Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Էստոնիայի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։
Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների ակտիվացումն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։
Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել հայկական համայնքների համար նման մակարդակի այցելությունների և շփումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում համայնքի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հղել են իրենց հուզող հարցերը, բարձրացրել որոշ խնդիրներ: Քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, Սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ։
***
Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Էստոնիայի նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Էստոնիայում կա թեկուզ փոքր, բայց շատ ակտիվ հայկական համայնք։ Ալար Կարիսն առանձնահատուկ շեշտել է, որ հայերն Էստոնիայի օրինակելի ու օրինապահ քաղաքացիներ են:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և ընդգծել նման բարձր մակարդակի հանդիպման կարևորությունը։ «Ներկայում Հայաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, ես սիրով ընդունել եմ Ձեր հրավերն այցելել Էստոնիա, քանի որ կարծում եմ, որ մեր երկկողմ հարաբերություններում նախագահական այցերի շուրջ 20-ամյա ընդմիջումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների ու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն: Կարծում եմ՝ մենք այն երկրները չենք, որ նման «ճոխություն» կարող ենք մեզ թույլ տալ, և այդ բացթողումը պետք է հնարավորինս ակտիվ կերպով լրացնել և սերտացնել մեր կապերը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, թվայնացման, կիբերանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտները:
***
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում:
Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, կարևոր հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար:
Անցյալ տարին առանձնահատուկ էր հայ-էստոնական հարաբերությունների համար. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Իմ անձնական հիշողություններում 30 տարի առաջ տեղի ունեցածը մեծ տպավորություն է թողել և ինչպես նշեցի մեր հանդիպման ժամանակ մերձբալթյան երկրները, այդ թվում նաև Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները Խորհրդային Միության տարիներին իրենց անկախության ձեռքբերման ճանապարհին:Այն ժամանակ ևս ոչ ֆորմալ հարաբերություններ կային և դրանից հետո երբ անկախացանք մեր այդ հարաբերությունները ֆորմալ բնույթ կրեցին և ունեցան իրենց տրամաբանական զարգացումը:
Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։
Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:
Այսօր ես և նախագահ Կարիսն ունեցանք բավական հագեցած քննարկումներ: Մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-էստոնական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները խորացնելու մեր երկուստեք պատրաստակամությունը:
Քննարկեցինք նաև տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:
Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:
Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Էստոնիայի աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք:
Ավարտելով խոսքս, հարգարժա՛ն պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատում իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-էստոնական հարաբերություններին:
***
Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ:
Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը:
***
Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։
Նախագահին դիմավորել է համալսարանի ռեկտոր Տիիտ Լենդը։ Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են մասնավորապես տիեզերագիտության ոլորտում իրենց հաջողությունները, ինչպես նաև հայ գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սմարթ կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա» թվայնացման կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ավե Լաուրինգսոնը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, հայեցակարգը և իրականացվող ծրագրերը:
Կենտրոնը հիմնադրվել է 2009-ին՝ որպես հասարակական կազմակերպություն և այսօր հանդիսանում է Էստոնիայի բիզնեսի և ինովացիոն գործակալության մաս և կարևոր դեր է խաղում թվային ծառայությունների ոլորտում երկրի «know-how» և փորձի առաջխաղացման գործում: Կենտրոնը նաև աջակցում է այլ երկրներին թվայնացման նախաձեռնություններում և դրանք համադրում վստահելի, առաջատար ՏՏ գործընկերների հետ:
Այցելությունների շրջանակում նախագահ Խաչատուրյանը քննարկել է փոխգործակցության ակտիվացման հեռանկարները և նոր համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։
Ռիյգիկոգուի նախագահն անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։
Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։
***
Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար:
Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Ուրմաս Ռեինսալուն ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին:
Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակին ու հիմնախնդիրներին, Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը միանշանակ որդեգրել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մոտեցումը:
Արձագանքելով Հայաստանի նախագահին Էստոնիայի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը նաև ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը: