29
11, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում։

Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Մուբադալա ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբադարաքի և էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Սուհայիլ Ալ Մազրուի հետ։

«Վերջին շրջանում մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն էապես առաջ են մղվել Ձեր ջանքերի շնորհիվ։ Դուք մեծ ներդրում ունեք մեր հարաբերությունների առաջընթացի գործում, և մենք այսօր համագործակցում ենք վստահության ու փոխընբռնման մթնոլորտում»,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Խալդուն Ալ Մուբադարաքը՝ ավելացնեով, որ աշխարհում քիչ նախագահներ կան, որ կարողանում են նման բազմաբնույթ քաղաքականություն վարել և լավ են պատկերացնում, թե ինչպես է տնտեսությունն աշխատում։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը նախագահ Սարգսյանին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ասել է. «Մենք օգտագործել ենք այն հնարավորությունը, որ բացել էր նախագահ Արմեն Սարգսյանը հունվարին ԱՄԷ իր այցելության ընթացքում։ Արդյունքում՝ Հայաստան է գալիս մի շատ որակյալ և մրցունակ գործընկեր՝ հիանալի առաջարկով։ Նախատեսում ենք Հայաստանում գործող ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայան ունենալ, որը լինելու է վերականգնվող էներգիայի հիմքի վրա»։

Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս համագործակցությունը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար։

«Սա մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է։ Մենք միասին կարող ենք շատ ավելին անել։ Պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք և կունենանք լավ արդյունք, որը շահեկան կլինի թե՛ ձեզ, թե՛ Հայաստանի համար, -ասել է Հանրապետության նախագահը։-Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, և մենք պետք է շատ զգույշ լինենք մեր բնության հանդեպ։

Էներգաարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը ոլորտներ են, որոնց նկատմամբ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի ոչ միայն այն առումով, որ Հայաստանը շատ ավելի կանաչ կդարձնի, այլև՝ օգտակար կլինի Հայաստանի էներգետիկայի համակարգը հավասարակշռելու առումով»։

Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա մուտք գործելու հարթակ։ Նա հույս է հայտնել, որ ինչպես տարեսկզբի, այնպես էլ այս հանդիպման արդյունքները իրենց նպաստը կբերեն հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում ընթացող Մուբադալա բիզնես ֆորումին և կարճատև զրույց ունեցել «Սիմենս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Նշվել է, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել, մասնավորապես, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, սննդի անվտանգություն, զբոսաշրջության, անշարժ գույքի և մի շարք այլ ոլորտներ։

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձևավորել։

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույնններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ։

Telefonica-ն ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և տվյալների փոխանցման, պահպանության ծառայություններ է մատուցում 24 երկրում և ունի ավելի քան 350 միլիոն հաճախորդ։

Զրուցակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները և հնարավորությունները՝ նշելով, որ մեր երկիրը նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջ է ընթանում հաստատուն քայլերով։

Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները մասնավորապես ամպային (cloud) տեխնոլոգիաների ոլորտում և առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկությունները։

***

 

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։

Մարիամ Ալ-Մուհեյրը Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։

Նախագահ Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել և օգտագործել առկա մեծ ներուժը։

Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄԷ-ի կառավարությունների միջեւ համապատասխան համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։

*** 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև Սաուդյանի Արաբիայի թագաժառանգ փոխվարչապետ, պաշտպանության նախարար շեյխ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի, այլ պաշտոնատար ու գործարար անձանց հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ընդլայնման հնարավորությունները:

***

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը հակիրճ տեղեկացրել է աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

***

 

Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ Աբու Դաբիում ներկա է գտնվել երկրի Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո:

← Վերադառնալ