16
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել և քննարկում ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրքրող հարցերը։ Մյուս կողմից սա նաև հնարավորություն է ընձեռում, որ ձեզ ներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը։ Տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություններ եք ստանում, սակայն դրանք կարիք ունեն ճշգրտելու, որովհետև շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։

ՌԴ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի: 

***

 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։

Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Համաժողովի շրջանակում նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվելով Հայաստանի տաղավարում նշել է, որ մեծապես կարևորում է նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունը և ընդգծել է հետագա տարիներին այն պահպանելու անհրաժեշտությունը։

***

 

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահը նշել է. «Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։

Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։

Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, համենայն դեպս այն դարձել է ուղենիշ մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր գործընկերների համար։

Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։

Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան։

Այնպես որ, ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ»:

Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Երկար ժամանակ առաջ եմ եղել Սանկտ Պետերբուրգում։ Խորհրդային Միության տարիներին շատ էի այցելում, դա 1980-ական թվականներից մինչև 1992 թվականն էր։ Սա առիթ է տեսնելու, թե ինչպես է փոխվել քաղաքը և կարող եմ գնահատական տալ որպես Երևանի նախկին քաղաքապետ և նշել, որ իսկապես քաղաքը շատ լավ տեսք ունի, այսքան մաքուր, այսքան գեղեցիկ է։

Ինչ վերաբերում է Պետերբուրգյան համաժողովին, ես առաջին անգամն եմ մասնակցում, սակայն որպես տնտեսագետ միշտ հետևել եմ և բարձր եմ գնահատել այն, քանի որ տնտեսագիտական առումով շատ հետաքրքիր և կարևոր քննարկումներ են ծավալվում։ Շնորհակալություն հրավերի համար։

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։

Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է։

Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան հետագայում ևս և մենք պետք է աջակցենք դրան»։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռուսական օրակարգային հարցերի լայն շրջանակի:

 

 

← Վերադառնալ