07
09, 2009

Նախագահ Սարգսյանի ներածական խոսքը Խորվաթիայի Նախագահ Մեսիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

album picture
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Խորին շնորհակալություն եմ հայտնում Խորվաթիայի Հանրապետության Նախագահ, իմ հարգարժան գործընկեր պարոն Ստյեպան Մեսիչին, Խորվաթիայում հյուրընկալելու համար:

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի, և առհասարակ Բալկանյան պետությունների հետ հարաբերությունների խորացման ու զարգացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

Հայ և խորվաթ ժողովուրդներն ունեցել են համանման ճակատագրեր, փորձություններով լի ընդհանուր անցյալ, որն այսօր հիմք է ստեղծում ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության համար: Մեր ազգերի պատմությունն ունի նաև տարաբնույթ զարմանահրաշ խաչաձևումներ, ինչը խոսում է հայ-խորվաթական վաղեմի պատմական կապերի և մշակութային փոխներթափանցման մասին: Ինձ համար հաճելի և զարմանալի էր լսել, որ Ձեր հիասքանչ Դուբրովնիկի և ողջ Դալմաթիայի հովանավոր սուրբը՝ Սվետի Վլահոն, իրականում սեբաստացի հայ եպիսկոպոս Սուրբ Բարսեղն է:

Չնայած անկախությունից ի վեր հայ-խորվաթական կապերն օբյեկտիվ պատճառներով կրել են անկանոն բնույթ, այժմ իրավիճակն արմատապես փոխվել է և հնարավորություն է ընձեռում մեր հարաբերությունների օրակարգը հարստացնել բազմաբնույթ հարցերով։Այսօր կարող ենք փաստել, որ երկու Նախագահների փոխայցելություններով դրվեց հայ-խորվաթական քաղաքական երկխոսության հիմքը: Այժմ պետք է ձևավորել պարբերական շփումների ձևաչափեր և ապահովել մեր հասարակությունների ամենատարբեր շերտերի շփումները: Միջխորհրդարանական կապերի հաստատումը, միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն ու տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով կապերի հաստատումը դրա կարևոր բաղադրիչները կլինեն: Մենք անդրադարձանք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությանը:

Հայաստանը ողջունում է Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությունը ԵՄ բոլոր հնարավոր ձևաչափերում և մասնավորապես` Արևելյան գործընկերության և Սևծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում ԱԳՆ-ի միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում համագործակցության մասին ստորագրվող Հուշագիրը մեծապես կնպաստի դրան:

Լիակատար փոխըմբռնման մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-խորվաթական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում տնտեսական համագործակցության հետագա խորացման ուղիներն ու հեռա-նկար¬ները: Հուսով եմ, որ մեզ հետ ժամանած գործարարների մասնակցությունը գործարար համաժողովին կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձանք միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին: Իմ խորվաթ գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Խորվաթիան, որպես Հարավսլավիայի փլուզման արդյունքում անկախություն ձեռք բերած երկիր, քաջ գիտակցում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կարևորությունն ու դրան զինված ուժ հակադրելու հնարավոր հետևանքները: Ինքնորոշման համար պայքար մղող ժողովուրդների դեմ ուժի կիրառումը միայն ամրապնդում է այդ ժողովրդի իրավունքը` և իրավական, և քաղաքական, և բարոյական դաշտում:

Մենք վերահաստատեցինք մեր այն մոտեցումը, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման և բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով: Մենք երկուստեք վստահություն հայտնեցինք, որ տարածաշրջանային համագործակցությունն այդ առումով կարող է բացառիկ նշանակություն ունենալ:

Նախագահ Մեսիչին պատմեցի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախաձեռնության ներկա վիճակի մասին: Մենք փոխըմբռնում արձանագրեցինք այն հարցում, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումն ու երկու հարևան պետությունների միջև բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի կարող ելնել որևէ նախապայմաններից: Դա 21-րդ դարում երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների միակ ընդունելի տարբերակն է:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ստյեպան Մեսիչին Խորվաթիա հրավիրելու և այստեղ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Շնորհակալ եմ:

← Վերադառնալ