12
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ "Զվարթնոց" օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին.

Պարոն Նախագահ, հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է:

Նախագահ Սարգսյան- Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան առանց որեւէ նախապայմանի: Խոսքը բավարար նախադրյալների առկայության մասին էր, եւ կարծում եմ, այսօր այդ նախադրյալներն առկա են: Բացի այդ, ես հարաբերություններում ընդհանրապես շատ եմ կարեւորում փոխադարձության սկզբունքը. Թուրքիայի Նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, եւ ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու: Իմ գործընկերը գրավոր հրավեր է ուղարկել, եւ եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին:

Պարոն Նախագահ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունները:

Նախագահ Սարգսյան- Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է առաջին հերթին ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել, խստացնել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այնուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ, եւ իմ կարծիքով, դրանք առաջին հերթին ուղղված են ադրբեջանական լսարանին: Հակառակ պարագայում ինձ համար շատ տարօրինակ է. եթե իրոք թուրքերը չեն վավերացնելու արձանագրությունները, ապա ինչո՞ւ են նախօրեին ստորագրել: Միգուցե, նրանք մտածում էին, թե մենք կարող էինք բավարար կամք չցուցադրել եւ նահանջի քայլ կատարել: Միգուցե: Բոլոր պարագաներում այսօր գնդակը թուրքական դաշտում է, եւ մենք բավարար համբերություն ունենք` սպասելու իրադարձությունների զարգացմանը: Մենք մեր քայլերի մասին հրապարակավ հայտարարել ենք եւ առանց վարանելու շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կվավերացնե ՛ ն թուրքերը արձանագրությունները, ձեռնամուխ կլինե ՛ ն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը, չե ՛ ն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք եւ կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք:

Պարոն նախագահ, Քիշնեւի բանակցություններից հետո Ադրբեջանի Նախագահը հայտարարեց, որ արդեն համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը: Կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այս հայտարարությունը:

Նախագահ Սարգսյան-Այդ հացազրույցի մեջ զարմանալին այն չէ, որ Ադրբեջանի Նախագահը դժգոհ է բանակցությունների արդյունքներից: Զարմանալին նրա արտահայտած մի քանի մտքերն են, այդ թվում` նաեւ ձեր ասածը: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի Նախագահը, եւ եթե նկատել եք հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան: Նա չի ասում` երբ, որտեղ: Մենք երբեք Ադրբեջանի Նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Նա դժգոհ է բանակցությունների ընթացքից եւ արդյունքներից, որովհետեւ մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի եւ միջանկյալ կարգավիճակի հարցերը: Իսկ եթե նա դժգոհ է` ես այս հարցում նրան ոչնչով օգնել չեմ կարող:

← Վերադառնալ