29
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Կոլումբիա

Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կալի քաղաքում մասնակցել է Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը և հանդես եկել ելույթով: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Հանրապետության նախագահն իր ելույթում ասել է.

«Անչափ ուրախ եմ մասնակցելու «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի 16-րդ հանդիպմանը։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Կոլումբիայի կառավարությանը՝ ԿՈՊ16-ի բարձրակարգ կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար։

Հաշվի առնելով, որ սա կենսաբազմազանության առաջին ԿՈՊ-ն է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումից հետո, այն բացառիկ հնարավորություն է տալիս համատեղ գնահատելու կողմերի կողմից վերջին երկու տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը և մշակելու անհրաժեշտ գործողություններ շրջանակի արդյունավետ իրականացման համար՝ որպես շրջակա միջավայրի կայունության և կենսաբազմազանության պահպանման նոր գլոբալ ռազմավարական ուղեցույց:

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի շրջանակներում Հայաստանը հաստատուն քայլերով զարգացնում է իր Ազգային կենսաբազմազանության ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (ԱԿՌԳԾ)` ներառական և հասարակության բոլոր խավերին ընդգրկող մոտեցմամբ, ինչը կարևոր ներդրում է գլոբալ ջանքերում՝ 2050թ. «Խաղաղություն բնության հետ» տեսլականի իրականացման համար։

Մենք կարևորություն ենք տալիս ներառականությանը և բազմաշահառու մասնակցությանը՝ ապահովելով քաղհասարակության, մասնավոր հատվածի, այդ թվում՝ կանանց, երիտասարդների, տեղական համայնքների և գիտական շրջանակների արդյունավետ ներգրավվածությունը:

Լինելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի Գործողության նախաձեռնության անդամ՝ Հայաստանը, այդ նախաձեռնության այլ անդամների հետ միասին, ակտիվորեն նպաստում է կողմերի և շահառուների ուշադրության և համաձայնության ձևավորմանը՝ ԳԿՇ-ի իրականացման ուղղությամբ։

Այս նախաձեռնությունները վկայում են Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված ազգային և միջազգային քաղաքականություններում արմատական փոփոխություններ իրականացնելուն՝ համահունչ մեր գլոբալ պարտավորություններին, ուղղված կենսաբազմազանության կորստի, աղտոտվածության և կլիմայի փոփոխության եռակի ճգնաժամի համալիր և ամբողջական լուծմանը, հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ ոչ ոք չպետք է դուրս մնա, և որ երկրները կարող են հասնել կայուն զարգացման՝ բնության հետ ներդաշնակության մեջ։

Տիկին նախագահ,

Հայաստանի հանձնառությունը գլոբալ շրջակա միջավայրի կայունության նկատմամբ արտահայտվում է նաև միջազգային ջանքերին նպաստելու իր հաստատակամ պատրաստակամությամբ՝ ուղղված հրատապ բնապահպանական մարտահրավերների լուծմանը։ Այս հանձնառությունն ի հայտ է եկել վերջերս՝ Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի հաջորդ՝ 17-րդ հանդիպումը հյուրընկալելու պաշտոնական հետաքրքրության արտահայտմամբ։

Հաստատուն բնապահպանական կառավարումը, կանաչ աճի և անցման վրա կենտրոնացումը, բնական միջավայրերի և էկոհամակարգերի պահպանման շարունակական ջանքերը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և բնապահպանական պաշտպանության արձանագրությունների հանդեպ նվիրվածությունը եզակիորեն բնորոշում են Հայաստանը՝ որպես ԿՈՊ17-ի հյուրընկալող երկիր:

ԿՈՊ17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար, ապահովելով բազմազան ձայների և տեսակետների լսելիությունը՝ բազմաշահառու ներգրավվածությամբ, ինչպես նաև ներկայացնելով Հայաստանի և տարածաշրջանի բնական հարստությունները։

Ցանկանում եմ հավաստիացնել այս դահլիճում ներկա բոլոր պատվավոր պատվիրակներին, որ, եթե մեզ վստահվի այս կարևոր պատասխանատվությունը՝ հյուրընկալելու Կողմերի 17-րդ հանդիպումը և ղեկավարելու դրա վճռորոշ նախաձեռնությունները, Հայաստանը ոչ մի ջանք չի խնայի՝ ապահովելու, որ ԿՈՊ17-ը դառնա ևս մեկ կարևոր ուղենիշ մեր գլոբալ ջանքերում՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։

Համոզված եղեք, որ մեր երկրի ջերմ հյուրընկալությունը և բազմակողմ համագործակցության հանձնառությունը բացառիկ մթնոլորտ կստեղծեն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների շրջանակում քննարկումների համար, և մենք բարձր կգնահատենք բոլոր Կողմերի աջակցությունը»։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ, Կոլումբիայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար Սուսանա Մուհամադի հետ:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի և համաժողովի նախագահության մեծածավալ աշխատանքը կարճ ժամկետում մասշտաբային միջոցառման նախապատրաստման և անցկացման գործում:
Սուսանա Մուհամադին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին համաժողովին մասնակցելու համար ժամանակ գտնելու, ինչպես նաև գնահատանքի խոսքերի համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և ջանքերի համատեղման վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է «COP16»-ի նման բարձր մակարդակի միջազգային համաժողովների անցկացման և դրանցում ընդունված որոշումների իրականացման կարևորությունը:

