17
11, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սինգապուր

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի նախագահները մտքեր են փոխանակել հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, մարդասիրական խնդիրների և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածք վերջին ներխուժման վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան փոխգործակցության զարգացման ներուժին ու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Նախագահ Յակոբը նշել է, որ պատրաստ են մի շարք ոլորտներում իրենց փորձառությամբ ու խորհուրդներով օգնել Հայաստանին:

Երկու նախագահները դրվատանքով են խոսել Սինգապուրի հայ համայնքի մասին՝ ընդգծելով Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, ներդրումն առևտրի, տնտեսության, մշակույթի ու մի շարք այլ ոլորտներում: Նշվել է, որ շատ հայերի անուններ առհավետ միահյուսված են Սինգապուրի ժողովրդի պատմությանը. երկրի ամենահին հյուրանոցը հիմնադրվել է հայ ընտանիքի կողմից, Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Սինգապուրյան խոլորձը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Հովակիմյան) անունը:

***

 

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ:

Նրանք անդրադարձել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանն ու վարչապետ Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ կա հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության և կրթության ոլորտներում: Նախագահ Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար և մի շարք բնագավառներում սինգապուրյան փորձը կարող է օգտակար լինել մեր երկրի համար:

Անդրադառնալով ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրների զարգացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր իրողություններում փոքր և խելացի երկրները զարգացման և հաջողակ լինելու մեծ հնարավորություններ ունեն:

***

 

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Համակարծիք լինելով, որ պետության արդյունավետ զարգացման հիմքը և շարժիչ ուժը բարձր որակի կրթությունն է, գիտելիքն ու նորարարությունը, զրուցակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, գիտակրթական համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Սինգապուրի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցերին և փոխանակման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը կարևորել են նաև երկու երկրների միջև շփումների և մշակութային կապերի ակտիվացումը:

Սինգապուրում ընթացող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (New Economy Forum) շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել նաև հայտնի գործարար, Bloomberg ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, քաղաքների և կլիմայի փոփոխման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մայքլ Բլումբերգի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, HSBC-ի խմբի գործադիր տնօրեն Նոել Քուինի հետ:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (Bloomberg New Economy Forum) շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը:

Համաժողովը միավորել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համավարակի գլոբալ ազդեցության հետևանքները, դրանք դիմակայելու ուղիներն ու առաջացած նոր հնարավորությունները:

Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհն ու մարդկությունն այսօր առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների, որոնց թվում են կլիմայական փոփոխությունների, կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները: Դրանք կարգավորելու և լուծումներ գտնելու համար նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հավաքական պատասխանատվության դրսևորումը, համարձակ քայլերն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ընդգծելով, որ առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են:

Կարևորելով բոլոր երկրների՝ կանաչ և խաղաղ ապագա ստեղծելու հանձնառությունը՝ նախագահ Սարգսյանը ցավով է արձանագրել, որ կան երկրներ, որոնց անգամ համավարակի նման արհավիրքն ետ չպահեց անմարդկային գործողություններից: Նա նշել է, որ անցած տարի հենց համավարակի ծանր շրջանում Հայաստանի հարևան Ադրբեջանը լայնամասշտաբ և աղետալի պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, իսկ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական ուժերն հարձակում էին գործել Հայաստանի Ջերմուկ քաղաքից և Սևանա լճից ոչ հեռու գտնվող՝ բնապահպանական ու ջրային ռեսուրսների առումով խիստ զգայուն տարածքների վրա: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մարդկային զոհերի պատճառ են դարձել, ինչպես նաև մեծ վնաս հասցրել բնակչությանն ու բնությանը:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան (NUS), հյուրընկալվել համալսարանի հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine):

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին:

Սինգապուրի ազգային համալսարանի նախագահ, պրոֆեսոր Էնգ Չայ Թանի, NUS Medicine-ի դեկան, պրոֆեսոր Յապ Սենգ Չոնգի և NUS Medicine-ի միջազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Կիշորե Մահբուբանիի հետ հանդիպմանը նշելով, որ տպավորված է լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներով, ժամանակակից լուծումներով, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առողջապահության, տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտակրթական, հետազոտական հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացման, գիտությունների և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության, ինչպես նաև NUS Medicine-ի միջազգային խորհրդի հետ փոխգործակցության հնարավորությունները:

NUS Medicine-ի միջազգային խորհուրդը միջազգային առաջնորդների, գիտնականների ու փորձագետների բացառիկ ցանց է, որի նպատակը առողջապահության, հանրային առողջապահության, պոպուլյացիոն հետազոտությունների, տարբեր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի, դիաբետի բուժման համար լուծումներ գտնելն է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և այլ ոլորտներում հնարավորությունների բացահայտման միջոցով:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն ամենահինն է Սինգապուրում։ Այն պետության կողմից պահպանվում է որպես ազգային հուշարձան։ Նախագահ Սարգսյանը երախտագիտությամբ նշել է, որ հայկական նյութական և հոգևոր ժառանգությունը Սինգապուրում պահպանվում է ամենայն հոգատարությամբ։

Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ դրել եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին:

Կենտրոնը հիմնվել է 2007 թվականին Սինգապուրի Ազգային հետազոտությունների հիմնադրամի և կրթության նախարարության աջակցությամբ: Որպես առաջատար հետազոտական կենտրոն, այն միավորում է ֆիզիկոսների, համակարգչային գիտնականների և ինժեներների՝ քվանտային ֆիզիկայի վերաբերյալ հիմնարար հետազոտություններ կատարելու և քվանտային երևույթների վրա հիմնված սարքավորումներ ստեղծելու նպատակով: Այստեղ հրավիրվում են աշխարհի առաջատար մասնագետներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ցուհան Չենի, Քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Խոսե Իգնասիո Լատորեի, Ազգային հետազոտությունների հիմնադրամի «Խելացի ազգ և թվային տնտեսություն» բաժանմունքի ղեկավար Քեոկ Թոնգ Լինգի հետ:

Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, ծանոթացրել իրականացվող հետազոտություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև բժշկության մեջ դրանց կիրառմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, մասնավորապես փորձի փոխանակմանը, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշել, որ այն, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման, մասնավորապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման վրա։ Նախագահն ասել է, որ, հաշվի առնելով նաև, որ Սինգապուրն ունի զարգացած քվանտային էկոհամակարգ, ուրախ կլինեն գործընկերներ ունենալ նաև Սինգապուրից։ Ազգային համալսարանի, հետազոտությունների հիմնադրամի և քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են փոխգործակցությամբ և պատրաստ են ուսումնասիրել ու քննարկել համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղություններ:

Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումին, որտեղ խոսել է հայ-սինգապուրյան հարաբերությունների, գիտության, կրթության ոլորտներում փոխգործակցության ներուժի, պետությունների ապագա զարգացման գործում կրթության ու տեխնոլոգիաների դերի մասին, պատասխանել մասնակիցների տարաբնույթ հարցերին:

Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:

Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը: «Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար,- ասել է նախագահը: -Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է մեր երկրի համար։ «Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց սրանք են կերտել Սինգապուրը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Հույս ունեմ, որ այդ գաղափարի ուժն իմ երկիրը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ես կկարողանամ ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը»:

 

← Վերադառնալ