14
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցն Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողությունների և զարգացումների վերաբերյալ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ-տնտեսական ու հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին և ծրագրերին: Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական իրադրության շուրջ առկա ընդհանուր իրավիճակին վերաբերող հարցերի:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

***

 

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է նախագահների հանդիպումը:

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն ողջունել է Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և շեշտել, որ նման այցելությունները վերստին հաստատում են երկու երկրների ու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությունն ու սերտ հարաբերությունները:
Ուրուգվայի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Ուրուգվայի հայկական համայնքն իր նշանակալի դերն է խաղացել ինչպես Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության զարգացման, այնպես էլ Ուրուգվայի պետության կայացման գործում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից:
Վահագն Խաչատուրյանը նաև՝ ի դեմս Լուիս Լակալե Պոուի շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի պետությանն ու ժողովրդին Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու և ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Ուրուգվայի նախագահն իր խոսքում շեշտել է, որ Ուրուգվայում ուշադրությամբ հետևում է հարավկովկասյան տարածաշրջանում զարգացումներին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և առկա իրադրության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կողմից արվող քայլերին ու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և ընդգծվել է փոխգործակցության շարունակական զարգացման խթանման կարևորությունը: Այս կապակցությամբ Ուրուգվայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ուրուգվայի բոլոր քաղաքական ուժերն ունեն միասնական դիրքորոշում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների միջև սերտ բարեկամական կապերի առկայության մասին:

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի Սենատ։ Խորհրդարանի մուտքի մոտ նախագահին դիմավորել են Սենատի և ներկայացուցիչների պալատի նախագահները։ Սենատում կայացել է հանդիպում Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ, հանդիպմանը մասնակցել է նաև ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։

Սենատի նախագահը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ ուրախ է Հայաստանի նախագահին ընդունել Ուրուգվայի Սենատում, որն իրենք անվանում են նաև «Ժողովրդավարության տուն», քանի որ Ուրուգվայի համար ժողովրդավարությունն անհամեմատելի արժեք է և երկրում Հանրապետության հաստատումից հետո խորհրդարանական բոլոր կուսակցությունները եղել են իշխանություն:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ինչպես Ուրուգվայի, այնպես էլ Հայաստանի համար, ժողովրդավարությունը բարձրագույն արժեք է: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ անկախացումից հետո Հայաստանը որդեգրեց հենց ժողովրդավարական ուղիով զարգացման սկզբունքներ և թեպետ անցած շուրջ 3 տասնամյակի ընթացքում ժողովրդավարացման գործընթացները մեր երկրում տարբեր փորձություններ են հաղթահարել, այնուամենայնիվ վերջին տարիներին Հայաստանը անշեղորեն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով և ժողովրդավարական ինստիտուտների կայացման դիրքորոշմամբ:

Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի պետական կառավարման համակարգում, շատ մեծ է խորհրդարանի դերը, քանի որ մեր երկիրը 2018 թվականից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը, ի դեմս Սենատի նախագահի՝ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին և պետությանը Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած մարտահրավերների նկատմամբ հստակ և արդարացի դիրքորոշում ունենալու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ուրուգվայական ոլորտային համագործակցության խթանման հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին: Նախագահը վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշումը:

Հանդիպմանը երկուստեք դրական է գնահատվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը: Այս համատեքստում ընդգծվել է նաև բարձր մակարդակի քաղաքական փոխայցելությունների իրականացման և խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ:

Ճաշի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում անդրդարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին: Ընդգծվել է ռեգիոնում վերջնական և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

***

 

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյի «Անկախության» հրապարակում հարգանքի տուրք է մատուցել Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել ազգային հերոսի հուշարձանի մոտ:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Այնուհետև Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանի, առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաջյանի և հայ համայնքի ներկայացուցիչներ Դիեգո Կարամանուկյանի ուղեկցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է հրապարակում ծանոթացել հուշահամալիրի կառուցման պատմության դրվագներին:

***

 

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:

Թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

«Տիար նախագահ Խաչատուրյան, այսօր Մոնտեվիդեոյի մեր հայկական համայնքը ուրախ է ողջունել Ձեզ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու կամարներին ներքո, մենք իսկապես ուրախ ենք, որ դուք մեզ պատվեցիք այցելությամբ»,- նշել է սրբազանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար նշել է. «Եկեղեցու դերն անուրանալի է Սփյուռքում, սա մենք բոլորս գիտենք, և բոլորս էլ այդ հանգամանքը հաշվի առնելով մեծ գնահատանքի ենք արժանացնում եկեղեցու աշխատանքն ու պատմական դերակատարությունը: Վստահ եմ, որ շարունակելու եք այն պատվաբեր գործը, որն իրականացրել եք քառասուն տարիների ընթացքում և դրա արդյունքում է, որ Ուրուգվայում համայնքը կա, և այն բարձր գնահատանքի է արժանանում նաև Ուրուգվայի իշխանությունների կողմից»:

***

 

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարան: Վարժարանի տնօրեն Խավիեր Փոլադյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել ընդհանուր պայմաններին և կրթության կազմակերպման սկզբունքներին:

Խավիեր Փոլադյանը և Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության լեզուների քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսը նախագահին են ներկայացրել օտարերկրացիների համար հայերենի ուսուցման նպատակով կազմված ձեռնարկը, որը, համաձայն նախաձեռնության հեղինակի՝ իր տեսակի մեջ առաջինն է: Ըստ Ալդո Ռոդրիգեսի նման ձեռնարկների ստեղծումը մեծ նախագծի մի մասն է կազմում, քանի որ խնդիր է դրված աշակերտների համար ստեղծել մատչելի ու հետաքրքիր ձեռնարկներ՝ բարձրացնելով նրանց ուսումնառության մակարդակը։

Նա ընդգծել է, որ նման ծավալուն աշխատանքն իրենք միայնակ չեն կատարում և Ուրուգվայի կրթության նախարարությունը ծրագիրն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, ինչպես նաև քայլեր են արված Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղղությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցության առկա մեծ ներուժին և կարևորվել են փոխգործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը: Քննարկվել են նաև Ուրուգվայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Նուբարյան վարժարանից հետո նախագահն այցելել է «Հայաստան» անունը կրող Մոնտեվիդեոյի հանրակրթական դպրոց, որտեղ նախագահին դիմավորել է տնօրեն Մարիանա Գոնսալեզը: Հանրապետության նախագահը տնօրենի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ապա ներկա է գտնվել ի պատիվ հայկական պատվիրակության այցելության աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հայ-ուրուգվայական մշակութային շեշտադրումներով միջոցառմանը:

Միջոցառման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին ու աշակերտներին ջերմ ընդունելության և գեղեցիկ ներկայացման համար, ապա գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:


 

← Վերադառնալ