21
10, 2008

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը

album picture
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք եւս մեկ անգամ սրտանց ողջունել մեր ռուս բարեկամներին Երեւանում:
Անկեղծորեն ուրախ եմ Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ նոր հանդիպման համար: Կարծում եմ, Դմիտրի Անատոլեւիչը կհամաձայնվի ինձ հետ, որ մեր հանդիպումը հերթական անգամ հաստատում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության բնույթ: Դրանց ամուր հիմքը "Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին" պայմանագիրն է եւ այն նորմատիվային բազան, որը մենք ձգտում ենք մշտապես հարստացնել:
Կարեւոր է, որ այսօր մեր երկրների միջեւ հարաճում է ակտիվ քաղաքական երկխոսությունը: Հաստատվել է մեր պատրաստակամությունը` հետագայում եւս ջանքեր գործադրել արտաքին քաղաքական գործունեության համակարգման ուղղությամբ: Այսօր արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվեց 2009-2010թթ խորհրդատվությունների ծրագիրը:
Հանդիպման ընթացքում մենք պատրաստակամություն ենք հայտնել` խթանել առեւտրատնտեսական համագործակցության արդյունավետության հետագա բարձրացումը: Մենք մանրամասնորեն քննարկել ենք Միջկառավարական հանձնաժողովի երեկ ավարտված տասներորդ հոբելյանական նիստի արդյունքները, որի ուշադրության կենտրոնում է մինչեւ 2010թ. տնտեսական համագործակցության ծրագրերի ընթացքը: Ուզում եմ հատուկ նշել, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների մեծ մասն, այսօր արդեն կյանքի են կոչվել: Այդ թվում եւ` Հայաստան էներգակիրներ ներկրումն, ինչը թույլ կտա մեզ ապահովել մեր տնտեսության հետագա կայուն աճը: Մեր երկրները ոչ պակաս հետաքրքված են նաեւ տնտեսվարող սուբյեկտների եւ ռեգիոնների մակարդակով կապերի զարգացմամբ, ինչի վկայությունն են քիչ առաջ ստորագրված համաձայնագրերը:
Հանդիպման ընթացքում մենք նաեւ քննարկել ենք միջազգային քաղաքականության առանցքային հարցերը, այդ թվում գլոբալ եւ ռեգիոնալ կայունության ապահովումը, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ հակազդեցության հեռանկարները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր երկրների փոխգործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակում:
Մեր ընդհանուր շահերից է բխում էլ ավելի արդյունավետ օգտագործել այդ հաստատությունների ներուժը եւ զարգացնել համագործակցության նոր ձեւեր: Մտադիր ենք շարունակել համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ այլ համանախագահող երկրների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ հետ միասին, Ռուսաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծում գտնելու իր պատրաստակամությունը:

Մեծ նշանակություն ունեն նաեւ հումանիտար համագործակցությունը,շփումները գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում: Այս բնագավառում հատկապես հաջողված օրինակ է Ռուս-հայկական համալսարանի գործունեությունը, "Կուլտուրա" հեռուստաալիքի հեռարձակումը:
Ինչպես միշտ, Ռուսաստանի Նախագահի հետ մեր զրույցն անցավ բարեկամության եւ փոխըմբռնման մթնոլորտում, շատ բովանդակալից էր, եւ շոշափել է մեր հարաբերությունների գրեթե ողջ համալիրը:
Շնորհակալություն ուշադրության համար:

Դ. ՄԵԴՎԵԴԵՎ. Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
վաղուց չէր եղել մամուլի ասուլիս այսպիսի ֆանտաստիկ պայմաններում` բաց երկնքի տակ, տաք ու փափուկ աշնանային օր: Այնպես որ, արդեն միայն սրա համար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ բարեկամներին: Եւ, իհարկե, կցանկանայի շնորհակալություն հայտնել Երեւանում ջերմ ընդունելության համար:

Այսօրվա բանակցությունների արդյունքներով ես լիովին բավարարված եմ: Դրանք շարունակեցին բարձր մակարդակի հագեցած հանդիպումների բարի ավանդույթները եւ վերահաստատեցինք մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը:

