22
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը

album picture
Պարոն Նախագահ, հաշվի առնելով Ձեր այցելությունների հաճախականությունը եւ հստակ պարբերականությունը` յուրաքանչյուր այցի ընթացքում Դուք փոփոխություններ նկատո՞ւմ եք արդյոք: Ո՞րն է բանակի մարտունակության Ձեր գնահատականը:

Այսպիսի այցելությունները նպատակ են հետապնդում մարտական դիրքերում, զորամասերում ծանոթանալու առաջընթացին, այն խնդիրների կատարման ընթացքին, որոնք առկա են զորքերի առօրյայում կամ նախորդ այցելությունների ժամանակ դրվել է նրանց առջեւ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է առանձնասենյակի մանրահատակի վրա ճեմելով` խոսել զորքերի մարտունակության, դրանց մարտական ոգու կամ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Չափազանց կարեւորում եմ այսպիսի այցելությունները: Իսկ այս այցը մյուսներից տարբերվում է նաեւ նրանով, որ այն հաջորդեց գլխավոր ռազմական տեսչության կողմից մի զորամիավորումում անցկացված հանկարծակի ստուգումներին: Ստուգումները ցույց տվեցին, որ տվյալ զորամիավորումը մարտունակ է, դրա կազմում կան բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք գերազանց գիտեն իրենց գործը: Կան ստորաբաժանումներ, որոնք լավ գնահատականներ ստացան, կան եւ այնպիսիք, որոնք բավարար գնահատականներ ստացան:

Սա խոսում է այն մասին, որ մենք ունենք պատրաստված զինվորներ, գրագետ սպայական կազմ, եւ որ մեր զորքը մարտունակ է: Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերը հիմա զարգացման փուլ են ապրում: Նրանք վաղուց արդեն կայացել են, եւ մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր` ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր: Իսկ դրանք տարբեր բաներ են: Մարտական ստորաբաժանումների այսօրվա վիճակը, նրանց զինվածությունը, մարտական ոգին եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ են տալիս միանշանակ եզրակացնել, որ մեր զինված ուժերը կոնկրետ այս հատվածում պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները: Իմ այցելությունները մի քանի ամիսը մեկ անգամ են լինում, բայց բանակում փոփոխությունները տեղի են ունենում ամեն օր, ամեն ամիս եւ սա, իհարկե, ուրախալի է:

Պարոն Նախագահ, օրեր առաջ Ադրբեջանի Նախագահը կրկին հայտարարեց, որ ձեռք են բերվել համաձայնություններ ԼՂՀ հարակից շրջանները վերադարձնելու շուրջ: Նա պնդել է, որ այդպիսի համաձայնություններ ձեռք են բերվել տարիներ առաջ եւ մեղադրել է Հայաստանին ներկայում բանակցությունները ձգձգելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

Ես այդ հարցին անդրադարձել եմ եւ հիմա առանձնապես բան չունեմ ավելացնելու: Ուղղակի մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ մենք շատ լրջորեն եւ պատասխանատվությամբ ենք մոտենում բանակցային ողջ գործընթացին: Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է` չկա: Եւ հենց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որպեսզի օր առաջ լուծվի այս խնդիրը:

Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն եւ այն կլինի տեւական: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գալ այնպիսի եզրակացությունների, այնպիսի լուծումների, որոնք ինչ-որ մի ժամանակահատվածի համար, միգուցե, կարող են լինել ընդունելի, բայց չեն կարող ապահովել, ինչպես արդեն ասացի, տեւական խաղաղություն: Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է "ամեն ինչ` ինձ" կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ: Հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ հնարավոր չէ շատ բան թաքցնել, եւ այս իրավիճակը տեսնում են շատ-շատերը` ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին եւ, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը:

Ուզում եմ կրկնել, որ բանակցությունների կոնտեքստից, լինեն դրանք նախկինում, թե հիմա, կտրել ինչ-որ հատված եւ փորձել այդ հատվածի մասին խոսել` ճիշտ չէ, մանավանդ որ մինչեւ խոսելն իրենք են վերապահումներ անում: Երբ իրենք ասում են, թե ամեն ինչ բանակցված չէ, եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերված չէ, սրանով արդեն ամեն ինչ ասվում է: Ճիշտ կլինի, որ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին:

← Վերադառնալ