20
01, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։

Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները:

Նրանք անդրադարձել են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Եվս մեկ անգամ ընդգծելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության իրենց պատրաստակամությունը` ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Հայաստանը ունի բարձրակարգ մարդկային կապիտալ, լավ կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, ինչը Thales-ի նման ընկերության համար շատ կարևոր է և ամուր հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

***

 


Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ: Այն կազմակերպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին և ժողովրդին 2019 թվականի հաջողությունների համար և նշել, որ նախագահ Սարգսյանի ներկայությունը միջոցառմանը մեծ նշանակություն ունի համայնքի և առևտրի պալատի անդամների համար:

«Վերջին վեց ամիսների ընթացքում պատիվ եմ ունեցել արդեն չորրորդ անգամ հանդիպել Հայաստանի նախագահին,- իր խոսքում նշել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը։- Նրա տեսլականի, ծրագրերի, իմաստուն մտքերի մասին լսել եմ ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող հանդիպումների կամ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում, այլ նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը, որը տեղի ունեցավ անցյալ տարի: Այդ քննարկման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք լսել նախագահի տեսակետները համաշխարհային խնդիրների, դրանց լուծման վերաբերյալ, մասնավորապես՝ զարգացող երկրների համատեքստում, ինչպես նաև նրա առաջնորդող մտքերը ՄԱԿ-ի Առեւտրի և զարգացման համաժողովի ապագա դերի մասին»:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցը կազմելն իրենց վստահելու համար։ Նա նշել է, որ այն կօգնի Հայաստանին բարելավել ներդրումային միջավայրը և համաշխարհային մրցունակ դաշտում լինել առաջնագծում: «Հայաստանում զգալի փոփոխություններ կլինեն, եթե ղեկավարությունը որդեգրի երկիրը տարածաշրջանի համար բիզնեսի հանգույց դարձնելու տեսլականը, ինչպես նաև առաջընթաց գրանցի ՏՏ և արհեստական բանականության ոլորտում՝ լինելով համաշխարհային շղթայի մասնիկ,-ասել է նա։- Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում ագրոբիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում։ Տեսնելով այդ ներուժը՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարելավել երկրի ներդրումային միջավայրը»:

Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ջեյմս Ժանին՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կատարած աշխատանքի համար՝ անդրադառնալով նաև դրա նախապատմությանը․ «Մեկ տարի առաջ, երբ ես Ժնևում էի, խնդրեցի զեկույց պատրաստել Հայաստանի մասին՝ ինչպիսի՞ն են Հայաստանում ներդրումների մարտահրավերները, Հայաստանի ո՞ր ոլորտում է առկա ներուժ։ Նրանք հիանալի աշխատանք կատարեցին։ Նախ հանդես եկան հետաքրքիր գաղափարներով՝ հիմնված ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի և արտերկրի ներդրումային հանրության դիտարկումների վրա։ Սա հակիրճ զեկույց է, սակայն՝ համապարփակ։ Եվ Հայաստանի համար նրանք այս աշխատանքը կատարել են անվճար, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ մարտի սկզբին Հայաստանում տեսնել գործընկերների այլ երկրներից՝ տարբեր երկրների առաջնորդների, երբ մենք կքննարկենք ՄԱԿ-ի այս կազմակերպության ապագան։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել այդ կազմակերպության Նշանավոր անձանց խումբը»:

Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, նախագահ Սարգսյանը դրանց անդրադառնալով՝ մասնավորապես ասել է․ «Բոլորին է հայտնի, որ մարտահրավերները ձեռքբերումներից շատ են։ Իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ստեղծել մշակույթ, երբ մարդիկ պետք է անհանդուրժող լինեն կոռուպցիայի հանդեպ։ Դա պետք է դառնա մեր մշակույթի մի մասը, ինչպես մշակույթի մաս է դարձել եվրոպական մի շարք երկրներում՝ ներառյալ Շվեյցարիան։ Ուստի, դրան հասնելու համար որոշակի գործընթացների միջով պետք է անցնել՝ փոխելով իրավական համակարգը։ Դա շատ մեծ մարտահրավեր է»։ Որպես մեկ այլ մարտահրավեր՝ նախագահ Սարգսյանը նշել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը։ «Այն պահին, երբ սկսում ես պայքարը կոռուպցիայի դեմ, պետք է սկսել անցումն օլիգարխիկ տնտեսությունից շատ ավելի բաց հասարակություն, - ասել է նախագահը։ - Այժմ մարդիկ քաղաքականապես ավելի բաց են, քան երկու տարի առաջ։ Հայաստանում ստեղծվեց մի հասարակություն, երբ երիտասարդները սկսեցին երազել և ունենալ մեծ երազանքներ, որ իրենք կարող են ստարտափեր ունենալ, լինել հաջողակ»: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ աշխարհը գտնվում է խաչմերուկում։ «Ես կարծում եմ, որ շատ քաղաքական գործիչներ և գործարարներ հուսահատվում են, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ է կատարվում, չեն կարող կանխատեսումներ անել,- նշել է Հայաստանի նախագահը։- Նրանք չեն կարող կանխատեսել, թե ինչ է կատարվելու, այս կամ այն քաղաքական գործիչն ինչ է հայտարարելու, ինչպես են շուկաներն արձագանքելու դրան։

Ի՞նչ է կատարվում։ Այս հարցն այսօր շատ պատասխաններ չունի։ Աշխարհի կանխատեսելիությունը կտրուկ նվազել է։ Սակայն կան վերլուծաբաններ և փիլիսոփաներ, որոնք այս իրավիճակը դրական են գնահատում, քանի որ մենք չգիտենք՝ ի՞նչ անել, չգիտենք՝ ի՞նչ ուղղությամբ ենք առաջ գնալու, համաշխարհային տնտեսության համար չկան կայունության սյուներ։

Ես միշտ կարծել եմ, որ անորոշությունը ծնում է հնարավորություն։ Եթե չկա կանխատեսելիություն, սակայն դու ունես ճիշտ զգացողություն և ճիշտ ես կանխատեսել, ուրեմն դու շահած ես դուրս գալիս։ Եվ անորոշության միջավայրում Հայաստանի ապագայի ուղին զարգացումն է։ Հաջողության հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ջանասիրաբար աշխատել զարգացման ուղղությամբ և օգտագործել այդ հնարավորությունը, քանի որ քաղաքական և տնտեսական առումով մենք ոչ միայն չենք կարող շատ բան կանխատեսել, այլև մենք տեխնոլոգիական մեծ փոփոխության խաչմերուկում ենք, որը մարդիկ կոչում են չորրորդ արդյունաբերական հեղափոխություն։ Ես այլ բնորոշում ունեմ, որը մի քանի անգամ կիրառել եմ՝ քաղաքական կամ արագընթաց հեղափոխություն։ Սա նախորդ հեղափոխությունների նման հերթական հեղափոխություն չէ, որը կբացահայտի, թե փայտը վառելով կարելի է էներգիա ստանալ, կամ որքան օգտակար կարող են լինել համակարգիչները: Մենք մշտական հեղափոխությունների եզրին ենք, քանի որ մենք բացահայտել ենք՝ ինչքան հզոր կարող է լինել փոքրը։ Մենք բացահայտել ենք՝ որքան հզոր կարող է լինել մաթեմատիկական ծրագիրը, մաթեմատիկական մոդելավորումը՝ արհեստական բանականության ձևով։ Մենք նոր դարաշրջանում ենք։ Մենք գործ ունենք ապագա տանող «նոր դռների հետ»։ Երբ կա նոր մեկնարկ, բոլորը հավասար են՝ ամենաաղքատները, ամենահարուստները, ամենաուժեղները և ամենաթույլերը։ Այստեղ ես առավելություն եմ տեսնում մեր ազգի համար։ Այս նոր աշխարհում իմաստալից է այն, ինչ կոչվում է կապվածություն։ Սա մեր մարդկային բնության մեջ է։ Երբ մենք ծնվում ենք, չենք ունենում կապվածության գործիքներ։ Մենք կապվում ենք աշխարհին մեր մայրիկի միջոցով։ Սակայն այժմ կապվածությունը ևս փոփոխվում է։ Օրինակ՝ իմ երկամյա թոռնիկը, ինչպես նաև մյուս թոռնիկները ինչ-որ չափով արդեն իսկ ապրում են վիրտուալ տիրույթում, քանի որ նրանց բացահայտած առաջին գործիքներից է եղել գաջեթը։

Վաղը բոլորն ապրելու են երկու կյանքով՝ լույսի արագությամբ հաղորդակցություն ապահովող վիրտուալ կյանքով և նյութական: Մենք մի ազգ ենք, որը համաշխարհային է և փոխկապակցված: Ձեզ կզարմացնեն տվյալները, թե Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում կամ այլ վայրում ապրող ինչքան շատ հայեր ինտերնետի միջոցով հետաքրքրվում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով, նրանք նաև մեծ ազդեցություն ունեն երկրի վրա, ինտերնետում ներկայացնում են իրենց գաղափարները, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, որն է ճիշտ կամ սխալ: Հայաստանը նրանց ասում է, որ ժամանակն է գալ հայրենիք: Արհեստական բանականությունը գուցե աշխարհասփյուռ հայերին լավ հնարավորություն է ընձեռում՝ միմյանց հետ կապ պահպանելու համար: Այդպիսով, Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի մեծ առավելություն՝ լինելով աշխարհում ամենափոխկապակցված ազգերից մեկը:

Հավատում եմ, որ արագ զարգացող 21-րդ դարում փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հզոր լինել: Կան շատ օրինակներ: Ես այստեղ եմ եկել Աբու Դաբիից, որտեղ մասնակցում էի «Կայունության շաբաթին»: Այդ երկիրը տպավորիչ է, այն փոքր է, բայց հզոր: Դրանից առաջ ես Դոհայում էի, որը ևս փոքր ու հզոր է: Այստեղից գնալու եմ Իսրայել, որը փոքր և հզոր է: Աբու Դաբիում ես հանդիպում և քննարկում ունեցա Ռուանդայի նախագահի հետ․ կրկին փոքր, բայց հզորացող երկիր է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենը կազմակերպվածության, ճիշտ տեսլական ունենալու մասին է խոսում: «Դու պետք է գտնես քո ճանապարհը, թե ինչն ես ցանկանում հիմնովին բարեփոխել քո երկրում, գտնես հաջողության տանելու ուղիները,- ասել է նա: - Հայաստանը պետք է զարգացնի բոլոր ոլորտները, զբոսաշրջությունը, հյուրանոցները, արդյունաբերությունը, բանկային համակարգը, որը Հայաստանում լավ զարգացած է: Այս բոլոր ոլորտները փոխկապակցված են, քանի որ եթե դու զարգացնես ենթակառուցվածքները, ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն, եթե ավելի շատ զբոսաշրջիկ գա, ապա կունենաս անշարժ գույքի շուկայի զարգացում, սա կհանգեցնի բանկային համակարգի զարգացման և այլն:

Մենք պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և հոգ տանենք մեր բնության մասին: Բնությունը չի սահմանափակվում միայն այն տարածքով, որտեղ մենք ապրում ենք: Ես ներկայացնում եմ ոչ թե մի երկիր, որը հարուստ է գազով, նավթով, այլ՝ մի երկիր, որը շատ հարուստ է ջրով: Մենք արևային էներգիայի ավելի արդյունավետ օգտագործման ճանապարհներ ենք փնտրում: Հպարտ եմ նշել, որ անցյալ տարվա մեր ջանքների շնորհիվ պատրաստվում ենք 400 ՄՎտ արևային կայաններ կառուցել Հայաստանում։ Կառուցելու է «Մասդար» ընկերությունը: Սա առաջին քայլն է, իսկ մենք կարող ենք անել ավելին: Հայաստանն արտադրում է 6 անգամ ավելի շատ ջուր, քան մենք օգտագործում ենք: Շատերն այս հարցում մեզ նախանձում են: Ջուրը շատ ավելի թանկ է, քան նավթը: Ապագայում ո՞վ է ավելի հզոր լինելու՝ մեկը, որը կունենա բնություն, մաքուր օդ, մաքուր ջուր, լեռներ, սնունդ և ապրելակե՞րպ, թե մե՞կը, որը նունիսկ չի կարողանա օգտագործել մաքուր բնության հիմքը և չի կարողանա կանխատեսել ապագան: Մենք պետք է ներդրում կատարենք բնության, մաքուր ջրի, մաքուր սննդի ոլորտներում: Սա պետք է դառնա Հայաստանի այցեքարտը, լոգոն:

Պե՞տք է արդյոք, մեծ գումարներ ծախսել մեր լոգոն գտնելու համար: Կարծում եմ՝ ոչ: Բոլորդ կհամաձայնեք, որ կարող ենք Հայաստանը ներկայացնել ոչ միայն աշխարհում ամենալավ ջրի, այլ նաև այն ամենի հայրենիք, ինչը մաքուր և օրգանական է: Սա պետք է լինի մեր լոգոն, որը մենք կօգտագործենք՝ հայկական լոլիկը, վարունգը, ծիրանը վաճառելիս: Հայաստանը պետք է դառնա մի վայր, որտեղ ապրելով դու առողջ կլինես, քանի որ այնտեղ կա առողջ սնունդ, մաքուր օդ և առողջ ապրելակերպ: Սրանք են հիմքերը: Մենք պետք է մտածենք ապագայի մասին»:

Նշելով, որ ապագան արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաներն են՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքսում ներկայացրել է իր նախագահական նախաձեռնությունը, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow): «Այն բաղկացած է լինելու երեք մասից, որից մեկը կլինի ապագայի «Դիսնեյ լենդը»,-մանրամասնել է նախագահը:- Եթե ցանկանում ենք Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, պետք է այնպես անել, որ նրանք գան ապագան տեսնելու: Այդ վայրն ունենալու է նաև Վաղվա թանգարան, որտեղ կկարողանանք տեսնել, թե ինչպիսին է լինելու վաղը: Երկրորդ մասը գիտական, բիզնես հարթակ է, որտեղ մենք ունենալու ենք միջազգային մեծ ընկերություններ, որոնք հետազոտություններ կիրականացնեն մաթեմատիկական մոդելավորման և արհեստական բանականության ոլորտներում: Կլինեն մեծ ընկերություններ ոչ միայն Եվրոպայից, այլ նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից: Երրորդ մասը լինելու է կրթական հատվածը:

Քաղաքական ոլորտում, որպես նախագահական նախաձեռնություն, ես աշխատում եմ փոքր, բայց հաջողակ երկրների համագործակցություն ստեղծելու ուղղությամբ, այն երկրների, որոնք փոքր են, բայց մեծ հաջողություններ են գրանցել, ճիշտ բարեփոխումներ են կատարել: Հաջողության սահմանումը միշտ բարդ է եղել: Սա չի լինելու մեկ այլ G7, G20: Սա լինելու է ակումբ, որտեղ մենք կհավաքվենք և կկարողանանք կիսվել մեր գաղափարներով, թե ինչպես է հնարավոր հասնել հաջողության՝ լինելով փոքր, բայց հաջողակ և հզոր:Ես հավատում եմ, որ եթե ունենանք տեսլական, ռազմավարություն, ծրագիր և բոլորս միասին ջանասիրաբար, ձեռք ձեռքի տված աշխատենք, մեր ազգը և պետությունը կզարգանան»:

Դիմելով մեր հայրենակիցներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Հայաստանը յուրաքանչյուրիս տունն է։ Մեզնից ոմանք մեր ամբողջ կյանքը ապրում ենք Հայաստանում, ոմանք՝ ժամանակավորապես այլ վայրում, բայց, միևնույն է, ձեր սիրտը, ինչպես, Վիլիամ Սարոյանն է ասել, լեռներում է, հայրենիքում: Ձեր միտքը, ձեր դրամը, դուք ֆիզիկապես այստեղ եք, բայց ձեր սիրտը, հոգին՝ Հայրենիքում: Դուք այս երկրի լավ քաղաքացիներն եք, և ես համոզված եմ, որ դուք լավ քաղաքացիներ կլինեք նաև Հայաստանում»:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:

Գործունեության 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գործարար հանրության ներկայացուցիչների ու հեղինակավոր փորձագետների՝ քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Ֆորումին այս տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներ և ավելի քան 3000 մասնակիցներ:

Համաշխարհային տնտեսական համաժողովի 2020 թվականի ամենամյա հանդիպումը պաշտոնապես բացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբը։ Ողջույնի ուղերձ հղելով ներկաներին՝ նա մասնավորապես ասել է, որ հպարտ է այն համայնքով, որ կարողացել են ձևավորել անցած հիսուն տարիների ընթացքում։ Նա հատկապես ողջունել է Երիտասարդ գլոբալ առաջնորդներին (Young Global Leaders) և Գլոբալ փոփոխություն կերտողներին (Global Shapers), որոնք հավատում են աշխարհի փոխկապակցվածությանը և պատրաստ են միասին աշխատել։

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև Դավոսի համաժողովի շրջանակում անցկացվող 26-րդ ամենամյա Crystal Award մրցանակաբաշխությանը: Այս տարի ֆորումը հաղթողներ է ճանաչել արվեստագետներ Թիսթեր Գեյթսին, Լինեթ Ուոլվորթին, պարուսույց Ջին Շինին և դերասանուհի Դիփիկա Պադուկոնեին՝ հասարակության կայունության ապահովման, ներառականության, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար:

Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպման բացման առիթով կազմակերպված համերգում միասնության և ուրախության միջազգային կոչով հանդես է եկել Եվրամիության պատանեկան նվագախումբը՝ Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախմբի երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։

Ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցը՝ տիկին Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։

Հանրապետության նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-շվեյցարական հարաբերությունների օրակարգին, կարևորել են ակտիվ միջխորհրդարանական համագործակցության դերը, ինչպես նաև մտքեր փոխանակել նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը:

Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Նա եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում է՝ «Անհավասարության գինը. ինչպես է այսօրվա բաժանված հասարակությունը վտանգում մեր ապագան»:

Հաշվի առնելով, որ համաժողովի՝ 2020-ի համաշխարհային ռիսկերի զեկույցում անհավասարությունը նշվում է որպես ռիսկի գլխավոր գործոն, քննարկվել է, թե ինչպես որոշում կայացնողները կարող են բարելավել հավասարակշռությունը ներքին քաղաքական առաջնահերթությունների ու գլոբալ տնտեսական իրավիճակի միջև։

Մինչ քննարկման մեկնարկը նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ստիգլիցին իր կյանքում ունեցած դերակատարման համար, պարզաբանելով, որ 1996 թվականին որպես Հայաստանի վարչապետ պաշտոնավարելիս աղքատության հաղթահարման հարցում անհամաձայնություն է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ «Աղքատության հաղթահարման ձևն ինձ համար՝ որպես վարչապետ, զարգացումն էր,- պատմել է նախագահ Սարգսյանը։- Համաշխարհային բանկի նախագահի հետ մենք եկանք ընդհանուր հայտարարի՝ Հայաստանը դարձնել ոչ թե աղքատության դեմ պայքարող երկիր, այլ զարգացնել այն։ Այդ «մարտում» ինձ քաջալերում էին գլոբալիզացիայի վերաբերյալ պրոֆեսոր Ստիգլիցի հոդվածները»։

Անդրադառնալով համաշխարհային ռիսկերին՝ նախագահ Սարգսյանը խոսել է դրանց քվանտային վարքագծի և քվանտային քաղաքականության հիմքերի մասին։ «Ես այդ տեսությունը ներկայացրել եմ 600 էջանոց գրքում, որը շուտով լույս կտեսնի,-ասել է Արմեն Սարգսյանը ։- Հասկանալու համար, թե որքան հեռու կգնա քո երկիրը, պետք է դիտարկել աշխարհի ներկայիս վիճակը։ Ես սրա մասին մտածում էի նախագահ դառնալուց առաջ։ Որպես քաղաքացի՝ ինձ զարմացնում էր համանմանությունը։ Դա պատկերացնելու համար պետք է 100 տարի հետ գնալ, երբ մենք գործ ունեինք բնական գիտությունների և ֆիզիկայի աշխարհի հետ, երբ գիտնականները կարողանում էին վերլուծել դասական երևույթները մինչև այն պահը, երբ նրանք բախվեցին գործընթացների, որոնք հնարավոր չէր բացատրել։ Դա մեծ իրարանցում առաջացրեց։ Այդ ժամանակ անհրաժեշտ էր փոխել երևույթների ընկալման տրամաբանությունը։ Ալբերտ Այնշտայնի, Վերներ Հայզենբերգի, Ռիչարդ Ֆեյնմանի նման տաղանդները փոխեցին ֆիզիկայի ընկալման փիլիսոփայությունը, այլ ոչ թե ստեղծեցին նոր բան։ Մեր շուրջը կատարվող մեծագույն հայտնագործություններում յուրաքանչյուրն իր մասնիկն ունի։ Ներկայիս սերունդն ապրում է երկու աշխարհներում՝ նյութական և վիրտուալ։ Մենք տարրական մասնիկներ ենք։

Հաջորդ կարևոր կետն այն է, որ բնակչության թիվն աճում է։ Երբ ես ուսումնասիրում եմ բնությունը, հասկանում եմ, որ այն դասական չէ, այլ՝ քվանտային։ Քվանտային օրենքներն են կարգավորում մարմինները։ Ես սկսեցի գիտակցել, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք դառնում քվանտային, որ սա նախկին հասարակությունից միանգամայն տարբեր հասարակություն է։

Փոխվում է նաև ժողովրդավարությունը, քանի որ նորմալ ժողովրդավարական երկրներում դու քվեարկում ես քո խորհրդարանի, նախագահի օգտին հաջորդ հինգ տարիների համար, այնուհետև սպասում ես արդյունքներին, հարցերին և այլն։ Այժմ դու ամեն օր քվեարկում ես քո ֆեյսբուքյան էջում։ Մենք այսօր ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, որը քվանտային է և գնալով դառնում է ավելի բարդ, քանի որ չկան կարգավորումներ ոչ միայն այն իմաստով, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այլ՝ չկան կարգավորումներ նաև սոցիալական հարթակում։

Ուստի, բարի գալուստ նոր աշխարհ, որը, ինչպես բնությունը, դասական չէ, այլ՝ քվանտային։ Եվ ես անձնապես ոգևորված եմ դրանից, քանի որ մենք ունենք գիտնականներ, ովքեր պետք է հասկանան՝ ինչպես է այդ քվանտային քաղաքականությունն աշխատում։ Եվ դա հիանալի խնդիր է, ուստի դրա բացահայտումը կլինի ձեռքբերում։

Աշխարհում շատ զարգացող երկրներ պարտքեր ունեն, որոնք պետք է վճարեն։ Ինչքան մեծ է պարտքը, այնքան շատ խնդիրներ են առաջանում: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Դու կարող ես վերաֆինանսավորել այն, կարող ես բանակցել, կարող ես խթանել քո տնտեսությունը, տնտեսական աճ ունենալ, բայց, միևնույն է, սահմանափակված ես որոշ պարտավորություններով: Բայց եկեք այս հարցը այլ տեսանկյունից դիտարկենք:

Ամենամեծ խնդիրներից մեկը, որն այսօր բոլորը քննարկում են, կապված է շրջակա միջավայրի հետ: Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է ոչ միայն այն պարտքով, որը մենք ժառանգել ենք ԱՄՀ-ից կամ Համաշխարհային բանկից, այլ՝ նաև երկկողմ պարտքերով: Եկեք պատկերացնենք, որ կա մի մեծ երկիր, որը կարևորում է կլիմայական փոփոխությունները և համաձայն է ամեն տարի մեկ միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել կլիմայական փոփոխությունների բարելավման գործում. ծառեր է տնկում, արտադրությունն ավելի մաքուր է դարձնում և այլն: Եկեք նաև պատկերացնենք, որ կա ավելի փորք երկիր, որն ունի 5 հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի պարտք այս երկրին և պետք է ծառայություններ մատուցի նրան:

Պատկերացրեք նաև, որ կան երկու խելացի առաջնորդներ, որոնք համաձայնել են իրենց ջանքերը համատեղել և միջազգային հանրությանը համոզել են, որ ավելի փոքր երկրները այս պարտքի մի մասը կծախսեն իրենց երկիրն ավելի կանաչ դարձնելու վրա, հազարավոր, միլիոնավոր ծառեր կտնկեն և այդ վարկը կփոխանցեն ավելի մեծ երկրին, վերջինս էլ կկարողանա հաստատել, որ նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել «կանաչ պարտատոմսերում»: Գաղափարն այն է, թե ինչպես կկարողանանք Երկիր մոլորակն ավելի կանաչ և ավելի քիչ CO2-ով լցված դարձնել, թե ինչպես ազատվենք պարտքերից` ի նպաստ կլիմայի: Արդյունքում՝ ավելի փոքր երկիրն աշխարհի համար շատ օգտակար քայլ անելով ևս մեկ հնարավորություն կունենա վերցնել հինգ հարյուր միլիոն դոլար:

Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլևս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը:

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացները կտրուկ կփոխվեն: Մենք այսօր աշխատում ենք գտնել մեծ շուկաներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է, իսկ ապագայում մեծ ընկերությունների առավելությունը կլինի այն, որ նրանք նոու հաու կունենան: Սա շատ կարևոր է, քանի որ աշխարհի ապագան մեծապես կախված է ստարտափերից։

Սակայն, ինչպե՞ս ես պատրաստվում նորարարություն անել, երբ արդյունաբերական ամբողջ տրամաբանությունը ասում է, որ դու պետք է գնաս համալսարան, դառնաս ինժեներ, հետո ավագ ինժեներ, վերջում՝ փոխնախագահ: Սա ստեղծում է մեկ այլ խնդիր, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց ես մտածում եմ Հայաստանում նավահանգիստ ստեղծել, Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում: Այստեղ մենք հանդիպում ենք այլ խնդիրների՝ տվյալների հետ կապված ռիսկեր, կարգավորումներ և այլն: Բայց եթե մենք գնում ենք ստարտափ ունենալու ուղղությամբ, ապա գաղափարն է դառնում ամենահզոր գործիքը: Իսկ ո՞րն է գաղափարը: Կարո՞ղ եք այն վաճառել, այն արժեք ունենալու՞ է, ապագայում կլինե՞ն արդյոք գաղափարների շուկաներ, կկարողանա՞նք դրանք կարգավորել:

Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում և պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել:

Պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները, պետք է զարգացնել զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել և վաճառել ամեն ինչ։ Բայց այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Այս ամենի լավ օրինակներ կան Աֆրիկայում ևս․ նայեք Ռուանդային, որտեղ էլեկտրոնային կառավարման համակարգը մեծ փոխություններ է բերել:

Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու»:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ:

Կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։

Ջուդսոն Ալթհոֆն ասել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցությամբ, մասնավորապես, արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և մի շարք այլ ուղղություններով։

Համակարծիք լինելով, որ «Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական հիշյալ ծրագրի համար՝ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ստորագրել փոխգործակցության մասին հուշագիր։

Անդրադարձ է եղել նաև կրթական ոլորտում համագործակցությանը:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:

Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը և ասել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը։

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության նոր հնարավորություններին։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սարգսյանի՝ վերջերս Կատարի Պետություն կատարած արդյունավետ այցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև գործարար շփումների ակտիվացման համար: Նրանք խոսել են համագործակցության ուղղությունների ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ մասնավորապես հեռանկարային համարելով առողջապահության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։

Կատարի պետական ներդրումային հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտներ։ Նրա կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ իրենց կառույցը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և պատրաստակամ է համագործակցել մեր երկրի համապատասխան կառույցների հետ:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումը Տոկիոյում:

Նրանք խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են լինել գործընկերներ։

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ:

***

 

Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ:

Գեորգի Գախարիան նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ: Ընդգծելով, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի և համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ։

Զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Նախագահ Արմեն Սարգսյանը և «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում փոխգործակցությանը, նշել, որ մեծ հնարավորություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: Նրանք համակարծիք են եղել, որ «Սիմենս»-ը և ATOM ծրագիրը նշված ուղղությունների շրջանակում կարող են արդյունավետ համագործակցություն ծավալել:

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

Նշելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և երկու երկրների դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաև անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։ Որպես դրան նպաստող կարևոր գործոն՝ Հայաստանի նախագահը նշել է հայերի ներկայությունը, որոնք, ապրելով Իրաքյան Քուրդիստանում, իրենց նպաստն են բերում նրա զարգացմանը։

Հնարավոր համագործակցության ոլորտներ են դիտարկվել տեղեկատվական տեխնոլոգիաները, ստեղծագործ կրթությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային կառավարումը։ Հայաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է տրամադրել իր փորձը էլեկտրոնային կառավարման ոլորտում։

Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից բացի որպես համագործակցության ոլորտ զրուցակիցները հեռանկարային են համարել բարձրագույն կրթությունը, այդ թվում՝ Հայաստանի համալսարաններում Իրաքից, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանից ուսանողներին ուսանումը։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

 

← Վերադառնալ