Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ 30-ամյակի կապակցությամբ, մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։
Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի համար կարևոր միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելություններն էական խթան են երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ նախաձեռնությունների կարևորությանը։
Զրույցի ընթացքում շեշտվել է նաև էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։
Կողմերը վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
***
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված շարունակական ջանքերի կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականը՝ շեշտելով ծրագրի իրագործման լայն ներուժը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական ներառական զարգացման հենասյուն։
Այս համատեքստում կողմերը նշել են, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ունեն վճռական նշանակություն տրանսպորտային և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար։ Ընդգծվել է TRIP նախագծի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժին, որի արդյունավետ իրագործումը կարող է դառնալ կարևոր ձեռքբերում երկուստեք։
Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացումը, ինչպես նաև գործարար կապերի սերտացմանն ուղղված նախաձեռնությունների մշտական խթանումը։
Քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Երկուստեք կարևորվել է նման բարձր մակարդակի միջազգային միջոցառումների անցկացումը՝ որպես գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված կարևոր հարթակ։
Կողմերը դրականորեն գնահատել են վերջին տարիներին ձևավորված բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ միտումների շարունակական զարգացումը։
***
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ:
***
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում ելույթ է ունեցել «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի» խորագրով լիագումար նիստին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.
«Պատիվ է հանդես գալ այս միջազգային ֆորումում, որը նվիրված է Խաղաղության և վստահության միջազգային տարուն, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին։
Շնորհակալություն եմ հայտնում Թուրքմենստանի նախագահին և կառավարությանը՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում խաղաղության, վստահության և չեզոքության առաջմղման գործում ցուցաբերվող հետևողական առաջնորդության համար։
Այսօրվա պլենար նիստի խորագիրը՝ «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի», լավագույնս արտացոլում է այն, ինչի կարիքը մեր աշխարհն ունի այսօր։ Մինչ հակամարտությունները, բաժանումները, մարդու իրավունքների խախտումները և գլոբալ անվտանգության բացակայությունը մարտահրավեր են նետում միջազգային կարգին, մենք պետք է վերահաստատենք մեր նվիրվածությունը բազմակողմ համագործակցությանը` խարսխված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա։
Գլխավոր վեհաժողովի՝ 2025 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի հռչակելու վերաբերյալ բանաձևը հնարավորություն է ստեղծում առաջ մղելու վեճերի խաղաղ կարգավորումը և պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները։
Այս տարի լրանում է Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչման 30-րդ տարեդարձը։ Մշտական չեզոքությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր գործոն է հանդիսացել։ Մենք բարձր ենք գնահատում Թուրքմենստանի ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության գործում՝ չեզոքության, վստահության և երկխոսության սկզբունքների խթանման միջոցով։ Հայաստանը միշտ աջակցել է այս ուղղությամբ Թուրքմենստանի նախաձեռնություններին ՄԱԿ-ի շրջանակում։
Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն պահանջում է շարունակական ջանքեր՝ խթանելու երկխոսությունը, արդարությունը, մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը։ Պետությունների և ժողովուրդների միջև վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման հիմնարար նախապայման է։
ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով առաջնորդվելով՝ Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում։
Ձեզ հայտնի է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Նույն օրը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդները՝ որպես վկա, ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը հնարավորություն կտա լիարժեք բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրականացումը կնպաստի տնտեսական զարգացմանը, երկխոսությանը և ժողովուրդների միջև շփումներին՝ ամրապնդելով փոխվստահությունը, կայունությունն ու բարեկեցությունը։
Այս պատմական ձեռքբերումը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք բացում ենք հարատև խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության նոր էջ Հարավային Կովկասում։ Մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության առաջմղման գործում։
Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի և Խաղաղության ու վստահության միջազգային տարվա կապակցությամբ եկեք վերահաստատենք մեր համատեղ հանձնառությունը՝ առաջ մղելու խաղաղությունն ու փոխվստահությունը՝ երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության միջոցով»:
***
Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։
Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։ Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը։
***
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 13-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենստանի առաջին նախագահ Սաֆարմուրադ Նիյազով Թուրքմենբաշիի դամբարան և Ռուհի մզկիթ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել թուրքմեն առաջնորդի հիշատակին:
Այցի շրջանանում նախագահն այցելել է նաև Աշգաբաթի օլիմպիական ավան և Նիսա հնավայր քաղաք:
























