Հանրապետության նախագահն այս համատեքստում ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերների դեմ պայքարի շրջանակում միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին և ակտիվորեն աշխատում է վերջիններիս իրականացման ուղղությամբ:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Ջիլբերտո Մուրիլլոյի հետ:

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվացնելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի և Կոլումբիայի փոխգործակցային ներուժի բացահայտման և կյանքի կոչման հեռանկարների շուրջ:

Կողմերը նշել են, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի կարող լինել տարբեր ոլորտներում փոխգործակցության մեկնարկի համար, առավել ևս այն պարագայում, երբ Հայաստանը բարեկամական հարաբերություններ և ռեզիդենտ դեսպանություններ ունի լատինաամերիկյան աշխարհամասի մի շարք երկրներում:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Կոլումբիայի կողմից սեղմ ժամկետում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովը պատշաճ հյուրընկալելու և անցկացնելու ուղղությամբ տարված աշխատանքները:

***

 

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և համագործակցության առկա մակարդակի բարձրացման հնարավորություններին և հեռանկարներին և երկուստեք կարևորել են այս ուղղությամբ քայլերի նախաձեռնումն ու խթանումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ջերմ հարաբերություններ և փոխգործակցություն ունի լատինաամերիկյան մի շարք երկրների հետ և կարևորում է համագործակցության շրջանակի հետագա ընդլայնումը տարածաշրջանի երկրների հետ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ, շեշտել են արդի գլոբալ մարտահրավերների դեմ միասնական օրակարգով և համատեղված ուժերով պայքարելու կարևորությունը:

***

 

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի, Սուրինամի նախագահ Չան Սանտոխիի, Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարո Սիսսոկո Էմբալոյի, Հայիթիի անցումային նախագահական խորհրդի նախագահ Էդգար Լեբլանկ Ֆիլսի և պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայի փոփոխությունների և կենսաբազմազանության կրճատման մարտահրավերներին դիմակայելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ հարցերին: Մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային տարբեր հիմնահարցերի, անվտանգային, բնակլիմայական և այլ բնույթի իրողությունների, խնդիրների և վերջիններիս հաղթահարման նպատակով միասնական օրակարգերի ձևավորման հեռանկարների վերաբերյալ:

Համաժողովի մասնակից պատվիրակությունների բարձր ղեկավարներն ընդգծել են արդի փոփոխությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման, բնակլիմայական և մարդածին աղետների առկայության պայմաններում բնապահպանության խնդիրների շուրջ բոլոր երկրների ջանքերը մեկտեղելու անհրաժեշտության հրամայականը:

Անդրադարձ է կատարվել նաև արդի իրողությունների համատեքստում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության կայուն զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների և տեսական հիմնադրույթների մշակման սկզբունքներին:

***

 

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

Այս կապակցությամբ աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև հաջողություններ է մաղթել հանձնառու գերատեսչություններին 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դասախոսություն է կարդացել Կոլումբիայի Կալի քաղաքի «Ինկոլդայի բարձրագույն հետազոտությունների կոլումբիական ինստիտուտ»-ում (Instituto Colombiano de Estudios Superiores de Incolda):

Մասնավոր համալսարանը հիմնադրվել է 1979 թվականին մի խումբ գործարարների կողմից և հանդիսանում է Կոլումբիայի առավել կարևոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Համալսարանն առաջարկում է բազմազան ծրագրեր տարբեր ոլորտներում, ներառյալ հասարակական գիտություններ, առևտուր, ինֆորմատիկա, ճարտարագիտություն և առողջապահություն:

Համալսարանի խնդիրներից մեկն է աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը տարածաշրջանում և կրթել ինտեգրացված, գիտական և սոցիալական ակադեմիական մասնագիտություններ ունեցող անհատներ: Արևմուտքի ինքնավար համալսարանում նաև ակտիվիստական գործունեություններ և մշակութային ծրագրեր են իրականացվում, որոնք նպատակ ունեն խթանել ուսանողների մասնակցությունը հասարակական կյանքին: Համալսարանը մասնավոր է, որի ֆինանսները գոյանում են ներդրողների և տնտեսական ոլորտի ներկայացուցիչների աջակցությամբ, որոնց նկատմամբ Կոլումբիայի պետական իշխանությունները կիրառում են առանձնահատուկ ճկուն հարկային քաղաքականություն։

Դասախոսության ընթացքում Հանրապետության նախագահն ուսանողներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի ընդհանուր նկարագրի և իրողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, անդրադարձել է ընթացիկ անցուդարձերին։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն ուսանողներին և համալսարանի ղեկավարությանն է ներկայացրել Խաղաղության խաչմերուկ ծրագիրը։

Դասախոսության ավարտին նախագահը մանրամասն պատասխանել է Հայաստանի ներքին կյանքում իրականացվող բարեփոխումների, արտաքին քաղաքականության, հարևանների հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցության հնարավոր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ հարցերին։

 

← Վերադառնալ