Մեր ուշադրության կենտրոնում, իհարկե, երկկողմ հարցերն ու առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացումն էին: Ռուսաստանը վստահորեն առաջնորդում է Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների ցանկը: Ութ ամսվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է: Հուսով ենք, որ տարվա ավարտն էլ բավականին հաջող կլինի: Առաջնային ուղղություն է վառելիքաէներգետիկ հատվածը, արդյունաբերությունը, տրանսպորտը, բանկային ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Մենք մտադիր ենք հետագայում եւս զարգացնել արտադրական կոոպերացիան, խթանել փոխադարձ ներդրումները, ընդլայնել տարբեր միջռեգիոնալ կապերը: Այս մասին համաձայնագիրը քիչ առաջ ստորագրվեց:

Կցանկանայի ընդգծել նաեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի 10-րդ նիստը տեղի ունեցավ նախօրեին, Երեւանում: Այս առումով եղել է լիարժեք, մեծ աշխատանք եւ արդյունքներն այսօր երեւացին հենց բանակցությունների ժամանակ, փաստաթղթերի ստորագրման ժամանակ:

Ամրապնդվում են նաեւ մեր երկրների միջեւ հումանիտար կապերը: Մենք աշխատում ենք ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդում, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ծրագրերում եւ այստեղ Հայաստանը մեր ամենամոտ եւ ամենաակտիվ գործընկերներից մեկն է:

Վառ ծրագիր դարձավ օրերս Երեւանում կայացած ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների եւ հրատարակիչների երկրորդ համաժողովը: Համոզված եմ, որ ԱՊՀ-ում 2009 թ-ի հայտարարումը Երիտասարդության, իսկ 2010-ը` գիտության եւ նորարարության տարի, կընդլայնի նոր հեռանկարային ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները:

Մենք քննարկեցինք նաեւ միջազգային հարաբերությունների օրակարգը: Այդ հարցերի թվում, բնականաբար, եղան հարցեր կապված ԱՊՀ-ի, ՀԱՊԿ գործունեության հետ: Մենք պատրաստ ենք, ցանկանում եմ մեկ անգամ եւս այդ մասին ասել, ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ էլ ավելի սերտ փոխգործակցության: Սեպտեմբերից Հայաստանը նախագահում է այդ կազմակերպությունում:

Մենք խոսեցինք նաեւ Հարավային Օսեթիայի նկատմամբ Վրաստանի ագրեսիայից հետո Անդրկովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մեր երկրները հետեւողականորեն հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման օգտին: Մենք միասնական ենք այն հարցում, որ բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Արտաքին հարաբերությունների խորացման նոր ազդակ է այսօր արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված համապատասխան ծրագիրը:

Մենք խոսեցինք նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, քննարկեցինք շատ կարեւոր հարցեր: Ռուսաստանը հետագայում եւս կնպաստի այս ոչ հասարակ հիմնախնդրի փոխընդունելի լուծումների որոնմանը:

Վերջում կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին, բոլոր հայ բարեկամներին, մեր բոլոր գործընկերներին` օրակարգի հարցերի կառուցողական քննարկման համար: Համոզված եմ, այս բանակցությունները կլինեն եւս մեկ քայլ` մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

ՀԱՐՑ-Հայ-ռուսական հարաբերությունները համարվում են ռազմավարական գործընկերության ցուցադրական օրինակ։ Ոմանք էլ կարծում են, որ Հայաստանը ստիպված է Ռուսաստանի հետ բարեկամություն անել։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցումներին, եւ, ընդհանրապես, Ձեր գնահատականը հայ-ռուսական հարաբերություններին ամբողջության մեջ։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. Ես ծանոթ եմ, այսպես կոչված, մասնագետների ու վերլուծաբանների բավական խիստ տեսակետներին, որոնց հետ ես կտրականապես համաձայն չեմ։ Ուժով երբեք հնարավոր չէ ձեռք բերել բարեկամներ ու առավել եւս՝ պահպանել նրանց։ Մեզ մոտ ասում են՝ ուժով սիրելի չես դառնա։ Մեր հարաբերություններին բնորոշ է հրապարակայնությունը, թափանցիկությունը, հուսալիությունը, եւ մենք կարծում ենք, մեր բարեկամության ուժը փոխադարձ վստահության մեջ է։ Հենց այս վստահությունն է հնարավորություն տալիս մեզ հաստատել ու զարգացնել շփումներն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող պետությունների հետ։ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները երբեք չեն խանգարել այլ պետությունների հետ հարաբերությունների հաստատմանը եւ համագործակցությանը։ Այնպես որ, կարծում եմ, մեր հարաբերություննների այսօրվա մակարդակը շատ լավն է, բայց կուզենայի, որ այն լիներ օրինակելի։

