14
12, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Կատարի Պետություն

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:  

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին:

Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով:

Ֆորումի մասնակցների թվում են նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեն, Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 250 բանախոսներն ու շուրջ 3000 մասնակիցները ֆորումի երկու օրերի ընթացքում քննարկելու են արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումներն ու ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման արդյունավետ համակարգեր ստեղծելու հարցերը:

Ֆորումի գործընկերներն են այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Մյունխենի անվտանգության համաժողովը, Չեթըմ հաուզը, Միջազգային ճգնաժամային խումբը:

***

 

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ուղղություններն ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով մեր երկրի ներդրումային ու մրցակցային առավելությունները՝ նշել է, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկների միջև գործարար շփումների ակտիվացման համար:

Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ իրենց կառույցը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և պատրաստակամ է համագործակցել Հայաստանի համապատասխան կառույցների հետ:

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։

***

 

Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։ Հետագա արդյունավետ փոխգործակցության համար զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց հնարավորությունների բացահայտումը։

Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

***

 

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը։ «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ։

***

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին:

Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին:

«Իրականությունն այն է, որ աշխարհը ոչ միայն բազմաբևեռ է, այլև շատ ավելի բարդ, քան ակնկալում էինք։ Բազմաբևեռ աշխարհի բարդությունների հետ մեկտեղ կան նաև շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Անորոշությունն ավելի շատ է, քան որոշակիությունը, անկանխատեսելի իրադարձություններ ավելի շատ են տեղի ունենում, քան այնպիսինները, որոնք հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել,-նշել է նախագահը։-Ինչու՞ է այս ամենը տեղի ունենում։ Ներկայումս մենք ինչ-որ առումով ժամանակի խաչմերուկում ենք, և այդ ժամանակի դարպասով մուտք ենք գործում դեպի նոր դարաշրջան»։

Նրա խոսքով՝ այսօր բնական, իրական կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի մեկ այլ՝ վիրտուալ կյանք, ինչն ստեղծում է բոլորովին նոր ու տարբեր միջավայր, որն ավելի քվանտային բնույթ ունի. քաղաքականության, անվտանգության ռազմավարությունների համար այլևս հին պարադիգմերը չեն գործելու և անհրաժեշտ է լինելու հաշվի առնել նոր աշխարհի իրողությունները:

«Ես այստեղ կանդրադառնամ մի հարցի՝ «փոքրի» կարևորությունը։ Իմ ներկայացրած բոլոր օրինակները վերաբերում էին «փոքրի ուժին»՝ մեկ կամ երկու տաղանդավոր մարդիկ ստեղծում են հսկայական բազմաֆունկցիոնալ ընկերություններ։ Մեկ կամ երկու քաղաքական գործիչներ, ովքեր մեծ եռանդ ունեն և հասկանում են աշխարհում կատարվողը` օգտագործելով գլոբալ, սոցիալական ցանցը, իրականացնում են հեղափոխություն՝ դառնալով իրենց ժողովրդի հաջորդ առաջնորդը։ Կան երկրներ, որոնք նախկինում հայտնի չէին, բայց, ունենալով հզոր ռազմական ուժ, ստեղծել են իրենց սեփական ռազմական գործիքները, որոնք կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան մեծ ուժերի գործիքներն են,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Այդ «փոքրի ուժը» սկսվում է անհատից, խմբերից, մոտիվացված մարդկանցից, որոնք հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ունենալով մեկ կարգախոս, մեկ թիրախ, մեկ դեր իրենց կյանքում․ այդպես է նաև պետությունների պարագայում։ Անշուշտ, այս աշխարհը բազմաբևեռ է։ Եվ ոչ միայն գերտերությունները, այլ նաև փոքր և հաջողակ երկրներն ունեն իրենց սեփական «հզոր ձայնը»։ Ես ուրախ եմ, որ այդ պարզ գաղափարը կամ ուղերձը հղում եմ հենց այստեղ՝ Դոհայում։ Կատարը հիանալի օրինակ է փոքր երկրի, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև հաջողակ։ Այս «ծովածոցում» շատ այլ երկրներ կան, որոնք նմանատիպ հաջողություն ունեն։ Այդպիսին է Սինգապուրը, որը մեծ ազդեցություն ունի գլոբալ հեռանկարների վրա։ Այդպիսին է Ռուանդան, որի նախագահն այստեղ է: Այո, սրանք փոքր երկրներ են, սակայն ունեն հստակ տեսլական, հստակորեն ընկալում են իրենց առավելությունը և դարձնում այն հաջողություն։ Որոշ երկրներ՝ ինչպես Կատարն է, ոչ միայն օգտագործում է բնական ռեսուրսները, այլև դրանք ծառայեցնում է ապագայի կերտմանը։ Այդ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ՝ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման և տեխնոլոգիաների վրա»։

Խոսելով Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը նույնպես այդ առումով առավելություն ունի: «Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Մեզ հաջողվել է, օրինակ, ստեղծել կրթական և գիտական համակարգ, որը մենք այժմ արտահանում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներ,-նշել է նախագահը։- Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն գլոբալ ազգ ենք։ Աշխարհում ապրող հայերի թիվը չորսից հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հայերի թիվը։ Նրանք վերապրածներ են՝ մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց կենսակերպը՝ իրավիճակին համապատասխան։ Նրանք լավ քաղաքացիներն են այն երկրների, որտեղ ապրում են։ Սա շատ կարևոր է Հայաստանի նախագահի համար՝ գիտակցել, որ հայերը տարբեր երկրներում իրենց դրսևորում են նույն կերպ, ինչպես իրենց սեփական երկրում։ Սա ուժ է, որը, հույս ունեմ, Հայաստանը կդասի այն փոքր երկրների շարքին, որոնք նաև հաջողակ են։ Այո, անշուշտ, աշխարհը բարդ է և բազմաբևեռ։ Աշխարհն այնքան բարդ է, որ մենք դա պետք է կոչենք քվանտային։ Մենք պետք է հասկանանք, թե այս նոր աշխարհն ինչքան արագ է փոխկապակցվում նորագույն տեխնոլոգիաների հետ։ Սա նոր աշխարհ է, որտեղ փոքրը կարող է և՛ գեղեցիկ լինել, և՛ ուժեղ։ Ցանկանում եմ, որ բոլոր փոքր երկրները գիտակցեն, որ կարող են լինել փոքր, բայց հզոր»։

***

 

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և կայունացման գործողությունների հարցերով բյուրոյի ղեկավար Դենիզ Նատալին, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ:

«Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացվող կլոր սեղանի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն ու Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյան հանդես են եկել ելույթով, պատասխանել մասնակիցների հարցերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վոլֆգանգ Իշինգերի կողմից նաև հրավեր է ստացել մասնակցելու Մյունխենի անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին և ներկայացնելու գլոբալ ռիսկերի քվանտային բնույթին վերաբերող իր տեսությունը:

***

 

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և այս առումով համագործակցության մեծ ներուժ ունեն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության ուղղությունների ու հնարավորությունների շուրջ:

← Վերադառնալ