրումների փաթեթը եւս տպավորիչ է: Այն ներառում է եւ' ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համատեղ նախագիծը, եւ' հաղորդակցության նոր ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, որոնք լուրջ նշանակություն կունենան ամբողջ տարածաշրջանի համար:

Մենք խոսեցինք նաեւ միջազգային իրադրության, Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա հանգուցային խնդիրների մասին: Մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը հետայսու եւս զարգացնելու փոխգործակցությունը ՀԱՊԿ շրջանակում, ԱՊՀ ձեւաչափում, ինչպես նաեւ` „Եվրազես“-ում, որտեղ Հայաստանին դիտորդի կարգավիճակ է տրվել եւ, իհարկե, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ միջազգային ու տարածաշրջանային այլ հարթակներում:

Խոսեցինք նաեւ հակամարտությունների մասին: Հայաստանի դիրքորոշումը տվյալ առանցքային հարցի շուրջ անփոփոխ է. մենք ելնում ենք այն բանից, որ ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես, կրկնում եմ` բացառապես խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, միջազգային նորմերի խստիվ պահպանմամբ, այնպիսի ձեւաչափերի շրջանակում, որոնք վերջին ժամանակներս կիրառվում են: Ես շնորհակալ եմ ՌԴ Նախագահին` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության` որպես սադրանքներ թույլ չտալու եւ ռազմամոլ հավակնությունների զսպման կարեւոր գործոնի նշանակության ըմբռնման համար: Այն ամբողջովին համապատասխանում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը: Այսօրվա հանդիպմանը ես եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնեցի Ռուսաստանի Դաշնությանը եւ անձամբ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին այն ծանրակշիռ ներդրման եւ դրական դերի համար, որ նա կատարում է այս խնդրի կարգավորման գործում: Հենց Ձեր ջանքերի շնորհիվ կայացան մի շարք եռակողմ հանդիպումներ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Դմիտրի Անատոլիի, ուզում եմ եւս մեկ անգամ հրապարակավ հաստատել, որ մենք պատրաստ ենք խնդրի լուծման կառուցողական որոնմանը` Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպմանը Ձեր ներկայացրած առաջարկների հիման վրա:

Մենք խոսեցինք նաեւ միջմարզային կապերի հետագա ընդլայնման հնարավորությունների, մեր համագործակցության հումանիտար բաղադրիչի մասին: Այս առումով հատկանշական է, որ այսօր մենք ներկա ենք գտնվելու Գյումրիում „Պատվո բլուր“ հուշահամալիրի բացման արարողությանը, որտեղ հավերժացվել է հայ-ռուսական մարտական եղբայրության հիշատակը: Դա նշանակալի եւ մեծ իրադարձություն է, որը լիարժեքորեն արտացոլում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի խորությունը:

Ուրախալի է, որ ծրագիրն իրագործվել է Ուլյանովսկի եւ Շիրակի մարզերի վարչակազմերի աջակցությամբ: Այն միջմարզային համագործակցության եւս մեկ հաջողված օրինակ է:

Համոզված եմ, որ ՌԴ Նախագահի պետական այցը լրացուցիչ լիցք կհաղորդի մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, էլ ավելի կամրապնդի մեր դաշնակցային փոխգործակցությունը: Մեր հանդիպումը, ինչպես միշտ, անցավ վստահության մթնոլորտում եւ մենք ունեցանք բովանդակալից եւ բաց երկխոսություն:

Շնորհակալություն ուշադրության համար: Խոսքը հաճույքով փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին:



***



ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներածական խոսքը ՀՀ եւ ՌԴ Նախագահների համատեղ մամուլի ասուլիսում

«Իսկապես, սա Ռուսաստանի Նախագահի առաջին պետական այցն է Հայաստան։ Սկսեմ այն բանից, որ անկեղծորեն շնորհակալ եմ իմ բարեկամ ու գործընկեր Սերժ Ազատիին` սրտաբաց ընդունելության եւ ջերմ հանդիպման համար, տաք, բայց ոչ տոթ եղանակի համար, այն հյուրընկալության համար, որին մենք ավանդաբար արժանանում ենք հայկական հողում։

Բավական է ասել, որ այս տարի մենք արդեն շատ ենք շփվել. ըստ իս` հանդիպել ենք ութ անգամ: Սերժ Ազատին հաշվել է հանդիպումների ընդհանուր քանակը, դրանց թիվն անցնում է 30-ից։ Նման դինամիկան վկայում է եւ Ռուսաստանին ու Հայաստանին միմյանց կապող առանձնահատուկ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների, եւ, իհարկե, երկու երկրների ղեկավարների միջեւ ջերմ, ընկերական հարաբերությունների մասին։ Ամենագլխավորն այն է, որ շփումների այսպիսի սերտությունը նպաստում է ամենատարբեր հարցերի լուծմանը։

Լիովին համաձայն եմ Սերժ Ազատիի հետ, որ այսօրվա բանակցությունները հաստատեցին մեր ընդհանուր տրամադրվածությունը՝ ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային կապերը, զարգացնելու դրանք բոլոր բնագավառներում՝ ե´ւ անվտանգության, ե´ւ տնտեսության եւ թե հումանիտար։ Մենք նաեւ արձանագրել ենք, որ անցյալ տարի շուրջ 20 տոկոս կազմած անկումից հետո երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները վերականգնվել են, նույնիսկ` փոքր-ինչ աճել։ Սա, ընդհանուր առմամբ, վկայում է երկու բանի մասին. ճգնաժամից հետո մեր տնտեսությունները ոտքի են կանգնում, չնայած ամռանը նոր փորձություններ եղան հատկապես գյուղատնտեսության ոլորտում, եւ որ հաջող ու կայուն աճի ներուժ կա:

Ավելանում են նաեւ կապիտալ ներդրումների, ընդ որում` փոխադա´րձ կապիտալ ներդրումների ծավալները։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր արտասահմանյան ներդրողն է, ընդ որում, մեր ընկերություններն աշխատում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, հաղորդակցություն, բանկային համակարգ, շինարարություն, կապի ոլորտ։ Ամենակարեւորն այն է, որ այդ աշխատանքի արդյունքում Հայաստանը ոչ միայն ապահովվում է տարբեր տեսակի էներգառեսուրսների հուսալի մատակարարմամբ, այլ նաեւ դրանց շահութաբեր աշխատանքով: Այսօր կայուն կերպով մատակարարվում են արտադրությունները, գյուղարդյունաբերական համալիրը, սոցիալական օբյեկտները: Այսօր մեր բանակցությունների ընթացքում Սերժ Ազատիի հետ նաեւ քննարկեցինք, թե ինչպես այս ոլորտում շարունակենք զարգացնել մեր համագործակցությունը:

Ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ կարեւոր թեմաներից մեկը փոխադարձ առետրի եւ ներդրումային համագործակցության բազմազանեցումն էր, ինչը, իսկապես, կարեւոր է, հատկապես` Հայաստանի տնտեսության աճի կայունության ապահովման համար։ Մենք դրան համամիտ ենք. կցանկանայինք, որպեսզի նոր ուղղություններ դառնային գիտատար եւ այլ բնագավառներում համատեղ նորարարական նախագծերը: Իմ հերթին կցանկանայի հրավիրել պրագմատիկ եւ գործնական մեծ ջիղ ունեցող հայ ձեռնարկատերերին` մասնակցելու ռուսական նախագծերին եւ ծրագրերին: Մենք նաեւ երրորդ երկրների եւ սահմանակից շուկաներում նախագծեր իրականացնելու հնարավորություններ ունենք, ինչը նույնպես համագործակցության կարեւոր ուղղություն է։

Եւս մեկ բացառիկ կարեւոր թեմա է տրանսպորտը, որի մասին խոսեց նաեւ Սերժ Ազատին: Խոսքն ինչպես երկաթուղու, այնպես էլ հայտնի նավահանգիստների միջեւ ծովային աշխատանքի կազմակերպման մասին է: Հուսով եմ, որ այդ ամենը կաշխուժացնի գործնական եւ մշակութային կապերը, կմեծացնի մարդկանց շարժի հնարավորությունը։

