21
10, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ճապոնիա

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:

Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են լինել տարբեր ոլորտներում Էստոնիայի անցած ճանապարհն ու կուտակած փորձը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Ընդգծելով մարդկանց միջև շփումների խթանման անհրաժեշտությունը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը։

Նախագահները խոսել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդեն նման ծրագրեր իրականացնում է այլ երկրների հետ։

Էստոնիայի նախագահ Կալյուլայդը հետաքրքրվել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների և իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահի դիրքորոշմամբ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել մարդասիրական նախաձեռնություններին: Մտահոգություն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ միջազգային հանրությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։  

 

***

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:

Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը և ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։

Նա ևս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։

Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետը վերահաստատել են Բելգրադում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես անդրադարձել սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու մտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությանը։ Վարչապետ Բռնաբիչն ասել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալու համագործակցության ուղղություններին ու հնարավոր ծրագրերին։

Սերբիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կստորագրի Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ «Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Սերբիայի համար:

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը:

Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են գտնվել պատվիրակներ աշխարհի 183 երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Միապետին գահակալման առթիվ շնորհավորական խոսք է ուղղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:

Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանիշն է և իրականացնում է արարողակարգային գործառույթներ: Ճապոնիայի՝ այժմ արդեն նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., և մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն և ներդաշնակություն»։ Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն այս դինաստիայի, որը գոյություն ունի ավելի քան 2600 տարի՝ 126-րդ կայսրն է:

 

*** 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է միապետին գահակալության առթիվ։

Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիսավոր տոնակատարության շրջանակում զրույցներ է ունեցել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդի, Ուելսի արքայազն Չարլզի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերի, Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեերենբեկովի, Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը Ֆրանսիան ներկայացնող՝ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

 

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ,
Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։

«Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։

Ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։

Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության մասին։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցությունը, որը կարող է ընդգրկել նոր տեխնոլոգիաների, կրթության ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:

 

*** 

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։

Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։

Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ու ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ժամանակն է նոր թափ ու որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին»։

«Հայ-ուզբեկական կապերն ունեն պատմական խորը արմատներ, որոնք արժևորվում են երկու երկրներում»,-նշել է Սենատի նախագահը։ Նա ընդգծել է Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը՝ նշելով, որ նրանք վայելում են ուզբեկ ժողովրդի հարգանքը և բարեկամական վերաբերմունքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է նոր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտների զարգացմանն ուղղված նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համատեղ գործունեության մեծ հնարավորությունները։

Տանզիլա Նարբաևան ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։

Ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

 

***

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։

«Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Հարցը մեր երկրի համար շատ զգայուն է. Հայաստանը, ինչպես Ճապոնիան, ունի ատոմային էլեկտրակայան, և խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքը և միջուկային թափոնները»:

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը նշել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել։ Նա ասել է, որ պատրաստ են այլ երկրների գործընկերների հետ կիսել Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքներն ու դասերը, մասնավորապես, ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնական աղետներից պաշտպանվելու հնարավորություններին, միջուկային անվտանգության կարգավորումներին, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող այլ հարցերի։ Նախագահ Սարգսյանը կարևորել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Կողմերը պայմանավորվել են ոլորտի մասնագետների փոխայցելությունների ու փոխանակման ծրագրերի շուրջ։

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալությունը կառավարությանն առընթեր մարմին է, որը գործում է 2012 թվականից:

 

***

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։

Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,- նշել է վարչապետ Աբեն:

Շնորհակալություն հայտնելով կայսեր գահակալության պատմական իրադարձությանը մասնակից լինելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Թեև մենք աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու ենք, սակայն մոտ ենք մեր արժեքներով, մեր մշակույթով ու պատմությամբ։ Երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, որոնք տարբեր առումներով ունեն շատ նմանություններ։ Մենք պետք է նայենք առաջ: Ապագան ենթադրում է համագործակցություն: Հավատացած եմ, որ կարող ենք միասին շատ բան անել»: Նա փոխգործակցության համար հեռանկարային է համարել նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ հոսքերի տեղեկատվության կառավարման ոլորտները։

Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում ճապոնական ընկերություններին ևս տեսնել մեր երկրում»,- ընդգծել է նախագահը:

Նշելով, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում արտակարգ իրավիճակների կառավարման և բնական աղետների դեմ պայքարի, տարերային աղետների կանխարգելման գործում ճապոնական օժանդակությունը մեր երկրին»: Նա կարևորել է նաև միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ու երկրաշարժերի կանխատեսելիության ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Նշելով, որ երկու երկրները ստորագրել են ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը գործուն հնարավորություններ է ստեղծում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով կայացած բանկային համակարգ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ։ Նա համագործակցության առումով հեռանկարային է համարել նաև սննդի անվտանգության ոլորտը։

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ երկու երկրները միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու կարիք ունեն։ Նա կարևորել է ճապոնական ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության ներուժի և հնարավորությունների մասին տեղեկացնելը: «Կարևոր է իրազեկել ընկերություններին այն մեծ ներուժի մասին, որ Հայաստանն ունի, ինչպես նաև տեղյակ պահել, որ Դուք՝ որպես նախագահ, մեծապես կենտրոնացած եք նման կարևոր ոլորտների զարգացման վրա»,-նշել է վարչապետ Աբեն: Այդ նպատակով նա կարևոր է համարել համատեղ բիզնես ֆորումի անցկացումը։

Հայաստանի նախագահն իր և կառավարության անունից Ճապոնիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան։ «Ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել մեր երկրում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցերին:

«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,- ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հայ-ճապոնական հարաբերությունների մասին լրագրողի հարցին: «Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է նախագահը:- Դա շատ հստակ երևում էր նաև այսօր՝ վարչապետի հետ մեր հանդիպման ժամանակ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ նախորդ հանդիպումների ընթացքում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները բազմաթիվ ուղղություններ ունեն: Երկու երկրները համագործակցում են տարբեր ձևաչափերում, ինչը, նրա խոսքով, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ հայ-ճապոնական հարաբերությունները խորը հիմք ունենալով՝ մեծ արագությամբ կարող են առաջ ընթանալ:

«Շատ էական եմ համարում, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք մի քանի ուղղության վրա,-ընդգծել է նախագահը:- Առաջինն այն է, որ երկու երկրներն էլ այնպիսի տարածքում են, որտեղ բնական աղետների, երկրաշարժերի վտանգը մեծ է։ Հետևաբար, երկուսիս համար էլ շատ էական է նախօրոք իմանալ, կանխորոշել նմանատիպ իրադարձությունների հավանականությունը: Իհարկե, շատ բարդ է կանխորոշել մի բան, որը կախված է բնությունից, բայց դա հնարավոր է նոր տեխնոլոգիաների շնորհիվ»: Նախագահն ավելացրել է, որ երկու երկրներն արդյունավետ կարող են համագործակցել հատկապես բնական աղետների կառավարման, միջուկային անվտանգության և միջուկային թափոնների կառավարման բնագավառներում, քննարկել համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունը միջուկային վառելիքի, աղտոտված ջրերի մեկուսացման ոլորտներում: Չափազանց կարևոր համարելով բնական աղետների կանխորոշման, ժամանակին հանրությանն իրազեկելու հարցում համագործակցությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այս հարցում նորից գնում ենք արհեստական բանականության և մեծ տվյալների կառավարման ուղղությամբ, որտեղ Ճապոնիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է»:

Անդրադառնալով իր այցին՝ նախագահը նշել է, որ իր նպատակը միայն կայսեր գահակալության արարողությանը ներկա գտնվելը չէր, թեև այն ինքնին պատմական իրադարձություն է: «Իմ մյուս նպատակը հանդիպումներ ունենալն է պետական կառույցների և ճապոնական այն խոշոր ընկերությունների հետ, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, արհեստական բանականությամբ և մեծ թվային տվյալների վերամշակմամբ,-նշել է նա: - Այս երեք ուղղություններից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի մեր կյանքի բոլոր ոլորտներում, բայց Հայաստանը և Ճապոնիան կարող են ընտրել որոշակի տիրույթ, որը կապված կլինի բնապահպանության, բնական արհավիրքների, երկրաշարժերի և միջուկային անվտանգության հետ: Ե՛վ Ճապոնիան, և՛ մենք հետաքրքրված ենք այդ խնդիրների լուծմամբ, հետևաբար, իրենք նույնպես հետաքրքրված կլինեն մեզ հետ համագործակցել այդ ոլորտներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կա այդ երեք ուղղություններում աշխատելու ներուժ»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է ունենալ լավագույն տեխնոլոգիաները, բայց դրա համար պետք է շատ աշխատել, ունենալ հստակ ծրագիր, ռեսուրսներ, մարդիկ, այդ թվում՝ արտերկրում ապրող հայերը, որոնք ոլորտի մասնագետներ են կամ հաջողության են հասել նշված ոլորտներում: «Պետք է գրավիչ դարձնենք Հայաստանը օտարների համար: Մենք պետք է լիովին ներգրավված լինենք այն բոլոր ուղղությունների, զարգացումների մեջ, որ տեղի են ունենում աշխարհում,-ընդգծել է նախագահը:- Պետք է աշխատենք բոլորի հետ՝ ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների, չինացիների, հնդիկների և, իհարկե, ճապոնացիների : Պետք է իրականություն դարձնենք այն ներուժը, որն ունենք, և դա անելու ճանապարհներից մեկն աշխարհի լավագույններից մեկի հետ համագործակցությունն է»:

Նախագահը նշել է, որ կողմերը դեռևս պետք է լիարժեք բացահայտեն միմյանց. «Ճապոնական ընկերությունների հետ դեռևս երկխոսության վաղ շրջանում ենք, դեռ պետք է ծանոթանալ միմյանց, գտնել գործընկերներ: Փնտրելիս պետք է դիտարկել ոչ միայն հայաստանյան ընկերությունները, այլև գուցե այն հայերին, որոնք միջազգային մեծ ընկերություններ են կառավարում, և նրանց ևս ներգրավել ,-ասել է նախագահը: -Էական է, թե մենք ինչ կարող ենք առաջարկել մարդկանց, և դրա համար պարտադիր չէ անպայման ծով, մեծ նավեր ունենալ։ Պետք է ունենալ վիրտուալ ընկերությունների գործիքներ, որոնք մեծ գաղափարներ են ստեղծում: Մենք այսօր ընդամենը ճանապարհ ենք դուրս գալիս: Լավ լուրն այն է, որ բոլորն են հիմա նոր ճանապարհ դուրս գալիս՝ անկախ նրանից, թե ով ինչքան մեծ ներուժ ունի»:

Նախագահի խոսքով՝ այսօր ոչ միայն մենք, այլև աշխարհն է նոր դարաշրջանի խաչմերուկում: «Մեր ունեցած ներուժն իրականություն դարձնելու համար բոլորս պետք է աշխատենք, այդ թվում ՝ նախագահը, կառավարությունը, հայկական բիզնեսը, կրթական համակարգը,- նկատել է նախագահը:- Յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա: Ես փորձում եմ իմ ներդրումը բերել՝ հաշվի առնելով, որ շատերին անձամբ ճանաչում եմ, ճապոնական ընկերություններին ներկայացնում եմ հայկական ընկերությունների հետ համագործակցելու ներուժը»:

Պատասխանելով Ճապոնիայի կայսեր գահակալության արարողության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմական իրադարձություն էր, և կայսրության պատմությունն ու կայսեր բուն ինստիտուտը երկրին տալիս է ոչ միայն պատմական հաջորդականության, այլ նաև կայունության զգացում: «Ցանկացած պետության ներսում շատ էական է, որ գոյություն ունենան պետականության սյուներ, որովհետև յուրաքանչյուր պետություն անցնում է զարգացումների, փոփոխությունների, խնդիրների, փորձությունների ճանապարհով, և շատ էական է, որ պետության ներսում լինեն ինստիտուտներ, որոնք անկախ նրանից՝ ինչպիսի ներքին և արտաքին դժվարություններ կան, կայուն լինեն և պահպանեն պետականությունը,-ընդգծել է նախագահը:- Կայուն պետականությունը ապագա զարգացման հիմքն է՝ ներդրումների, քաղաքական զարգացումների, հավասարակշռության պահպանության, թե այլ իմաստներով: Պետք է կայուն սյուներ ունենալ, որ պետությունը կայուն մնա: Ճապոնիայի դեպքում դա կայսեր ինստիտուտն է: Այս երկիրը կարողացել է կայուն պետականության ինստիտուտը 2000 տարի պահել, հետևաբար, գուցե սովորելու բան ունենք իրենցից»:

 

***

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ:

Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու կամուրջ հանդիսանալ: Նշելով, որ ներկայումս աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների ժամանակահատվածում, նախագահը նկատել է, որ նոր ժամանակաշրջանում էական նշանակություն են ունենալու մարդկային միտքն ու բանականությունը։

