25
05, 2010

ՀՀ Նախագահ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ մամուլի ասուլիսը

album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար

Շնորհակալ եմ պարոն Գլխավոր քարտուղարին հետաքրքիր զրույցի համար: Ես կարեւորում եմ այս հանդիպումը, քանի որ այն առաջինն է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնամուտից հետո:

Մենք երկուստեք բարձր գնահատեցինք Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության շարունակական բնույթը: Նման պարբերական հանդիպումները թույլ են տալիս մեզ քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության բոլոր բնագավառներն ընդգրկող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր: Մենք պատրաստակամ ենք հետեւողականորեն շարունակելու ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի օրակարգի բոլոր բնագավառներում` ուշադրության կենտրոնում պահելով Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործումը: Այս ծրագրի 2009թ. գնահատման դրական զեկույցը վկայում է անցյալ տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, ինչը հատկապես նկատելի է պաշտպանական եւ անվտանգության համակարգերի, ինչպես նաեւ այլ բնագավառների բարեփոխումների առումով: Պաշտպանական եւ անվտանգության համակարգերի կատարելագործումը եւ արդիականացումն ուղղված են նաեւ առաջատար ժողովրդավարական պետությունների պաշպանական համակարգերի հետ համատեղելիության բարձր աստիճանի ապահովմանը: Հայաստանը գիտակցում է արդի մարտահրավերների դեմ պայքարում միջազգային միասնական ջանքերի անհրաժեշտությունը եւ կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին: Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցությունը դրա վառ ապացույցն է:

Գոհունակությամբ պետք է նշեմ նաեւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում դաշինքի հետ համագործակցության զգալի առաջընթացը: Այս տարվա սեպտեմբերին նախատեսված “Արմենիա-2010” բնական աղետների հետեւանքների վերացմանն ուղղված ՆԱՏՕ-ի դաշտային վարժանքների անցկացումը Հայաստանի մարզերից մեկում այս ոլորտում արդյունավետ համագործակցության մասին վկայող օրինակներից ընդամենը մեկն է:

Պարոն Ռասմուսենի հետ քննարկեցինք նաեւ Հայստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Ներկայացրի թուրքական կողմի անընդհատ նախապայմաններ առաջադրելու, ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու գործելաոճը, որը Հայաստանի համար այլընտրանք չթողեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը սառեցնելու հարցում: Գլխավոր քարտուղարին ներկայացրի նաեւ մեր դիտարկումներն այն մասին, որ անգամ այդ քայլը չի սթափեցրել Թուրքիային, ով քաջ գիտակցելով, որ հայկական կողմը երբեք թույլ չի տա Անկարային մտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման դաշտ, ամենօրյա շահարկումներով շարունակում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնական վախճանին հասցնելու իր քաղաքականությունը:

Հանդիպման ընթացքում ընգծեցի նաեւ Լեռնայի Ղարաբաղի հակամարտության նկատմամբ ՆԱՏՕ-ի հավասարակշռված դիրքորոշման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Ես հույս հայտնեցի, որ ՆԱՏՕ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հետագա հայտարարությունները եւ փաստաթղթերը համահունչ կլինեն ԵԱՀԿ 2009 թ. դեկտեմբերի նախարարարկան հայտարարությանը, որտեղ հավասարապես արտացոլված են բանակցությունների հիմք հանդիսացող երեք հիմնական սկզբունքները:

Եզրափակելով` ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու փոխշահավետ համագործակցությունը:

← Վերադառնալ