Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։
Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։
Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու դրանց խթանման միջոցները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գործընկերության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին պատեհ պահի այցելել Հայաստան։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան:
Հայ կենտրոնի ատենապետ Արամ Գարակէօզեանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վարժարանում, շփվել անձնակազմի և սաների հետ:
Այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է նաև Մարի Մանուկյանի վարժարան, հանդիպել աշխատակազմի և սաների հետ:
Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և դասախոսներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը հայապահպանության, ազգային ինքնության և արժեքների պաշտպանության ու պահպանության գործում: