17
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

Աշխատանքային այցով Ֆրանսիայում՝ Շամոնիում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի»
(Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ:

Հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսական ներուժը, զարգացման լուրջ կարողություններ ունեցող ոլորտներն ու փոխգործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:

Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին:

Խոսելով կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների ու մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանալ ճիշտ ելքեր գտնել առկա իրավիճակից, պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, և նախանշել է առավել հեռանկարային ու զարգացման լուրջ հնարավորություններ ապահովող ոլորտները։

Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է ապագայի՝ ուժեղ Հայաստանի իր տեսլականը, որին հասնելու համար պետք է օգտագործել հայ ազգի ամենամեծ առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, հօգուտ երկրի զարգացման ծառայեցնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը:

Որպես մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։

Նախագահը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Նախագահ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: 

***

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 17-ին մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Շամոնիի գագաթնաժողովը յուրօրինակ հարթակ է նոր գաղափարների, նոր նախագծերի փոխանակման համար:

Տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այս համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին և հայկական բանակի զինվորների խիզախությանը: «Ես մի ժողովրդի նախագահ եմ, որի զավակները նախորդ տարի պատերազմի մեջ էին՝ Ադրբեջանի հետ: 44 օր տևած պատերազմը միայն Ադրբեջանի դեմ չէր, քանի որ այդ երկիրը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ էր պատերազմում՝ նրա անօդաչու սարքերով, տեխնիկայով և այլն,- իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Երբ ես որպես նախագահ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարգևատրում էի նրանց, ովքեր զոհվել էին, միայն այդ հրամանագրերն ստորագրելն իսկ արդեն ծանր էր, քանի որ յուրաքանչյուրի ետևում հերթական խզված երիտասարդ կյանքն էր ու այն ամենի նկարագրությունը, ինչ տեղի էր ունեցել այդ երիտասարդների հետ: Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով իրենց «Գողիաթի» դեմ»:

Շարունակելով համարձակության ու խիզախության թեման՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ճշմարտությունն ընդունելն ու ասելը ևս խիզախություն է պահանջում. «Ամբողջ աշխարհում շատ խնդիրներ ունենք, որովհետև քաղաքական գործիչները, կազմակերպությունները, անհատները, գործարարները, մշակութային գործիչներն ազնիվ չեն: Մեր կյանքում՝ և՛ անձնական, և՛ քաղաքական, տեսնում ենք, որ շատերը ձևացնում են՝ ազնիվ լինելու և չստելու փոխարեն: Վախը հաղթահարելու և քաջ լինելու համար պետք է չստել, առաջին հերթին՝ չխաբել ինքդ քեզ: Փոխարենը՝ պետք է առերեսվել իրողության հետ և գործել»:

Նախագահ Սարգսյանը քննարկման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:

***

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։

Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։ «Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ,- ասել է Հայաստանի նախագահը։ -Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվեց Ադրբեջանին։ Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, այնուհետև 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած Ղարաբաղյան առաջին պատերազմում։

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահող երկրները աջակցում էին խնդրի խաղաղ լուծման գործընթացին։

«2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը, -ասել է Հայաստանի նախագահը։ -Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է»։

Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։ «Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա, -նշել է Արմեն Սարգսյանը։ -Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ: Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին»։

«Այդ դեպքում կարող ես ունենալ 15 մլն բնակչություն, ժամանակակից պետություն՝ տեղակայված ողջ աշխարհով մեկ, որը կարող է օգնել քեզ տեխնոլոգիաներով, գաղափարներով, -նշել է նախագահը։ -Վաղը հաջողություն ունենալու համար պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և շատ ավելի խորը ձևով: Մենք պետք է հիմնովին փոխենք մեր դիտակետը, ըմբռնումը:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է մի կողմ դնենք մեր դասական մտածելակերպը և գտնենք նոր մոդել, նոր փիլիսոփայություն:

Մենք ունենք գերփոխկապակցված աշխարհ: Եվ մեր փոխկապվածությունը լույսի արագություն ունի: Նոր, քվանտային աշխարհում մենք բոլորս մասնիկներ ենք: Սա մեզ համար անկանխատեսելի է: Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը:

Կան մի քանի կարևոր կատեգորիաներ, որոնցում մենք ապրում ենք: Դրանցից մեկը կանվանեմ ասիմետրիա: Աշխարհում այսօր պատերազմում են ոչ միայն անօդաչուներով, այլև կիբեր հարձակումների միջոցով: Այդ կիբերպատերազմներն ասիմետրիկ են։ Չկա աշխարհաքաղաքական սիմետրիա պետությունների միջև պատերազմում։

Անհատների պատճառով աշխարհը ասիմետրիկ է դարձել՝ չափսերով, ազդեցության տեսանակյունից:

Դասական աշխարհում ժողովրդավարությունը մեզ ամեն 5 տարին մեկ տանում է քվեարկելու, ստեղծվում է կառավարություն: Սակայն շատ երկրներում, այդ թվում և իմ երկրում, ժողովրդավարությունը չունի զսպման մեխանիզմներ: Ավելին, հիմա կարող ես քո տեսակետը հայտնել ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ, այսինքն, ապրում ենք ամենօրյա ժողովրդավարության ռեժիմում: Այսօր աշխարհում անհատները կարող են իրենց գաղափարները հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ ասում են նախագահը, վարչապետը, պատգամավորները»:

Նախագահ Սարգսյանը համավարակը նույնպես համարել է փոփոխվող աշխարհի հետևանքը․ «Աշխարհը չի փոխվել կորոնավիրուսի պատճառով, աշխարհը փոփոխությունների գործընթացում էր, այդ պատճառով կորոնավիրուսը տեղի ունեցավ այնպես, ինչպես եղավ: Նույն վիրուսը տարիներ առաջ այլ կերպ էր դրսևորվում, սակայն հիմա մենք խիստ փոխկապակցված ենք։ Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այլ հետևանքը, դրա արագացուցիչը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերաբացահայտենք ինստիտուտները, արժեքները և ժողովրդավարական մոդելները.

Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»:

***

 


Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային գնաճային միջավայրը, և, որոնք են այն պայմանավորող հիմնական գործոնները: Մարտին Գալստյանի հետ պանելային քննարկմանը մասնակցել են Ժնևի Տնտեսական ինստիտուտի՝ ֆինանսների և զարգացման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերությունների ղեկավարներ:

← Վերադառնալ