17
11, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Կատարի Պետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։

Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։

Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։ 

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ։

Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական զարգացման գործընթացներում և նշանակալի դեր է ունեցել այդ ոլորտներում իրականացվող մի շարք ազգային և միջազգային նախագծերում։

Հայաստանի նախագահին ներկայացվել են Կատարի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու կառուցվածքը, իրականացվող ծրագրերը։ Տեղեկացվել է, որ Հիմնադրամը նպատակ է հռչակել աջակցելու երկրին՝ «մարդկային ներուժը բացահայտելու միջոցով վերածվելու գիտահեն տնտեսության»։ Այն ներառում է մի շարք հաստատություններ, այդ թվում՝ գիտատեխնոլոգիական պարկը, գրադարանը, Կրթական քաղաքը։ Կրթական քաղաքում տեղակայվել են միջազգային մի շարք հեղինակավոր՝ Ջորջթաունի, Կոռնելի և այլ հեղինակավոր համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնաճյուղերը՝ ստեղծելով ակադեմիական և գիտահետազոտական եզակի մոդել։ Հիմնադրամի հայտնի նախաձեռնություններից է 2009 թվականից անցկացվող Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը, որը հանդես է գալիս որպես կրթական ոլորտում նորարարությունների և նոր մոտեցումների ներկայացման գլոբալ հարթակ։

Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Վերջինս նախագահ Սարգսյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի բացմանը մասնակցելու համար։

Շրջայցից իր տպավորությունները հայտնելով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության հնարավորությունները մեծ են, քանի որ ունեն ընդհանուր և համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական հանգույց, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, լինել ժամանակակից ու նորարար, քանի որ 21-րդ դարը արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, և հաջողության հասնելու համար պետք է կարողանալ արագ հարմարվել նոր իրողություններին։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը։ Նշելով, որ այն ունենալու է մի քանի բաղադրիչ՝ ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, ստեղծվելու է ապագայի թանգարան` նախագահն ասել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի նաև դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։

Համաձայնելով, որ գործակցության ներուժն ու հնարավորություններն հսկայական են` զրուցակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխգործակցության ուղղությունները հստակեցնելու համար։

***

 


Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։

Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Կատարի ազգային գրադարանը ծառայում է որպես հետազոտական համալսարանական և հանրային գրադարան, որը հագեցած է ժամանակակից թվային սարքավորումներով: 2018 թ․ տվյալներով՝ գրապահոցներում պահվում է մոտ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Այցի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս գրադարանը յուրօրինակ հաստատություն է։ 

Անդրադառնալով Կատարի հիմնադրամի ղեկավար շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ հանդիպմանը՝ նախագահը նշել է, որ շեյխուհին տեսլական ունի և՛ իր երկրի, և՛ ընդհանրապես մարդկության զարգացման վերաբերյալ․ «Կատարցիների վերաբերմունքը համաշխարհային մշակույթի, գիտության հանդեպ շատ յուրօրինակ և արժեքավոր է: Կատարի հիմնադրամը ոչ միայն հսկա տարածք է, այլ նաև հսկայական ներդրումներ: Այստեղ են գործում աշխարհի լավագույն համալսարանների մասնաճյուղերը, մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարվում ոչ միայն արաբերենի, արաբական մշակույթի և կրոնի հետ կապված, այլև մի շարք այլ ոլորտներում, սկսած՝ միջուկային ֆիզիկայից վերջացրած՝ ժամանակակից կենսաբանությամբ: Այստեղ սովորելու լայն հնարավորություններ կան»:

Նախագահը նշել է, որ Հայաստանի և Կատարի միջև ստեղծվելիք աշխատանքային խումբը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել շեյխուհի Մոզայի հետ հանդիպմանը, կուսումնասիրի, թե ինչ ուղղություններով է հնարավոր համագործակցել, այդ թվում՝ ուսանողների փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում՝ սկսած ֆիզիկայի նոր ոլորտներից մինչև պատմություն ու մշակույթ։ «Կատարի հիմնադրամի շրջանակը լայն է, և այստեղ սովորողների մեծ մասը՝ մոտ 60-70 տոկոսը, օտարազգիներ են։ Հետևաբար, համագործակցությունը Հայաստանի հետ շատ էական է, քանի որ մեր տեսլականն է Հայաստանը դարձնել գիտության, կրթության, մշակույթի միջազգային կենտրոն։ Իրենք նույնն այստեղ են անում, ուստի մեր համագործակցությունը տրամաբանական է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

***

 


Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։

Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Թինքճյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական «Մեսրոպյան» վարժարանի սաները։

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն օրը պատմական և սպասված է համարել բոլորի համար։ «Կատարը բարեկամական երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Երկար տարիներ բոլորս սպասել ենք դեսպանության բացմանը։ Իմ բազմաթիվ այցերի ժամանակ, երբ հանդիպում էի ձեզնից շատերին, խոսվում էր, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը վերջապես Կատարում ունենալու իր դեսպանությունը,- հիշել է նախագահը։ - Այսօր դա իրականություն է, և կարծում եմ՝ հատկապես ձեր՝ Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի, քանի որ դուք ավելի սերտ ու անմիջական կապված կլինեք հայրենիքի հետ, հայրենիքի ներկայությունը կլինի ոչ միայն ձեր սրտերում, այլև ձեր ամենօրյա կյանքում։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Կատարը շատ անելիքներ ունեն թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության ոլորտներում, թե՛ գործարար հարաբերություններում և մշակութային կյանքում։ Դեսպանատունը պետք է այն կամուրջը լինի, որ ոչ միայն ձեզ կապի հայրենիքին, այլև Հայաստան-Կատար հարաբերությունները սերտացնի։ Այսինքն, ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում եմ, որ ակտիվորեն ներգրավվեք և մասնակից լինեք Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացմանը»։

Շնորհավորելով բոլորին դեսպանության բացման առիթով՝ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին՝ դեսպանատան բացմանն աջակցելու համար։ «Դեսպանատան բացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարի կամքն ու հսկայական, նաև՝ նյութական աջակցությունը։ Իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում թե՛ Կատարի ժողովրդին, թե՛ կառավարությանը, թե՛ էմիրին,-ընդգծել է նախագահը։ - Սա բարեկամության առանձնահատուկ քայլ է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի այն, պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն։ Այնպես որ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, բարի գալուստ ձեր տուն»։

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ «Սա շատ կարևոր է և էական։ Կարևոր է մեր միջպետական հարաբերությունների համար, քանի որ այն մեկ ուրիշ՝ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ է ապահովում, և հույս ունեմ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում,-նշել է նախագահը։ - Այդպիսով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն, կընդարձակվեն, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ մեր համագործակցության բոլոր ոլորտներում՝ գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, շինարարության, գործարար կյանքի, ինչպես նաև քաղաքականության»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության խորացմամբ․ «Հնարավորություն ունեցա այցելել Կատարի հիմնադրամ, հանդիպել հիմնադրի հետ։ Այդ հաստատությունը հոյակապ է և տպավորիչ։ Այս փոքր երկիրը գիտակցում է կրթության, մշակույթի, գիտության կարևորությունը և նայում է դեպի ապագա։ Մեզ համար սա ինչ-որ իմաստով լավ ու բարեկամ մրցակցի օրինակ է, որովհետև 21-րդ դարում մենք նույնպես մեր ներդրումը պետք է բերենք ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային մշակույթի, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, քանի որ դա է ապագան»։

Նա նշել է, որ ներկայում աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ փոփոխություն բոլորի համար առաջացնում է խնդիրներ, բայց յուրաքանչյուր դժվարություն նաև հնարավորություն է այն ժողովուրդների համար, որոնք ունեն կենտրոնանալու, համախմբվելու ունակություն և առաջ շարժվելու հստակ ծրագիր։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում նաև այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ - Ես ակնկալում եմ, որ մենք բոլորս միասին մեր ներուժը, եռանդը, փորձառությունը, գիտելիքները համախմբված ներդնենք մեր երկրի հաջողության համար՝ միաժամանակ երբեք չմոռանալով մեր ինքնությունը։ Շատ էական է, որ ցանկացած նոր ծնված հայ երեխա կրի ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Ճանապարհը, թե ուր ենք գնում մենք, անցնելու ենք միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ հաջողության և հաղթանակի ուրիշ ուղի չկա»։

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։

Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետության կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանն աջակցելու համար՝ նշելով, որ այն նոր որակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները և հույս հայտնելով, որ մոտ ապագայում Կատարը ևս իր դեսպանությունը կունենա Երևանում:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ ունի։

Փոխգործակցության համար մասնավորապես հետաքրքիր են համարվել շինարարության, անշարժ գույքի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում։

***

 

Կատարի Պետության էմիրի դիվանում տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։

Բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության նախագահին և ընդգծելով իրենց երկար տարիների անձնական գերազանց փոխհարաբերությունները՝ էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ մեր երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ Նախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, ինչպես նաև Դոհայում ուսանելու հնարավորությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ տպավորված է Կատարի հիմնադրամի գործունեությամբ։ «Սա նաև միջազգային կենտրոն է և շատ ընդհանրություններ ունի զարգացման մեր տեսլականի հետ,- նշել է նախագահ Սարգսյանը,- ուստի որոշել ենք ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ հստակեցնելու համագործակցության ուղղությունները»։ Նախագահն ընդգծել է գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում։

***

 

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի նստավայրում՝ դիվանում, տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դիվանի մուտքի առջև նախագահ Սարգսյանին ողջունել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության օրհներգերը։ Նախագահ Արմեն Սարգսյանը էմիր Թանիի ուղեկցությամբ կատարել է Պատվո պահակախմբի ստուգայց։

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը ողջունել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամներին։

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։

Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակացության հաստատումը։

Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ մասնավորապես նշվել են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շարունակման մասին։

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։

Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակացության հաստատումը։

Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ մասնավորապես նշվել են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շարունակման մասին։

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը, սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության անդամ է և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ առաջարկել։ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը նախագահը լավ հնարավորություն է համարել ոչ միայն զբոսաշրջության, այլև երկկողմ գործարար կապերի զարգացման համար։ «Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հսկա ժառանգությամբ ու հնագույն պատմությամբ երկիր է, այլև ունի բավականին արագ զարգացող զբոսաշրջության և սպասարկման ոլորտ, նաև՝ կայացած բանկային համակարգ։ Այնպես որ, հրավիրում եմ Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին և գործարար հնարավորություններին, ձեզ համար բացահայտելու մեր երկիրը։ Մեր դուռը բաց է ձեզ համար»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից Հայաստանի նախագահը հեռանկարային է համարել զբոսաշրջության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, ոսկերչության և այլ ոլորտներ։

Կատարի գործարարների ասոցիացիայի անդամները ողջունել են նախագահ Սարգսյանի այցն իրենց երկիր և Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարցի գործարարների այց կազմակերպել Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով։

***

 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։

Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային բազմոլորտ հարթակ է:

Գագաթնաժողովը Կատարի հիմնադրամի նախաձեռնություններից մեկն է, անցկացվում է հիմնադրամի նախագահ և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հովանավորությամբ՝ սկսած 2009 թվականից։ Գագաթնաժողովի նախկին բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը և այլ հեղինակավոր գործիչներ։

Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։

Ելույթ ունենալով համաժողովում՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է․

«Ցանկանում եմ սկսել շնորհակալության խոսքով՝ ուղղված Նորին Գերազանցությանը, որը հրավիրել է ինձ ներկա գտնվել այստեղ ոչ միայն խոսելու, այլև լսելու և սովորելու համար, քանի որ կրթությունը հավերժ է և բոլորի համար:Կրթությունը մեր կյանքի, մեր գործունեության, մարդկության ամենակարևոր մասն է:

Ցանկանում եմ Նորին Գերազանցությանը շնորհակալություն հայտնել նաև Կատարի հիմնադրամ այցելելու հնարավորության համար: Այն իսկապես միջազգային հիանալի, ապագային նայող վայր է: Սակայն ամենաշատն ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ գրադարան այցելությունը կազմակերպելու համար: Ես իսկապես մեծ հաճույք ստացա: Դրա մի մասը, որը նման է հնագիտական վայրի, պարունակում է 65 հազար ձեռագրեր, որոնք պատմում են ոչ միայն Կատարի, այլև ողջ տարածաշրջանի մշակույթի ու մարդկության պատմությունը: Կան միլիոնավոր գրքեր, որոնք պատմում են այսօրվա մարդկության պատմությունը, ներկայացնում են ողջ հարստությունն այն ամենի, ինչ ունենք՝ գիտություն, տեխնոլոգիաներ, մշակույթ: Այնտեղ գտնվելու ժամանակ իմ մեջ միտք առաջացավ այս վայրը անվանել «ժամանակի դարպաս», որը մեզ կապում է հարյուր հազարավոր տարիներ հետ գնացող մեր անցյալի հետ, սակայն նույն գրադարանում կարող ես նայել դեպի ապագան, մտածել, թե ուր պետք է շարժվել:

Իհարկե, երբ մտածում ես «ժամանակի դարպասի» մասին, սկսում ես մտորել ժամանակի մասին, այն մասին, թե որտեղ ենք մենք ու ինչ ենք անում: Այսօր աշխարհը փոքր-ինչ շփոթված է․ մենք չգիտենք, թե ուր ենք շարժվում, այնքան շատ հարցեր կան ու քիչ պատասխաններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այս աշխարհում: Աշխարհն անկանխատեսելի է թվում, անկառավարելի: Ի՞նչ ենք անելու հաջորդիվ:

Թույլ տվեք այս մասին հայտնել իմ կարծիքը, և ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպաս»-ը՝ հետ գնալով 100-150 տարի: 100-150 տարի առաջ մարդկությունն օգտագործում էր այն մեծ գաղափարներն ու տեսությունները, որոնց հեղինակներն էին Իսահակ Նյուտոնն ու մյուսները: Դասական մեխանիկան կառավարում էր ամեն բան, այն պատասխան էր տալիս ամեն հարցի: Գիտությունը կարողանում էր բացատրել ամեն բան, այդ թվում՝ տիեզերքն ու մոլորակները: Սակայն աստիճանաբար իրավիճակը փոխվեց։ Հատկապես խորը տիեզերական ուսումնասիրությունների կամ փոքր մասնիկների ուսումնասիրությունների ժամանակ դասական մեխանիկան այլևս չէր կարողանում շատ երևույթների բացատրությունը տալ: Երբ համեմատում ես 150 տարի առաջ գիտության մեջ տեղի ունեցած երևույթները ներկայի հետ, տեսնում ես, որ պատմությունը կրկնվում է: Այսօր ևս գիտությունը փոքր-ինչ շփոթված է, շփոթված են գիտնականների, ուսուցիչների, համալսարանների մեծ մասը, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ սովորեցնել երեխաներին, այնքան շատ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Իսկ պատասխանը եկավ ինքն իրեն: Մարդկային հանճարները, ի դեմս Ալբերտ Էյնշտեյնի, Հայզենբերգի և մյուսների, ստեղծեցին հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան: Սա ամբողջությամբ փոխեց մեր մոտեցումը, փիլիսոփայությունը և տրամաբանությունը շատ հարցերի նկատմամբ:

Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է: Հաջորդ 100 տարիների ընթացքում աշխարհը, երկրներն ու հասարակությունները, մենք բոլորս քաղելու ենք այն արդյունքները, որոնք բերել է քվանտային աշխարհի նոր մտածելակերպը:

Երբ մտածում եմ մեր օրերի աշխարհի մասին, այսօր շփոթմունքն ավելի մեծ է: Ի՞նչ պետք է անել հաջորդիվ: Ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպասը»: Աշխարհը բացարձակ տարբեր է: Երբ նայում եմ «ժամանակի դարպաս»-ի միջոցով, տեսնում եմ հետևյալ կարգախոսը՝ «Բարի գալուստ նոր, քվանտային աշխարհ»: Սա մի աշխարհ է, որտեղ կարևոր է անհատի ուժը: Նայեք մեր երեխաներին: Նրանք ծնվում են, բնության հետ նրանց առաջին շփումը ոչ միայն մեխանիկական է կամ նյութական, այլև վիրտուալ: Նրանք սկսում են ապրել երկու կյանքով՝ իրական ու վիրտուալ: Սմարթ հեռախոսները դառնում են նրանց առօրյայի մասը: Նրանց համար իրական գրքերը չաշխատող iPad-ներ են:

Փոխվել է առողջապահությունը: Արհեստական բանականության, քվանտային ֆիզիկայի ներդրմամբ մենք կկարողանանք շատ արագ կարդալ մեր ԴՆԹ-ն, կկարողանանք ավելի երկար ապրել, հաղթել հիվանդություններին:

Կփոխվի նաև արդյունաբերությունը: Այսուհետ մեքենա կարող են ստեղծել երկու ռոբոտներ:

Այս դեպքում՝ ո՞րն է լինելու մարդկային գործունեությունը: Մարդկային գործունեությունը լինելու է ստեղծարարությունը, դիզայնը, այս ամենի վերահսկումը: Անհատներն այսուհետ փոխկապակցված են լինելու: Մենք արդեն քվանտային ենք այն առումով, որ մեր հաղորդակցումը կարող է տեղի ունենալ լույսի արագությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գրպանում գիտելիքների մի ամբողջ շտեմարան ունի: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք կարող ենք դա օգտագործել, կարևոր ու գեղեցիկ բան ստեղծել այդ գիտելիքից:

Քվանտային աշխարհում, որտեղ մենք ապրելու ենք, լինելու է անհատի ուժը: Մենք արդեն իսկ ապրում ենք այդ աշխարհում: Քվանտայինը դարձել է նաև մեր քաղաքականության մի մասը»,-ասել է նախագահը:

Իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորել է կրթությունը՝ տաղանդը գտնելու իր կարևոր առաքելությամբ: «Ամեն երեխա ծնվում է տաղանդով: Բախին չեն սովորեցրել գրել երաժշտություն, նա ծնվել էր այդ տաղանդով, սակայն պետք է ստեղծել ճիշտ միջավայր և խրախուսել տաղանդը,- ասել է Արմեն Սարգսյանը: - Իհարկե, տաղանդ գտնելը հեշտ չէ, դա պահանջում է համբերություն, սեր, մեծ աշխատանք: Սակայն դա շատ կարևոր է, որպեսզի երեխաները գտնեն իրենց տաղանդը»։

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ եթե նույնիսկ մարդը հաջողակ, տաղանդավոր և հզոր է, երբեք չպետք է մոռանա, որ իր շուրջը կան հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք հասանելիություն չունեն նույն տեխնոլոգիաներին, տեղեկատվությանը: Ուստի, երբեք չպետք է մոռանալ մյուսների մասին: «Հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում՝ քիչ հայտնի վայրում: Պարտականություն ունեք միշտ հիշել այդ ամենի մասին»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեր կանքի նոր խթանիչ ուժը պետք է լինի այն, որ երիտասարդները հավատան իրենք իրենց: «Դուք պետք է հավատաք, որ կարող եք լինել ստարտափ և լինել հաջողակ, քանի որ սա ստարտափերի ժամանակաշրջան է,-ասել է նախագահը։ - Հավատացեք ինքներդ ձեզ: Արդյոք գիտելիքները, տեղեկատվությունը բավական են: Կարծում եմ՝ ոչ, քանի որ կա մեկ այլ՝ ավելի կարևոր բան՝ ձեր ինքնությունը, ձեր մարդկային արժեքները, հավատը, ձեր մշակույթը: Դուք պետք է ձեր մշակույթը շատ լավ իմանաք: Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ տաղանդը բացահայտելու և դրան աջակցելու համար, բայց նաև պետք է համոզված լինենք, որ, այդ տաղանդը կարող է ավելի հարստանալ մշակույթի, ազգի, ընտանիքի շնորհիվ:

Մարդկային էներգիան, տաղանդն ու հանճարը կարող են լինել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ: Այն, ինչը մեզ պաշտպանում է, մարդկային արժեքներն են, սեփական պատմության, մշակույթի, կրոնի մասին գիտելիքները, ինչը շատ կարևոր է: Ես հավատում եմ, որ կարող ես ապրել անապատում ու ունենալ հաջողակ կյանք, անապատում ստեղծել գիտելիք ու մշակույթ: Սակայն չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում»։

Ելույթի վերջում հաջողություն մաղթելով բոլորին՝ նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մարդ մնում է երիտասարդ, երբ ապրում է ամեն օր մի նոր բան սովորելով, սովորեցնելով կամ ստեղծելով: «Մաղթում եմ բոլորին երիտասարդ, գեղեցիկ ու առողջ կյանք»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:

***

 

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։

Նորին Մեծությունը ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Կատարի Պետություն։

***

 

«Ես այս երկիրը շատ լավ գիտեմ, երկար տարիներ այցելել եմ, շատ բարեկամներ ունեմ թե՛ երկրի ղեկավարության, թե՛ գործարար շրջանակներում, թե՛ ուսումնական, գիտահետազոտական ոլորտներում։ Ուրախ եմ, որ երկար տարիների կապերը, հանդիպումները, գաղափարներն այսօր ծառայում են մեր երկրին, պետությանը, մեր ժողովրդին, -լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կատարի Պետություն այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ - Այցը բավականին ինտենսիվ էր։ Արդյունքները շատ պարզ են․երկու կողմից հայտարարվեց մեր շատ մոտ հարաբերությունների մասին։ Պարզ արդյունքը՝ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ․ Հայաստանից Կատար և Կատարից Հայաստան զբոսաշրջությունը շատ արագ կզարգանա։ Սա նաև դուռ է բացելու, որ գործարարներն ավելի արագ ու հանգիստ գան Կատար, տեսնեն հնարավորությունները, որոնք բավական մեծ են։ Եվ հակառակը, կատարցիները գան Հայաստան, տեսնեն՝ ներդրումներ անելու ինչ հնարավորություններ կան։

