07
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը պրոֆեսոր Թիլման Ալերթի հետ

album picture
Ուրախ եմ, որ կարող ենք զրուցել: Նախ թույլ տվեք ներկայանալ և ասել, թե որն է իմ հետաքրքրությունը: Ես աշխատում եմ Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեյի անվան Համալսարանում, և մասնագիտական ոլորտներիցս մեկը քաղաքական գործիչների կենսագրությունների, կարիերաների ուսումնասիրությունն ու վերլուծությունն է: Շատ դժվար է հասկանալ այն հարաբերությունը, որ գոյություն ունի պաշտոնի, ասենք նախագահի պաշտոնի և անձի միջև, որը զբաղեցնում է այդ պաշտոնը: Դա դժվար է և Հայաստանում, և Գերմանիայում: Շատ բան կարելի է հասկանալ, երբ ծանոթանում ես մարդու ընտանիքի կենսագրությանը, երբ ընկալում ես, թե ինչ է արել մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը: Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և կարող եմ Ձեզ հետ զրուցել այն մասին, թե ինչպես է գործող նախագահը ժամանակին երեխա եղել, խաղացել իր քույրեր եղբայրների հետ և հեռանկարում բոլորովին էլ չկար նախագահ դառնալու տարբերակը:
Թույլ տվեք սկսեմ մի մեջբերումից, որը Շարլ Ազնավուրի ինքնակենսագրությունից է: Ինչպես գիտենք, Ազնավուրի ընտանիքը գտնվում էր Փարիզում, և փոքրիկ Շարլը ուզում էր երգել, պարել և անպայման ուզում էր երգիչ դառնալ: Ծնողները շատ հուզված էին, ինչպե՞ս կարելի է, որ երեխան հանկարծ դառնա երգիչ կամ պարող: Հայ երեխան պետք է դառնա կամ արհեստավոր, կամ վաճառական, բայց` ոչ մի դեպքում արվեստագետ: Իսկ ի՞նչ կասեք Ձեր ընտանիքի մասին: Երբ դուք բոլորովին փոքր էիք, ի՞նչ էին ադ ժամանակ Ձեր ընտանիքում ասում:


Ի տարբերություն Շարլ Ազնավուրի, ես մանկուց երազում էի դառնալ պատմաբան: Այդ ցանկությունն ինձ ուղեկցում էր մինչև 8-րդ – 9-րդ դասարանի կեսերը: Բայց արդեն 10-րդ դասարանում, հասկացա, որ ավելի շատ սիրում եմ հայոց լեզուն, գրականությունը, և որոշեցի դառնալ հայոց լեզվի և գրականության մասնագետ: Ընդունվել և ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բայց դրանից հետո, ցավոք սրտի, ինձ երբեք չի հաջողվել աշխատել մասնագիտությամբ, որովհետև ճակատագիրս այլ կերպ դասավորվեց: Ծնվել եմ Ստեփանակերտում, որն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի կենտրոնն էր, ինչպես գիտեք, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանի կազմում:

Ձեր ընտանիքը, որքան գիտեմ, սկզբում Ստեփանակերտում չի ապրել, այլ հետո է տեղափոխվել Ստեփանակերտ:

Հայրս ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, այն ժամանակ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում, Ղարաբաղի հետ սահմանակից մի մարզում, Զանգեզուրում` Տեղ գյուղում: Երբ 1937 թվականին պապիս , որպես հակասովետական տարր, ձերբակալեցին , տատս որոշեց տեղափոխվել և վերցնելով հորս, հորեղբորս ու հորաքրոջս Տեղ գյուղից տեղափոխվեց Ստեփանակերտ: Այդ տարիներին, բացի նրանից, որ մարդկանց ձերբակալում էին, գնդակահարում էին, նրանց հարազատներին էլ համարում էին հակասովետական տարրի բարեկամ ու հասարակությունը նրանց նկատմամբ լավ չէր տրամադրված: Որպեսզի տատս կարողանա մեծացնել ու դաստիարակել իր զավակներին, որոշեց փոխել միջավայրը և տեղափոխվել այլ քաղաք, նույնիսկ այլ Հանրապետություն:
Արդեն 1937 թվականից մերոնք ապրում էին Ստեփանակերտում: Եվ ես 1954 թվականին ծնվել եմ Ստեփանակերտում, համարյա թե այն նույն տանը, որտեղ մինչև հիմա ապրում են ծնողներս: Իհարկե, այն ժամանակ բոլորովին այլ տուն էր, արդեն 1958-59 թվականներին մերոնք սկսեցին կառուցել նոր տուն, նախկինի անմիջապես հարևանությամբ: Մենք արդեն 1960-ական թվականների սկզբներից մինչև հիմա, ապրում ենք այն նույն տանը:


Ի՞նչ կարող եք ասել Ձեր եղբայրների և քույրերի մասին:

Ցավոք սրտի, ես քույր չունեմ: Մենք երեք եղբայրներ ենք: Իհարկե, շատ էի ուզում քույր ունենալ, երևի հենց այդ պատճառով է, որ հետագայում ունեցա միայն դուստրեր: Հայրս դարբին էր աշխատում, դարբնություն սովորել է վաղ, երիտասարդ տարիներից և աշխատել է շատ երկար տարիներ` մինչև պատերազմի պատճառով կոմբինատի փակումը:


Դուք երեք տղաներից կրտսե՞րն եք, թե ավա՞գը:

Ես ավագն եմ: Երկրորդ եղբայրս բարձրագույն ուսում ստանալու որևէ ցանկություն չուներ, ի տարբերություն կրտսեր եղբորս, որ ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ` արաբերեն մասնագիտությամբ: Նա դարձավ արաբերենի մասնագետ, երկար տարիներ աշխատեց դիվանագիտական ոլորտում և հիմա դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Մայրս էլ էր աշխատում այդ նույն կոմբինատում` ջուլհակուհի էր:


Կարելի է ասել, որ Ձեր ծնողները հպարտ էին, որ երեք երեխաներից երկուսը որոշեցին բարձրագույն կրթություն ստանալ և այդպիսով իրենց կյանքը դասավորել:

Շատ հպարտ էին, արտաքուստ չէին արտահայտում, բայց երբ արդեն Երևանի պետական համալսարանն ընդունվելուց հետո վերադարձա Ստեփանակերտ, անկասկած տեսնում էի, թե ինչքան էին ծնողներս հպարտ: Իսկ երբ կրտսեր եղբայրս ընդունվեց համալսարան, և նրանք իմացան, որ նա պետք է արաբերենի մասնագետ դառնա, շատ էին զարմացել: Նրանց զարմանքն ու հպարտությունն խառնված էին իրար: Գիտե՞ք, իմ ծնողների միակ նպատակը զավակների մեջ դեպի գիրքը սեր դաստիարակելն էր: Նրանց նպատակն էր, որ մենք բարձրագույն կրթություն ստանանք:


Ավելի շատ հայրակա՞ն, թե մայրակա՞ն կողմից է գալիս այդ ցանկությունը, որ Դուք այդքան մոտենաք գրքին և գրականությանը:

Նույնիսկ դժվարանում եմ ասել, թե ով էր ավելի շատ ցանկանում: Կարծում եմ, որ նրանց ցանկությունը գալիս էր համընդհանուր այդ ձգտումից, որ զավակները լինեն ուսյալ: Դա հայ ժողովրդի մոտ մշտապես եղել է, բոլոր դարերի ընթացքում է եղել: Շատ հաճախ և հայրս, և մայրս ասում էին, որ իրենք էլ էին ցանկանում ուսում ստանալ, բայց այդ հնարավորությունը չունեցան: Երևի մեր ուսում ստանալու մեջ տեսնում էին նաև իրենց իղձերի իրականացումը: Թեև երկուսն էլ բանվոր էին, մենք համարյա ամեն ինչով ապահովված էինք, իհարկե` այն ժամանակների համեմատ: Ես հիշում եմ մի դեպք եղավ, երբ ավարտեցի 9-րդ դասարանը: Ամառային արձակուրդների ժամանակ, առանց ծնողներիս ասելու, բայց պայմանավորվելով տատիս հետ, գնացի և աշխատանքի ընդունվեցի մի շինարարական ձեռնարկությունում, որտեղ բետոնե մասեր էին պատրաստվում: Հիշում եմ, թե ինչքան էր հայրս նեղացել ինձանից: Նա չէր հասկանում, ինչու՞ եմ գնում աշխատելու: Իհարկե, շատ բացահայտ չէր արտահայտվում, բայց մշտապես ասում էր` ավելի լավ է մի քանի գիրք կարդաս ամռան ընթացքում, քան թե գնաս մի քանի ռուբլի վաստակես:


Եթե չեմ սխալվում, Դուք հետո դարձել եք կոմերիտմիության անդամ: Արդյո՞ք դա ինքնըստինքյան հասկանալի մի բան էր, թե դա ինչ-որ առանձնահատուկ մի բան էր Ձեզ համար, եթե հիմա հետադարձ հայացք նետեք այդ իրադարձության վրա:


