23
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:

«Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում՝ ընդգծելով, որ նշված ուղղություններով մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Խոսվել է նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Նշվել է, որ «Լեոնարդոն» ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական ու կրթական ծրագրեր իրականացնելու և դրանց շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ։

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները: Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աերոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, արտադրանքն արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe2019 միջազգային համաժողովի բացմանը։

Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է CybertechEurope2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 40 երկիր ներկայացնող 5000-ից ավելի պետական գործիչներ և գործարար շրջանակների ղեկավարներ, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերություններ ողջ աշխարհից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը, «Լեոնարդո» ընկերությանը և նրա ղեկավար Ալեսանդրո Պրոֆումոյին՝ հրավերի համար։ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով իր ելույթում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․

«Ես տեսական ֆիզիկայի և հարաբերական աստղաֆիզիկայի նախկին պրոֆեսոր եմ: Սակայն համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը կապված չէ քվանտային մեխանիկայի կամ քվանտային ծրագրավորման հետ: Ապրելով գիտնականի, գործարարի, ապա՝ քաղաքական գործչի կյանքով՝ ես հասկացա, որ մենք ապրում ենք մեծ, պատմական փոփոխությունների ժամանակաշրջան: Աշխարհը, որում ապրում ենք այսօր, ամբողջովին տարբեր է այն աշխարհից, որում ապրել ենք 10, 20, 30 տարի առաջ: Վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխություններն ամբողջությամբ փոխել են մեր կյանքը:

Իսկապես, աշխարհը փոխվել է: Ամեն նոր ծնվող երեխա սկսում է բացահայտել աշխարհը, սակայն 2000-ականներից հետո ծնված երեխաները սկսում են բացահայտել ոչ թե մեկ, այլ երկու աշխարհ: Մեկը նյութական աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք։ Դա այն դասական աշխարհն է, որտեղ մեր բոլոր գործողությունները դասական բնույթ ունեն: Այստեղ գործում են նյուտոնյան ֆիզիկայի օրենքները: Սակայն, միևնույն ժամանակ, մենք ապրում ենք ոչ դասական աշխարհում, որն էլ երեխան սկսում է բացահայտել և անում է դա ipad-ի, iphone-ի միջոցով, որը տեսնում է առաջին իսկ օրվանից: Երեխան 1-2 տարեկանից արդեն սկսում է ապրել երկու աշխարհում՝ մեկը դասական, մյուսը՝ թվային, վիրտուալ...

Մեկ ամիս առաջ «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ստորագրեց պայմանագիր Հենրիխ Մխիթարյանի հետ, ով Հայաստանի ազգային հավաքականի ավագն է: Այդ պայմանագրի ստորագրումով ակումբը մի քանի միլիոն նոր աջակիցներ ձեռք բերեց, որոնք ոչ միայն երկրպագելու են «Ռոմա»-ի խաղերը, այլև կրելու են նրա շապիկները և այլն: Հայաստանը դրա միջոցով ավելի մերձեցավ Իտալիայի և «Ռոմա»-ի հետ: Եվ այս ամենն ավելի հեռուն է գնում, քանի որ հիմա ամենահետաքրքիր զբաղմունքը ոչ թե ֆուտբոլն է կամ «Գահերի խաղը», այլ ինտերակտիվ՝ համակարգչային խաղերը, քանի որ դրանք ոչ միայն կարելի է դիտել, այլև կարելի է մասնակցել:

Ողջ աշխարհում մարդկային գործունեության երկու ոլորտներ ավելի ու ավելի են մոտենում ու ինչ-որ տեղ հատվում: Դա վերաբերում է զվարճանքներին ու քաղաքականությանը: Քաղաքականությունը, որն իր մեջ զվարճանքների մեծ մաս ունի, ուղղակի ազդեցություն է ունենում հասարակության վրա: Զարմանալի չէ, որ ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչների ենք տեսնում, ովքեր մեծ հաջողությամբ օգտագործում են սոցիալական ցանցերի գործիքները՝ շրջանցելով ավանդական քաղաքական ինստիտուտները՝ քաղաքական կուսակցությունները, ու հաջողության են հասնում՝ ուղղակիորեն դիմելով հանրությանը...

