15
04, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

***

 

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։ «Իմ անկեղծ գոհունակությունն եմ հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր կրկին հարևան և բարեկամ Վրաստանում գտնվելու համար: Վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն՝ ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Հայաստանի նախագահը:

***

 

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:

Ողջունելով Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար և ուրախությամբ արձանագրել, որ նախագահ Սարգսյանի այցը հնարավորություն է ընձեռում քննարկել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքները կնպաստեն հայ-վրացական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը: «Մեր երկրները, որոնք հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, ունեն համագործակցության հսկայական ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական անխախտ բարեկամությունը մշտապես ամրապնդելու ցանկություն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ անցած տարի մարտահրավերներով լի էր բոլորի համար. մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը, որն ավելի ծանր հետևանքների հանգեցրեց: Նախագահ Զուրաբիշվիլին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհերի հարազատներին՝ նշելով, որ Վրաստանը և՛ հակամարտության ընթացքում, և՛ հիմա հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից. «Բոլորս հասկանում ենք, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի Կովկասի զարգացման համար խաղաղությունն ու անվտանգությունը այլընտրանք չունեն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան ու բարեկամ Վրաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը, և, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դրանք եղել են մեր պատմության ընթացքում, բայց մենք կարող ենք միասին աշխատելով ստեղծել նոր հնարավորություններ: Առկա է մեծ ներուժ, որը մենք կարող ենք այսօր միասին իրացնել»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության խորացման մեծ ներուժ: Հատկապես առանձնացվել են նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներ:

Նախագահները երկկողմ հարաբերությունների զարգացման խթանման տեսանակյունից կարևոր են համարել բիզնեսի և ներդրումների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել նման ծրագրերին: «Պետք է քաջալերենք և նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հատուկ կարևորվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

***

 

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվա հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկումների համար:

Հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, և մենք մեծ կարևորություն ենք տալիս հարևան Վրաստանի հետ մեր բարեկամությանն ու համագործակցությանը:

Հայ և վրացի ժողովուրդները դարերով ապրել են կողք-կողքի, հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասն են կազմել: Այսօր էլ հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Վրաստանում, իսկ վրացի գործարարները հաջողությամբ աշխատում են Հայաստանում:

Կարող եմ վստահորեն նշել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է:

Այսօր իմ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Մենք հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:

Առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում: Այսինքն, համագործակցությունը երկկողմ է և բարձրակողմ:

Հատուկ ընդգծեցի COVID-19-ի դեմ պայքարում մեր երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Համագործակցության առաջխաղացման համար երկուստեք ջանքեր են գործադրվում և ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ միջգերատեսչական մակարդակներում՝ փոխշահավետ համագործակցության առկա մակարդակն ավելի բարձր նշաձողի հասցնելու համար:

Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։

Իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով:

Շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։

Ընդգծեցի պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելու անթույլատրելիությունը: Այդպիսի քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձա նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին։

Տիկին նախագահ, մեր վերջին հանդիպումը Ձեզ հետ 2019 թվականին էր, որից հետո, ցավոք, համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված, երկկողմ ինտենսիվ հանդիպումների շարունակականությունը խաթարվեց:

Այդուհանդերձ, 2021 թվականն այս առումով բավական ակտիվ է սկսվել, և հավատացած եմ, որ այս ակտիվությունը կպահպանվի նաև ողջ տարվա ընթացքում:

Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին, տիկին Նախագահ, կակտիվացնենք ջանքերը մեր երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը նպաստելու, մեր ունեցած ներդրումը մեծացնելու համար:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վրաստանի նախագահին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ջանքեր ներդնել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական ընդլայնման ուղղությամբ:

Կրկին ջերմ շնորհակալություն, տիկին նախագահ: Հուսով եմ, մոտ ապագայում Ձեզ նորից տեսնել Հայաստանում:

