03
06, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ նախագահ Տոկաևը մասնավորապես ասել է, որ թեև նրա այցն աշխատանքային է, այդուհանդերձ, այն մեծ կարևորություն ունի, քանի որ հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության համար: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը հիմնված են ավանդույթների վրա,-ասել է Ղազախստանի նախագահը: -Բնականաբար, շահագրգռված ենք, որ այս համագործակցությունը տեղում չմնա, այդ իսկ պատճառով մեր երկրների կառավարությունները ու համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ հասնեն այդ նպատակին:

Մենք աշխատում և համագործակցում ենք կարևոր ինտեգրացիոն կառույցում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ անդամ ենք, սերտ փոխգործակցում ենք ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Կարծում եմ, այս ամենը պետք է ունենա դրական շարունակություն»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար Ղազախստան այցը մշտապես ինչ-որ առումով այց է բարեկամներին: Ինչպես նշեցիք՝ մեր ժողովուրդները, իսկ վերջին տարիներին նաև՝ պետություններն ունեն խոր և դեպի հեռավոր անցյալը գնացող հարաբերություններ:

Համաձայն եմ, որ մեր երկրների փոխգործակցության ներուժը մեծ է: Չնայած մեր պետությունները ֆիզիկապես իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա, բայց 21-րդ դարում առևտրի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր երկրները դառնում են շատ ավելի մոտ: Անշուշտ, համագործակցության հնարավորությունների ծավալը շատ մեծ է՝ կրթական, նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման ոլորտներ...Կցանկանայի, համագործակցությունը շատ ավելի խոր և ընդգրկուն լինի»:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները խոսել են Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության մասին: Հայաստանի նախագահն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով: Քննարկումների առանցքում կրկին եղել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ «Նազարբաև» կենտրոնում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: «Դուք միանգամայն իրավացի եք,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր հարաբերությունները շատ սերտ են և բարեկամական: Սրանք պարզապես խոսքեր չեն, հատկապես որ երկար տարիներ Ղազախստանում կա հայկական համայնք, որը շատ բարեկեցիկ է ապրում»: Երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման առումով զրուցակիցներն առանձնահատուկ են կարևորել Ղազախստանի հայ համայնքի դերը:

Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ հատկապես հետխորհրդային տարիներին՝ երկու երկրների անկախությունից հետո սերտորեն համագործակցել է Հայաստանի բոլոր ղեկավարների հետ: «Մեր երկրների միջեւ չլուծված խնդիրներ չկան»,- ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին:

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։

Նշելով, որ այս տարին Հայաստանի ու Ղազախստանի համար նշանակալի է այն առումով, որ լրանում են երկու պետությունների անկախության 30-ամյակները, Մաժիլիսի նախագահը կարևորել է արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:

Մաժիլիսի նախագահի խոսքով՝ նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-ղազախական բազմակողմ փոխգործակցության և քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Նա հավաստիացրել է, որ ղազախ խորհրդարանականներն իրենց դերակատարումը կունենան այդ գործում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Ղազախստանի Մաժիլիսի խոսնակն առանձնացրել է հայ և ղազախ խորհրդարանականների սերտ համագործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ կառույցներում:

Ընդգծելով, որ Ղազախստանը, որպես եվրասիականության շարժման հիմնադիրներից մեկը, Հայաստանի համար շատ մոտ գործընկեր է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ակտիվորեն ներգրավված է բոլոր հարցերում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ թեպետ քարտեզով Հայաստանն ու Ղազախստանը ֆիզիկապես շատ հեռու են իրարից, սակայն երկու երկրները շատ ընդհանրություններ և համատեղ ծրագրերի մեծ ներուժ ունեն:

Հայաստանի նախագահը և Ղազախստանի Մաժիլիսի նախագահը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Նշելով, որ Հայաստանում այս ամիս տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանն ու կառավարությունն իրենց ներդրումը կունենան հայ-ղազախական հարաբերությունների զարգացման մեջ:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ:

Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններ։

Հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, իրականացվող աշխատանքներն ու միջազգային համագործակցությանն ուղղված ծրագրերը։ Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի ղեկավարը քննարկել են կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի կողմից Հայաստանում մանկական կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև հիմնադրամում գործող՝ Նուրսուլթան Նազարբաևին նվիրված թանգարան, դիտել երկրի առաջին նախագահի գործունեությանը և Ղազախստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին նվիրված ցուցադրությունները, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։

***

 


Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ:

Քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նշվել է, որ երկկողմ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու, առկա ներուժը լիարժեք իրացնելու առումով անելիքները շատ են, անհրաժեշտ է աշխատել հստակ ծրագրերի մշակման ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացմանը։

Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա հնարավորություններն առավել արդյունավետ ու լիարժեք ծավալով օգտագործելու անհրաժեշտությունը:

***

 

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է,- անդրադառնալով Ղազախստան իր այցին՝ մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը, -երկիր, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, նույն Եվրասիական տնտեսական համակարգում է ապրում: Երկիր է, որը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություններ:

Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա: Հենց այդ նպատակով էլ եկել եմ՝ ամրապնդելու մեր բարեկամական հարաբերությունները: Եթե քո խնդիրներով բարեկամիդ հետ չխոսես դու, կխոսի հակառակորդդ, ով կասի բոլորովին հակառակը: Ուզում եմ վստահեցնել՝ ամենաջերմ ընդունելության եմ արժանացել: Ես վերադառնում եմ ավելի ինքնավստահ, որ մեր բարեկամությունը շարունակվում է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ղազախստանում իր հանդիպումների ժամանակ ղազախ գործընկերները միշտ հարգանքով են խոսել հայկական համայնքի մասին, թե ինչ բարձր որակներ ունեն մեր հայրենակիցները, ինչքան հարգված են ու հաջողակ: «Ձեզնից սպասելիքները մեծ են, ձեր հանդեպ մեծ հարգանք ունեն, և դա պետք է օգտագործվի՝ ի շահ ձեզ, Ղազախստանի և Հայաստանի»:

Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեր երկրի համար դժվար օրեր են, և պատճառները բազմազան են: «Նախ և առաջ, պատերազմը. ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Չկա պայմանագիր, խաղաղություն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Վստահ եմ, բոլորդ գիտեք, թե ինչ զգայուն հարց է դա, և ոչ միայն մեր այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների, ողջ հայ ժողովրդի համար: Ամեն օր նոր հարցեր են առաջանում, և այդ հարցերը շատ զգայուն են յուրաքանչյուրի համար:

Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է:

Հայաստանում կան ընտանիքներ, որոնց տղաները, ամուսինները, հայրերը անհետ կորած են: Սա պարզապես սարսափելի է, քանի որ չգիտես՝ զավակդ ո՞ղջ է, թե ոչ: Այսինքն, ամեն օր նրանք կանգնած են դրախտի և դժոխքի արանքում»:

Նախագահը նշել է, որ կան նաև տնտեսական մեծ դժվարություններ: Առանց այդ էլ դժվարություններ կային, սակայն կովիդի, այնուհետև՝ պատերազմի պատճառով դրանք ավելի խորացան: «Տնտեսության վերականգնման մասին է պետք մտածել, պետք է ծրագրել, աշխատել, աշխատել ամեն օր,- ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծ խնդիր է նաև մարդկանց առողջությունը: Կովիդն անսպասելի թշնամի է, դրա հետևանքով զոհվել են մոտավորապես նույնքան մարդիկ, որքան պատերազմի ժամանակ: Այն անկանխատեսելի հիվանդություն է, և դեռ երկար պետք է ապրենք դրա հետ:

Մենք կարգապահության կարիք ունենք, որ մեր երկիրը, պետությունը վերականգնենք: Առանց պետության մարմինը՝ տնտեսությունը վերականգնելու չես կարող երազել, որ նորից ուժեղ բանակ ես ունենալու, որ կարողանալու ես պաշտպանել քեզ, ընտանիքդ, սահմաններդ, այն, ինչ քեզ է պատկանում»:

Նշելով, որ, որպես իրավիճակից լուծում, Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ միայն մի ճանապարհ ունենք՝ պետք է բոլորս միասին աշխատենք: «Բաժանված Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այսօրվա իրավիճակը, -նշել է նախագահը: -Իհարկե, ի վերջո, ճշմարտությունը մի օր պետք է սեղանին դրվի, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս կամ այն սխալ որոշման համար, պետք է պատասխանատվության կանչվեն: Սակայն այդ ամենից առաջ և դրանից հետո, ինչքան էլ որ համաձայն չլինենք իրար հետ ու տարբեր քաղաքական հայացքներ ունենանք, պետք է մտածենք, որ ելքը մեկն է՝ միասին պետք է հաղթահարենք:

Բացարձակապես չեմ ընդունում, որ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բաժանեն հնի ու նորի, սևի ու սպիտակի: Բոլորս հայ ենք, հայ լինելով՝ մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր կարծիքը»:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, նշել, որ, իր կարծիքով, պետք է փոփոխել գործող Սահմանադրությունը, քանի որ այն թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից, բացակայում է հավասարակշռման և զսպումների համակարգը:

Նախագահը նաև նշել է, որ Սահմանադրության փոփոխություններով պետք է մեծացնել սփյուռքի դերը։ «Կարծում եմ՝ աննորմալ երևույթ է, երբ սփյուռքում տարբեր ոլորտներում ամենաբարձր աստիճանի ու հաջողության հասած մարդիկ Սահմանադրությամբ իրավունք չունեն Հայաստան վերադառնալ և բարձր պաշտոն ունենալ»,- ասել է նախագահը: Համայնքի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ սփյուռքի հայերը միշտ էլ օգնում են Հայրենիքին, սակայն ուզում են, որ Հայաստանը նույնպես սիրի իրենց, և ոչ միայն այն պահերին, երբ անհրաժեշտ է Սփյուռքի օգնությունը: Եթե Հայաստանը հպարտանում է սփյուռքով, սփյուռքի հայությունն էլ ուզում է հպարտանալ Հայաստանով:

Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ պետք է անել՝ միասին կառուցելու այն հայրենիքը, որի մասին ամեն հայ երազում է: Այս համատեքստում նախագահը կրկին ընդգծել է միասնականության անհրաժեշտությունը։ «Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի, որպեսզի նորից վերականգնվի ազգային միասնությունը։ Հայերը չեն կարող լինել իրար թշնամի, և մենք չենք կարող բաժանված լինել՝ ձախի, աջի, սևի, սպիտակի, -ասել է նախագահը։ -Մեր բարեկամների հետ երբ խոսում ենք, բոլորն ասում են՝ դուք աշխարհի ամենահին ազգերից մեկն եք, ամենահին նշանակում է նաև ամենաշատ փորձառություն ունեցող։ Ժամանակն է, որ մեր փորձառությունից սովորենք։ Մենք իրավունք չունենք ավելի փոքրանալու։

Ցանկացած հայ Հայաստանը, Արցախը սիրում է իր ընտանիքի, իր երեխաների, իր ծնողների նման։ Դուք շատ կարևոր բան ասացիք, որ շատ կուզենաք, որ Հայաստանն էլ ձեզ սիրի։ Սա շատ խորը իմաստ ունի՝ այսինքն, մենք դառնանք մեկ ընտանիք, երբեք իրարից բաժանված չլինենք, երբեք պատ չլինի մեր միջև։ Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք»։

← Վերադառնալ