Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Եգիպտոս
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը:
Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ:Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ կրոնական ասպեկտ, բովանդակություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։
Վարչապետը ողջունելով նախագահ Խաչատուրյանին շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե քաղաքական, թե առևտրատնտեսական տեսանկյուններից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն Արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն ու փոխգործակցությունը մշտապես սերտացման և զարգանալու լայն հնարավորություններ ունեն։
Զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը լիբանանցի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել վերջերս կայացած Արաբական լիգայի 31-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վրա, որում վերջինս փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական անհանդուրժողականության դրսևորում՝ հիշատակելով քանդված մզկիթները։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աղերս չունեն իրականության հետ, Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, իսկ հիշատակված քանդված մզկիթները վերաբերում են Խորհրդային միության ժամանակաշրջանին, երբ հավասարապես մերժողական պետական քաղաքականություն էր վարվում բոլոր կրոնների նկատմամբ և նույն ժամանակաշրջանում շատ քանդված եկեղեցիներ ևս կան։
Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ անձամբ ներկա է եղել գագաթնաժողովին և կարծիք է հայտնել, որ նմանօրինակ թյուրըմբռնումներից խուսափելու համար Հայաստանը պետք է առավել ակտիվացնի իր ջանքերն Արաբական աշխարհի պետությունների հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով:
Նախագահը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:
«Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ միայն ականատեսն է այս փոփոխության, այլև անմիջապես կրում է վերջինիս ազդեցությունը. վտանգված են էկոհամակարգերը, սպառվում են ջրային ռեսուրսները, առավել հաճախակի են դառնում ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, տապի ու երաշտի դեպքերը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Անդրադառնալով շրջակա միջավայրի վրա հակամարտություններ ունեցած ազդեցությանը, նախագահն ասել է. «Մենք բոլորս քաջատեղյակ ենք շրջակա միջավայրի, վերջինիս ռեսուրսների ու արտադրողականության վրա ունեցած հակամարտությունների կործանարար ուժի մասին:
Պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև կիրառված զենքի տեսակներով:
Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները, ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:
«Մասնավորապես, որպես առաջնահերթություն է ճանաչվել կլիմայապես դիմացկուն և ցածր ածխածնային զարգացումը, որը հիմնված է կայուն և երկարաժամկետ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության, լայնածավալ անտառապատման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումների, նորարարական և ժամանակակից կլիմայական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրական շարժունակության խթանման և միջուկային էներգիայի զարգացման վրա»,- ասել է նախագահը։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։
Ահմեդ Աբուլ Ղեյթը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել հնարավորինս թյուրընկալումները հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։
Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ և բազմակողմ ձևաչափով շփումները։
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։
Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։
Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունն՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։
Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորիս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:
Ողջունելով կիպրացի պաշտոնակցին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունն և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:
Երկու նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրները միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ ունեն համանման մոտեցումներ, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում սերտորեն համագործակցում են:
Քաղաքական ու ոլորտային համագործակցությունն առավել խթանելու առումով կարևորվել է երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։
Կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնակոյի պետնախարար Պիեռ Դարտուի հետ։
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Մոնակոն և Հայաստանը աշխարհագրորեն փոքր տարածք ունեցող երկրներ են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ այն արժեքները, որոնց հավատարիմ են պետությունները և այդ արժեքների շարքում առաջնային է ժողովրդավարությունը։
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև համագործակցության օրակարգը զարգացնելու ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ ջանքերի ներդրումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրավիճակին: