Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։
Բարձր գնահատելով Հայաստանի նախագահի հետ հանդիպումը՝ Ինդոնեզիայի նախագահն անդրադարձել է հայ-ինդոնեզական պատմական առնչություններին՝ մասնավորապես հիշատակելով Սարգիս ընտանիքի մասին:
Կարևորելով ավանդույթների շարունակումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է քաջալերել երկու երկրների փոխգործակցության ընդլայնումը, առկա ներուժի ու հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Նշելով, որ հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են` Արմեն Սարգսյանն ասել է, որ հայերի և հայկական բիզնեսի տարածվածության շնորհիվ համագործակցության ներուժն անհամեմատ մեծանում է։
Երկու երկրների նախագահներն առանձնահատուկ կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը»: Ծրագիրը նպատակ ունի նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Խոսվել է հիշյալ նախաձեռնության շրջանակում ինդոնեզական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին։
Նախագահները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ իր երկիրն ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որքան մեծ ու դինամիկ լինի կազմակերպությունը, այնքան դա շահեկան կլինի անդամ երկրների փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։ Նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնց շնորհիվ ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ կբացվեն։
Հանդիպմանը խոսվել է նաև երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների և շփումների դյուրացման, զբոսաշրջության խթանման կարևորության, Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին։
Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է արտահանել բարձրորակ միրգ և բանջարեղեն, ջրային հիմքի վրա պատրաստված արտադրանք ու ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն Ինդոնեզիայում։
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից:
«Աբու Դաբի կայունության շաբաթը» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
Ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: «Ալ Ամալի»-ն Մարոկկոյի այն սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը:
«Զայեդ կայունության մրցանակ»-ը շնորհվում է 2008 թվականից՝ նպատակ ունենալով խրախուսել առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով:
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։ Պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Նախագահ Սարգսյանը կարևորել է անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄԷ իր այցի ընթացքում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու և զարգացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանում կատարվելու են շուրջ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշելով, որ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն՝ նախագահն ասել է, որ այս նախագիծը, որը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ, կնպաստի Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն։
Նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են հայ-էմիրաթական փոխգործակցության ողջ սպեկտորին: Նրանք հեռանկարային են համարել փոխգործակցությունը նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ՝ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված՝ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», ինչպես նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում համագործակցել նաև էմիրաթական ընկերությունների հետ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Զրուցակիցները նշել են նաև սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում շահավետ համագործակցության մեծ ներուժը, մտքեր փոխանակել միջուկային էներգետիկայի, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների թվում նշվել է նաև զբոսաշրջությունը: Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության, գործարար կապերի ակտիվացման տեսակետից կարևորել է Աբու Դաբիի և Երևանի միջև ուղիղ օդային կապի հաստատումը։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հանձնարարել է համապատասխան կառույցի ղեկավարին՝ քննարկել և կոնկրետ լուծում տալ հարցին:
Պատվիրակությունների կազմով հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը։
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։ Նրանք գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում: Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում:
Սերբիայի վարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին կբացվի Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանությունը: Նշվել է, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել ևս մեկ պայմանավորվածություն՝ սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու վերաբերյալ:
Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկրները կարող են փոխշահավետ համագործակցել: Կողմերն ընդգծել են նաև փոխշահավետ գործակցության մեծ ներուժը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: Այս համատեքստում նրանք խոսել են ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին:
Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, բայց ուժեղ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության, ունեն համընկնող հետաքրքրություններ: Կողմերը համաձայնել են, որ երկու երկրները միմյանց բացահայտելու, միմյանց հնարավորություններին ծանոթանալու կարիք ունեն, և անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ:
Փաստելով, որ բազմաթիվ օրինակներ ցույց են տալիս, որ փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ' Հայաստանի և Ռուանդայի նախագահները խոսել են հաջողակ փոքր երկրների առավել սերտ համագործակցության անհրաժեշտության մասին:
Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահներն անդրադարձել են համագործակցության ուղղություններին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ փոխգործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել էլեկտրոնային կառավարման ոլորտը, որը Ռուանդայում բավականին զարգացած է: Հայաստանի նախագահը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Համագործակցության համար հեռանկարային են համարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտները, ուսանողների փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:
Նշելով, որ այս տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու միջազգային մի քանի կոնֆերանսներ, մասնավորապես «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ նախագահ Սարգսյանը հրավիրել է ռուանդացի գործընկերներին մասնակցել դրանց:
***
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։
Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ նախատեսվող քայլերին:
Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը:
Կարևորելով նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բարձրացվող հարցերը վերաբերում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը: «Մենք ապրում ենք մի դարում, որտեղ երիտասարդ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը,- ասել է նախագահը։ -Այս երկիրը լավ օրինակ է, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, գիտելիքը, իմաստուն որոշումներն ու առաջնորդությունը կարող են լավ արդյունքներ ունենալ բոլորի համար»:
Խոսելով կայունության մասին և այն համարելով էական գործոն երկրների զարգացման համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է կանանց դերակատարությունը կայունության ապահովման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում։ Յուրահատուկ և անգնահատելի համարելով կանանց դերն ընտանիքում՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրանց մեծ ներդրումը երեխայի դաստիարակության, մշակույթի, լեզվի, ազգային արժեքների և ավանդույթների պահպանության հարցերում։ Նախագահը միաժամանակ նշել է, որ փոփոխվող աշխարհում կանանց համար շատ ավելի լայն հնարավորություններ կան՝ ներգրավվելու և ցույց տալու իրենց որակները, մասնակցելու կյանքի տարբեր ոլորտներում որոշումների ընդունմանը, հաջողության հասնելու տարբեր հարթակներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, քաղաքականության և գործարարության ասպարեզներում:
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:-Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։
Դուք Հայաստանի մասնիկն եք, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երեխա, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ծնվում, եթե ծնվում է հայկական ընտանիքում, ապա նրա ծննդյան օրվա հետ նրա մեջ ծնվում է Հայաստանը։ Այսինքն՝ պարտադիր չէ Հայաստանում ծնվել՝ Հայաստանը քո մեջ ունենալու համար։
Ես երազում եմ, որ մի օր բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն այսօր վերադարձել է հայրենիք։ Վերադարձել է, որովհետև ունի հայկական անձնագիր, Հայաստանում ունի ազգականներ, սիրում է Երևանը, հայրենիքի համար պատրաստ է ծառայել։ Վերադարձել է, որովհետև երբ դժվարություն կամ անհրաժեշտություն լինի, պատրաստ է շատ բաներ զոհաբերել հայրենիքի համար, որովհետև պատրաստ է ծառայել իր հայրենիքին և այն հզոր ու ամուր դարձնել։ Միայն հզոր, ամուր և ուժեղ հայրենիքն է, որ մեզ բոլորիս դարձնում է միասնական, ամուր և վստահելի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Լիբանանում, Ռուսաստանում կամ այստեղ, եթե ունենք հզոր և կայուն հայրենիք, բոլորս գիտենք, որ ունենք տուն, ուր դժվարության պահին կարող ենք գնալ»:
Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։ «Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,-ասել է նախագահը։
Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր-ինչ ձևափոխելով Արմեն Սարգսյանը դիմել է նրանց. «Ապրե՛ք, երեխե՛ք, և մե՛զ պես ապրեք, որովհետև մենք հաղթող և ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:
Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք ունեն որոշակի որակներ, պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը, մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։ «Այսօր Հայաստանի ուժը նաև դուք եք։ Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ,- մեր հայրենակիցներին ասել է Հայաստանի նախագահը։ -Այն ժողովուրդները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել նոր տեխնոլոգիաները և արագ փոփոխվող աշխարհում կայուն և ինքնավստահ են, կկարողանան հաջողության հասնել։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդպես է լինելու, որովհետև իզուր չէ, որ մենք դարերով դժվարություններ և տառապանք ենք տեսել, անցել ենք ցեղասպանության մեծ փորձության միջով և դարձել ենք ժողովուրդ, որն ընդունակ է գոյատևել, վերականգնվել։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք և մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի դրանով և հաղթանակի ոգին իր մեջ կրի։ Ես լիովին վստահ եմ մեր ապագայի համար, վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:
Անդրադառնալով ԱՄԷ իր այցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես հարաբերությունների ավելի ջերմացման, այնպես էլ բազմաթիվ ծրագրերի տեսքով։
***
Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:
«Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին։ Հուսով եմ, որ այդ օրը դուք կհիշեք ինձ և հիսուն տարի հետո ինձ ձեր ողջույնները կուղարկեք,- ասել է նախագահը՝ դիմելով երիտասարդներին։-Դուք ապագան եք։ Կարծում եմ՝ ժամանակը մեր կյանքի մեծագույն արժեքներից մեկն է»: Նախագահն առաջարկել է մի պահ ետ պտտել ժամանակի անիվն ու, օրինակ, հարյուր տարով ետ գնալ․ «Գնանք Հայաստանի փոքր գյուղերից մեկը, հանդիպենք կոշկակարի և ասենք. «Ողջույն վարպետ Պետրոս, ինչպե՞ս ես»։ «Ես կոշիկներ եմ կարում, ողջ գյուղը կրում է իմ կոշիկները։ Իմ ընտանիքը շարունակելու է իմ գործը, քանի որ դա շատ կայուն աշխատանք է»։ Նա կպատմի, թե որքան դժվար է գնալ և օգտվել կողքի գյուղի կոշկակարի ծառայություններից։ Ես նրան կասեմ, որ ապագայից եմ եկել, և նա կհարցնի, թե ով է ապագայում գյուղում կոշիկ կարողը։ Եվ ես կպատմեմ, որ չեմ ապրում գյուղում, շատ եմ ճամփորդում և կրում եմ կոշիկներ, որոնք հաճախ են բերվում Իտալիայից։ Նա կզարմանա, թե որտեղ է գտնվում Իտալիան, և ես կպատասխանեմ, որ այն հազարավոր քաղաքներ ու գյուղեր այն կողմ է...
Հարյուր տարի առաջ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցում էին իրենց երեխաներին, սակայն հիմա, երբ մենք քաղաքակրթությունների, ժամանակի, նոր տեխնոլոգիաների խաչմերուկում ենք, կայունությունն ամեն րոպե փոփոխվող աշխարհում նախ և առաջ ենթադրում է, որ չես կարող հույս ունենալ, որ արածդ աշխատանքը հավերժ կշարունակվի»:
Նախագահի խոսքով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ «Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում։ Եթե տարիներ առաջ ասեիք, որ մեկը կարող է միլիարդատեր դառնալ 25 տարեկանում, մարդիկ կծիծաղեին ձեզ վրա։ Սակայն այսօր, երբ խոսում եմ երիտասարդների հետ, բոլորը ցանկանում են լինել ապագա Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը փոխվում է։ Հաջողության է հասնում նա, ով կարողանում է վերցնել տեղեկատվությունը, ուսումնասիրել և օգտագործել այն, ունի տեսլական և կարողանում է մշակել այդ տեղեկատվությունն ու գնալ 30-40 տարի առաջ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու տարիներ հետո։ Նա պետք է ունենա տեսլական, ծրագիր, ռազմավարություն և ամեն օր կյանքի կոչի դա»: Որպես օրինակ ներկայացնելով տիեզերք թռչելու իր երազանքը՝ նախագահն ասել է ․«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»:
Նախագահ Սարգսյանն արձանագրել է, որ աշխարհը փոխվում է, սակայն մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է։ «Մենք չպետք է վախենանք այդ փոփոխություններից,- նշել է նա։ -Ամեն բան շատ ավելի արագ է փոխվելու, փոխվելու է ամեն օր։ Եթե 1960-70-ականներին կային միայն երկու գերտերություններ, որոնք կարող էին տիեզերք մարդ ուղարկել, ապա հիմա անգամ մասնավոր ընկերություններն են մտածում այդ մասին։ Տիեզերք թռչելը դառնալու է սովորական մի բան։ 30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն։ Այն կօգնի ձեզ ստեղծելու ռոբոտներ, կբազմապատկի ձեր ֆիզիկական ուժը, քանի որ դուք կօգտագործեք ռոբոտներ, այն ձեր կյանքն ավելի ստեղծարար կդարձնի։ Դուք կզբաղվեք ոչ թե ֆիզիկական գործերով, այլ ստեղծագործելով։
Մենք սկսել ենք գիտակցել, թե որքան օգուտներ ունենք արդյունաբերական հեղափոխությունից, սակայն, միևնույն ժամանակ, մենք մեծ վնաս ենք հասցրել բնությանն ու կլիմային։ Սակայն, օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որը ստեղծում ենք արդեն հարյուրավոր տարիներ, կկարողանանք բուժել աշխարհի վերքերը։ Նոր տեխնոլոգիաների ու ձեր տաղանդի միջոցով կարող ենք մաքրել մեր աշխարհը։ Աշխարհը բուժելու և մեզ առաջ տանելու երեք լուծում կա՝ առաջինը տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծել են մարդկության հանճարները։ Եվ դուք շարունակելու եք այդ գործը։ Երկրորդը մարդկային ներուժն է, որը լիարժեք օգտագործված չէ․ դա երիտասարդների, այդ թվում և՝ կանանց տաղանդն է։ Եվ երրորդը՝ պետք է լինել խելացի։
Թող Աստված օգնական լինի մեզ, որպեսզի մենք լինենք բավարար չափով խելացի։ Մենք չպետք է վախենանք տեխնոլոգիաներից։ Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս։ Մենք կարող ենք ցանկացած հիանալի գաղափար օգտագործել հօգուտ կամ ի վնաս։
Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»:
***
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։
Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին է լինելու աշխարհի ապագան։ «Կայունության մասին խոսելը հեշտ է թվում, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քանի որ կայունությունը միայն ժամանակի հետ չի կապված, այլ՝ շատ բաղադրիչներ ունի,-ասել է նախագահը։- Պետք է հաշվի առնել ազգային կերտվածքը, երկրի զարգացման փուլը, երկրի կառավարման ձևը։
Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, որը քիչ կանխատեսելի է, որտեղ յուրաքանչյուր փոքր միավոր, ինչպիսին նաև Հայաստանն է, ազդեցություն ունի, կարող է լինել հաջողակ։ Այդպիսին է նաև ԱՄէ-ն՝ փոքր, բայց հզոր և հաջողակ երկիր։ Փոքր երկրներում անհատների ուժը հզորանում է։ Հատկապես Հայաստանը հատուկ ազգային կերտվածք ունի։ Հայաստանը վայր է, որտեղ անհատի ուժը միանգամայն հզոր է։ Հայաստանը տեխնոլոգիական երկիր է, և մարդկանց կապվածությունը «Ֆեյսբուքին» բարձր մակարդակի վրա է, հասարակությունը ներգրավված է կայունության ապահովման գործընթացում»։
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկրի կայունության ապահովման համար պետք է ունենալ ակտիվ հասարակություն, հատուկ հետաքրքրվածությամբ բիզնես։ «Երբ երկիրը հստակ տեսլական ունի, թե ինչ ձեռքբերումներ է ցանկանում գրանցել, կարելի է հասնել դրանց՝ տարբեր կողմերի միջև ներդաշնակություն ստեղծելով, նախ և առաջ ներգրավելով հասարակությանը, շփվելով մարդկանց հետ,- ասել է նախագահը։- Այսօր ավելի հեշտ է հասարակության հետ շփումը․ կարելի է նրա հետ ամեն օր խոսակցություն ծավալել, ներգրավել նրան և դարձնել խնդիրների լուծման մասնակից, քանի որ նաև նրանք են ստեղծում խնդիրները։
Կայունությունն այն չէ, ինչը մեզ հարմարավետության գոտում է պահում, մենք պետք է ստեղծենք կայունություն անկանխատեսելիություններով լի աշխարհում։ Նոր աշխարհում կայունությունը կնշանակի զարգացում և հնարավորություն։ Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լուծել բնության և եղանակային փոփոխության հետ կապված շատ խնդիրներ։ Վերջիններս ի հայտ են եկել արդյունաբերական հեղափոխությունների արդյունքում։ Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը զուգահեռ, նաև վնաս է հասցվել մոլորակին։ Սակայն դրական կողմն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք կարող ենք կիրառել արևային էներգիան, միջուկային էներգիան։
Մենք նոր աշխարհի խաչմերուկում ենք, և երբ դիտարկում ենք կայունությունը, այն ամբողջովին տեսլականի, զարգացման և հնարավորությունների մասին է: Ապագայի համար ամենակարևոր արժեքը լինելու է մարդը:
Մարդկության բարոյականությունը և ներգրավվածությունը վճռորոշ են դառնում, քանի որ առաջընթացի, կայունության, զարգացման, հնարավորության ստեղծման համար անհրաժեշտ գործիքները դառնում են շատ ավելի հզոր: Մարդկությունն այլևս նույնը չէ, ինչ հազարավոր տարիներ առաջ էր, երբ նրա ձեռքին մուրճն էր: Այսօրվա մարդը հզոր ուժ ունի իր ձեռքում»:
Կայունությունը և կլիմայական փոփոխությունները ժամանակի ընթացքում ավելի շատ մարտահրավերների են հանդիպում: Ո՞րն է փոքր երկրների դերը այս հարցում․ ի պատասխան այս հարցադրման՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները շատ հզոր են դառնում, նորարարությունը զարգանում է արագ տեմպերով, անհատները հզորանում են, իսկ ստարտափը կարող է դառնալ բազմամիլիարդանոց ընկերություն, ապա նույն կերպ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ լինել, այլ նաև հզոր: «Դա կախված է, թե ինչքան լավ ես դու կազմակերպված և ինչքան լավ ես հաղորդակցվում աշխարհի հետ, ինչպիսի հեռահար զարգացումների ծրագիր ունես տեխնոլոգիաների ոլորտում, ինչքան ջանք ես ներդնում,- նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե խոսենք իմ երկրի մասին, որը փոքր է, բայց շատ ավելի մեծ է որպես ազգ, ապա մենք այսօր՝ 21-րդ դարում, ունենք առավելություններ, որոնցից մեկն այն է, որ մենք համաշխարհայնորեն փոխկապակցված ազգ ենք:
Եթե դուք մտածեք «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ այլ սոցիալական ցանցի մասին, ապա հայերի համար կա մեկ այլ ցանց, որը կոչվում է ազգային: Հայերը, անկախ նրանից ապրում են Արգենտինայում, Կալիֆորնիայում, Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ում կամ մեկ այլ երկրում, հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, նրանք կապված են իրենց պատմության և հայրենիքի հետ, նրանցից շատերը նշանակալի ներդրում ունեն աշխարհի զարգացման գործում: Այդպիսով ստեղծվում է համաշխարհային ցանց, որը մեծ առավելություն է: Երեք, չորս և նույնիսկ հինգ անգամ ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան Հայաստանում: Նրանք տարբեր մշակույթ, գիտելիք ունեն և հաջողությամբ մեր երկիրն աշխարհին են կապում։ Նրանք կարող են իրենց շարունակական ներդրումն ունենալ մեր երկրի հաջողության համար»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե՝ հանրային քաղաքականության մեջ ո՞րն է կրթության դերը, կրթությունը ինչպիսի՞ դեր կարող է ունենալ հասարակություններն ավելի կայուն դարձնելու համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթություն ասելով նկատի չունի միայն դպրոցը կամ համալսարանը: «Առաջին հերթին մենք պետք է գիտակցենք, որ մենք այն ենք, ինչ կանք, ինչ սովորում ենք մեր կյանքի ընթացքում,-նշել է նախագահը:- Այն պահին, երբ դադարենք սովորել, մարդկության պատմությունը կավարտվի, քանի որ սովորելն է առաջընթացի հիմնական ճանապարհը: Այսօր կրթությունը դառնում է ոչ միայն բիզնես, որը շատ կայուն ու հետաքրքիր է և կարող է օգնել շատ գումար վաստակել, այլև մեր զարգացման ամբողջական մասը: Առանց բազմակողմանի կրթական համակարգի, նոր տեխնոլոգիաների զարգացում չի լինի: Դուք կարող եք աշխարհի ամենալավ լաբորատորիան ունենալ, բայց եթե չունեք երիտասարդ, կրթված ուսանողներ, ապա երբեք չեք հաջողի: Աշխարհի մեծ ընկերությունները փորձում են ներգրավել անհատի ստեղծարարությունը, քանի որ առաջատար ինժեներներին սովորեցնելու, նրանց քայլ առ քայլ առաջ տանելու մոդելը երբեմն չի աշխատում: 21-րդ դարը ստարտափերի դար է: Աշխարհն ինքնին ստարտափ է: Այդպիսով՝ դուք պետք է օգտվեք գիտելիքի, երիտասարդների նորարության էներգիայից: Կրթությունն արտադրության, նորարության, բիզնեսի միավորումն է:
Մենք պետք է նաև վերանայենք, թե ինչպես ենք սովորեցնում, քանի որ սովորեցնելու դասական մոդելը հնացել է: Կարո՞ղ եք պատկերացնել երիտասարդների, որոնք իրենց կյանքը սկսել են Ipad-ով, տեղեկատվության այդքան մեծ պաշարով, կյանքի նման արագությամբ, 45 րոպե տևողությամբ դասաժամին նստել և պարզապես ինչ-որ բան կրկնել: Ոչ: Երբեմն նկատում եմ, որ փոքր երեխաները չեն կարողանում 15, 20 րոպեից ավելի նստել կամ կանգնել: Նրանք ապագայից եկած երեխաներ են, որոնք լցված են մեծ էներգիայով: Մենք պետք է նորացնենք երեխաներին կրթելու մեթոդները՝ դրանք ավելի ճշգրիտ, ընդգրկուն, արագ, կարճ դարձնելով, պետք է նրանց սովորեցնենք վերլուծել: Արհեստական բանականությունը կարող է տրամադրել հիմնական ինֆորմացիան, վերլուծություն, և ձեր ուժը նրա մեջ է, թե ինչպես կկարողանաք այն օգտագործել և դրանից ինչ-որ նոր և հզոր բան ստանալ: Արհեստական բանականությունն ամենուր է լինելու, և մենք պետք է կրկին մտածենք, թե ինչ է կրթությունը, ինչպես պետք է սովորեցնենք մարդկանց: Դասական համալսարանը հիանալի ձեռքբերում է, բայց անհրաժեշտ են բարեփոխումներ:
Նոր աշխարհում յուրաքանչյուրին ընձեռված է մեծ և փոքր հնարավորություն: Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով»:
***
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է էմիրաթական «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ:
«Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը և «Թավազուն»-ի գործադիր տնօրենը շարունակել են իրենց նախկին հանդիպումներին սկսված քննարկումները համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և խորհրդի պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ: Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ ակնկալում են գործնական, արագ, երկարատև ու արդյունավետ համագործակցություն և մտադիր են առաջիկայում Երևանում բացել խորհրդի ներկայացուցչություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև նորագույն տեխնոլոգիաների, ստարտափերի, կրթական, գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացմանը:
***
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ։
Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացման մեծ փորձառություն։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:
***
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին:
Պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը ներկայացրել է կատարված գործնական քայլերն ու նախատեսվող անելիքները:
Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գործնական միջոց և կարևոր հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա աշխատանքների վերաբերյալ:
***
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան:
ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության արտադրության ամբողջ զամբյուղի մեջ։
Նախագահ Սարգսյանը շրջել է կայանում, ծանոթացել գործունեությանը: Տեղեկացվել է, որ ատոմակայանի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը։ Համապատասխան պետական կառույցի ղեկավարների հետ Հայաստանի նախագահը զրուցել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Նշելով Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի առկայության փաստը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ունի ինչպես ատոմակայանը կառավարելու և կայուն պահելու, այնպես էլ դրա անվտանգությամբ զբաղվելու գիտական և ինժեներական երկարամյա փորձառություն։
Զրուցակիցները կարևորել են միջուկային էներգետիկայի ոլորտում երկու երկրների կայուն և երկարատև համագործակցությունը: «Կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում բավականին կխորանա և նոր հնարավորություններ կբացի,- նշել է նախագահ Սարգսյանը։ - Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ սկսված գործընթացի արդյունքում «Մասդար» ընկերությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ»-ի հետ՝ Հայաստանում մոտ 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի կայան կառուցելու նպատակով։ Իմ այցելությունը ԱՄԷ-ի միջուկային էներգետիկայի կենտրոն ինքնանպատակ չէ։ Քանի որ Հայաստանի էներգետիկ զամբյուղի մեջ միջուկային էներգետիկան, այսինքն՝ ատոմակայանն այսօր կա և վաղն էլ շարունակելու է արդյունավետորեն աշխատել, հետևաբար, այդ ատոմակայանի հետ կապված ցանկացած խնդիր, ամենակարևորը՝ անվտանգության, կայունության և նաև կառավարման խնդիրը, հետաքրքրություն է ներկայացնում»։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ընդհանրապես, ատոմակայանի կայունության, անվտանգության և միջուկային կարգավորումների հետ կապված խնդիրների լուծման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և ԱՄԷ-ն համատեղ հետաքրքրություններ ունեն։ «Կարծում եմ՝ մեր գիտնականները, մասնագետները, ինժեներները ասելիք ունեն և ունեն որոշակի գիտելիք իրենց գործընկերներին փոխանցելու, և հակառակը, քանի որ ԱՄԷ-ում կառուցվող՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող ատոմակայանը հետաքրքիր օբյեկտ է»- ասել է նախագահ Սարգսյանը։
Հայաստանի նախագահի և էմիրաթական կողմի ներկայացուցիչների հանդիպումը հաճախ է ընթացել մասնագիտական դաշտում։ Նախագահ Սարգսյանի զրուցակիցները բարձր են գնահատել նրա տեղեկացվածությունը և գիտելիքները միջուկային էներգետիկայի ոլորտում․ ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը ժամանակին եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։
Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հայկական ատոմակայանի համագործակցության ընդլայնումը համաշխարհային միջուկային կենտրոնների հետ: «Հայաստանն ատոմակայան ունեցող և միջուկային էներգետիկայից հասկացող երկիր է և այդպիսին պետք է մնա երկար տարիներ, քանի որ մենք բոլորս ակնկալում ենք, որ գուցե հինգ, տասը, տասնհինգ, քսան տարի հետո պետք է սկսվի նոր տիպի ջերմամիջուկային կայանների դարը, որոնք շատ ավելի արդյունավետ և անվնաս են լինելու։ Կարծում եմ՝ Հայաստանը գիտության, ինժեներական գիտելիքի փորձառության իմաստով պետք է մնա աշխարհի կենտրոններից մեկը»,-շեշտել է նա: