09
11, 2009

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար` Հունգարիա պետական այցի ժամանակ

album picture
Բուդապեշտ


Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ հարգարժան գործընկերոջը՝ Հունգարիայի Հանրապետության Նախագահ Լասլո Շոյոմին, ինձ Հունգարիայում պետական այցով հյուրընկալելու համար:

Պարո՛ն Նախագահ,

Ձեր հյուրընկալությամբ և այս այցին պետականի կարգավիճակ տալով` Դուք շեշտեցիք հայ-հունգարական դարավոր բարեկամությունը Հայաստան-Հունգարիա միջպետական գործընկերության հարթություն տեղափոխելու Ձեր վճռականությունը:

Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում: Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ Հունգարիայի հարգարժան Նախագահի հետ քննարկեցինք հայ-հունգարական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Նշեցինք քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև ընդգծեցինք հայ և հունգար ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության կարևոր դերը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:

Հաշվի առնելով, որ Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, իսկ Հայաստանն ընդգրկված է ԵՄ կառույցների հետ համագործակցության նախաձեռնություններում` երկուստեք համաձայնել ենք դիտարկելու նշված ձևաչափերում, այդ թվում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Մենք համոզված ենք, որ քիչ առաջ ստորագրված հաձայնագրերը կընդլայնեն երկկողմ համագործակցության շրջանակն ու նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ գործակցության համար: Դրանցից կուզենայի հատուկ առանձնացնել երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որը առևտրատնտեսական համագործակցության հիմնարար փաստաթղթերից է: Արդարադատության և գյուղատնտեսության ոլորտներում ստորագրված համաձայնագրերը ևս իրենց նպաստը կբերեն հայ-հունգարական բազմաբնույթ համագործակցության զարգացմանը: Հուսով եմ նաև, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա ծավալման համար էական խթան կհանդիսանան նաև այսօր Բուդապեշտում բացվելիք հայ-հունգարական գործարար համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել հունգարական արդարադատությանը, Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա և արդարացի կեցվածքի համար: Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, և այդ զազրելի ոճրագործությունը մինչև հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ` նաև յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում: Ցավալի է և ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաև այլ պետություններում:

Հունգարիայի Նախագահի հետ քննարկեցինք նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, կարևորելով կայունությունն ու համագործակցությունը, առկա հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համաձայն: Համոզմունք հայտնեցինք, որ հակամարտությունների կարգավորման նպատակը երկարաժամկետ և կայուն լուծումների ապահովումն է, ինչը հնարավոր է միայն դրանք մարդու իրավունքների և ժողովուրդների կամքի վրա խարսխելով և ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորելով:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Շոյոմին` Հայաստան այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Վստահ եմ, որ Նախագահ Շոյոմի պատասխան այցը հնարավորություն կտա շարունակելու բարձր մակարդակի երկխոսությունը, ամփոփելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նոր հեռանկարներ ուրվագծելու հայ-հունգարական բազմաբնույթ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:

Շնորհակալություն:

← Վերադառնալ