«Սա այնպիսի մի ժամանակահատված է, երբ Ճապոնիան իր կրթական, գիտական բարձր մակարդակով, տեխնոլոգիական զարգացվածությամբ առավելություն ունի, բայց սա նաև մի ժամանակահատված է, երբ փոքր երկրները նույնպես, ինչպիսին Հայաստանն է, կարող են լինել հաջողակ: Սա բարձր տեխնոլոգիաների, մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դարաշրջան է: Պարտադիր չէ բնական պաշարներ ունենալ՝ հաջողելու համար, հաջողելու համար բավական է մարդկային միտքն ու փորձառությունը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը երկիր է՝ կրթական բարձր մակարդակ ունեցող ժողովրդով: Հայաստանը բաց է աշխարհի համար և, հուսով եմ, որ մենք լուրջ համագործակցություն կունենանք Ճապոնիայի և ճապոնական ընկերությունների հետ»:

Նախագահը նշել է, որ պատրաստ է հնարավորինս աջակցել այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: «Հույս ունենք առաջիկայում Հայաստանում ավելի շատ ճապոնական ընկերություններ տեսնել, ինչպես նաև հայկական բիզնես՝ այստեղ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

 

***

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ:

Asahi Group-ը Ճապոնիայում գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում:

Ընկերության ղեկավարը նախագահ Սարգսյանին պատմել է արտադրության հիմնական ուղղությունների, տարբեր շուկաների հետ համագործակցության մասին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է ճապոնական ընկերությունների հետ համագործակցությամբ:

Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը նախագահը համարել է սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, որը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հյութերի, հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա:

«Ձեր ընկերության արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, սակայն մեր երկրում ձեր ներկայությունը շատ փոքր է: Կարծում եմ՝ հնարավոր համագործակցությունը կօգնի զարգացնել փոխադարձ հետաքրքրությունները»,-նշել է նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի վաճառքի, այլև արտադրության և արտահանման առումով:

Asahi Group ընկերության ղեկավարը նշել է, որ ուրախ կլինեն իրենց արտադրությամբ ավելի լայն ներկայացված լինել Հայաստանում և տարածաշրջանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և քննարկելու նպատակով։

 

***

 

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։

«Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,- ողջունելով Հայաստանի նախագահին ասել է ընկերության խորհրդի նախագահը։ Նա նշել է, որ Mitsubishi Heavy Industries-ն սկսել է որպես նավաշինական ընկերություն ու այսօր դարձել արդյունաբերական և տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն։

Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը դառնա գիտական ու տեխնոլոգիական հանգույց։ Նրա խոսքով՝ դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, և սա այն ոլորտն է, որտեղ «կարող են լինել գործընկերներ»։

Զրուցակիցները խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։

Նախագահ Սարգսյանը հրավիրել է ընկերության ղեկավարությանն այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալ առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։

 

***

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։

Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի և Տոկայի համալսարանի միջև: Մեր համալսարանի անունից Ձեր երկրին ամենայն հաջողություն եմ մաղթում»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ուսանողների հետ ցանկանում է խոսել ապագայի մասին: «Դա հատուկ ապագա է, քանի որ դուք ապրում եք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում»,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ մի ժամանակ այն, ինչ համարվում էր գիտական ֆանտաստիկա, այսօր դառնում է իրականություն:

Նա անդրադարձել է ճապոնացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում հետաքրքրությամբ էր ընթերցում նրան, քանի որ նրա գրքերն ընթերցողին տեղափոխում էին ապագա: Ապագայի կյանքը, նախագահի խոսքով, շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները. «Երբ օգտագործենք հատուկ մաթեմատիկական գործիքներ կամ արհեստական բանականությունը կամ մեծ ծավալի տվյալների կառավարման գործիքները, կարող ենք շատ ավելի արագ հասնել արդյունքների: Սա նշանակում է, որ 10, 20 տարի հետո, օգտագործելով արհեստական բանականությունը, մենք կարող ենք հաղթահարել այն հիվանդությունների մեծ մասը, որոնք ժառանգել ենք»:

Նախագահը նշել է, որ աստիճանաբար վիրտուալ կյանքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել, և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի կարևոր է դառնալու: Անգամ քաղաքական կյանքն է աստիճանաբար դառնալու ինտերակտիվ և տեխնոլոգիաներից կախված: Իսկ վիրտուալ կյանքն ավելի կանոնակարգելու համար կարևոր է դառնալու մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դերը:

