11
03, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական "Ֆիգարո" թերթին

Ինչու՞ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:

Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջեւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների: Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուն պես: Մինչդեռ, Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

Ի՞նչ կարող է անել Հայաստանը` օգնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը եւ Ղարաբաղը շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ, բայց դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները:

Դուք պատերազմից վախենու՞մ եք:

Պատերազմը երբեք ցանկալի չէ եւ պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ: Միեւնույն ժամանակ` մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա:

Ինչպե՞ս դուրս գալ Թուրքիայի հետ ստեղծված փակուղուց:

Խնդիրը պետք է լուծվի թուրքերի կողմից: 21-րդ դարում անընդունելի է, որ սահմանը փակ լինի եւ խոսվի նախապայմանների լեզվով: Ասում ենք` եկեք նախ հաստատենք հարաբերություններ, այնուհետեւ խոսենք բոլոր հարցերի մասին: Մեր երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ եւ նրա հետ կիսել արժեքային ընդհանրությունը, ինչը բացառում է միմյանց նկատմամբ որեւէ թշնամական գործողություն: Եւ միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի այս հարցի կապակցությամբ:

Կասկածու՞մ եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությանը:

Շատերն են կասկածում: Եւ ոչ միայն Հայաստանում: Հարաբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությունը շատ մտահոգություններ առաջացրեց հայերի մոտ ողջ աշխարհում: Կարգավորման գործընթացի ձգձգման հետեւանքով արձանագրությունների կողմնակիցների թիվը գնալով ավելի ու ավելի է նվազում:

Դուք դեռեւս հավատու՞մ եք կարգավորման հնարավորությանը:

Բնականոն հարաբերություններ հաստատելու իմ ցանկությունը մեծ է: Սակայն, Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու: Մենք զգուշացրել էինք, որ եթե համոզվենք, որ թուրքերը կարգավորման գործընթացն օգտագործում են այլ նպատակների համար, կձեռնարկենք համապատասխան քայլեր: Այդ դեպքում մենք արձանագրություններից հետ կկանչենք մեր ստորագրությունը:

Ամերիկյան վարչակազմը հայտարարեց, որ Ներկայացուցիչների պալատում կարգելափակի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

Անշուշտ, մեր ամենաանկեղծ ցանկությունն է, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ Թուրքիան եւ աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Բայց ԱՄՆ-ի Կոնգրեսը եւ Պետդեպարտամենտն իրենց որոշումները հազիվ թե կայացնում են` հիմնվելով մեր կարծիքի կամ ցանկությունների վրա:

← Վերադառնալ