24
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է ռեգիոնի բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։ 

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:

Ճաշի ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Հարավային կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ:

***

 

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի ընթացքում նախագահը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը կարճ զրույցներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչի, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլի, Եվրահանձնաժողովի անդամ Յուտա Ուրպիլայնենի հետ:

***

 

Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը:

Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը:

Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը, նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և «COAF»-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին, այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

***

 

Հոկտեմբերի 25-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լեյենի անունից տրված՝ «Գլոբալ դարպասներ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին աշխատանքային ընթրիքին, որին ներկա են եղել համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները։

Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և այդ ճանապարհին առկա դժվարությունները։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնագաղթը լրջագույն վնաս է հասցրել միջազգային հանրության միջնորդական առաքելությանն ու հնարավորություններին և հարկավոր են առավել եռանդուն գործողություններ խաղաղության օրակարգը փրկելու համար։

«Աշխարհում ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են կրթության և սոցիալական ծախսերը, ինչն արգելակում է զարգացումը և աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայումը։ Այս առումով ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության և կայուն զարգացման»,- շեշտել է Հանրապետության նախագահը։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակում անցկացված «Թվային ենթակառուցվածքներ» խորագիրը կրող պանելային քննարկմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.

«Նախ և առաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ ֆոն դեր Լեյենին այս կարևոր նախաձեռնության համար՝ անդրանիկ «Գլոբալ դարպասներ» համաժողովի անցկացման և մեծ թվով բարձրաստիճան մասնակիցների մեկ հարկի տակ հավաքելու համար՝ կարևոր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել ընդլայնելու գործընկերությունը Եվրամիության, նրա անդամ պետությունների և այլ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության։

Մասնավորապես, կապուղիներին առնչվող ծրագրերը բավականին երկար ժամանակ եղել են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից, և մենք պատրաստ ենք համատեղ քայլեր ձեռնարկել՝ օգտագործելու «Գլոբալ դարպասների» հսկայական ներուժը, այդ թվում՝ հնարավոր կանաչ էներգիայի արտահանումը Եվրոպա: Հայաստանը ցանկանում է ուսումնասիրել իր մասնակցությունը տարածաշրջանային տարանցիկ ծրագրերին՝ ներառյալ Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգիայի և օպտիկամանրաթելային մալուխների ծրագրերը:

Ցավոք, մենք տեսնում ենք որոշ երկրների շարունակական ջանքերը՝ մեզ մեկուսացնելու տարածաշրջանային և անդրտարածաշրջանային ծրագրերից։ Այս առումով մենք ապավինում ենք ԵՄ գործընկերների ըմբռնմանը և աջակցությանը։
Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում թվային բարեփոխումների օրակարգին աջակցելու «ԵՄ-ն հանուն թվայնացման» ծրագիրը։ Այն խթանում է թվային տնտեսության և հասարակության հիմնական ոլորտները՝ ԵՄ նորմերին և փորձառությանը համապատասխան՝ տնտեսական աճ ապահովելու, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, մարդկանց կյանքը բարելավելու և բիզնեսին աջակցելու նպատակով: Ծրագիրը հիմնված է էլեկտրոնային կառավարման և թվայնացման ոլորտում Հայաստան-ԵՄ գործընկերության երկարամյա պատմության վրա:

Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք նաև արհեստական բանականության ոլորտում համագործակցության խթանման մասին, որտեղ Հայաստանն արդեն զգալի ձեռքբերումներ ունի։ Համոզված եմ, որ կարիք չկա մանրամասնելու արհեստական բանականության կարևորությունը, միայն նշեմ, որ այն կարող է ծառայել որպես ևս մեկ գործիք մեր ընդհանուր նպատակին հասնելու համար՝ ապահովելու առավել ընդգրկուն կապ:

Ներկայում մենք պետք է նաև միասնականորեն խթանենք ԱլԳ տնտեսական և ներդրումային պլանի՝ մասնավորապես Հայաստանի համար նախագծված առաջատար նախաձեռնությունների իրականացումը: Դրա համար անհրաժեշտ է մշտական համակարգում, համագործակցություն և վճռականություն: Հայաստանի համար առաջնային նախաձեռնություններից է ներդրումները թվային փոխակերպման, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Երեկ ուրախ էի ներկա գտնվել Հայաստանի Սյունիքի մարզում կառուցվելիք և «COAF»-ի կողմից (Հայաստանի մանուկներ հիմնադրամ) գործարկվող երկու կրթական կենտրոնների իրականացման վերաբերյալ հանձնակատար Վարհեյի և ԵՆԲ փոխնախագահ Ֆայոլեի կողմից մտադրության հայտարարության ստորագրման արարողությանը: Սկսվելով որպես ենթակառուցվածքների բարելավման ծրագիր, այն վերածվել է ամբողջական նախաձեռնության: Կրթության, առողջապահական ռեսուրսների, սոցիալական ծառայությունների և մասնագիտական ուսուցման միջոցով՝ տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնությունների հետ համատեղ, «COAF»-ը հանրօգուտ փոփոխություն է կատարել 82 համայնքներում:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ծրագիրը դրականորեն փոխել է ավելի քան 100,000 պատանիների կյանքը: «COAF» նախագիծը և ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնը հայաստանյան նորարարություններն են, որենք մենք պատրաստակամ ենք կիսել գործընկերների հետ՝ որպես երեխաների նորարարական գաղափարները և տեսլականը խթանող հայեցակարգ:

Սա կօգնի ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև: Այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը։

Արագ տեխնոլոգիական զարգացումը և տեխնոլոգիաների ու թվայնացման աճող դերը առօրյա կյանքում հնարավորություն են ընձեռում ընդլայնել հաղորդակցությունը և համագործակցությունը մայրցամաքների միջև: Այնուհանդերձ, այն նաև մեծացրել է տարբեր տեսակի սպառնալիքները և տեղեկատվության կեղծման [U1] մեխանիզմները: Այս առումով մենք պատրաստ ենք խորացնել մեր համագործակցությունը ԵՄ-ի և այլ շահագրգիռ գործընկերների հետ հիբրիդային և կիբեր սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարում, որոնք ուղղակիորեն ուղղված են Հայաստանի ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների դեմ։

Տիկնայք և պարոնայք,

Վերջին մի քանի տարիների ընթացքում և, հատկապես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման և հայերի զանգվածային բռնագաղթից հետո, մենք կանգնած ենք աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք մեծացրել են անվտանգ և հուսալի թվային ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների մատչելիության կարևորությունը։ Կարծում եմ, որ քաղաքական առաջնորդների՝ մեր տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու իրական քաղաքական կամքը և վճռականությունը նախապայման են նման ենթակառուցվածքների զարգացման համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացմանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։ Սա Կասպից ծովը կմիացնի Միջերկրական ծովին, Սև ծովը Պարսից ծոցին: Եվ դա կարող է ոչ միայն ծառայել որպես տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք, այլև դառնալ համաշխարհային տնտեսական համագործակցության կարևոր օղակ։ Հայաստանը ձգտում է մաս կազմել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի շրջանակներում տարածաշրջանային նախագծերին:

Տիկնայք և պարոնայք,

Որպես տնտեսագիտության բնագավառի գիտնական, ես ցանկանում եմ ելույթս եզրափակել ասելով մի շատ պարզ ճշմարտություն՝ գիտելիքի մեջ ներդրած ավանդը բերում է լավագույն տոկոսագումարը:

Խաղաղության բացակայությունը շատ տարածաշրջաններում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, ստիպում է մեզ հսկայական միջոցներ ծախսել պաշտպանության և սպառազինությունների վրա։ Երբ մենք հստակ գիտակցենք, որ փոխարենը կրթության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք ներդրում ենք անում մեր ապագայի մեջ, մենք կունենանք փոխկապակցված, կանխատեսելի և բարեկեցիկ աշխարհ՝ բազմաթիվ բաց գլոբալ դարպասներով ամբողջ աշխարհում»:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին:

Նախագահն իր խոսքում նաև բարձ է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունն՝ ուղղված Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման ծրագրերին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության շարունակական խթանմանը:

 

← Վերադառնալ