«Արհեստական բանականությունը կդառնա ձեր կազմակերպված գիտելիքի աղբյուրը: Այն կուղեկցի ձեզ ամեն օր, ամեն պահի, կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հետևաբար, արհեստական բանականությունը կփոխի արդյունաբերությունը, մեքենաների արտադրությունը, զվարճանքները, մեր կողմից դպրոցներում ու համալսարաններում կրթվելու և դասավանդելու ձևերը, մեր առողջությունն ու կփոխի ողջ աշխարհը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Յուրաքանչյուր ազգ կանցնի մեծ փոփոխությունների միջով: Աշխարհը կփոխվի, և տարբեր կլինեն նաև մեր ազգային հետաքրքրությունները, աշխարհաքաղաքականությունը: Մենք նախկինը չենք լինի: Այսուհետ կարևոր չի լինի, թե որքան ոսկի կամ նավթ ունես, կարևոր կլինի, թե որքան շատ գաղափար ու գիտելիք ունես, որքանով ես խելացի ու արագ, պատրաստ պայքարելու քո խնդիրների համար: Եվ այս գործընթացն արդեն սկսվել է»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհը ստարտափների աշխարհ է: Երիտասարդները, որոնք ունեն գաղափար, լավ կրթություն, ջանասեր են, գիտեն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են մտածել և կյանքի կոչել ստարտափներ, որոնք կարող են դառնալ հաջորդ Google-ը կամ Apple-ը:
«Խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել ձեր մտավոր վիրտուալ ճանապարհորդությունը՝ գնալով դեպի ապագա և վերադառնալով: Միայն այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչ ճանապարհով պետք է ընթանաք ու ինչ պետք է անեք հաջողակ լինելու համար՝ մշակույթի, երաժշտության, բիզնեսի, առողջապահության և այլ ոլորտներում: Եվ այստեղ ամենուր ձեզ ուղեկցելու են մեծ ծավալի տեղեկատվությունն ու դրա կառավարումը, մաթեմատիկական մոդելավորումն ու արհեստական բանականությունը»,-նշել է նախագահը:

Նա խորհուրդ է տվել չվախենալ արհեստական բանականությունից, որի շնորհիվ միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Խոսելով Հայաստանի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ այն թեև փոքր է, բայց 21-րդ դարի երկիր է: «Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում առավելություն է, քանի որ հայերն ունեն համաշխարհային ցանց: Մենք շատ հին պատմություն ունենք: Հին ազգ ենք, որը տարբեր դժվարությունների միջով է անցել, տառապել է: Եթե գիտեք պատմություն, կիմանաք, որ ավելի քան 100 տարի առաջ մենք ենթարկվել ենք ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից: Սակայն մենք մի ժողովուրդ ենք, որը վերապրող է: Մենք մարտիկներ ենք, մարդիկ, ովքեր կարող են ընկնել և նորից ոտքի կանգնել: Սա մի որակ է, որն անհրաժեշտ է ապագայում,-ասել է նա և ավելացրել:-Թեպետ մենք փոքր ազգ ենք, սակայն 21-րդ դարում մենք ևս ունենք հնարավորություն: Մի ազգ, որն ունի հնարավորություն` դառնալու հաջողակ: Ես հավատացած եմ, որ իմ ժողովուրդը կարող է լինել հաջողակ: Ցամաքով շրջապատված Հայաստանը 21-րդ դարում կարող է դառնալ հաջողակ, քանի որ այն կարող է լինել տեղեկատվության, մաթեմատիկայի կամ արհեստական բանականության զարգացման նավահանգիստ կամ կենտրոն: Նոր աշխարհում, որի կեսը վիրտուալ է, կարող ես դառնալ նավահանգիստ` տեղեկատվության, դրա մշակման համար: Որպես պետություն՝ մենք ունենք հնարավորություն, եթե շատ աշխատենք, ունենանք տեսլական, լինենք կարգապահ: Հայաստանը, որը, ինչպես և Ճապոնիան, սովորել է, թե ինչպես կարելի է ոտքի կանգնել ընկնելուց հետո, կարող է լինել հաջողակ»:

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, հիասքանչ բնությունը, վայելելու մարդկանց հյուրընկալությունն ու հիանալի ուտելիքը, այլև մասնակցելու «Seaside Startup» նախագծին. «Մասնակցելով դրան՝ դուք ոչ միայն կվայելեք ճամբարային կյանքը, այլև հնարավորություն կունենաք շահելու նախագահի մրցանակը, որը տրվում է լավագույն ստարտափին»:

Տոկայի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: Այն հիմնադրվել է 1942 թվականին: Ունի շուրջ 30 հազար ուսանող, որից շուրջ 1000-ը` արտերկրից: Համալսարանը բարձրագույն կրթություն է տրամադրում ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ուղղություններով: Այն ուսանողական փոխանակման ծրագրեր է իրականացնում աշխարհի 40 երկրների ավելի քան 120 համալսարանների ու կրթական հաստատությունների հետ:

 

***

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ զրույցներ է ունեցել, թե ինչ կարող ենք անել միասին։ Նախագահի խոսքով՝ համագործակցության ուղղությունները շատ հստակ են՝ նորագույն տեխնոլոգիաներ, արտակարգ իրավիճակներ, առևտրական գործարքներ, սննդի արտահանում և անվտանգություն։ «Նաև իրենցից սովորելու շատ բան ունենք պետական ծառայության ոլորտում, որովհետև այն կարգապահությունն ու նվիրվածությունը, որ այս մարդիկ ունեն, իսկապես, հիացմունք է առաջացնում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Նշելով, որ մեր ազգային ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ նախագահն ասել է. «Այդ ռեսուրսը պետք է լավագույնս օգտագործենք։ Մենք ունենք փայլուն անձնավորություններ, ֆանտաստիկ մարդիկ, որոնք աշխարհի տարբեր մասերում տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել, և ժամանակն է, որ օգտագործենք նրանց ներուժը»։

Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։

Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է նաև Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կամակուրայում, դիտել Ամիդա Մեծ Բուդդայի հսկայական բրոնզե արձանը, այցելել Hokoku-ji տաճար, որը հայտնի է իր բամբուկե անտառով, մասնակցել ճապոնական ավանդական թեյախմության արարողությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև ճապոնական հայտնի սրբավայրերից մեկը՝ «Ցուրուգաոկա Հաչիմանգու» սինտոյական տաճար։ Տասնմեկերորդ դարում հիմնված և Հաչիման աստծուն նվիրված տաճարը ներկայումս համարվում է ոչ միայն պատմական հայտնի վայրերից մեկը, այլև կարևոր մշակութային կենտրոն է։

Տաճարում հնչեցված՝ Հայաստանի ու Ճապոնիայի բարեկամությանը նվիրված աղոթքն ունկնդրելուց հետո նախագահը Սարգսյանն ասել է, որ մեր երկու՝ հայկական ու ճապոնական շատ հին քաղաքակրթություններն ընդհանուր շատ բան ունեն։ Նախագահը շնորհակալություն է հայտնել հայ-ճապոնական կապերին և բարեկամությանը նվիրված գեղեցիկ հոգևոր արարողության համար՝ բարձր գնահատելով այն շնորհակալ գործը, որ արվում է ճապոնական յուրօրինակ մշակույթը և ավանդույթները, հոյակերտ տաճարը որպես հոգևոր ու մշակութային կենտրոն պահպանելու համար: «Վստահեցնում եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո, աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկում, որը գտնվում է Սուրբ Էջմիածնում, մեր հոգևոր առաջնորդների հետ միասին աղոթք կհնչեցնենք հայ-ճապոնական բարեկամության համար»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

 

***

«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,- ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին:

Նախագահը նշել է, որ միմյանց հետ աշխատելու համար առաջին հերթին պետք է իրար ճանաչել. «Մենք իրենց ավելի լավ ենք ճանաչում, քանի որ ճապոնական արտադրանքը՝ սկսած մեքենաներից, մեծ մեխանիկական սարքերից մինչև էլեկտրոնիկայի վերջին նորույթները, Հայաստանում կա: Հետևաբար, այս ֆորումն առիթ կլինի, որ հայկական գիտական և արդյունաբերական ներուժը ցույց տանք իրենց՝ հիմնականում մաթեմատիկական մոդելավորման, մեծ ծավալի տվյալների կառավարման և արհեստական բանականության ոլորտներում,- ընդգծել է Հայաստանի նախագահը:- Համագործակցության հետաքրքրությունը երկկողմ է։ Ճապոնական կողմի հետաքրքրությունն ավելին էր, քան ես սպասում էի: Հետաքրքրությունը կա, քանի որ աշխարհն է փոխվում: Այս աշխարհում շատ բաներ նույնը չեն լինելու, և բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր շուկաներ և հարաբերություններ կառուցել: Հայաստանն այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ ունի»:

Արդյունքի հասնելու համար նախագահ Սարգսյանը կարևորել է համբերությունը, ամենօրյա աշխատանքն ու շարունակելիությունը. չի կարելի հանդիպել մարդու հետ, հետո մոռանալ։

Խոսելով որպես երկիր հաջողության հասնելու ուղիների մասին՝ նախագահը բերել է Սինգապուրի օրինակը, որի հաջողության հասնելու գործոններից մեկն էլ տեսլական ունենալն էր: «Այսինքն՝ պատկերացնել, թե ուր ես տանում քո երկիրը, դրանից հետո ունենալ հստակ ծրագիր, թե ինչպիսի քայլերի հերթականություն պետք է ընտրել։ Այնուհետև՝ պետք է ունենալ լավ կառավարման համակարգ և մարդիկ, որոնք կարող են այդ ծրագիրն իրականացնել: Պետք է ունենալ նաև կարգապահություն, այդ թվում՝ հոգեբանական, որպեսզի չվհատվես ձախողումներից և շարունակես ճանապարհը,-ընդգծել է նախագահը:- Սինգապուրի, Հոնկոնգի հաջողության մյուս գործոնն այն էր, որ դրանք նավահանգստային քաղաքներ էին և դարձել էին առևտրային կենտրոններ: Հայաստանը ծով չունի, բայց կարող է դառնալ տեղեկատվության և մեծ ծավալի տվյալների մի նոր նավահանգիստ: Եթե մենք կարողանանք տեղեկատվության օվկիանոսի մեջ Հայաստանը դարձնել այն նավահանգիստը, որտեղ մտնելու են թվային մեծ ծավալի տվյալներ և վերամշակվելուց հետո դուրս են գալու՝ վերբաշխվելով աշխարհով մեկ, ապա մենք հաջողության կհասնենք, կկատարենք ճիշտ նույն ֆունկցիան, ինչ միջին դարերից սկսած կատարում են մեծ նավահանգիստները՝ որպես տրանսպորտային խաչմերուկ»:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս անել, որպեսզի տեխնոլոգիաները չտանեն մեկուսացման, այլ օգտագործվեն որպես խաչմերուկ, նախագահ Սարգսյանը նկատել է, որ պետք է լրջորեն զբաղվել նոր տեխնոլոգիաներով, չմտածել, թե աշխարհի ամենախելացին ենք կամ ամեն ինչ ունենք: «Պետք է լինենք համեստ՝ գիտակցելով, որ դեռևս շատ-շատ անելիք ունենք, դեռևս շատ քիչ բան ունենք: Այո, ունենք ներուժ, որը կարող ենք իրացնել ու հպարտ լինել, և հակառակը, չիրացնել և մնալ օգտագործողի մակարդակում,-ասել է նա:- Այդ դեպքում մեզնից յուրաքանչյուրը կրկին կխոսի չիրականացված հնարավորության մասին, որն աշխարհի ամենավատ բաներից մեկն է, երբ գիտես, որ ունեիր հնարավորություն և չարեցիր դա»։

Նախագահը կարևորել է նաև մարդկային շփումները՝ դրանք համարելով հաջողությունների, խնդիրները լուծելու, երկխոսության ու առաջխաղացման արժեքավոր աղբյուր: «Կարծում եմ՝ շատ էական է, որ սովորական կյանքում հանդուրժողականության, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը կարողանանք պահել և հարստացնել, դարձնել մեր մշակույթի մասը: Շատ էական է, որ նույն հարաբերությունները կարողանանք տեղափոխել նաև վիրտուալ աշխարհ,-նշել է նա և ավելացրել.- Ճապոնացիներն այստեղ, կարծում եմ, բավականին առաջ են, որովհետև պատասխանատվության, կարգապահության դրսևորումներին այս երկրում հանդիպում ես ամեն րոպե: Ճապոնիայի վերջին 70-80 տարիների հաջողությունների հիմնական աղբյուրը սա է՝ հարգանքը պետության, սեփական մշակույթի, ազգի, սեփական գործի, միմյանց ու ընտանիքի հանդեպ»:

 

 

← Վերադառնալ