Ստորագրվեցին կարեւոր փաստաթղթեր, որոնց մասին հենց նոր ասվեց եւ որոնց վկան մենք հենց նոր եղանք: Սա ծանրակշիռ ներդրում է մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Այս համատեքստում ես երկու պահ կընդգծեի, որոնց մասին Սերժ Ազատին արդեն խոսեց:

Առաջինը Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գծով համագործակցության մասին միջպետական համաձայնագիրն է: Դա, իսկապես, ատոմային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության նոր էջ է բացում եւ համագործակցության շատ կարեւոր ուղղություն է։

Մյուս կարեւոր փաստաթուղթը վերաբերում է անվտանգության ոլորտում մեր կապերին: Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի ակտիվ մասնակիցներ ենք: Շուտով կկայանա ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այդ համատեքստում, իհարկե, կարեւոր նշանակություն ունի նաեւ ռուսական ռազմակայանների մասին միջպետական պայմանագրի գործողության ժամկետների երկարաձգման մասին թիվ 5 արձանագրությունը, որն ուղղված է Հարավային Կովկասում եւ ընդհանուր առմամբ` Անդրկովկասում խաղաղության եւ անվտանգության պահպանմանը:

Մենք փորձում ենք զարգացնել նաեւ հումանիտար կապերը բոլոր ուղղություններով: Երեկ, այստեղ կայացած բարեկամական ընթրիքի ժամանակ, ընդգծվեցին այդ կապերը, նաեւ հիշատակվեցին շատ հայ բարեկամներ, ովքեր շատ բան են անում այդ կապերն ամրապնդելու եւ զարգացնելու համար: Մենք կցանկանայինք, որպեսզի նման կապերը շարունակվեն բոլոր ուղղություններով եւ ոչ միայն մշակույթի ոլորտում` այդ բառի նեղ իմաստով, այլ նաեւ կրթության ոլորտում, առավել եւս, որ այդտեղ ավանդույթ է դարձել Հայաստանի քաղաքացիներին ռուսական պետական կրթաթոշակներ տրամադրելը: Մենք կարծում ենք, որ այդ պրակտիկան պետք է շարունակել: Գալիք ուսումնական տարում` 2010-2011 թթ. առաջարկվում է այդպիսի 290 կրթաթոշակ տրամադրել: Սա միայն պետական բաղադրիչն է: Մենք ունենք նաեւ այլ լավ նախագծեր, աշխատում են ռուսական համալսարաների բաժիններ: Մի խոսքով, այդ ոլորտում համագործակցությունը բացառիկ կարեւոր նշանակություն ունի:

Մենք, ինչպես ավանդաբար անում ենք, բավականին հանգամանալից քննարկում ունեցանք միջազգային հարցերի շուրջ: Իհարկե, անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Շնորհակալություն Սերժ Ազատիին Ռուսաստանի դերի գնահատման համար: Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ մենք հետագայում եւս պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական առաքելությունը, օգնել այդ գործընթացին, աջակցել քաղաքական լուծման որոնմանը` հիմնված փոխադարձաբար ընդունելի պայմանավորավածությունների վրա, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր աշխատանքների շրջանակում, այնպես էլ` Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ շփումների շրջանակում:

Կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սերժ Ազատիին` լավ զրույցների, մեզ կապող վստահելի երկխոսության, լավ անձնական կապերի համար, շնորհակալություն հայտնել ինձ եւ տիկնոջս ցուցաբերված հյուրընկալության համար: Վստահ եմ, որ այս այցը մեր երկու երկրների միջեւ բարեսիրտ եւ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւս մեկ հաջող օրինակ կլինի:

Շնորհակալություն:



***



Դմիտրի Անատոլիի, հենց նոր Ձեր մասնակցությամբ ստորագրվեց հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցմանը Ռուսաստանի մասնակցության մասին համաձայնագիրը: Բայց, ինչպես ասաց Ձեր գործընկեր Սերժ Սարգսյանը, պատրաստվում է համաձայնագրերի եւս մեկ ծավալուն փաթեթ` ներդրումային նախագծերում նույնպես ռուսական բիզնեսի մասնակցությամբ: Ավելի մանրամասն չե՞իք պատմի, թե ի՞նչ նախագծերի մասին է խոսքը, ի՞նչ փուլում է գտնվում դրանց մշակումը եւ ե՞րբ է նախանշված դրանց ստորագրումը:

Դ. Մեդվեդեւ-Շնորհակալություն: Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստում ենք նախագծեր, այլ նաեւ դրանք իրականացում ենք: Դրանք պլաններ չեն, դա իրական կյանքն է: Ես իմ ներծական խոսքում ասացի, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողն է: Մենք ելնում ենք այն բանից, որ այդ ներդրումները փոխշահավետ են, օգնում են լուծել տնտեսական խնդիրներ: Իսկապես, հենց նոր ստորագրվեց ատոմային էլեկտրակայանի նոր էներագբլոկներ կառուցելու մասին փաստաթուղթը: Ռուսաստանի համար դա համագործակցության ավանդական ոլորտ է: Առհասարակ, մենք այդ շուկայում ակտիվ խաղացողներ ենք: Իհարկե, պատրաստ ենք աշխատել այստեղ` մեզ բարեկամ երկրում` նկատի առնելով մեր հնարավորությունների կիրառման ու, առհասարակ, աշխարհում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Հնարավոր է` ներկա պայմաններում սա ավելի, քան երբեւէ կարեւոր է:

Բայց մեր համագործակցությունն էներգետիկայով չի սահմանափակվում: Մենք ունենք նախագծերի մի ամբողջ շարք, որոնք կամ արդեն իրականացվում են, կամ կիրականացվեն: Ես կարծում եմ, որ տրանսպորտի բաղադրիչը շատ կարեւոր է: 2008թ. հայկական երկաթգիծը կոնցեսիոն կառավարման տրվեց “Ռուսական երկաթուղիներ”-ի դուստր ձեռնարկությանը: Հիմա մենք պետք է ձեռք բերված պայմանավորվածությունները հասցնենք տրամաբանական ավարտին` հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի համար տրանսպորտային ենթակառուցվածքը եւ հաղորդակցությունները առանձնահատուկ կարեւորության հարցեր են: Մենք պատրաստ ենք կիրառել մեր բոլոր հնարավորությունները, ներդնել մեր բոլոր ուժերը, որպեսզի օգնենք մեր հայ գործընկերներին:

Ի դեպ, այս համատեքստում կցանկանայի նշել նաեւ եռակողմ նախագծերի մասին, որոնք կարող են իրականացվել: Մենք մեկ անգամ չէ, որ Սերժ Ազատիի հետ խոսել ենք այդ մասին: Իհարկե, այստեղ ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանից եւ Ռուսաստանից, այստեղ շատ բաներ կախված են մեր հարեւաններից: Բայց, ընդհանուր առմամբ, մենք իրատես մարդիկ ենք ու կցանկանայիք ոչ միայն բարեկամություն անել եւ ապահովել անվտանգության հարցերը, այլ նաեւ փող աշխատել. դա, ընդհանրապես, երբեք ավելորդ չէ, նույնիսկ` ընկերների միջեւ: Այնպես որ, եռակողմ նախագծերի առումով նույնպես պատրաստ ենք, այդ թվում` ե'ւ գազատրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում, ե'ւ տրանսպորտի ոլորտում ընդհանրապես: Դրա համար էլ եկեք տեսնենք, թե դրանից ինչ կստացվի:

Կան մի շարք առաջարկություններ` կապված Հայաստանի տարածքում արտադրական նոր հզորությունների ստեղծման եւ առկա արտադրական հնարավորությունների օգտագործման հետ: Հիմա դրանով զբաղվում են մեր ֆինանսական ինստիտուներից մի քանիսը: Պատրաստվում է համաձայնագիր ՎՏԲ-ի գծով եւ մի շարք այլ նախագծեր, որոնք կարող են իրականացվել Հայաստանում գոյություն ունեցող հնարավորությունների կիրառմամբ: Կարծում եմ, որ սա նույնպես համագործակցության կարեւոր եւ լավ ուղղություն է:


Կցանկանայի հիշեցնել, որ որոշ ժամանակ առաջ ճգնաժամի պայմաններում մենք ստեղծեցինք ԵՎՐԱԶԵՍ հակաճգնաժամային ֆոնդը, որը, ըստ էության, պետք է օգնի մեր պետություններին ոչ միայն դուրս գալ ճգնաժամից, իսկ Ռուսաստանը, հիշեցնեմ, այնտեղ հիմնական դոնորն է, եւ մեզ բաժին է ընկնում 7.5 մլրդ դոլար, այլ նաեւ աջակցի ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների սոցիալական ոլորտների, տնտեսության զարգացմանը: Հայաստանն ակտիվ մասնակիցներից մեկն է, ներկայում պատրաստում է առաջարկությունների մի ամբողջ փաթեթ, այն նախագծերի տեխնիկական-տնտեսական հիմնավորումները, որոնք կարող են իրականացվել այդ միջպետական համագործակցության շրջանակներում: Հուսով եմ, որ նվազագույնը դրանց մի մասը կիրականացվի եւ օգուտ կբերի մեր հայ բարեկամներին:

Հարցն ուղղված է Ռուսաստանի Նախագահին: Պարոն Նախագահ, 2008թ. օգոստոսի ողբերգական օրերին Ռուսաստանն իր գործողությունները հիմնավորեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ժողովուրդների ոչնչացման սպառնալիքով: Ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի գործողությունները, եթե առաջանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյության սպառնալիք` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու շփման գծում հաճախակիացած սադրիչ գործողությունները:

Դ. Մեդվեդեւ-Շնորհակալություն: Ես արդեն ասացի իմ ներածական խոսքում, որ ես չեմ ամաչում այն աշխատանքի համար, որ կատարում է Ռուսաստանը մեր գործընկերների հետ եւ կատարում եմ անձամբ ես` որպես միջնորդ: Ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի հետ այդ աշխատանքը կշարունակվի` չնայած այն դժվարություններին, որոնք առաջանում են, չնայած արված այս կամ այն հայտարարությունների երբեմն ավելորդ զգացմունքայնության, քանի որ ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն: Շատ կարեւոր է: Մենք, իսկապես, 2008թ. անցել ենք շատ դժվար իրադարձությունների միջով եւ մենք կցանկանայինք այդպիսի իրադարձությունները Կովկասում, Անդրկովկասում երբեք չկրկնվեն, այստեղ 90-ական թվականներին եղել են նաեւ այլ` բոլորին քաջ հայտնի շատ ծանր իրադարձություններ:

Դրա համար էլ ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության խնդիրը, որպես տարածաշրջանում ամենախոշոր եւ ամենահզոր պետության ե'ւ տնտեսական իմաստով ե'ւ պաշտպանական ու անվտանգության ապահովման հնարավորություններով, խաղաղության եւ իրավակարգի պահպանումն է: Բայց, դրանով հանդերձ, մենք, բնականաբար, ունենք նաեւ դաշնակցային պարտականություններ ՀԱՊԿ անդամների հետ: ՀԱՊԿ անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մնացյալը հիմնված է մեր Պայմանագրի վրա: Դրանում թվարկված են բոլոր պարտականություններն ու հնարավորությունները, որոնք ունեն ՀԱՊԿ կազմում գտնվող երկրները: Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում իր դաշնակցային պարտականություններին:

Հարցն ուղղված է Ռուսաստանի Նախագահին: Հայաստանն օգնեց այս տարվա ամռանը Ռուսաստանի Դաշնության մի հատվածում բռնկված հրդեհների մարման գործում: Այսօր Դուք չեղյալ հայտարարեցիք արտակարգ իրավիճակի ռեժիմը երեք տարածաշրջաններում` մոսկովյան, մերձքաղաքային շրջաններում եւ Մորդովայի Հանրապետությունում: Ինչպե՞ս եք Դուք այսօր, ընդհանուր առմամբ, գնահատում իրավիճակը երկրում: Կարո՞ղ է, արդյոք, Ռուսաստանն ինքնուրույն` առանց այլ երկրների օգնության դուրս գալ այս իրավիճակից`: Շնորհակալություն:

Դ. Մեդվեդեւ-Շնորհակալություն: Ռուսաստանն արդեն հաղթահարել է այդ իրավիճակը: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ իրավիճակը գործնականում կարգավորված է: Հենց այդ պատճառով էլ որոշում, հրամանագիր եմ ստորագրել ավելի վաղ ընդունված փաստաթղթի այն հատվածներում փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են մի շարք տարածաշրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմը դադարեցնելուն: Միայն մի տարածաշրջանում ենք պահպանում այդ ռեժիմը, այն էլ` միայն վերահսկողության համար:

Մեզ հաջողվեց լուծել այս շատ դժվար խնդիրն աննախադեպ եղանակային շեղումների պայմաններում: Իմ պարտքն է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ օգնել են: Գտնվելով այստեղ` Հայաստանի Հանրապետությունում, ես կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել մեր հայ բարեկաներին: Երեկ, հենց այս սրահում պաշտոնական ճաշի ժամանակ ելույթ ունենալով` ես ասացի, որ չեն լինում իրավիճակներ, երբ նույնիսկ այնքան մեծ եւ հզոր պետություն, ինչպիսին Ռուսաստանն է, բոլոր հարցերն ինքնուրույն հաղթահարի: Եւ այն, որ Հայաստանի Նախագահն ինձ զանգահարեց` հատուկ առաջարկելով իր հնարավորությունները եւ այն, որ այդ հնարավորություններն օգտագործվեցին մի շարք հրդեհներ մարելու համար, այդ թվում նաեւ` բավականին վտանգավոր, այսպես կոչված` ռազմավարական նշանակության օբյեկտների մոտակայքում, ցույց է տալիս մեր փոխգործակցության մակարդակը. դրանք, իրոք, ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են: Ես եւս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել ե'ւ Հայաստանի Հանրապետության Նախագահին, ե'ւ բոլոր փրկարարներին, ե'ւ հրշեջներին, ովքեր մասնակցություն են ունեցել մեր օբյեկտների հրդեհների մարման գործում:

Հարցն ուղղված է Ռուսաստանի Նախագահին: Պարոն Նախագահ, Դուք խոսեցիք Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին: Ես կցանկանայի Ձեզ հարցնել, թե Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ինչպե՞ս է վերաբերվում Մինսկի խմբի համանախագահությունն ընդլայնելու հետ կապված տարբեր փորձերին ու առաջարկություններին, ինչպես նաեւ` այդ հարցը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու եւ այն այլ միջազգային կազմակերպություններում, օրինակ, Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում, ՄԱԿ գլխավոր ասամբլեայում եւ այլ կազմակերպություններում քննարկելու Ադրբեջանի նախաձեռնություններին:

Դ. Մեդվեդեւ-Շնորհակալություն: Դուք գիտեք, որ վերջին ժամանակերում ես իսկապես շատ ուշադրություն եմ հատկացրել այդ հարցին: Ես իմ դիրքորոշումն ունեմ ոչ միայն որպես Նախագահ, այլ նաեւ որպես մարդ, ով ուշադիր հետեւում է իրադարձություններին:

Դրա հետ կապված մի քանի դիտարկում. առաջին հերթին, կարեւոր է արդյունքը, այլ ոչ թե այն ինստիտուտները, որոնք օգտագործվում են:

Երկրորդ` այն միջնորդական ինտիտուտները, որոնք օգտագործվում են կամ առաջարկվում են օգտագործել, պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն, այդ թվում նաեւ այն կողմերի համար, ովքեր գտնվում են ոչ դյուրին բանակցությունների գործընթացում: Հնարավոր չէ միջնորդներ պարտադրել, եթե նրանք դուր չեն գալիս կամ նրանց մասնակցությունն անկողմնակալության առումով հիմնավորված կասկած է առաջացնում: Եւ, վերջապես, եթե կողմերը փոխհամաձայնության գան այլ մասնակիցներ ներառելու հարցում, այդ թվում` Մինսկի խմբի շրջանակներում կամ այլ ինչ-որ ինստիտուտների շրջանակում, մենք, բնականաբար, դա կընդունենք որպես փաստ: Գլխավորն այն է, որ այդ աշխատանքն արդյունավետ լինի:

Առայժմ, եթե պարզ եւ բաց խոսենք, գոնե որոշակի արդյունավետություն ապահովում է միայն Մինսկի խումբը: Այս բանակցությունների մնացած բոլոր հնարավոր մասնակիցները բավականին հեռու են բանակցային թեմայից, ոչ միշտ են խորացած մանրամասների մեջ, եւ դա դժվարացնում է նրանց միջնորդական ներուժի կիրառումը:

Դրա համար էլ ես ուզում եմ առաջին պլան մղել աշխատանքի արդյունավետությունը, եւ նման արդյունավետությունը, իմ կարծիքով, միանգամայն հնարավոր է Մինսկի խմբի գործունեության եւ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շրջանակներում:

Սերժ Ազատիի, Դուք չհասցրիք ինչ-որ բան ասել: Դո՞ւք ինչ եք մտածում այս թեմայի շուրջ:

Ս. Սարգսյան-Դմիտրի Անատոլիի, Դուք այնքան հանգամանորեն եւ լավ խոսեցիք մեր տնտեսական հարաբերությունների մասին, որ ավելացնելու ոչինչ չունեմ:

Իսկ ինչ վերաբերում է միջնորդների շրջանակների ընդլայնմանը` մենք արդեն տարիներ շարունակ կտրուկ եւ միանշանակ հայտարարում ենք, որ Մինսկի խմբի ձեւաչափը մեզ համար ամենաընդունելին է: Միայն ես, հավանաբար, մի հարյուր անգամ այդ կապակցությամբ արտահայտվել եմ, եւ դրա համար էլ կարծում եմ, որ բոլորին հայտնի է հայկական դիրքորոշումը: Մենք կարծում ենք, որ միայն Մինսկի խմբի շրջանակներում է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների:

Բացի այդ, ես ուզում եմ ասել, որ այո', մեր տարածաշրջանում ո'չ խաղաղություն է, ո'չ` պատերազմ: Վատ է, որ խաղաղություն չէ, բայց լավ է, որ պատերազմ չէ:

Դ. Մեդվեդեւ: Ճիշտ է:

Ս. Սարգսյան: Եւ հենց սա է Մինսկի խմբի վաստակը: Դրա համար էլ մենք երկու կարծիք չունենք:



***


Դ. Մեդվեդեւ: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել մեր ռազմավարական գործընկերությունը եւ մեր հումանիտար կապերը: Իսկապես, սա շատ կարեւոր է, նաեւ շատ կարեւոր է, թե ինչ ձեւաչափերում է այդ ամենն ընթանում: Դրա համար էլ ինձ առանձնահատուկ ուրախություն եւ հաճույք է պատճառում այնպիսի համատեղ նախագծեր ընդգծելու հնարավորությունը, ինչպիսին է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Չնայած երիտասարդ լինելուն, այն գործում է տաս տարուց մի փոքր ավել, այն հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն հանրապետությունում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս, եւ երեկ Սերժ Սարգսյանը նույնպես դրա մասին խոսեց: Կարեւոր է, որ այստեղ պատրաստվում են ամենատարբեր ոլորտների ամենատարբեր մասնագետներ, եւ մենք կցանկանայինք, որ հետագայում եւս այդպես շարունակվեր: Ընդ որում, լավ է, որ համալսարանը համագործակցում է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Ամերիկայի մի քանի տասնյակ առաջատար համալսարանների հետ: Դա, իսկապես, ինչպես ասում են, շատ օգտակար է, թանկ արժե, դրա համար էլ ես որոշում ընդունեցի մեծարել ի բարօրություն հայ-ռուսական հարաբերությունների աշխատող մեր բարեկամներին:

Համալսարանի հաջող եւ դինամիկ զարգացման գործում ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանի վաստակը մեծ է: Նրան այսօր կհանձնվի Ռուսաստանի շքանշան` “Բարեկամության շքանշան”, իսկ` համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Զարզանդի Սարգսյանին` “Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող” պատվավոր կոչում: Նրա ակտիվ մասնակցությամբ համալսարանն անցավ կրթության առաջատարների շարքերը: Ռուսաց լեզվի եւ գրականության ոլորտում լուսավորչական մեծ աշխատանք է տանում Արամ Պարույրի Գրիգորյանը, ում աշխատանքը նույնպես գնահատվում է մեր պետական, բայց ամենահումանիտար պարգեւով` “Պուշկինի մեդալով”:

← Վերադառնալ