Արտերկրյա այցեր
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։
***
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of Minds - 2020) նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Արդեն ավանդական դարձող ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հաջորդ տարի տեղի կունենա հունիսի 7-ին՝ Դիլիջանում և Երևանում: Հիմնական քննարկումները կընթանան 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ:
***
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի նախագահ։
Խումբը խորհրդատվություն է տրամադրում հաջորդ տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Նշանավոր անձանց խմբի մասնակիցները, որոնք պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ են, հրավիրվում են անձամբ UNCTAD-ի գլխավոր քարտուղարի կողմից։ Խմբի հանդիպումներն անցկացվում են փակ ձևաչափով՝ «Չաթըմ հաուզի» կանոններով։
Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված «Հիմնական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հիմնական քննարկումը վարել է UNCTAD-ի գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուին։
Քննարկումից հետո Գլխավոր քարտուղարն ասել է որ Նշանավոր անձանց խումբը կոչված է օգնելու՝ հասկանալու, թե ուր է շարժվում աշխարհը, և ինչին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով մարտահրավերները: «Հիմնական նպատակը հետևյալն է՝ ակադեմիական ոլորտում և քաղաքականության մեջ ունեցած փորձառությունը որքանո՞վ կարող է ծառայել այն հարցերի քննարկմանը, որոնք ի հայտ են գալու առաջիկա տասը տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը պատասխանել այս հարցերին, ինչպե՞ս կարող ենք մենք մոդելավորել մեր ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք արդի մարտահրավերներին, ինչպես նաև առաջ քաշել այդ մարտահրավերներին դիմակայելու առաջնորդության գաղափարներ,-ասել է նա։- Այս տարի մեզ հաջողվեց այստեղ բերել մի շարք նշանավոր անձանց, այդ թվում և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ մասնակցելու Նշանավոր անձանց խմբի քննարկմանը»։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը նույնպես Նշանավոր անձանց խմբի անդամ է, մասնավորապես նշել է. «Հայաստանը որպես խմբի մաս տեսնելը շատ կարևոր է ինձ համար, քանի որ հիանալի հիշողություններ ունեմ Հայաստանից, որը միշտ կլինի իմ սրտում։ Կարծում եմ՝ Ձեր երկիրը կարևոր դերակատար է ՏՏ ոլորտում, օրինակ, ԹՈՒՄՈ կենտրոնը, որի կրթական համակարգն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Այն հատուկ ուշադրությունը, որ Հայաստանը դարձնում է կրթությանը, երիտասարդներին աջակցում է նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում, շատ նորարարական մոտեցում է, ինչը նշանակալի փաստ է»։
***
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ:
Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներին, գործարար հանրության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու և լուծումներ առաջարկելու ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:
Ողջունելով Հայաստանի նախագահի այցը ֆորումի կենտրոնակայան՝ Կլաուս Շվաբը մասնավորապես նշել է․ «Մշտապես հիացել եմ Ձեր ինտելեկտով և տեսլականով: Կարծում եմ՝ Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի, ինչը Դուք նաև ի ցույց եք դրել Ձեր երկար տարիների գործունեության մեջ ու հրապարակումներում»։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է հիշում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր գործունեությունը, որը նաև լավ փորձառություն էր իր համար։ Նա նշել է, որ հենց պրոֆեսոր Կլաուս Շվաբի տեսլականի շնորհիվ է Համաշխարհային տնտեսական ֆորումն իրականություն դարձել։ «Կարծում եմ՝ աշխարհն առանց Համաշխարհային տնտեսական ֆորումի այլ կլիներ: Ֆորումն առաջ գնալու շատ ուղիներ է ձևավորել: Նոր աշխարհում ամեն բան շատ արագ է տեղի ունենում: Երբեմն ես ա՛յդ աշխարհում եմ՝ նոր, քվանտային աշխարհում: Այս աշխարհում մենք Ձեզ պես քվանտային մտածողների կարիքն ունենք»,-ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ որպես Հայաստանի նախագահ` ակնկալում է առաջիկա տարիներին ևս աշխատել Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության, մասնավորապես համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր այն ուղղությունների շուրջ, որտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումը կարող է իր ներդրումն ունենալ։ Որպես գործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։
Նշվել է, որ ֆորումն իր ծրագրերի շրջանակում հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի համար, որն ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան»՝ ապագայի թանգարան։
Գաղափարը համարվել է հետաքրքիր և նշվել, որ այդ ուղղությամբ համագործակցության մեծ հնարավորություն կա։
Կլաուս Շվաբն ասել է, որ հետաքրքրված են նաև գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն լսել նրա տեսակետները քվանտային քաղաքականության, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։