Սովետական Միության պատանիների ճնշող մեծամասնությունը, քիչ բացառություններով, կոմերիտմիության անդամներ էին: Բայց ես ժամանակի ընթացքում, դարձա այդ կազմակերպության` տեղական կազմակերպության, ղեկավարներից մեկը: Դա պատահեց այն բանից հետո, երբ, ավարտելով Երևանի պետական համալսարանը, վերադարձա Ստեփանակերտ: Ես ուսմանը զուգահեռ Երևանում աշխատում էի որպես խառատ և այդ ընթացքում դարձա Սովետական Միության կոմունիստական կուսակցության անդամության թեկնածու: Կար այդպիսի հասկացություն` մինչև կոմունիստական կուսակցության անդամ դառնալը, դառնալ թեկնածու: Եվ դա այն պատճառով, որ ես բանվոր էի աշխատում, սովորում էի և արդեն հասցրել էի ծառայել Սովետական բանակում (ընդ որում, ծառայել եմ Հայաստանից շատ-շատ, հազարավոր կիլոմետրեր հեռու` Ուրալում): Վերադառնալով Ստեփանակերտ, միտք ունեի աշխատել մասնագիտությամբ և այնուհետև խորանալ դրա մեջ: Այն ժամանակ, ինչպես և հիմա, ընդունված էր թեկնածուական, դոկտորական դիսերտացիաներ գրել: Իմ ապագան այդպես էի պատկերացնում` խորանալ հայոց լեզվի մեջ: Դրա համար հիմքեր ունեի, որովհետև համալսարանն ավարտելու կապակցությամբ կատարած դիպլոմային աշխատանքս շատ բարձր գնահատականի արժանացավ: Ես շատ մեծ համոզմունք ունեի, որ այն կարելի է հարստացնել, խորացնել և այսպիսով մտնել գիտության մեջ: Երբ վերադարձա Ստեփանակերտ պարտավոր էի, որպես ՍՄԿԿ անդամության թեկնածու, հաշվառման կանգնել կուսակցության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում: Հաշվառման կանգնելուց երկու ամիս անց, ինձ հրավիրեցին կուսակցության քաղկոմ և ասացին, որ իրենք, որպես իմ կուսակցության ղեկավարներ խորհուրդ են տալիս աշխատելու կոմերիտմիության մարմիններում: Ես հարցրեցի. «Իսկ ի՞նչ աշխատանք եք ինձ առաջարկումե: Նրանք ասացին, որ ԽՄԿ Կենտկոմի որոշմամբ կոմերիտական մարմիններում նոր հաստիքներ են ձևավորվում, և մարզկենտրոններում, ինքնավար հանարապետությունների կենտրոններում և միութենական հանրապետություններում ձևավորվում է, այսպես ասած, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և սպորտով զբաղվող բաժին : Ինձ առաջարկեցին այդ բաժինը ղեկավարել: Ես ասացի. «Բայց ես արդեն ունեմ որոշակի գիտական աշխատանքներ, ես ուզում եմ գիտությամբ զբաղվել, բայց ինչպե՞ս պիտի լինի իմ թեկնածուական դիսերտացիան և այլնե: Նրանք ասացին, որ որևէ խոչընդոտ չի լինի, ընդհակառակը, կաշխատեք կոմերիտական մարմիններում, այնուհետև կգնաք, աշխատանքից ազատ ժամանակ կզբաղվեք Ձեր գիտական գործունեությամբ: «Մենք կխրախուսենքե - նրանք այդպես ասացին: Բայց երկու ամիս հետո, երբ արդեն սկսեցի աշխատել և անհրաժեշտություն կար արդեն գալ Երևանի պետական համալսարան ու հետաքրքրվել հետագա գիտական գործունեությամբ, շատ խիստ տոնով ասացին, որ ես կարծես թե լավ չեմ հասկանում իրավիճակը, նաև այն առումով, որ իմ հանդեպ բացառություն են արել: Ես հարցրեցի. «Ի՞նչ բացառությունե: Ասացին, որ ողջ Լեռնային Ղարաբաղում կուսակցական, կոմերիտական մարիններում աշխատող միակ մարդն էի, որ հումանիտար կրթություն է ստացել Հայաստանում ու աշխատում էր այդ մարմիններից մեկում: Այսինքն` նրանք արդեն համարում էին, եթե մարդը հումանիտար կրթություն է ստանում Հայաստանում, չի կարող Լեռնային Ղարաբաղի մարմիններում աշխատել, որովհետև հայամետ կլինի: Ընդհանրապես այն ժամանակ շատ խիստ արգելվում էր կուսակցական կոմերիտական, սովետական, մարմիններում աշխատող մարդկանց որևէ կապ ունենալ Հայաստանի հետ: Դա 1979 թվականն էր, և 1979 թվականին առաջին անգամ շատ լրջորեն հասկացա, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի:


