30
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ներկաներին Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կարևորում է նման հանդիպումները սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ դրանք լավ հնարավորություն են անկաշկանդ մթնոլորտում Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին մեր երկրում կատարվող ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP-28) պաշտոնական բացման արարողությանը:

Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին:

***

 

Պարո՛ն նախագահող,

Ձե՛րդ Գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ շնորհավորել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ն.Վ. շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին և ԱՄԷ կառավարությանը՝ COP28-ի հիանալի կազմակերպման կապակցությամբ։

Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր, և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նիստերը մեզ հիշեցնում են նրա նկատմամբ ամբողջական մոտեցման անհրաժեշտության մասին ավելի կանաչ, ավելի կայուն, խաղաղ և առողջ ապագայի համար:

2015թ., մենք պատմական քայլ կատարեցինք՝ ընդունելով Փարիզյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ինչպես նշված է Կլիմայի փոփոխությամբ զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցում՝ մենք բավականին հետ ենք մնացել Փարիզի նպատակների իրագործման ուղենշային գործընթացներից։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ տնտեսությունների շարունակական կախվածությունը հանածո վառելիքից։

Ակնհայտ է, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել էներգիայի արտադրության համար ածխաջրածինների ավելորդ և անկայուն շահագործման ճանապարհով: Հանածո վառելիքի պահանջարկի աստիճանաբար նվազեցումը հրամայական է: Կլիմայի փոփոխության մեղմացման մեր հավակնությունները իրագործելու համար մենք պետք է կառուցենք այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված հանածո վառելիքից:

Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ընդ որում «Կորուստների և վնասների» հիմնադրամը լինելով նման ֆինանսավորման անկյունաքարը:

Հարգելի՛ ներկաներ,

Որպես լեռնային զարգացող երկիր՝ Հայաստանն այս ոլորտում բախվում է բազմաթիվ մարտահրավերների։ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում կլիմայի տաքացման մակարդակը կարող է լինել գլոբալ տաքացման միջին մակարդակից զգալի բարձր՝ մինչև 2090-ական թթ. հասնելով մինչև 4,7° աստիճանի: Սա Հայաստանին դասում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկրների շարքում:

Պարո՛ն նախագահող,

Չնայած մարդասիրական լուրջ մարտահրավերներին և արտաքին անվտանգության սպառնալիքներին` Հայաստանը նախաձեռնողական միջոցներ է ձեռնարկում Փարիզյան համաձայնագրի խոստումները կատարելու համար՝ կիրառելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական լուծումներ, որոնք ներառում են հասարակության բոլոր շերտերին։

2021թ. Հայաստանը հռչակեց 2020թ.-ից հետո կլիմայական իր հանձնառություններն՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումների կրճատում 40%-ով: Վերջերս մենք մշակեցինք Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ (LT-LEDS), որոնք կառաջնորդեն մեզ դեպի ածխածնային չեզոքություն: Մեր կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա: Մինչև 2030թ. մենք նպատակ ունենք ապահովել արևային էներգիայի 15% մասնաբաժին մեր ընդհանուր էներգիայի արտադրության մեջ: Հայաստանը հաստատապես կարծում է, որ կլիմայական մեր պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման

միջոցով, որպես ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի աղբյուր, և մենք բարձր ենք գնահատում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերն այս ուղղությամբ։

Հայաստանը հաստատակամ է իր հավակնոտ նպատակներին հասնելու և հաջորդ սերնդի համար մաքուր ու կայուն ապագա ապահովելու հարցում: Մենք պատրաստ ենք հետագայում էլ նպաստել այդ նպատակով գլոբալ ջանքերին:

Շնորհակալություն։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կարճ հանդիպումներ է ունեցել Միացյալ թագավորության թագավոր Չարլզ Երրորդի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի,Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի, Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի,էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատիի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ։

Զրույցների ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին։ Նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։ Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատելու հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը, որի բանախոսներից էր նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին՝ ձեռնարկելով գործնական քայլեր և նպաստելով մոլորակի համար ավելի կանաչ և կայուն ապագա ապահովելու հավաքական ջանքերին։

Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան դառնում է որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության կարևոր բաղադրիչը՝ միաժամանակ ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը։

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանին՝ նշելով, որ ատոմակայանի դերը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։ «Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը հիշեց, որ 90-ականների սկզբներին, երբ Հայաստանում մարդիկ ապրում էին առանց գազի և էլեկտրաէներգիայի, մարդկանց կյանքն էապես փոխվել է Հայաստանի ատոմակայանի վերագործարկումից հետո: Նրա խոսքով՝ դա նպաստել է երկրի տնտեսական աճին և մարդկանց կենսակերպի բարելավմանը։

***

 

Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրավերով այցելել է Բուլղարիայի ազգային տաղավար:

Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել տաղավարում, ծանոթացել բուլղարական արդյունա-արտադրական նորարարություններին:

Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցեր:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը COP-28 համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերն ու հնարավորությունները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների և վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:

***

 

Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խթանման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան ռեգիոնում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

***

 

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բնույթը: Մտքեր են փոխանակվել ընթացիկ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բազմակողմ շահավետ համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է միջպետական գործընկերության հետագա զարգացման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների և փոխշահավետ գործընկերության շարունակական ամրապնդման վերաբերյալ:


 

← Վերադառնալ