***

 

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրում ապրիլի 15-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարներին:

Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ անչափ հաճելի է գտնվել հարևան և բարեկամ Վրաստանում: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դարերի խորքից եկող հայ-վրացական հարաբերությունները պայմանավորված են մի կողմից՝ մեր ազգերի ստեղծարար ոգով, հոգևոր ու մշակութային ընդհանրություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդների՝ սեփական ինքնությունը պահպանելու և տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու անհրաժեշտությամբ:

«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ հարստություն են, որը պետք է գնահատել, պահպանել ու փոխանցել սերունդներին,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր էլ մեզ միավորող պատմական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները և համանման արժեհամակարգով ապագայի վերաբերյալ տեսլականն ամուր հիմք են ամենատարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերությունները նոր նախաձեռնություններով համալրելու համար:

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Վրաստանում բնակվող հայ համայնքին, որը հանդիսանալով վրաց հասարակության ներդաշնակ բաղկացուցիչ մասը և իր ներդրումն ունենալով Վրաստանի զարգացման գործում, միաժամանակ ամուր կամուրջ է Հայաստանի և Վրաստանի միջև:

Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա ձեռքբերումների պահպանումը, զարգացումն ու խորացումը ենթադրում են ամենօրյա հետևողական աշխատանք և ջանքեր բոլոր ուղղություններով: Եվ մենք, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, անշուշտ, պետք է հետամուտ լինենք և մեր համեստ ներդրումն ունենանք այս գործում»:

***

 

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։ Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ:

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լևան Լոսելիանին և Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը և նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը և հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:

Արչիլ Թալակվաձեն աջակցություն է հայտնել Հայաստանի առաջընթացին և զարգացմանը՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խաղաղությանը և խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն:

Նշելով, որ տարածաշրջանում առկա են նաև այլ մարտահրավերներ, այդ թվում կորոնավիրուսի համավարակ, Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով: «Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ տնտեսական վիճակը բավականին բարդ է, երկու երկրների տնտեսություններն էլ էականորեն վնասվել են կորոնավիրուսի հետևանքով: «Մենք պետք է քաջալերենք համատեղ ծրագրերի իրականացումը և նպաստենք դրան, քանի որ տարածաշրջանային համատեղ ծրագրերը միջազգային ներդրողների համար կարող են շատ ավելի գրավիչ լինել»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ներկայումս մարտահրավերներով լի ժամանակներ են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ երկու երկրների համար: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ երկուսս էլ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն տարածաշրջանի կայունության, կանխատեսելիության և անվտանգության», -ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը:

***

 

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան։ Նա ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, որի պահպանման ու շարունակման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները։ Նա նշել է, որ երկու եկեղեցիները նաև կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնական այցն ուղղված է բարեկամության պատմական ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների ներկա հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարների քննարկմանը։ «Այցի նպատակն էր քննարկել այսօրվա խնդիրները, և ամենակարևորը, խոսել ապագայի մասին, մեր եղբայրական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման մասին, որպեսզի մեր երեխաներն ու թոռները վայելեն մեր բարեկամության պտուղներն ու շարունակեն մեր ժողովուրդների բարեկամությունը»։

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև ներկայի մարտահրավերների մասին՝ նշելով, որ բարդ ժամանակներ են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի համար. «Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար»։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հույս է հայտնել, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու դժվարությունները. «Երբ դժվար է Հայաստանի, հայ ժողովրդի համար, դժվար է նաև մեզ համար»,-ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն իր օրհնության խոսքերն է փոխանցել նախագահ Սարգսյանին ու հայ ժողովրդին, ինչպես նաև իր ջերմ բարեմաղթանքները՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

***

 

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:

Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը ծաղիկներ են դրել եկեղեցու բակում ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Հովհաննես Լազարյանցի, Բեհբուտ (Բորիս) Շելկովնիկովի շիրիմներին:

Առաջնորդանիստ տաճարում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել, զրուցել այնտեղ գտնվող հայազգի այցելուների հետ:

Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայրենիք-սփյուռք հարաբերություններին, տեղի հայ համայնքի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ունեցած հանդիպումների և դրանց արդյունքների մասին:

***

 

Լրագրողների հետ զրույցում ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ, լինելով փոքր պետություն, չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինել, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում: «Մենք ուրիշ այլընտրանք չունենք, բացի շատ ակտիվ, եռանդով լցված արտաքին քաղաքականություն ունենալը»,-ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից մինչև փոքր պետություններ, մասնավորապես մեր տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք մեզ բարեկամ են: Վրաստանը մեր բարեկամ երկիրն է: Բարեկամ երկիր է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հետևաբար, մեր դիվանագիտությունը շատ ակտիվ պետք է լինի հատկապես այս երկու բարեկամների հետ: Դիվանագիտությունը ինչ-որ ձևով պետք է ակտիվ աշխատի նաև Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների հետ, բայց առանձնակի նշանակություն ունեն բարեկամների հետ հարաբերությունները: Ուստի. «Երբ Վրաստանի նախագահը հաստատեց 2 տարի առաջվա հրավերը, ես չէի կարող մերժել և ուրախությամբ եկա Վրաստան: Պետք է հոգ տանես բարեկամության ծառի համար, որպեսզի մի օր կարողանաս այդ բարեկամության պտուղներից օգտվել:

Մեր քննարկումների ժամանակ մեծ տեղ ուներ այն հարցը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական ու տարածաշրջանային իրադարձությունները՝ ներառյալ պատերազմը: Ես Վրաստանի նախագահին մանրամասն, հետո արդեն նաև այլ գործընկերների ներկայացրեցի Հայաստանի տեսակետները:

Երբ խոսում ես տարածաշրջանի և պատերազմի մասին, չես կարող մոռանալ մեր այն հայրենակիցների ճակատագրի մասին, ովքեր այսօր գերության մեջ են կամ պատանդ են: Ցավոք սրտի, նրանց կյանքը, նրանց գերությունը հակառակորդի կողմից օգտագործվում է որպես խաղաքարտ՝ այս կամ այն նպատակի ծառայեցնելու համար: Սա անթույլատրելի է՝ նույնիսկ պատերազմող պետությունների միջև, անընդունելի է միջազգային որևէ օրենքով: Առհասարակ, անթույլատրելի է զուտ մարդկային իմաստով, սա հակամարդկային քայլ է: Որպես նախագահ՝ պետք է անընդհատ բարձրաձայնեմ այս հարցը, քանի դեռ այն չի լուծվել»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերը. «Աշխարհն ընդհանրապես անկայուն է ու անկանխատեսելի, մեր տարածաշրջանը՝ առավել ևս: Շատ-շատ կարևոր և էական է, որ քայլեր կատարվեն, որպեսզի տարածաշրջանում կայունություն տիրի, իսկ կայունությունը մեր տարածաշրջանում առանց Արցախի հարցի արդարացի և վերջնական լուծման անհնարին է լինելու:

Առաջին անգամը չէ, որ վրացական կողմն առաջարկում է լինել այն հարթակը, որտեղ կողմերը կարող են բանակցել: Ազնիվ առաջարկ է, բայց թե ովքեր ու ինչի համար պետք է բանակցեն, համենայն դեպս ինձ համար դեռևս պարզ չէ: Որևէ լուրջ բանակցության, միջպետական բանակցության մասին, ընդհանուր ծրագրերից խոսելուց առաջ նախ և առաջ հակառակ կողմը պետք է ցույց տա տարրական մարդկային վերաբերմունք: Անկախ նրանից, հակառակորդ ես, թե թշնամի, չպետք է անես քայլեր, որոնցով կփակես ապագա երկխոսության ճանապարհը:

Տարածաշրջանային կայունությունն իսկապես էական է՝ բազմաթիվ նպատակներով: Դրանք նաև այն դժվար խնդիրներն են, որ կան Հայաստանի Հանրապետության առջև: Սկսենք նրանից, որ մենք հետպատերազմյան ժողովուրդ ենք, պետություն ենք, ազգ: Հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել: Հազարավոր երիտասարդներ այսօր վիրավոր են, կորցրել են իրենց առողջությունը: Սա հսկայական ծանրություն է՝ և ՛ բարոյական, և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական, և՛ առողջապահական:

Ունենք տնտեսական դժվարություններ: Բոլո՛րն ունեն այսօր աշխարհում: Բայց մերը կրկնակի է, եռակի՝ պատերազմ, շրջափակում և ընդհանրապես տնտեսության վիճակ:

Ունենք առողջապահական խնդիր, որովհետև կորոնավիրուսի պատերազմը ոչ ոք չի համարել ավարտված: Մենք համարյա նույնքան զոհեր ունենք կովիդից, որքան պատերազմից: Եվ այդ զոհերի թիվն ամեն օր ավելանում է:

Հետևաբար, երբ խոսում ենք տարածաշրջանի անվտանգության մասին, դա ներառում է նաև առողջապահական անվտանգությունը, քաղաքական, ռազմական, տեղեկատվական կամ կիբերանվտանգությունը՝ ընդհուպ մինչև սննդի անվտանգություն: Սրանք խնդիրներ են բոլորի համար, բայց նախ և առաջ մեզ նման երկրի համար, որը շրջափակված է:

Եթե մեր հայացքն ուղղենք դեպի ապագա, պետք է խոսենք համատեղ հնարավոր ծրագրերի մասին: Վրաստանի հետ կարող ենք նախաձեռնել նոր ծրագրեր բիզնեսի զարգացման ոլորտում: Հայաստանում կա վրացական բիզնես, կան վրացական ներդրումներ տարբեր ոլորտներում: Կա հայկական բիզնեսի ներդրում Վրաստանում, բնական է, որ համագործակցությունը ներուժ ունի:

Վրաստանն, օրինակ, ունի մաքսային առավելություններ Չինաստանի և Եվրամիության հետ, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության հետ: Պատկերացրեք՝ լինի վրաց-հայկական համատեղ ձեռնարկություն և կարողանա իր արտադրանքը մաքսային արտոնություններով վաճառել ԵՄ-ում կամ Չինաստանում: Եվ հակառակը՝ հայ-վրացական ձեռնարկություն, որ կարողանա վաճառել եվրասիական տարածքում: Կամ համագործակցություն առողջապահական ոլորտում, գիտության ոլորտում՝ նոր տեխնոլոգիաներից մինչև COVID-ի դեմ պայքար: Ձեզ կարող եմ վստահեցնել, որ եթե Հայաստանը և Վրաստանն առաջարկեն համատեղ ծրագրեր, որոնք երկկողմ են, երկկողմ ներդրում ունեն, ենթակառուցվածքային են, ապա շատ ներդրողներ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտներ, սկսած Եվրոպական բանկից, Համաշխարհային բանկից, ուրախ կլինեն ֆինանսավորել, նույնիսկ անհատները: Համատեղ ծրագրերը շատ ավելի գրավիչ են, քան փոքր երկրներում առանձին վերցրած ծրագրերը։

Մեր զրույցը ներառում էր տնտեսական համագործակցության հնարավորությունները, և երկու նախագահներս էլ մեր ներդրումը պետք է ունենանք։

Էլ չեմ խոսում մեր մշակութային, կրթական համագործակցության մասին՝ մշակույթ, կրթություն, այն, ինչ կապված է մեր պատմության հետ: Թվում է, թե այսպես ապրիորի տրված է մեզ, որ երկու բարեկամ ժողովուրդներ ենք, բայց նորից եմ ասում, այդ բարեկամության ծառի հանդեպ պետք է շատ ուշադիր լինել և աշխատել ամեն օր: Կարծում եմ, որ այս այցելությունն իր դրական պտուղները պետք է տա, ես շարունակաբար հետևելու եմ:

Նորից եմ ուզում կրկնել՝ մեր նման երկիրը պետք է ունենա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, որը պետք է ներառի և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմաքաղաքական անվտանգության հարցեր, մշակույթ, գործարար ոլորտ...