Ուրեմն Դուք աշխատում էիք արդեն բավականին ժամանակ Ստեփանակերտում, այդպիսի մարմիններում, հրաժարվելով Ձեր ակադեմիական կարիերայից և հանկարծ, երբ 37 տարեկան էիք, եթե չեմ սխալվում, փլուզվում է այդ գաղափարախոսությունը, փլուզվում է այն ժամանակվա այդ երկիրը, պետք է որ դա շատ բախտորոշ մի իրադարձություն եղած լինի Ձեզ հետ:

Մեզ համար` կոնկրետ ղարաբաղցիներիս և ինձ համար այդ երկիրը փլուզվեց 1988 թվականին, երբ ես արդեն 34 տարեկան էի, կամ դեռևս 34 տարեկան էի: Եվ դա մի քանի պատճառներով անսպասելի չէր: Նախ, ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը մտցվել էր Ադրբեջանի կազմ 1920-ական թվականների սկզբներին` կուսակցական մարմնի որոշմամբ և, իհարկե, անտեսելով Ղարաբաղի ժողովրդի կամքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը երբեք չի համակերպվել այդպիսի լուծման հետ, ու պարբերաբար այնտեղ հուզումներ էին լինում, լիներ դա երեսունական թվականները, քառասունական, հիսունական, վաթսունական, և այլ ժամանակ: Եվ վերջին հուզումները 1988 թվականին էին, կապված Գարբաչովի «պերեստրոյկաե-յի, այսինքն մի քիչ ավելի ազատության հետ: Այն ժամանակ արդեն աշխատում էի Լեռնային Ղարաբաղի կուսակցական մարմնի մարզային կոմիտեում, այսինքն` բավականաչափ բարձր պաշտոն ունեի: Մենք («մենքե` ես նկատի ունեմ կուսակցական ղեկավար աշխատողներս) շատ ավելին էինք տեսնում, քան կարող էին տեսնել ուրիշները, շարքային ղարաբաղցիները: Մենք տեսնում էինք, թե ինչպես կամաց-կամաց Լեռնային Ղարաբաղում փոխվում էր դեմոգրաֆիան: Տեսնում էինք, թե ինչպիսի արհեստական միջոցներով էր դա արվում, այսինքն մենք արդեն, ես գոնե, խորապես համոզված էի, որ շատ մեծ անարդարություն է տեղի ունենում և բնավ պատահական չի, որ 1988 թվականի առաջին իսկ օրվանից, շարժման առաջին իսկ օրերից, ես և մի քանի իմ ընկերները մեզ արդեն համարում էինք այդ շարժման մաս: Մենք մեզ փլուզվող կառույցի մաս չէինք համարում: Գիտեք` այլընտրանք չունեինք: Պիտի ընտրեին հայրենիքի և կուսակցության միջև, բնականաբար, հայրենիքը պիտի ընտրեինք:


Ես այնպես եմ ընկալում, որ ասես թե այդ ժամանակ Դուք կարծես թե բոլորդ միասին նոր Հայաստանը նորից եք հիմնել` մի կողմ թողնելով այն կոմունիստական կուսակցական կառույցները և այլն, մի նոր երկիր կարծես թե առաջացավ, մի նոր Հայաստան: Այդպե՞ս է արդյոք:


Այո: Գիտեք բոլորը չէին, որ այդպես վարվեցին: Կոմունիստական կոմերիտական աշխատողների ճնշող մեծամասնությունը, իհարկե, դեմ էր այդ շարժմանը: Նրանք համարում էին, որ դա շատ վտանգավոր է: Նրանք համարում էին, որ մենք վտանգի ենք ենթարկում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, համարում էին, որ ադրբեջանցիները այնքան ուժեղ են, որ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, որ սրանով մենք դնում ենք Ղարաբաղի վերջի սկիզբը:


Հետաքրքիր է, որ Ձեր կյանքում Դուք փաստորեն Հայաստանի վերածնունդն եք տեսնում, Հայաստանը անընդհատ ստիպված է վերածնվել, կարող ենք ասել, Դուք նաև ստիպված էիք լինել ազգային հերոս:

Գիտեք, երևի վերածնվելը , մեր ժողովրդի համար ամենաբնորոշ գիծն է, հատկանիշն է: Մենք միշտ հարկադրված ենք եղել վերածնվել:


Հիմա եկեք բացենք մեր զրույցում մի նոր գլուխ և անդրադառնանք այն բանին, թե ինչպես է ընկալվում Ձեր կողմից Ձեր նախագահական պաշտոնը: Եթե նայենք անցյալին, ապա կտեսնենք, որ նախորդ նախագահները իրենց քաղաքական ինքնությունը միշտ ընկալել են նաև Ղարաբաղի լույսի ներքո, եթե այդքան քաղաքական ինքնությունդ կապված է պայքարի հետ, ինչպես դա ասենք եղել է Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, բայց նաև Ձեր դեպքում, ապա արդյո՞ք չի ծագում Ձեր մեջ այն միտքը, որ իսկական հայերը դրանք հենց Ղարաբաղի հայերն են:

Ես համարում եմ, որ իսկական հայերը նրանք են, որ ապրում են Լոս-Անջելեսում, Քվեբեկում, Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Բոլորն են իսկական հայերը, ուղղակի այնպես դասավորվեց ճակատագիրը, որ ղարաբաղցիները տևական ժամանակ գտնվեցին և հիմա էլ գտնվում են մեր պայքարի առաջնամարտիկի դերում: Եթե այս պայքարը լիներ Նոյեմբերյանում, Գյումրիում կամ մեկ այլ տեղ, գուցե նույն պատկերը կունենայինք, կասեինք, թե իսկական հայերը նոյեմբերյանցիներն են կամ գյումրեցիները:


Ինձ հետաքրքրում է նաև հետևյալ հարցը: Ես հասկացա, թե որքան կարևոր է Ղարաբաղի պայքարը ձեր բոլորի համար, սակայն արդյոք չի նշանակում Ղարաբաղը նաև մի ուրիշ բան, ասես ինչ-որ տեղ կարծես ձեզ սահմանափակում է և նաև խանգարում գուցե Հայաստանին ինչ-որ շատ ավելի բաց լինել դեպի արտաքին աշխարհը:

Իհարկե, որևէ մեկը չի կարող լրջորեն պնդել, թե այս իրավիճակում մենք շատ ավելի ազատ ենք որոշումներ կայացնելու, բայց մյուս կողմից էլ պատմական խնդիր է լուծվում, մյուս կողմից էլ Ղարաբաղը հայկական հող է, և այնտեղ ապրում են մեր քույրերն ու եղբայրները: Ապա ինչպե՞ս վարվել, թողնել նրանց բախտի քմահաճույքին և կողքից դիտել, թե ինչպես են ամբողջովին հայաթափում Ղարաբաղը: Հետո նորից երգեր հնարել կորսված տարածքների մասին: Ես կարծում եմ, որ մենք փակուղու մեջ չենք: Կարծում եմ, որ կա հնարավորություն, որպեսզի այդ խնդիրը լուծվի և լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ վստահ եմ դրանում: Հակառակ պարագայում չէի մասնակցի նախագահական ընտրություններին:


Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ կովկասյան երկրները այլևս մեկուսացված չեն, ինչ-որ աշխարհի առանձին անկյուններում չեն գտնվում, այլ գտնվում են մի այնպիսի աշխարհում, որտեղ ամեն ինչ իրար հետ միահյուսված է, գտնվում է շատ մեծ փոխադարձ կապի մեջ: Եվ թվում է, թե կարծես եկել է այն ժամանակը, երբ պետք է հրաժեշտ տանք հերոսական քաղաքական գործիչներին, իսկ ես Կովկասում և Հայաստանում դեռևս տեսնում եմ շատ այդպիսի հերոսական քաղաքական գործիչներ:

Ես հաճույքով հրաժեշտ կտամ քաղաքականությանը, եթե Ղարաբաղի խնդիրը լուծվի: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի, երբ որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղը հռչակվի կամ անկախ երկիր, կամ միանա Հայաստանին, և ես անմիջապես հրաժարական տամ:


Այսինքն սա ձեզ համար շատ կարևոր քաղաքական հայեցակարգային խնդիր է:

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծու՞մը: Իհարկե, անշուշտ:


Վերադառնամ ձեր քաղաքական կենսագրությանը, դուք սկսել եք ձեր կենսագրության մի ժամանակ, երբ այս աշխարհում կային խոշոր 2 բլոկներ: Հիմա դա չկա, կա Եվրոպա, որը բաղկացած է բազմաթիվ փոքր ազգերից, ազգություններից, բայց նրանք բոլորը կարծես թե, այսօր գործում են միասին: Եվ Հայաստանը հիմա կանգնած է այդպիսի Եվրոպայի առջև: Ինչպե՞ս եք դուք ընկալում այդպիսի Եվրոպան, բազմազան փոքրիկ ազգերից բաղկացած, սակայն միևնույն ժամանակ որպես մի մասնություն գործող:

