Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պաշտոնական արարողությանը:
Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:
Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։
Երեկ առավոտյան նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի պատարագին, որը տեղի է ունեցել Ուեստմինստերյան աբբայությունում, որից հետո նախագահը ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը:
Ընդունելությունների ժամանակ նախագահ Խաչատուրյանը ունեցել է մի շարք առանձնազրույցներ երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում նախագահն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին։ Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։