Ժողովրդավարությունը, որն ի հայտ է գալիս այսօր, օրական, իրական ժամանակի ժողովրդավարություն է: Այստեղ սեփական իրավունքներդ կարող ես իրացնել սոցիալական ցանցի միջոցով, ամեն օր: Այդ իսկ պատճառով ականատեսն ենք լինում, թե ինչպես դասական ժողովրդավարությունը, որը խորհրդարանում ու կազմակերպություններում է, երբեմն տարաձայնություններ է ունենում իրական ժամանակի ժողովրդավարության հետ, որն ամեն օր դրսևորվում է «Ֆեյսբուք»-ում: Մենք հայտնվել ենք բացարձակ նոր աշխարհում: Սակայն մենք չպետք է վախենանք դրանից:

Ինչո՞ւ է կարևոր կիբերանվտանգությունը: Կիբերանվտանգությունը կարևոր է, քանի որ այնքան ջանքեր են ներդրվել գումարի, հետազոտությունների տեսքով՝ պայքարելու թվային գործիքներով տեղեկատվության համար: Իրականությունն այն է, որ այս ամբողջ տաղանդն ու գիտելիքը վաղն անհրաժեշտ է լինելու սոցիալական հանրությանը պաշտպանելու համար, քանի որ մեր ժամանակների կիբերանվտանգներից մեկը «ֆեյք» լուրերն են: Դրանք ճշմարտության վրա հաքերային հարձակումներն են:

Կիբերանվտանգության իրական արժեքները գաղտնիությունը, ինտեգրվածությունը և հասանելիությունն են: Դրանք պետք է կիրառվեն նաև մեր սոցիալական կյանքում: Այստեղից էլ տեսնում ենք, որ մենք ապրում ենք երկու աշխարհում. մեկը դասական՝ իրական աշխարհն է, մյուսը ոչ դասական, քվանտային աշխարհը, որտեղ մեր շարժման արագությունը հասնում է լույսի արագությանը: Եվ աստիճանաբար մենք ավելի ու ավելի շատ ենք ապրելու վիրտուալ աշխարհում: Վիրտուալ աշխարհը ռիսկերի առումով ուղղակի ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա: Ուստի, բարի գալուստ 21-րդ դար: Բարի գալուստ խառը կյանք, որն աստիճանաբար դառնալու է ավելի ու ավելի թվային: Թվայինն ավելի է արագացնում ռիսկերը, փոխում դրանց բնույթը:

Իմ ապագա գրքում, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը» և որը շուտով լույս կտեսնի, ես հենց դա եմ փորձում բացատրել՝ թե ինչպես են համաշխարհային ռիսկերը դառնում քվանտային: Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք ապրելու այս նոր աշխարհում, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես է մարդկային կյանքը դրսևորվում թվային աշխարհում:

20-րդ դարասկզբին առնվազն գիտնականները շփոթմունքի մեջ էին, քանի որ բացահայտում էին իրեր, երևույթներ, որոնք դժվար էր բացատրել՝ ատոմի կառուցվածքը, տարրական մասնիկներն ու դրանց վարքագիծը և այլն: Այս ամենը դեմ էր տարրական տրամաբանությանը: Մարդիկ շփոթմունքի մեջ էին՝ ի՞նչ է տեղի ունենում, ո՞ւր ենք շարժվում: Պատասխանը պարզ էր՝ մենք պետք է հասկանանք և փոխենք ինքներս մեզ: Եվ ինչ տեղի ունեցավ արդյունքում՝ մենք ադապտացրեցինք նոր փիլիսոփայությունը, որը քվանտային ֆիզիկայի փիլիսոփայությունն էր:

Դրանից հետո ամեն բան ավելի հասկանալի դարձավ, և չհասկացած լինելու ռիսկերն սկսեցին անհետանալ: Ուստի, ռիսկերը հաղթահարելու համար մենք պետք է իսկապես հասկանանք դրանց աղբյուրները, դրանց բնույթը»։

Շարունակելով խոսքը՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք ևս մեկ հեղափոխության եզրին ենք, որը ոչ միայն գիտական բացահայտումներով է լինելու, այլև նոր կյանքի բացահայտումներով, որը ոչ դասական է լինելու, այլ լինելու է քվանտային: «Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ է,- ասել է Արմեն Սարգսյանը:- Որպես աշխարհի առաջին քրիստոնյաներ, մենք ունենք հարուստ պատմություն: Մենք մշտապես եղել ենք համաշխարհային ազգ: Առևտրականներ ենք ունեցել, որոնք առևտրով են զբաղվել վաղ միջնադարում՝ Չինաստանից հասնելով Սամարղանդ, Բուխարա և Մանչեսթեր: Հպարտ եմ, որ տարիներ առաջ որպես դեսպան Սուրբ Աթոռում մի ցուցադրության կազմակերպիչներից մեկն էի, որը կոչվում էր՝ «Հռոմ-Հայաստան. Հարաբերությունների 2000 տարի»:

Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է: Որովհետև բնական ռեսուրսներն այլևս այնքան կարևոր չեն լինելու, որքան նախկինում: Հնարավորություն է լինելու նորարարության, ադապտացվելու, գիտության, տեխնոլոգիայի համար: Մենք ժառանգել ենք և ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, մասնավորապես, բնական գիտությունների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում:

Ցանկացած հեղափոխություն սկսվում է երեխայից, կրթությունից: Իսկ Հայաստանում դուք կգտնեք յուրօրինակ դասապատրաստման դպրոցներ, որոնք մենք այժմ արտահանում ենք Փարիզ, Բեռլին, Մոսկվա: Այդ դպրոցը կոչվում է ԹՈՒՄՈ: Բացի այդ, ունենք այլ դպրոցներ, որոնք կոչվում են «Այբ», «Քվանտ» և այլն, դրանցից յուրաքանչյուրը տրամադրում է երեխաների կրթելու յուրատեսակ, նորարարական տարբերակ: Սա է ապագայի հիմքը:

Որպես Հանրապետության նախագահ՝ ունեմ իմ սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM (Advanced Tomorrow): Պատկերացրեք մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ և խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները և ինժեներական որակներ ձեռք բերել: Վայր, որտեղ երիտասարդները կարող են այցելել «Վաղվա թանգարան»: Այս ամենը վերաբերելու է գիտությանն ու տեխնոլոգիաներին, սակայն ոչ պատմությանը, այլ ապագային: Վայր, որտեղ հնարավոր կլինի տեսնել խոշոր ընկերությունների, որոնք զբաղվում են արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվության կառավարման, կիբերանվտանգության հետազոտություններով: Հարթակ, որտեղ հայկական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական և այլ համալսարանները կհամագործակցեն ու հետազոտություններ կիրականացնեն: ATOM-ը նախագահական նախաձեռնություն է, որը ճանապարհին է: Ես բոլորիդ հրավիրում եմ Հայաստան՝ լինելու այդ նախագծի մասը:

Մենք շատ նվաճումներ ունենք , այդ թվում և՝ ստարտափերը: Հայաստանում անցկացվում է Seaside Startup-ը: Այս նախագծի շրջանակում հազարավոր ստարտափներ են հավաքվում մեկ հարկի տակ մեկ շաբաթով, ապրում են միասին, հաղորդակցվում: Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ ես նաև ստարտափի նախագահ եմ, և մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ և նոու հաու, ունի հավակնություններ՝ դառնալու մեծ, ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր ստարտափ: Ես հպարտ եմ լինելու նախագահը մի ստարտափի՝ երկրի, որը ցանկանում է դառնալ նոր՝ 21-րդ դարի աշխարհի առաջնորդներից մեկը:

Երբ գիրքս լույս տեսնի, ուրախ կլինեմ գալ և քննարկել այն ձեզ հետ: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Հայաստան, հրավիրել Cybertech-ին Հայաստան: Cybertech-ը պետք է լինի նաև Եվրասիայում, իսկ Հայաստանը Եվրասիայի կենտրոնն է: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք ԵՄ հետ՝ համաձայնագրի հիմքով, միևնույն ժամանակ, մենք ԵԱՏՄ անդամ ենք:

Գալով Հայաստան, որը բացարձակ եվրոպական երկիր ու ժողովուրդ է՝ հիանալի ենթակառուցվածքներով՝ սկսած բանկերից, և ունի հավակնություն՝ դառնալու տեխնոլոգիապես առաջատար երկիր, դուք կունենաք երկրի կառավարության ու անձամբ նախագահի լիակատար աջակցությունը:

Հուսով եմ, որ առաջիկա տարիներին համաժողովը կգա Երևան: Միևնույն ժամանակ, խոստանում եմ, որ մյուս տարի դուք այստեղ կունենաք հայ մասնակիցներ՝ ի դեմս տարբեր ընկերությունների»։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։

Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում ՝ ԱՊՀ երկրներում, Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, միջերկրածովյան ավազանում, Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաներում:

Հանդիպմանը շահագրգիռ քննարկում է ծավալվել համագործակցության հնարավորությունների, մասնավորապես, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Rizzani de Eccher ընկերության փորձը, որը հայտնի է շինարարության մեջ բարձրորակ չափանիշների, հետազոտական ու նորարարական ինժեներական լուծումների ներդրմամբ։

Կլաուդիո դե Էկկերն իր հերթին ասել է, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Խոսվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում համագործակցության մասին։ Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ ու համալսարաններ, և Rizzani de Eccher-ը ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հայաստան կայցելի ընկերության աշխատանքային խումբը՝ շարունակելու քննարկումները եւ գնահատելու, թե ինչ ծրագրեր է հնարավոր իրականացնել։

 

***

 

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- ասել է Հանրապետության նախագահը։

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Elettronica Group -ի գլխավոր գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ բարեկամությունն ու համագործակցությունը տեխնիկական մշակույթի, նոր տեխնոլոգիական գաղափարների, կիբերտեխնոլոգիաների ոլորտներում կշարունակվի։ «Տեղյակ եմ, որ Ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու հետազոտությունների ոլորտում, իսկ հետազոտությունները բոլոր երկրների ապագան են»,- ասել է Էնզո Բենինին՝ հայտնելով, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում և ցանկանում է նորից այցելել։ «Որպես արդյունաբերող ընկերություն՝ մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպիսի համագործակցության ծրագրեր կարող ենք ունենալ ապագայում։ Վստահ եմ, որ Ձեր շնորհիվ երկրում շատ բաներ կփոխվեն»,- դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է նա։

Գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ Elettronica ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը Բենինիների ընտանիքը հիմնել է 70 տարի առաջ։ Ընկերությունում աշխատում է շուրջ հազար մարդ Իտալիայից և Գերմանիայից։ Մեծ թվով ռեսուրսներ են օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, առաջարկելու մեր ներկայությունը Հայաստանում այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին պաշտպանությունն է»,- նշել է Էնզո Բենինին։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ներուժը հասկանալու համար իտալական ընկերությունը, ինչպես մյուս խոշոր ընկերությունները, պետք է այցելի մեր երկիր։ «Մեր ներուժը գիտնականներն են, ինչպես նաև մեր երիտասարդ սերունդը, -նշել է նախագահ Սարգսյանը։-

Կարևոր է նաև հստակ գիտակցել կրթական համակարգի կարևորությունը։ Բոլոր այս խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, գալիս են ապագայի , այլ ոչ թե վաղվա համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնների հետ։ Եթե մենք ուզում ենք, որ նոր սերնդի արհեստական բանականությունը ստեղծվի Հայաստանում, պետք է աշխատենք լավագույնների հետ։ Այս ամենը պահանջում է ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք»։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ կծավալվի արդյունավետ համագործակցություն, որը կբխի բոլոր կողմերի շահերից։

 

***

 

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային փոխշահավետ համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները վերածել գործնական քայլերի։

Շնորհակալություն հայտնելով նախագահ Մատարելլային՝ Իտալիա պետական այց կատարելու հրավերի համար, նախագահ Սարգսյանը ողջունել է այս տարվա ապրիլին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։

Փաստելով տնտեսական, կրթական, մշակութային ու գիտական ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններն ու կարևորելով առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահները նշել են, որ բարձր մակարդակով փոխայցելությունները էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցությանը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։

Նշելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցությունը, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

 

***

 

«Այսպիսի այցելություններն ինձ համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն,-լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր աշխատանքային այցին։-Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի լավագույն 40-50 ընկերություններ, որոնց շարքում հայկականները չկան։ Իսկ մեր ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե շուկան ինչպես է աշխատում, սովորենք մեծերից։ Հուսով եմ, որ դրանից մեկ տարի անց էլ Հայաստանում կկազմակերպենք շատ մեծ կիբերանվտանգության համաժողով»։

Նախագահը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։ Անդրադառնալով նախագահական ATOM նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնավորապես «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» հայտնի ընկերությունների հետ կան նախնական պայմանավորվածություններ՝ Հայաստանում գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր սկսելու վերաբերյալ։

«Նրանք հասկանում են, որ եթե ուզում են մեր երկրում երկար ժամանակ աշխատել, ապա պետք է Հայաստանում շարունակաբար ունենան լավ մասնագետներ,- ասել է նախագահ Սարգսյանը։-Աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Նախ և առաջ պետք է կրթության ուղղությամբ աշխատենք։ «Դասո»-ն, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն Հայաստան գալով պետք է վստահ լինեն, որ բարձր որակի մասնագետներ կան։ ATOM ծրագիրը հենց դա է ենթադրում»։

Այդ համատեքստում նախագահն ասել է․ «Կենտրոնոնալով Երևանում՝ մենք զրկում ենք երիտասարդներին լավ աշխատանքի հնարավորությունից, երեխաներին զրկում ենք բարձրորակ կրթություն ստանալուց, զրկում ենք տաղանդավոր ապագա գիտնականին կամ արվեստագետին, ով ապրում է Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում կամ Սյունիքում, Արցախում, ինքնադրսևորվելուց»։

Հորդորելով ճանաչել նաև Երևանից դուրս գտնվող հայրենիքը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Գյումրիին՝ նշելով, որ այն վերածնել չի նշանակում միայն շենք կառուցել մարդկանց ապրելու համար։ «Պետք է կյանքը վերադարձնել, իսկ դրա համար պետք է սկսենք այցելել, հայտնաբերել, գտնել, աջակցել, հետաքրքրել,-ասել է հանրապետության նախագահը։ - Ես Գյումրիում էի Անկախության օրը։ Իսկապես շատ ուրախ եմ, որ կառավարության որոշմամբ այս տարի Անկախության օրը տոնեցինք Երևանից դուրս։

Գյումրեցիներն ուրախ էին, ասացին, որ կես տարվա ընթացքում քաղաքը երեք անգամ ավելի շատ այցելու է ունեցել, քան նախորդ տարի ընդհանրապես։ Այսինքն, ճիշտ ճանապարհին ենք։ Եթե դրանից հետո մտածենք Վանաձորի, Կապանի կամ Արցախի մասին․․․Այս ամենը շարունակական աշխատանք է։

Իմ նախորդ այցելությունից հետո Գյումրի եկավ իտալացի շինարարների մեծ խումբ, հետո մենք ներկայացուցիչներ ուղարկեցինք։ Ծրագիրը հետևյալն է՝ բերել իտալական շինարարական մեծ ընկերություններին, որոնք հսկայական փորձ ունեն հին շենքերի վերանորոգման գործում, գտնել ֆինասնավորման մեխանիզմներ Գյումրիում շատ վայրեր վերականգնելու համար։ Սա նախ և առաջ հին շենքերը վերականգնելու մշակույթ է, որը նույնիսկ Երևանում չունենք»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ընկերություններից շատերը, որոնք գալիս են Հայաստան, մեր երկրի տեղը չգիտեն։ «Բայց գալիս են, որը հետևողական, ծանր աշխատանքի արդյունք է,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։-Ես ուրախ եմ, որ այսօր նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է իր մասնագետներին ուղարկել Գյումրի, գործընթաց է սկսվել, որ այն դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված քաղաք։ Մենք պետք է սովորենք մեր արժեքները գնահատել»։

 

 

*** 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։

Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային գերիշխանությունը միասին աշխատելու լուրջ երաշխիք է։ Անդրադարձ է կատարվել արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հնարավորություններին՝ այդ գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության դերը։ Գաղափարը համարելով բավականին հետաքրքիր ու խոստումնալից՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ հաճախ տեխնոլոգիաներն ասոցացվում են միայն զենքի, պաշտպանական ոլորտի հետ, մինչդեռ դրանք շատ կարևոր դեր կարող են խաղալ մշակույթի ասպարեզում։ Նշվել է, որ այս ոլորտը կարող է դառնալ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն։

Մասնավորապես արվեստի, մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ: Այդ բնագավառներում արհեստական բանականության վրա հիմնված հարթակի ստեղծումը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել երկու երկրների համագործակցության համար։ Նպատակահարմար է դիտարկվել էլեկտրոնային այնպիսի մի հարթակի ստեղծումը, որտեղ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության տարրերը, կներկայացվեն հայկական մշակութային արժեքներ ոչ միայն Հայաստանից, այլև ողջ աշխարհից։

Կարևորվել է նաև արվեստի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացումը։

Նախագահ Սարգսյանը կարևորել է ձեռք բերած պայմանավորվածությունները գործնական հիմքի վրա դնելը, կողմերի թիմերի հետևողական աշխատանքը, հստակ ժամանակացույցի մշակումն ու գործողությունների իրականացումը։ Դրանք վերջնական տեսքի կբերվեն Ֆաբրիցիո Ռենզիի՝ Հայաստան առաջիկա այցի ընթացքում։

 

***

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։

Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ ամփոփված է ընկերության դիրքորոշումը համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ «Լեոնարդո» ընկերությունը սեպտեմբերի 24-25-ը Հռոմում կայացած կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech Europe 2019-ի միջազգային համաժողովի գործընկերն է։

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը միջազգային տարբեր հարթակներում մի քանի անգամ հանդիպել էր «Լեոնարդոյի» ղեկավարության հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։

Արտերկրյա այցերի ընթացքում աշխարհում հայտնի ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները ներկայացնելը և նրանց հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության առանցքային մասն են։ Արդյունքում Հայաստանն ավելի հասկանալի և ընկալելի է դառնում խոշոր ընկերությունների համար, որոնք արձանագրում են իրենց գործնական մտադրությունները մեր երկրում իրենց ներկայությունը հաստատելու ուղղությամբ։ Իտալական «Լեոնարդոն» դրա լավագույն օրինակներից է։

← Վերադառնալ