Այցի մյուս մասը շեյխուհի Մոզայի հրավերն էր։ Նա էմիրի մայրն է, ողջ աշխարհում հայտնի է որպես մեկը, ով ունի տեսլական մասնավորապես գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ։ Նախանձելի են նրանց արդյունքները, քանի որ ստեղծել են Կատարի հիմնադրամը, որը կրթական հսկայական միջազգային պլատֆորմ է։ Մեր հանդիպումների արդյունքում դռներ բացվեցին։ Հուսով եմ, որ մեր պետական գործիչները, ուսումնական, գիտահետազոտական հաստատություններն, ինչպես նաև անհատները, որոնք ցանկություն կունենան կրթություն ստանալ այստեղ, կարող են գալ սովորելու։ Ուրախ կլինեմ, որ մեր երիտասարդներն այստեղ լավ կրթություն ստանան, հետո վերադառնան հայրենիք։

Ինչ վերաբերում է գործնական հարաբերություններին, ուղղությունները մի քանիսը կարող են լինել։ Կատարում նախ և առաջ շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նույն WISE-ի (Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի) կոնֆերանսում մեր առաջին խոսակցությունն արհեստական բանականության մասին էր։ Ամեն մարդ գիտակցում է, որ առանց արհեստական բանականության չես կարող վաղը տիեզերանավեր օգտագործել, կառավարել ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ընդհուպ կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն անհնարին կլինեն։ Հետևաբար, արհեստական բանականությունը շատ էական է։ Կատարի ղեկավարին հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան, հրավիրեցի նաև գործընկերներին ու շեյխուհի Մոզային՝ մասնակցելու միջազգային մի քանի կոնֆերանսների, որ տեղի կունենան Հայաստանում։ Դրանցից են Մտքերի հայկական գագաթնաժողովը՝ հաջորդ տարվա հունիսին, և գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի փառատոնը՝ STARMUS-ը։ Նրանք շատ հետաքրքրված են գալ։ Նրանք շատ հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով, հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ մենք ունենք ներուժ։ Մենք դեռևս չունենք այդ ինդուստրիան, բայց ունենք տաղանդավոր ծրագրավորողներ, որոնք կարող են դառնալ այդ արդյունաբերության հիմքը։ Սակայն մենք դեռ շատ պետք է աշխատենք և աջակցենք այդ ոլորտին, քանի որ ցանկացած ոլորտ համաշխարհային մակարդակի բարձրանալու համար աջակցության կարիք ունի։ Մեր հարևան և ոչ հարևան պետությունները, ողջ աշխարհը մտածում են, որ իրենց երկրի ու աշխարհի ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ։ Այսինքն, մենք նաև մրցակցության մեջ ենք, և լավագույն գաղափարներն ու ֆինանսավորումն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծենք՝ տաղանդավոր մարդիկ, լավ համալսարաններ, լավ կրթական համակարգ, գուցե ֆինանսական, հարկային աջակցություն։ Պետք է ցույց տանք, որ մեր միջոցով կարող են հնարավորություն ունենալ իրենց արդյունքն իրացնել շատ ավելի մեծ՝ եվրասիական շուկայում։

Մյուս հետաքրքիր թեման սննդի անվտանգությունն է, որն էական է և՛ Կատարի, և՛ Պարսից ծոցի երկրների, և՛ Հայաստանի համար։ Սննդի անվտանգությունը դրա որակի անվտանգությունը չէ, այլ՝ համաչափ բաշխված, մշտական, կայուն արտադրություն և ներմուծում ունենալը։ Հայաստանի դեպքում ճիշտ է նաև, որ նա դառնա ոչ միայն սեփական, այլև օտար ծագում ունեցող սննդամթերքներ վաճառող երրորդ շուկաներին։

Եվ երրորդը՝ Կատարը, լինելով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, ունի զանազան մեխանիզմներ ու հիմնադրամներ, որոնք ներդրումներ են կատարում տարբեր երկրներում ու տարբեր ոլորտներում՝ սկսած լեռնամետալուրգիայից, հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն։ Հայաստանը կարող է ներգրավել ֆինանսական ներդրումներ»։

Ամփոփելով այցը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն ինչ-որ իմաստով նոր էջ է բացում Հայաստան-Կատար հարաբերություններում, որն ունի Կատարի և նրա ղեկավարության աջակցությունը։ «Երևան վերադառնալուց հետո ես կքաջալերեմ, որ այս հարաբերությունները շատ ակտիվ զարգանան»,-ասել է Հայաստանի նախագահը։

← Վերադառնալ