10
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:  

***

 

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

***

 

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:

***

 

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:

Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է կրկին գտնվել մի վայրում, որի հետ բազմաթիվ աշխատանքային շփումներ է ունեցել տարիներ առաջ՝ որպես ուսանող, գիտնական և դասախոս:

Զրուցակիցներն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը՝ կարևորելով դրա շարունակական զարգացումը ու խորացումը:

Նրանք շեշտել են, որ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու համար ուժերի համադրումը դարձել է հրամայական: Այս առումով կարևոր են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարուստ ավանդույթների պահպանումն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Հայաստանի նախագահը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՄՊՀ զարգացման հիմնադրամի ու համալսարանական մի շարք գիտական կենտրոնների և Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, հեռանկարային է գնահատվել համատեղ նախագծերի իրագործումն արհեստական բանականության, նորագույն տեխնոլոգիաների ու մի շարք այլ ոլորտներում:

***

 

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ:

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Ռուսաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը համարվող հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ու գիտահետազոտական ծրագրերին, նորարարություններին, տնտեսության, կառավարման և մի շարք այլ ոլորտներում կատարված ուսումնասիրություններին ու վերլուծություններին:

Նախագահ Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովո»-ի և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։ Այն Ռուսաստանի ամենախոշոր նորարարական էկոհամակարգն է, որտեղ գործում են ավելի քան երեք հազար տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափներ, խոշոր ռուսական ու օտարերկրյա գործընկեր ընկերությունների հետազոտական խմբեր։

«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը Հայաստանի նախագահին է ներկայացրել «Սկոլկովո»-ում իրականացվող նախագծերն ու նորարարական կենտրոնի ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

«Հայաստանի Հանրապետության և «Սկոլկովո»-ի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի: Մենք հաջողությամբ գործակցում ենք ԱՊՀ անդամ երկրների ինովացիոն ծրագրերի շրջանակում: Հայկական ընկերությունները պարբերաբար մասնակցում են հիմնադրամի աքսելարացիոն ծրագրերին,-ասել է Արկադի Դվորկովիչը: -Ռուսաստանցի մասնագետները պատրաստ են իրենց համար հեռանկարային հայկական շուկա դուրս գալուն և համատեղ ծրագրերի իրականացմանը: Համոզված եմ, որ թվային առողջապահության, բնապահպանության, կանաչ տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում մեր լուծումները պահանջված կլինեն Հայաստանում: Հատկապես, որ երկրի նախագահն է շահագրգռված միջազգային լավագույն տեխնոլոգիական լուծումների ներգրավման հարցում»:

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է տեխնոպարկում գործող մի շարք ընկերությունների լաբորատորիաներում, որոնք մասնագիտացած են նորագույն տեխնոլոգիաների, առողջապահական ոլորտի թվայնացման, օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, մոլեկուլյար և գենետիկ փորձաքննությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում, ինչպես նաև այցելել ավիատիեզերական առաջատար Boeing, արտադրական ավտոմատիզացմամբ զբաղվող Faruc ընկերությունների գրասենյակներ։ Հանրապետության նախագահը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև տեխնոպարկի գիտական միջուկը համարվող Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որը զբաղվում է տեխնոլոգիական նորարարությունների մշակմամբ ու զարգացմամբ։ Ռեկտոր Ալեքսանդր Կուլեշովը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ինստիտուտի ենթակառուցվածքային հնարավորությունները, կրթական ու նորարարական նախագծերը։ «Շատ ուրախ կլինենք կապեր հաստատել Հայաստանի, հայկական գիտական հանրության հետ»,- նշել է Կուլեշովը։ Շրջայցի ընթացքում նախագահը հանդիպել է ինստիտուտում աշխատող մի խումբ գիտնականների հետ, որոնք ներկայացրել են են արհեստական բանականության ու հեռահաղորդակցության ոլորտում իրենց մշակումները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի գիտական ու կրթական միջավայրը ժառանգել է խորհրդային տարիների լավագույն ավանդույթները։ «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների լավ դպրոց։ Մեծ հետաքրքրություններ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք Սկոլկովոյի գիտատեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ ծրագիր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ մասնավորապես ներկայացնելով նախագահական ATOM նախաձեռնությունը, որի նպատակը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության մշակումն ու զարգացումն է։

***

 

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Յանդեքս» ընկերության գլխավոր գրասենյակ, հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընկերության տնօրենների հետ շրջել է «Յանդեքս» ընկերության տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև «Յանդեքս»-ի նորարարական և գիտակրթական նախագծերին ու ծրագրերին։

Նախագահ Սարգսյանին են ներկայացվել «Յանդեքս»-ի կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում և մասամբ նաև Հայաստանում: Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ծավալն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, հեռանկարային է համարվել Հայաստանում արհեստական բանականության և տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստման նպատակով «Յանդեքս»-ի դպրոցի մասնաճյուղի բացումը։

← Վերադառնալ