Համոզված եմ համարյա թե յուրաքանչյուր հայ իրեն համարում է եվրոպացի, անկախ նրանից` եվրոպացիները հայերին համարում են եվրոպացի, թե ոչ: Եվ ես համոզված եմ, որ մենք կենցաղում եղել ենք հիմնականում ասիացի, մտածողությամբ հիմնականում եվրոպացի` այդ պարագայում հոգեպես լինելով քրիոստոնյա: Մենք, դառնալով Եվրոպայի խորհդի անդամ, ընդգրկվելով եվրոպական նոր հարևանության քաղաքականության մեջ, մեր առջև կամավոր խնդիրներ ենք դրել: Եթե մի նախադասությամբ ասելու լինենք, այդ խնդիրների լուծումը ուղղված է նրան, որ ապրենք եվրոպական չափանիշներով: Բայց դրա հետ մեկտեղ, նաև այդ բազմազանության մեջ մի նրբերանգ ավելացնելով: Ես չեմ կարծում, որ մենք առանձնապես տարբերվում ենք գերմանացիներից, ֆրանսիացիներից, չգիտեմ, ճապոնացիներից և այլնից: Որևէ հայ, կարծում եմ, լրջորեն իր մեջ որևէ բացառիկ բան չի տեսնում:
Դուք մի քանի անգամ խոսեցիք մեր հինավուրց լեզվի մասին, մեր պատմության մասին: Մենք հպարտանում ենք մեր լեզվով, մեր մշակույթով, մեր բարոյական ժառանգությամբ, մեր պատմությամբ, բայց ոչ ի վնաս ուրիշների: Տեսեք, մենք աշխարհում առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, սակայն երբեք որևէ մեկին ուժով չենք ստիպել քրիստոնյա դառնալ:


Ուզում եմ հարց տալ կապված քրիստոնեության հետ, վերցնենք նախագահ Շևարդնաձեին. նա բոլորովին այլ սերունդ է, իր ամբողջ հասունությունը տեղի է ունեցել այլ ժամանակներում, և հանկարծ դարձել է նոր Վրաստանի նախագահ: Եվ դառնալով նախագահ` նա առաջին հերթին մկրտվեց:, քանի որ նախկինում այդ քրիստոնեական մկրտությունը որևէ նշանակություն չէր ունեցել: Իսկ դուք կարո՞ղ եք արդյոք ասել, որ ձեր ընտանիքում միշտ եղել է այդ քրիստոնեական հիմքը, թե դուք ստիպված եք եղել նույնպես վերափոխվել այդ փոփոխություններից հետո:

Մեր ընտանիքում այդ հիմքը իրոք եղել է, և ես արդեն վերադարձել եմ այդ ակունքներին: Ինչպես ասացի, տատս, 37 թվականին վերցնելով իր տղաներին և աղջկան եկավ հաստատվեց Ստեփանակերտում: Նա ուսյալ կին չէր և երբեք դպրոց չէր հաճախել, բայց շատ մեծ կամքի տեր էր, և չեմ ամաչում այդ բառից, իմաստուն կին էր: Իմ դաստիարակման ու ձևավորման գործում նա մեծ նշանակություն է ունեցել: Երիտասարդ տարիքում մասնակցել է հայ-թուրքական բախումներին, իր ամուսնու և հոր հետ միասին կռվել է նրանց դեմ: Դժվարություններ տեսած կին էր: Մենք եղբայրներով միասին քնում էինք այն սենյակում, որտեղ և տատս էր քնում, և երբ տատս լույսը անջատում էր, դրանից հետո ես լսում և տեսնում էի, որ ինչ-որ բան է անում, չգիտեի ինչ: Հետո, արդեն հասուն տարիքում հասկացա, որ աղոթում էր: Աղոթում էր և խաչ էր անում: Ես մի քանի անգամ հարցրի , ասացի` տատի, էտ ի՞նչ ես անում: Տատս ասում էր`սուս, կլսեն: Այսինքն, ուզում եմ մեկ անգամ ևս այս փաստով ասել, որ Լեռնային Ղարաբաղում դժվար էր տեսնել թե ինչ է իրենից ներկայացնում քրիստոնեությունը, բացի, իհարկե, զուտ եկեղեցուց: Վերջին եկեղեցականը Լեռնային Ղարաբաղում գնդակահարվել էր 37 թվականին: Լեռնային Ղարաբաղում, այդ 4. 4 հազար քառակուսի կիլոմետրի վրա 1000-ից ավելի քրիստոնեական մշակութային, կոթողներ կան, բայց մինչև 88 թվականը մեկ գործող եկեղեցի չկար, և, համոթ ինձ, մինչև ուսանող դառնալս, մինչև Երևան տեղափոխվելը ես չգիտեի` ինչ է Զատիկը, չգիտեի ընդհանրապես որևէ քրիստոնեական ծիսակատարություն: Այսինքն գիտեի, գրականությունից կարդացել էի այդ ամենի մասին, սակայն երբեք չէի տեսել և իրականության մեջ երբեք, ինչպես ասում են, չէի շոշափել: Դպրոցում շատ դպրոցականներ թաքուն խաչ էինք կրում. թաքուն, որովհետև եթե ուսուցիչը տեսներ, ապա անպայման պետք է վերցներ, ուրիշները տեսնեին` պետք է ամոթանք տային: Բայց դա մենք անում էինք չգիտակցված, դա որպես զարդ էինք ընկալում, կամ գրականությունից որպես` հիշողության նման մի բան:


Եթե անդրադառնամ գիտությանը, որով զբաղվում եմ, ապա պետք է հիշատակեմ, մի հռչակավոր գերմանացի սոցիոլոգի` Մաքս Վեբերի, ով հատկապես զբաղվել է նաև քաղաքական գործիչների վերլուծությամբ: Եվ նա մի անգամ ասել է, որ քաղաքական գործիչը դա մի կոմբինացիա է` իրազեկությունից, գրքից և աչքաչափից: Եթե վերցնենք այս երրորդությունը, այսպես ասած, ի՞նչ որակներ ունեք դուք այս երեք հարցերում: Դա դժվար է գնահատել ես գիտեմ, բայց որու՞մ է այդ երեք ոլորտներից, որ ավելին կուզենայիք լինել, քան կաք: Ավելին կուզենայիք ունենալ, քան ունեք:

Կուզենայի այդ բոլոր երեքում էլ ավելի շատ լինեի, քան կամ: Դա ասում եմ խորապես համոզված լինելով և ոչ թե այսպես համեստ երևալու ցանկությամբ: Այնպես է ստացվել, որ 88-ից երկար տարիներ ստիպված եմ եղել ավելի շատ զբաղվել կազմակերպչական խնդիրներով ուժային կառույցներում, ստիպված եմ եղել զբաղվել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությամբ, զինված ուժերի ձևավորմամբ, կազմավորմամբ: Այնուհետև, որպես Հայաստանի պաշտպանության նախարար, որպես ներքին գործերի նախարար, որպես ազգային անվտանգության ղեկավար մշտապես ինձ թվացել է, որ ունեմ ժամանակի պակաս: Եվ մշտապես կարծում էի, որ այդ ժամանակաշրջանում կարող էի նաև կարդալ հազարավոր գրքեր: Ինձ այնքան էլ լավ չեմ զգում, երբ չեմ կարողանում ձեզ հետ գերմաներեն շփվել: 6 տարի շաբաթական մեկ ժամ և որոշ դասարաններում 2 ժամ գերմաներեն եմ ուսումնասիրել: Պետական համալսարան ընդունվելուց գերմաներենից քննություն եմ հանձնել և պատկերացրեք, ստացել եմ հինգ` կարծեմ հինգ, համենայն դեպս` նվազագույնը չորս: Համալսարանում, եթե չեմ սխալվում, երեք թե չորս տարի շաբաթական մեկ ժամ գերմաներեն եմ պարապել, և հիմա ընդամենը առանձին բառեր և մտքեր եմ հասկանում: Ուզում եմ ասել, որ շատ բան կարող էի անել, բայց միգուցե պրակտիկ գործնեությունը, պատերազմի դժվարությունները, կառույցներ ստեղծելու այդ աշխատանքը, ինչ-որ տեղ ավելի հստակեցրեց իմ աչքի չափը:


Քաղաքականությունը մասնագիտություն է: Դուք կարծես թե ստիպողաբար եք մտել մասնագիտության մեջ: Իսկ ի՞նչն է որ ձեզ հաճույք է պատճառում մասնագիտության մեջ:

Եթե շատ վերամբարձ չեք համարի, ապա անկեղծորեն ասեմ` մեր ժողովրդին ծառայելը, մեր պայքարին ծառայելը, մեր գաղափարին ծառայելը: Ի վերջո 88 թվականին, երբ ելանք պայքարի մենք ցանկացանք, որ լինի ազատ անկախ Հայաստան, որպեսզի լինի ազատ Ղարաբաղ` անկախ կամ Հայաստանի կազմում: Այս գաղափարի իրականացման ճանապարհին մենք շատ դժվարություններ ենք կրել: Կոնկերտ իմ ընկերների մեծ մասը զոհվել է:


Անցած տարի ես այստեղ էի, երբ տեղի ունեցավ այդ ֆուտբոլային խաղը: Պիտի ասեմ, որ ձեր նախաձեռնությունը ահռելի միջազգային արձագանք ունեցավ: Թուրքիայի նախագահը եկավ ֆուտբոլի, բայց չեղավ Ծիծեռնակաբերդի թանգարանում: Գուցե հաջորդ քայլը դա պետք է լինի:

Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում, մոտակա տարիների ընթացքում հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը այցելի ցեղասպանության թանգարան: Իհարկե, եթե այդպիսի բան լինի, դա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը: Որևէ հայի համար կասկած չկա, որ ցեղասպանությունը եղել է: Հայերի համար թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ, և ոչ էլ հայերը ցանկանում են, որպեսզի ցեղասպանության մի այդպիսի լրացուցիչ հաստատում լինի: Ավելի շատ ճանաչումը կանխարգելիչ բնույթ ունի, ավելի շատ արդարության հետ է կապվում: Ես վերջերս ասել եմ, և պատրաստ եմ մշտապես կրկնել, որ մեր հասարակության համար, հայերի համար ընդհանրապես ամենից պահանջված արժեքը արդարությունն է:


Ե՞րբ եք տեսնում ձեր ընտանիքը, արդյո՞ք տեսնում եք ձեր ընտանիքը:

Նրանք ևս բոլորի հետ միասին մեծ դժվարություններ են տեսել: Կինս, փոքր երեխաներս, ինչպես նաև ծնողներս մշտապես գտնվել են նույն վիճակում, ինչ վիճակում ողջ Ստեփանակերտի, ողջ Ղարաբաղի բնակչությունը: Այլ կերպ լինել չէր կարող: Չեմ ուզում հուզական զեղումներ անել, հուզականություն մտցնել, բայց պիտի ասեմ, որ ինչպես ինձ, այնպես էլ Ղարաբաղի տղամարդկանց 100 տոկոսի համար շատ ծանր էր տեսնել, թե ինչպես էին իրենց զավակները նկուղներում ընթերցանությամբ զբաղվում, թե ինչպես պատահաբար յուրաքանչյուր ոք, լիներ երեխա, կին, ծնող, կարող էր զոհվել: Ինձ համար, վստահ եմ նաև բոլորի համար, մտահոգության միակ առարկան դա էր: Եվ կինս ու երեխաներս Երևան են տեղափոխվել իմ տեղափոխվելուց երկու տարի անց: Ոչ թե այն պատճառով, որ Երևանում ապրելու համար պայմաններ չկային, այլ որ ես պաշտպանության նախարար եմ նշանակվել 93 թվականին, երբ ռազմական գործողությունները շատ ինտենսիվ էին, և եթե ինձ հետ իմ ընտանիքն էլ տեղափոխվեր, կարծում եմ Ղարաբաղում դա շատ սխալ կգնահատեին: Ես իրոք երախտապարտ եմ և կնոջս և երեխաներիս, որ նրանք ճիշտ հասկացան իրենց դերակատարությունը: Եվ բնականաբար, ես երբեք ծնողական ժողովի չեմ գնացել, երբեք չեմ կարողացել ստուգել իմ երեխաների օրագրերը:


Իսկ հասցնում եք նաև շախմատ խաղալ:

Ընկերներիս հետ` մեկ- մեկ: Հիմա ավելի քիչ: Առաջ ավելի շատ: Ավելի շատ, իհարկե, ուսանողական տարիներին:


Շատ շնորհակալ եմ, հետաքրքիր զրույց էր, և մենք կարող էինք ժամերով ձեզ հետ զրուցել, բայց գիտեմ, որ նախագահը շատ ժամանակ չունի, ձեր օրացույցի առաջ ես մեծ հարգանք ունեմ: Շնորհակալություն, որ այսքան անկեղծ ու այսքան հետաքրքիր զրույց ունեցաք ինձ հետ:

Շատ շնորհակալ եմ: Բնականաբար, լսել էի ձեր մասին, գիտեմ ձեր գիտական վաստակի մասին և անշուշտ ուրախ կլինեմ, եթե հետագայում հանդիպելու, խոսելու առիթներ լինեն:

← Վերադառնալ