22
05, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին:

Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն անվտանգության և հրատապ հումանիտար խնդիրները, համաճարակից հետո տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների կիրառումը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած երկամյա ընդմիջումից հետո համաժողովն առաջին անգամ անցկացվում է ոչ առցանց ռեժիմով։

Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Դավոսի համաժողովի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսի հետ:

Լատվիայի նախագահը նշել է, որ ուրախ է Վահագն Խաչատուրյանին ողջունել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորելով նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել։

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան, ընդգծվել է այն ավելի հարստացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները և Եվրոպական միության հետ համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային անվտանգության արդիական խնդիրների ու մարտահրավերների շուրջ։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայների հետ։

Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում։

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հիմնված երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի զարգացման համար։

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից իրականացվող՝ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի մասին, որն ուղղված է Հայաստանի զարգացման ներուժի բացահայտմանն ու իրացմանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ շարունակականության ապահովումը, ինչպես նաև ջանքերի համատեղումը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ:

Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդգծելով երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալար Կարիսի կողմից ստացել փոխադարձ հրավեր:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:

Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը և կարևորել համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի և «Վարշավայի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ միջև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի աջակցությունն այդ գործում:

Անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը: Նախագահ Խաչատուրյանը ներկայացնելով Հայաստանի փորձն ու անցած ուղին, իր խոսքում մասնավորապես ասել է.

«Մինչև հիմա Հայաստանը պարբերաբար ճգնաժամերի մեջ է հայտնվում, որոնք փորձում է հաղթահարել յուրահատուկ ձևով: Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում: Խոսքը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի մասին: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնախնդիր, որը մեզ անընդհատ կոնֆլիկտի մեջ է պահում մեր հարևան Ադրբեջանի հետ: Ընդամենը մեկուկես տարի առաջ մենք Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմը ծանր մարդկային և նյութական կորուստներ պատճառեց մեզ, պատերազմը դադարեցվեց միայն Ռուսաստանի միջամտությունից հետո:

Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք, բայց կարողանում ենք այն հաղթահարել, որովհետև մեր կողմից ընդունված ժողովրդավարական սկզբունքներն են մեզ դա թույլ տալիս:

Ամենակարևորը՝ իշխանության և հասարակության միջև հարաբերություններն են, թե ինչքան է հասարակությունը վստահում իշխանությանը և մյուս կողմից՝ ինչքան լավ է իշխանությունը հասկանում իր հասարակության խնդիրները: Եթե նրանց միջև երկխոսություն կա, ապա լուծվում է և՛ աղքատության հարցը, և՛ նվազում է նոր ճգնաժամ առաջանալու հավանականությունը, և՛ երկիրն ավելի կայուն ու կառավարելի է լինում:

Ամենակարևորը՝ սկզբունքներին չդավաճանելն է: Մեր երկրի փորձն է դա ցույց տալիս:

2000 թվականից մինչև 2018 թվականը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, և կոռուպցիան երկիրը բառիս բուն իմաստով ուտում էր: Մենք հայտնվեցինք ծայրահեղ վատ վիճակում: 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում երիտասարդ կառավարություն եկավ իշխանության՝ նոր շունչ հաղորդելով բոլոր ոլորտներին, բիզնեսն ազատություն զգաց, մարդիկ ազատություն զգացին, մարդիկ կարողանում էին ազատ գործարարությամբ զբաղվել, ոչ ոք չէր կարող իրենց խոչընդոտել, գումարներ պահանջել, քաղաքական ուժերը հնարավորություն ստացան հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել: Տնտեսությունը հաջորդ տարում միանգամից ունեցավ 7,5 տոկոս աճ: Գործարարները համոզվեցին, որ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ ընդունված օրենքով ու կանոններով, որը ենթադրում է պարտաճանաչ հարկեր վճարել և որոշ սոցիալական պարտավորություններ կատարել: Սա օրինակ է, որ կարող է բոլորին հետաքրքրել: Կոռուպցիայի վերանալը շատ մեծ խթան դարձավ:

Երբ այն բոլոր գումարները, որ ծախսվում են երկրներում հասնում են մարդկանց, ում պետք է, ապա և՛ աղքատությունն է պակասում, և՛ ռիսկերն են նվազում, և՛ ամեն ինչ ավելի կառավարելի է լինում: Իսկ եթե դա հասնում է մի խումբ մարդկանց, որոնք ուղղակի դա օգտագործում են իշխանությունը պահելու համար, դա հղի է մեծ կոնֆլիկտներով: Իհարկե կան քաղաքական դրդապատճառներ, որ շատ դեպքերում աչք է փակվում, բայց չեմ կարծում, որ նման դեպքերում սա ճիշտ լուծում է:

Ավելի ճիշտ է լինել ազնիվ, անկեղծ հատկապես այն ժողովրդի հետ, ում ուզում եք այդ օգնությունը ցույց տալ, և նրանց հետ մասնակից դառնալ այդ բոլոր ծրագրերին»:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:

Հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերը առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում:

Կարևորվել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելուն ուղղված ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել է հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ունեն առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ վստահությամբ:

Երկուստեք կարևորվել է հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Նախագահ Խաչատուրյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալեքսանդր Վուչիչի կողմից ստացել փոխադարձ հրավեր:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ կարող է հաղորդել:




 

← Վերադառնալ