Պատերազմում պարտվելը մի բան է, կյանքում պարտվելը՝ բոլորովին այլ: Կարող ես հինգ պատերազմում պարտվել, բայց ամեն անգամ ոտքի կանգնել և շարունակել գնալ ու ի վերջո հաղթել: Մենք հաղթել էինք 26 տարի առաջ, ուշադիր չէինք, քիչ աշխատեցինք, լուրջ չվերաբերվեցինք շատ հարցերի, ենթադրեցինք, թե այդ հաղթանակը ընդմիշտ է և այլն, և այլն... Սակայն այս դեպքում պարտությանը պետք է լուրջ վերաբերվենք, հետևաբար, պետք է ոտքի կանգնենք, հավաքվենք և միասնական առաջ գնանք։ Չես կարողանալու հաղթել կյանքում, եթե բաժանված լինես: Սա մեզ համար ամենակարևոր խնդիրն է, որ ի վերջո գանք, հասնենք ազգային միասնության, իրար աջակցելով, իրար օգնելով տեղ հասնենք: Մի շատ էական խնդիր կա, որ բոլորիս գիտակցության մեջ պետք է լինի՝ մենք մեզ չբաժանենք, այլ ընդհակառակը՝ միացնենք, չբաժանենք գույներով: Մեր ժողովուրդը ո՛չ սպիտակ է, ո՛չ սև է, մենք առնվազն եռագույն ենք: Որպես անհատ եթե վերցնենք, մարդիկ բազմագույն են, ամեն մի անձ տաղանդավոր է, ունի իր արժեքը, հայրենասեր է և պատրաստ է իր ներդրումը բերելու, որ մեր երկիրը ոտքի կանգնի: Վստահ եմ, որ կարողանալու ենք դա անել: Առաջին անգամը չէ. մեր ժողովուրդը Եղեռն տեսած ժողովուրդ է: Այնպես որ, այս պարտությունից հետո կկարողանանք ոտքի կանգնել, եթե բոլորս ձեռք ձեռքի բռնենք և առաջ գնանք»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են հնարավոր բոլոր ծրագրերը, առաջարկությունները, տրանսպորտային բոլոր հնարավոր լուծումներն ու սխեմաները. «Մենք այս բոլորը քննարկեցինք նախագահի հետ։ Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ: Եթե կարողանանք Հայաստանը խաչմերուկ դարձնել...

Բայց վերացական այս ցանկությունից այն կողմ կան մեծ թվով դժվարություններ. ինչպե՞ս ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մինչև ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի, և առաջինը ադրբեջանական կողմից պետք է լինի, Թուրքիայի կողմից պետք է լինի»:

Անդրադառնալով հարցին, թե Վրաստանի հետ ունենք բարեկամության, բայց, մյուս կողմից, այդ երկիրը լուրջ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, այս պարագայում կա՞ հնարավորություն, որ մենք կկարողանանք աշխատել, կառուցել մեր հարաբերությունները, նախագահ Սարգսյանն ասել է. «Այո, իհարկե, միշտ կա: Երբ ասում ենք՝ բարեկամություն, դա բացարձակ արժեք չէ: Բարեկամություն ասածն ամեն օրվա աշխատանք է պահանջում: Բարեկամությունը երկկողմ հարաբերություն է, և պահանջելուց առաջ պետք է նաև տաս: Երկրորդը. չպետք է երբեք ծուլանաս քո վերաբերմունքը ցույց տալու, ընդ որում այս դեպքում և՛ բարեկամության, և՛ արտաքին քաղաքականության այլ ոլորտներում ոչ միայն բարեկամների, այլև հակառակորդների հետ: Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը պետք է լինեն էներգիայով լեցուն, նպատակաուղղված, այսինքն՝ հստակ տեսլականով, թե ումից ինչ ենք ուզում՝ բարեկամից, հակառակորդից, թշնամուց, ինչի պետք է հասնենք, հստակ ծրագիր պետք է ունենանք: Եվ այդ ծրագիրն ամեն օր պետք է իրականացնենք՝ սկսած նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից մինչև ՀՀ ցանկացած քաղաքացի, կամ հայ, որը ՀՀ քաղաքացի չէ: Եթե մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ, կարգապահ ենք, կազմակերպված ենք և միասին ենք, ապա, բնական է, հաջողության կհասնենք: Բարեկամությունը մեծ արժեք է, որի համար պետք է ամեն օր պայքարել»:

Անդրադառնալով տարածաշրջանի նոր իրողությունների համատեքստում վրացի գործիչների մտահոգություններին (հաշվի առնելով,որ Վրաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով փակ քննարկում է եղել) վերաբերող հարցին՝ Հանրապետության նախագահն ասել է. «Տարածաշրջանի բոլոր խնդիրները բոլորին են վերաբերում: Եթե կարծում եք՝ Արցախի հիմնահարցը միայն մեր խնդիրն է, սխալվում եք: Մեր հանդիպման ժամանակ ես ասացի, որ մինչև այն պահը, երբ Արցախի հիմնահարցը վերջնական արդար լուծում չգտնի, խոսել տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության մասին շատ դժվար է լինելու: Հետևաբար, դա բոլորի խնդիրն է: Կարող ես աչքերդ փակել, ձևացնել, որ ինչ-որ ձևով խնդիրը լուծվեց, բայց իրականությունը գալու է քո հետևից և դեմքիդ ասելու է, որ այդպես չէ: Արցախի հիմնահարցը միակ խնդիրը չէ այս տարածաշրջանում, այս փոքր տարածքում, որը Կովկաս է կոչվում կամ Հարավային Կովկաս: Հետևաբար, մենք պետք է հետաքրքրված լինենք ոչ միայն Արցախի հիմնահարցով, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով կամ հակադրությամբ, ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, այլև պետք է շատ զգայուն լինենք նաև մեր բարեկամ երկրների նկատմամբ: Կարծում եմ, որ պետք է շատ ավելի խորացնենք մեր հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: Երբեք մի սպասեք, թե դիմացինը ձեզ համար ինչ է անելու, միշտ մտածեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր բարեկամի համար: Այդ դեպքում պատասխանը կստանաք»:

Պատասխանելով հարցին, թե մեր երկրում դիսկուրս է ծավալվել խաղաղասիրության, տարածաշրջանի՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունք փոխելու մասին, և այս համատեքստում ինչպիսի՞ն է նախագահի մոտեցումը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ իր վերաբերմունքը և՛ Թուրքիայի, և՛ Եղեռնի հարցի վերաբերյալ բազմիցս արտահայտել է. «Կարող եմ ձեզ հետ մասին վերլուծել այսօրվա Թուրքիայի Հանրապետության, նրա առաջնորդների, ղեկավարության քաղաքականությունը և ոչ միայն մեր տարածաշրջանում՝ Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Լիբիայում և այլն...

Մենք հավասար վիճակում չենք գտնվում. Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ մեր տղաներին ու աղջիկներին պետք է վերադարձնեն, հետո հաջորդ քայլի մասին կմտածենք:

Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի՝ ի հաշիվ մեզ: Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում դրա ուղղությամբ՝ ճանաչման կամ ներողություն խնդրելու և այլն: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ ինձ հարց կտաք»:

Հարցին, թե Արմեն Սարգսյանը որոշ ժամանակ առաջ նշել էր, որ Թբիլիսին հարազատ քաղաք է իր համար՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես խորհրդային մարդ եմ, ծնվել եմ Խորհրդային Միությունում, ԽՄ շատ տեղերում եմ եղել, մանավանդ ուսանողական տարիներին շատ եմ ճանապարհորդել՝ սկսած Սամարղանդից, Բուխարայից, Վլադիվոստոկից, Լենինգրադից... Շատ տեղեր կան, որ ինձ հարազատ են, որովհետև իմ երիտասարդության տարիներն են եղել այնտեղ: Իսկ Թբիլիսին հարազատ է, քանի որ, գաղտնիք չէ, այն որքան վրացական քաղաք է, նույնքան էլ ինչ-որ տեղ հայկական է, այս մշակույթը՝ Բաշինջաղյան, Սայաթ-Նովա, Փարաջանով... Ցանկն այնքան մեծ է: Եվ ցանկը միայն հայկականը վրացականի մեջ չէ, հակառակն էլ է այդպես: Պարզ օրինակ կբերեմ, օրինակ՝ Սոֆիկո Ճիաուրելին: Նա Վրաստանի լավագույն դերասանուհիներից էր, բայց հիշեք «Կտոր մը երկինքը», որտեղ Սոֆիկոն հայ մոր դեր էր խաղում: Այդտեղ ե՞րբ տեսաք արհեստականություն: Չկա: Պետք է իսկապես մոտ լինել, որ կարողանաս ուրիշ ժողովրդի մայր խաղալ: Դա ամենադժվար դերերից մեկն է, եթե չես պատկանում տվյալ ժողովրդին, նրա մշակույթին, ապրած կյանքին ու դառնությանը: Որովհետև ցանկացած հայ մոր մեջ այդ բոլորը կա: Եվ այդ կինը ֆանտաստիկ ձևով հայ մայր է խաղացել: Զարմանալի չէ, որ նույնիսկ Փարաջանովն է իր ֆիլմերում անընդհատ հրավիրել նրան: Զարմանալի չէ, որ Սոֆիկո Ճիաուրելին նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր»:

Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ նախագահն ասել է, որ պետք է փոխենք դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը. «Կարծում եմ՝ մենք պատնեշներ ենք կառուցել մեր և Սփյուռքի միջև՝ ինչ-որ ժամանակ վախենալով Սփյուռքից չգիտեմ ինչի համար, երբ այն մեզ համար ամենակարևոր արժեքն է: Այդ Սփյուռք բառն էլ է անհասկանալի ինձ համար, մենք բոլորս միասին ենք:

Երևանցիներն այսօր Հայաստանի տարբեր կողմերից և պատմական Հայաստանից եկած մարդիկ են, ովքեր ասում են՝ մենք երևանցի ենք: Այսօր հայաստանցիներ ունենք, որոնց մի մասը սփյուռքահայ էին, տեղափոխվեցին: Մեկ սերունդ հետո արդեն մարդիկ մոռանում են, որ իրենց ծնողները Հունաստանից են եկել կամ Եգիպտոսից և ներդրում են ունենում մեր երկրի, պետության, Արցախի պաշտպանության գործում...

Իհարկե, հասկանալի է, որ պետական ծառայության մեջ որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, բայց պետք է կարողանանք ներգրավել բոլորին, ոչ թե բաժանել: Չես կարող դժվարությունը, հետպատերազմյան, բարոյահոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, սոցիալական հարցերը հաղթահարել, եթե բաժանված ես: Ուզես, թե չուզես՝ պետք է իրար ձեռք սեղմել, և դա մշակույթ է՝ պետականն ու ազգայինն ավելի վեր դնել, քան մնացածը՝ կուսակցական, գաղափարական և այլն: Եթե կարողացանք դա անել, ապա կհաջողենք»:

 

 

← Վերադառնալ