08
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Կատարի Պետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն:

Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:

Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք:

***

 

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև Հայաստանի նախագահի հետ իր ջերմ հարաբերությունները։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ, և այդ համատեքստում Կատարը մեր երկրի կարևոր գործընկերներից է:

Հայաստանի նախագահը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նրանք անդրադարձել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով, և ընդգծել դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, և նշել, որ Կատարը ևս կարող է կարևոր գործընկեր լինել այս ծրագրում:

Նշելով, որ տարբեր ոլորտներում Հայաստանն ունի ներդրումային մեծ հնարավորություններ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»:

Հանդիպմանը խոսվել է նաև «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում համագործակցության մասին:

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

***

 

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։

Նախագահ Սարգսյանը և Հայր էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային հարցերի:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ:

Շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը Հայաստան և ցուցաբերված ջերմ ընդունելությունը։

Ողջունելով շեյխուհու անձնական ջանքերը հատկապես կրթության, գիտության ոլորտներում և իրականացրած նշանակալի ծրագրերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կան համագործակցության մեծ հնարավորություններ և ընդհանուր ու համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական երկիր, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, քանի որ դա է ապագան:

Խոսելով մասնավորապես գիտակրթական, մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահն ասել է, որ Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, պահպանվում են հազարավոր արաբատառ ձեռագրեր ու գրքեր, կարևորվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մասնագետների փոխանակումը, փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը:

Նշելով, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները համավարակի հետևանքով որոշակիորեն առկախվել են, զրուցակիցներն անհրաժեշտ են համարել աշխատանքային խմբի գործունեությունը վերսկսումը։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը մասնավորապես նպատակ ունի դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։

***

 

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանին ողջունել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Կատարի
հայոց թեմի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Պողոս վարդապետ Թինքճյանը:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-կատարական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նշելով, որ Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատունը բացվել է Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին և ասել, որ դա բարեկամության առանձնահատուկ քայլ է։ «Պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն»,- ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով իր աշխատանքային այցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս այցելության ընթացքում հանդիպեցի էմիրին, Էմիր հորը, շեյխուհի Մոզային և այլ պաշտոնատար անձանց: Նրանք կրկին հաստատեցին իրենց ջերմ վերաբերմունքը մեր պետության և ժողովրդի նկատմամբ ու համագործակցելու պատրաստակամությունը:

Այդ համագործակցությունը տարբեր ուղղություններով ենք ենթադրում, նախ և առաջ՝ մշակույթի և կրթության ոլորտում: Խոսքը «Կատարի հիմնադրամի» մասին է: Հիմնադրամի և շեյխուհի Մոզայի հետ մասնավորապես խոսեցինք ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական համակարգերի ու ստարտափերի համագործակցության մասին: Շեյխուհի Մոզան տարիներ առաջ մեկ օրով Հայաստանում է եղել, շատ տպավորված է և մտադիր է վերստին այցելել։

Կան ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստան-Կատար տնտեսական հարաբերություններին: Դրանք կարող են լինել, օրինակ, զբոսաշրջային ոլորտում, որտեղ Կատարը հսկայական ներուժ ունի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: Ցավոք սրտի, այդ ներուժը ևս իրացված չէ: Հայաստանում զբոսաշրջությունը սկզբունքորեն կարող է մի քանի անգամ մեծանալ, և դա կարող է հսկայական ներդրում բերել մեր երկրին: Էական է նաև համագործակցությունն արդեն պետական մակարդակով ինստիտուտների միջև՝ էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Շատ էական եմ համարում Կատարի պետական ինստիտուտների, Qatar Investment Authority-ի հետաքրքրությունը և ուշադրությունը Հայաստանի հանդեպ որպես ներդրումային երկիր:

Ես բազմաթիվ այցեր եմ ունեցել ոչ միայն այս երկիր, այլև ԱՄԷ, իսկ վերջերս առաջին անգամ ՀՀ պետական բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Սաուդյան Արաբիա՝ երկիր, որի հետ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Եվ ես ուրախ եմ ասել, որ այդ այցելությամբ և իմ հանդիպումներով արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հարաբերություններ ստեղծվեցին: Այնտեղ էլ նույն ջերմ վերաբերմունքը տեսա: 30 տարի դիվանագիտական հարաբերություն չունենք, իսկ երկրի ղեկավարն ամենաջերմ խոսքերն է ասում մեր ժողովրդի մասին:

Մենք պարտավոր ենք առաջ գնալ, դա կյանքի տրամաբանությունն է: Հայերիս ամենամեծ արժեքներից մեկը գոյատևման շատ ուժեղ զգացողությունն է։ Եթե կարողացել ենք գոյատևել Մեծ եղեռնից հետո, կարողացել ենք վերականգնվել, աշխարհի տարբեր կենտրոններում՝ Կատարից մինչև Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոսկվա, մեզ վերագտնել, հեռավոր Սիբիրի քաղաքներում եկեղեցի ու դպրոց կառուցել, հայ մնալ, ուրեմն ունակ ենք, ապագային նայել, վերականգնվել և առաջ գնալ:

Այս պարտությունը ցավալի է, ողբերգական է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրեցինք, ունենք գերության մեջ տղաներ և պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վերադարձնենք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մեր ընտանիքի անդամ է: Բայց նաև պետք է ապագայի մասին մտածենք: Եթե այսօր չմտածենք, հետո ավելի մեծ դժվարության ենք հանդիպելու:

Եթե կարողանանք ունենալ հստակ տեսլական, ծրագիր, կարգապահություն, նվիրվածություն, ազգովի միանանք, վստահ եմ, այս վիճակից դուրս կգանք: Մեր ժողովրդի անցյալն ապացուցում է, որ մենք ունենք բոլոր բարձրագույն արժեքները, որպեսզի դուրս գանք այս վիճակից և մտածենք հետագա հաղթանակների մասին՝ տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական»:

← Վերադառնալ