30
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր շուրջ 4000 մարզիկ՝ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։ 

 

***

 

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։

Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։

Նախագահը նաև փորձարկել է վիրտուալ իրականությունում գործող մոտոցիկլը։

Շրջայցի ավարտին ներկայացնելով տեխնոլոգիական պարկի գործունեությունն ու ծրագրերը՝ տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նշել է, որ այս ամենի հաջողության հիմքը կրթությունն է․ «Այս ամենի հիմքում մարդիկ են, նրանց գիտելիքն ու ինտելեկտը։ Առանց դրա մենք հաջողություն չէինք ունենա։ Բելառուսում կրթական համակարգին մեծ ուշադրություն է դարձվում։ Եվ կրթությունն է հենց այն հիմքը, որի վրա էլ բելառուսական ՏՏ-ն հաջողությունն է արձանագրում»։

Լրագրողների հետ զրույցում ամփոփելով այցը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկրորդ անգամ է լինում այս կազմակերպությունում: Նախագահը նշել է, որ ստեղծված օրենսդրական հիմքն ու մեխանիզմները կազմակերպությանը հնարավորություն են տվել վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացնել նոր տեխնոլոգիաները Բելառուսում: «Այս ամենը մեկ օրում չի եղել,-ասել է նախագահ Սարգսյանը:- Օրենքներն ընդունելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն, կայունություն լինի, ինչը կարևոր գործոններից մեկն է»: Երկրորդ գործոնը, ըստ Հայաստանի նախագահի, պայմաններն են, որ առաջարկվում են ներդրողներին: «Այդ պայմանները պետք է գրավիչ լինեն, որովհետև աշխարհը հսկայական շուկա և լաբորատորիա է, ցանկացած երկրում կարող ես գնալ և սկսել քո գործունեությունը, մանավանդ այս ոլորտում»:

Նախագահ Սարգսյանը որպես ևս մեկ գործոն նշել է կրթական համակարգը: «Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ զարգացնելու այդ համակարգը,-ասել է նա:- Եվ նրանք մեծ հաջողությունների են հասել: Մոտ 50 հազար մասնագետներ են աշխատում այս ոլորտում՝ սկսած փոքր ընկերություններից, որոնք ստարտափ են, մինչև մեծերը, որոնք համաշխարհային անուն ունեն: Հետևաբար, Բելառուսի փորձն ինձ համար շատ հետաքրքիր է և պետք է հետաքրքրի Հայաստանին, եթե ուզում ենք ամեն գնով աջակցել արհեստական բանականությունը զարգացնելուն: Կարծում եմ՝ Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են, որոնք կարող են այս ոլորտում աշխատել, և ես հույս ունեմ Բելառուսի նախագահի հետ շարունակել մեր երկխոսությունը, թե ինչպես կարող են երկու երկրներն ավելի խորը համագործակցել: Գործընկերներին պետք է հրավիրենք՝ գան Հայաստան, որպեսզի ներկայացնեն իրենց գործունեությունն ու փորձառությունը:

Այսօր արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաներն ամենուր են: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի է գործել առանց տեխնոլոգիա օգտագործելու՝ քաղաքականությունից մինչև լրատվություն, գյուղատնտեսություն և այլն: Նոր տեխնոլոգիաներն ամեն տեղ շատ անսպասելի լուծումներ են առաջարկում»:

Հայաստանի նախագահը ասել է, որ հարաբերությունները պետք է զարգացնել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա: «Որպեսզի հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում, պետք է արագ զարգանանք աշխարհի հետ միասին»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Բելառուսի բարձր տեխնոլոգիական պարկը միավորում է տեղեկատավական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 570 ընկերություն, որոնք զբաղվում են ծրագրային ապահովումների, հավելվածների մշակումներով, ՏՏ խորհրդատվությամբ, համակարգչային, ժամանցային խաղերի ստեղծումով և այլն։ Հայտնի նախագծերից են Viber, Juno, MSQRD հավելվածները, World of Tanks համակարգչային խաղը։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերությունների կողմից մշակված բջջային հավելվածներն օգտագործում է ավելի քան 1 մլրդ մարդ, աշխարհի տասը խոշորագույն կորպորացիաներից հինգը և աշխարհի 67 երկիր համարվում են տեխնոլոգիական պարկի պատվիրատու։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերություններից վեցը աշխարհի լավագույն 100 աուտսորսինգային ընկերությունների շարքում են։

 

***

 


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։

Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

 

***

 

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։

Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը նշված բնագավառներում։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն։ Նշելով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպով զարգանում է՝ Հանրապետության նախագահը նկատել է, որ տեխնոլոգիաների զարգացման բնագավառում Բելառուսի փորձը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել։ «Այսօր ես այցելեցի Բարձր տեխնոլոգիաների պարկ, որը բավականին տպավորիչ էր։ Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել»,-ասել է նախագահը։

Նշելով, որ ամբողջությամբ սատարում է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջև համագործակցությանը, Արմեն Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների, մասնավորապես գիտական, ինժեներական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին և նշել, որ ուրախ կլինի այդ ձևաչափում նույնպես համագործակցել բելառուսական ընկերությունների հետ։