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ. Եթե անգամ հայ-ռուսական հարաբերությունները եւ դրանց շատ բարձր, դաշնակցային եւ բարեկամական բնույթը հարկադրված քայլ է, ապա դա այդպես է արդեն հարյուրամյակների ընթացքում, եւ շատ հասկանալի է, որ նման հարաբերությունները թանկ արժեն։ Մենք պարզապես հարեւաններ, բարեկամներ ու գործընկերներ չենք, մեր հարաբերությունների քիմիան բացարձակապես հատուկ է, ինչը ձեւավորվել է ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական ոչ դյուրին պատմության ընթացքում։ Պատմությամբ եւ ժամանակով ստուգված նման հարաբերություններն այսօր կառուցվում են արդեն շատ ծանրակշիռ իրավական բազայի եւ, պարզապես, մարդկանց համակրանքի վրա։ Բոլորդ ներկա էիք Ռուսաստանի հրապարակի բացմանը, եւ ես կարծում եմ, դա լավագույն ապացույցն է այն բանի, որ մեր հարաբերությունների հիմքում ոչ միայն պրագմատիկ միջազգային եւ ներքին հաշվարկն է, այլեւ` դարավոր բարեկամությունը։ Սա մեր հարաբերություններում ամենաարժեքավորն է, որը պարտավոր ենք պահպանել ընդմիշտ։

ՀԱՐՑ-Արդեն երկար տարիներ հնչում է «Ղարաբաղ» դժվար բառը, երկրների ղեկավարներն անընդհատ ասում են, որ կնպաստեն կարգավորմանը։ Ասացեք, խնդրում եմ, փոքր-ինչ պարզաբանեք, թե ո՞ր փուլում է այսօր այս դժվարին խնդրի լուծումը՝ ինձ համար բավականին թանկ Ղարաբաղի հարցը։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. Ինձ համար, Ղարաբաղը որեւէ բառով բնորոշելիս, հարկավոր է ասել՝ քնքուշ Ղարաբաղ։ Հասկանում եմ, խնդիր կա, եւ մենք պետք է լուծենք այն։ Այսօր բանակցությունների ժամանակ, բնականաբար, մենք խոսել ենք Ղարաբաղի մասին։ Ուզում եմ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Իսկ թե ինչ է դա նշանակում, ձեզանից յուրաքանչյուրը կարող է ինտերնետում կարդալ այդ փաստաթղթի մասին, այն միջնորդների կողմից գրանցված է կոնկրետ կազմակերպության պահոցներում, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկա։ Սրանք հիմքեր են, որոնք թույլ են տալիս ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ մեզ համար սկզբունքային որոշ այլ մոտեցումներ։ Ամենագլխավորն այն է, որ մենք իսկապես համոզված ենք, որ խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, բանակցությունների միջոցով։

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ. Ես կհամաձայնեմ Սերժ Ազատիչի հետ։ Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկացած բարդ խնդիր պետք է լուծում ստանա՝ ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից, բանակցությունների միջոցով։ Չկա մեկ այլ բան, որ կարող է բերել դրական արդյունքի։ Սա այս տարի օգոստոսին Կովկասում եղած ճգնաժամի գլխավոր դասերից մեկն է։

Ինչ վերաբերում է կարգավորման փուլին, ապա սահմանել մինչեւ այս պահը ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակը բարդ խնդիր է։ Ես հույս ունեմ, որ գտնվում ենք առաջընթացի փուլում, համենայն դեպս, երկու կողմերն էլ պատրաստ են լուծումներ որոնել։ Մենք այս բաների մասին բավականին մանրամասն խոսել ենք Սերժ Սարգսյանի հետ, ես չեմ մեկնաբանի նրբությունները, քանի որ դրանք բանակցային նրբություններ են, ինչով եւ դրանք արժեքավոր են։ Բայց հուսով եմ, շատ մոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում, որպեսզի շարունակվի այս թեմայի քննարկումը։

