09
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն

Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։

Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։

Ողջունելով նախագահ Խաչատուրյանին Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ, ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ, վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին ընգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև արդյունավետ համագործակցության խթանման կարևորությունը։  

***

 

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների, ներպետական զարգացումների և երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։

***

 

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտիանական հարաբերությունների շարունակական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ:

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահ Ֆերնանդեսն ընդգծել է, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան մշտապես իր ձայնն է բարձրացրել ընդդեմ հայ ժողովրդի դեմ կատարվող անարդարությունների:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։

Վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրախանութ:

Նախագահը շրջել է գրախանութում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին:

Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրախանութի պատվո հյուրերի մատյանում:

Հանրապետության նախագահն անդրադառնալով ընթերցանության մշակույթի և ընդհանրապես, կրթության կարևորությանը նշել է, որ արգենտինական ճարտարապետության նշանավոր գործերից մեկը հանդիսացող կառույցի անխաթար օգտագործումը որպես գրախանութ, խոսում է գրքի և գիտելիքի նկատմամբ Արգենտինայի ժողովրդի և ղեկավարության առանձնահատուկ վերաբերմունքի և արժևորման մասին:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հոգևոր-եկեղեցական կառույցների անաչառ դերակատարությունը հանրային համերաշխության ձևավորման և հասարակության բևեռացման չեզոքացման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-արգենտինյան հոգևոր-մշակութային առնչակցությունների սերտացման համագործակցության նոր հորիզոնների բացահայտման հնարավորություններն ու ոլորտները:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, եղել է Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահում:

***

 

Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-րդի, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի, Պարագվայի նախագահ Սանտյագո Պենայի, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, առկա ներուժի լիակատար իրագործման միջոցներ։

Օտարերկրյա գործընկերների հետ զրույցների ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմնական սկզբունքներին և դրույթներին։

***

 

Արգենտինա կատարած այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին՝ վերջինիս նախագահ Գիժերմո Անդրադային:

Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, կարևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը և այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսին արգենտինացի խորհրդարանականների Հայաստան կատարած այցի նշանակությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:

Հանրապետության նախագահն իր խոսքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակի ու առկա մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ:

Այս համատեքստում նախագահը անդրադարձել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին: Այս կապակցությամբ խորհրդարանականներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման կարևորությունը: 

***

 

Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»:

Կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ:

Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր՝ որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները:

Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից:

Տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շեշտել է, որ «Հայ-արգենտինական դպրոցը» վառ ապացույցն է հայ և արգենտինական ժողովուրդների ամուր բարեկամության:

«Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է և հույս ունեմ, որ Երևանի մեր Հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր կայցելեն Հայաստան»,- ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:

← Վերադառնալ