15
01, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու, հարևանների և գործընկերների հետ փոխվստահության մթնոլորտ ու փոխշահավետ համագործակցություն ձևավորելու հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել մասնավորապես Հայաստանի տնտեսական կյանքում առկա զարգացումների, երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իշխանությունների և կառավարության ձեռնարկած քայլերի ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության միջոցառումներին ու ծրագրերին և պատասխանելով ներկաների հարցերին նշել է հայաստանյան իշխանությունների կողմից որդեգրված այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք դրված են տեղահանվածների հիմնախնդիրների ամբողջական լուծմանը հասնելու պատկերացումների հիմքում:

***

 

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։ Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։

***

 

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

Բելգիայի թագավորն իր խոսքում կիսվել է իր ջերմ տպավորություններով Հայաստան կատարած մասնավոր այցից, բարձր գնահատել բելգիահայ համայնքի դերը երկրի կյանքում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան:

***

 

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։

***

 

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ:

Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:

Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:

***

 

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

***

 

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ալվարո Լարիոյի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության և Հիմնադրամի միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում փոքր ֆերմերային տնտեսությունների գործունեության ընդլայնման ու զարգացման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ներդրմանն ուղղված ջանքերն ու ոլորտում նորարար ծրագրերի ներդրումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև գյուղատնտեսության ապահովագրման համակարգի հաստատման և վերջինիս կիրառման ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ջանքեր ներդնել հետագա համագործակցության ամրապնդման և առաջմղման ուղղությամբ:

***

 


Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր:

Երկուստեք կարևորվել է դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը:

Կողմերն ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության բարձրացման նպատակահարմարությունը՝ տուրիզմի, մշակութային և գործարար կապերի հաստատման ու սերտացման ճանապարհով:

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ:

Զրույցի ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:

Այս համատեքստում երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության դրական նախապայմանները և ներուժը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, առկա զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել երկկողմ օրակարգն ընդլայնելու, բազմոլորտ համագործակցությունը առաջմղելու համար:

***

 


Դավոսի տնտեսական ֆորում շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՄՄ շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող համապատասխան տեխնիկական աջակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է և առանձնահատուկ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարության կողմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի ու գլոբալ իրողությունների վրա արհեստական բանականության հնարավոր ազդեցությունների ու հետևանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք գլոբալ և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Երկուստեք ընդգծվել է համընդհանուր խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Հայկական կողմը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրան միջև հազարամյակների պատմություն ունեցող կապերը և երկու հարևան ժողովուրդների կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության շուրջ առկա փոխըմբռնումն ու միասնական մոտեցումը:

Զրուցակիցները շեշտել են նաև իրանահայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը, որն իր նպաստն է բերում Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական փոխգործակցությանը, գործող և նախատեսված ծրագրերի իրականացմանն ու հետագա շարունակականության ապահովմանը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտային, տուրիստական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցությանը:

Հանդիպման ավարտին կարևորվել են նաև երկու հարևան երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։

Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի:

Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:

Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը:

Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին:

Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը:

***

 

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը:

Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թե փորձագիտական ու խորհրդատվական, թե կադրերի վերապատրաստման ուղղությամբ կազմակերպության կողմից Հայաստանին աջակցության հարցում:

Առանձնահատուկ շեշտվել է համապատասխան մասնագետների պատրաստման կարևորությունը, ինչի համար արդյունավետ հարթակ է հայաստանյան կրթական ոլորտի և «WIPO»-ի միջև առկա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել հետագա փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

***

 

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները:

Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին:

Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղման կարևորությունն ու հետագա քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության և գործակալության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչի կապակցությամբ Սամանտա Փաուերը վերահաստատել է համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ կազմակերպության պատրաստակամությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել նաև շուրջ երեք տասնամյակ Հայաստանի և «USAID»-ի միջև առկա սերտ համագործակցությունը և կարևորել են նպատակային փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի շարունակականությունը:

← Վերադառնալ