ՀԱՐՑ-Պարոն Սարգսյան, երկար տարիներ երկու երկրների ղեկավարները նշում էին, որ երկկողմ տնտեսական կապերը զիջում են քաղաքական հարաբերություններին։ Հայ-ռուսական միջկառավարական 10-րդ նիստի արդյունքում արձանագրվեց, որ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարում կարող են հասնել մեկ միլիարդ դոլարի։ Ինչպե՞ս եք այսօր գնահատում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. Ես կուզենայի՝ միշտ էլ ասեինք, որ մեր տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքականին։ Թեեւ թվերը խիստ տպավորիչ են. ընթացիկ տարում ապրանքաշրջանառության ծավալները հասել են մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի, ներդրումները եւս շուրջ մեկ միլիարդ դոլարի են, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 1200 ընկերություն։ Սրանք Հայաստանի փոքր տնտեսության համար տպավորիչ եւ լուրջ թվեր են։ Բայց մենք պետք է միշտ աշխատենք, որ մեր քաղաքական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա լինեն։ Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, երբ մենք պետք է խոսենք համատեղ համարձակ ու ծավալուն նախագծերի մասին։ Եւ այսօր մենք այս մասին խոսել ենք Դմիտրի Անատոլեւիչի հետ։ Մենք խոսել ենք նոր ատոմակայանի, նոր երկաթուղու կառուցման եւ այլ ծրագրերի մասին։ Այսօրվա մեր տնտեսական հարաբերությունները տպավորիչ են, բայց միտում ունեն զիջել քաղաքական հարաբերություններին։

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ (ժպտալով). Եվ մեր խնդիրն է հաղթահարել այդ միտումները։

ՀԱՐՑ- Հարցս վերաբերում է գլոբալ ֆինանսական ճգնաժամին։ Բավարա՞ր են, արդյոք, ճգնաժամի հետեւանքները վերացնելու ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերը, եւ ի՞նչ դեր ունի դրանում Նախագահին առընթեր ստեղծված նոր խորհուրդը ֆինանսական կայունացման գործընթացում։

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ. Ակնհայտ է, որ ներկայումս ակտիվ փուլում գտնվող ֆինանսական ճգնաժամը ոչ մեկին չի ուրախացնում։ Դա հանգեցնում է աճի տեմպերի, ներդրումների եւ մեր ձգտած չափանիշների կորստին: Ուստի, յուրաքանչյուր կառավարության խնդիրն է փորձել այս տհաճ իրադրությունից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Մենք ներկայումս ապրում ենք գլոբալ աշխարհում, եւ հնարավոր է, որ, ասենք, 15 տարի առաջ խնդիրն այս կերպ չանդրադառնար Ռուսաստանի վրա։ Բայց հիմա իրադրությունն այլ է, մեր տնտեսությունը բաց է, եւ ստիպված ենք այնպես, ինչպես մյուս պետությունները, դիմակայել բոլոր այն մարտահրավերներին, որոնց բախվել ենք։ Հենց սա է բաց տնտեսության առավելությունն ու դժվարությունը։ Տնտեսությունը զարգանում է իր շրջափուլով, իր օրենքներով, եւ, վերջին հաշվով, դա նույնպես պետք է հաշվի առնենք։ Հասկանալի է, որ մենք վճարում ենք մի շարք երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, կոպիտ սխալների համար՝ հաշվի առնելով այն, որ ամերիկյան ֆինանսական շուկայի ազդեցությունը գլոբալ տնտեսության վրա շատ ծանրակշիռ է։ Բայց սա իրողություն է, որին մենք բախվել ենք եւ պարտավոր ենք որոշումներ ընդունել՝ ելնելով ստեղծված եւ գոյություն ունեցող այս իրավիճակից։ Ընդունված որոշումները բավարար են, բայց դա չի նշանակում, որ չեն լինի շտկումներ։ Անհրաժեշտության դեպքում կլինեն նոր կառուցվածքային, կազմակերպչական ու ֆինանսական որոշումներ։ Կրկնում եմ՝ մեր խնդիրն է նվազագույնի հասցնել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները։ Ինչ վերաբերում է ֆոնդային շուկայի հարցերով զբաղվող խորհրդին, ապա այն պետք է զբաղվի մակրոտնտեսական կարգավորման իրական խնդիրների լուծմամբ, ինչպես նաեւ ֆոնդային շուկայում տիրող իրավիճակի վերահսկմամբ եւ այլն։ Բայց այս խորհրդի կազմը գործունակ է, եւ ես վստահ եմ, որ դժվարությունների բախվելու պարագայում այն կարող է բարերար ազդեցություն ունենալ նաեւ այդ ճգնաժամային երեւույթների հաղթահարման գործընթացում։ Հուսով եմ, որ գործընկերներին կհաջողվի նաեւ դա անել։

← Վերադառնալ