Համալսարանի պրոռեկտոր, ակադեմիկոս Օլեգ Իվաշկևիչն այնուհետև ներկայացրել է համալսարանի՝ գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը։

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։

 

***

 

Մինսկում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս և նշել, որ դեռևս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս և մոտիկից կծանոթնա երկրի հնարավորություններին։ «Ես հեռուստատեսությամբ հետևում էի Ձեր այցին, և նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի մասին խոսել էինք, և ուզում եք լինել Բելառուսի տնտեսության զարգացման տեսանկյունից ավելի նշանակալի վայրերում։ Հետևում էի Ձեր հանդիպումներին մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ և հասկացա, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար։

Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, ինչպես և նախորդ անգամ, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, Դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում»։

Նա տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ և խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարևոր գործով։ Պատմեցի Ձեր այցի մասին։ Նա ասաց, որ, իհարկե, դա լավ է։ Պետք է իսկապես ասեմ, որ մի շտապեք վերադառնալ, նայեք այն ամենը, ինչ Ձեզ հետաքրքրում է տնտեսության՝ գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Դուք բանիմաց, խելացի ու գործնական մարդ եք, գիտեք ինչ տեսնել և ինչն է կարևոր ու օգտակար Հայաստանի համար»,-ասել է Բելառուսի նախագահը։

Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ նախագահ Լուկաշենկոն ասել է. «Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ ներկայացուցիչների հետ: Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է: Եվ երբ ինձ դիմեցին ինչ-ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետևյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ․․․ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է: Մենք կազմակերպել ենք հայ-բելառուսական առևտրի տան աշխատանքը, և ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 30-40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով: Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։

Նշելով, որ հայերի նկատմամբ Բելառուսում շատ ջերմ վերաբերմունք կա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Հայերի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք այսօր: Ուստի Դուք կարող եք հանգիստ լինել՝ չնայած հնչում են տարատեսակ կարծիքներ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, մեզ ինչ-ինչ բաների համար քննադատում են: Ես դա բնական եմ համարում, սակայն կարևորն այն է, որ մենք դաշնակիցներ ենք, գործում ենք նույն դիրքերից: Մենք, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունենք»։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նշանակալի իրադարձությանը՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի համար և նշել.

«Մեծապես տպավորված եմ թե՛ միջոցառման մասշտաբներով, թե՛ կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ:

Նախկին խորհրդային տարածքում Բելառուսը շարունակում է հստակ ուղղություններով համարվել չեմպիոն: Այն, ինչ տեսա՝ կազմակերպվածությունը, կարգապահությունը, տպավորիչ է: Ինձ շատ դուր եկավ այն, որ Բելառուսը շատ երկրներից առաջ է նրանով, որ այստեղ հասկացել են, որ ապագայում՝ 21-րդ դարում իրականությունն ու վիրտուալ իրականությունն իրար փոխլրացնելու են:

Ուրախ էի նաև այն փաստի առնչությամբ, որ հայ մարզիկները պատվով ելույթ ունեցան: Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, Բելառուսի թիմին, որը հիասքանչ ելույթ ունեցավ, մեր մարզիկներին, ովքեր լավ ելույթներ ունեցան: Կարծում եմ՝ Բելառուսը պատրաստ է ավելի մասշտաբային միջոցառումներ կազմակերպել:

Դուք ունեք տեսլական ու իմաստնություն՝ նայելու դեպի ապագան: Առանց ապագայի տեսլականի դժվար է ներկան կառուցել»։

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի ողջ ժողովրդին հուլիսի 3-ին նշվող Ազգային տոնի՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ և ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ։

 

***

 

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում, հանդիպել բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոն։

Մինչ հանդիպումը ռեկտոր Վադիմ Բոգուշը նախագահ Սարգսյանին ծանոթացրել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի ձեռքբերումներին և ողջունել նրա այցը Բելառուսի առաջատար կրթական հաստատություններ։

Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը նշել է, որ Բելառուսի գիտակրթական հաստատություններ այցի նպատակը հստակ է․ «Հայաստանն ու Բելառուսը կարող են համագործակցել գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտում։ Խորհրդային Միությունում մեր երկու հանրապետությունները բավականին սերտ գործակցում էին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Բելառուսը գնում են տեխնոլոգիական զարգացման ճանապարհով։ Այսօր գիտությունը, նոր տեխնոլոգիաները՝ սկսած քվանտային, լազերային տեխնոլոգիաներից մինչև մեծ ծավալի տվյալների կառավարում, բոլորը փոխկապակցված են։ Քսանմեկերորդ դարում մեզ տեխնոլոգիական արագ զարգացում է սպասվում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն։

Հայաստանի և Բելառուսի նման երկրների համար հնարավորություն կա 21-րդ դարում առաջատար դիրքերում լինել, քանի որ 21-րդ դարում կարևորը որակն է լինելու, ոչ թե չափը կամ քանակը»։

Նա նշել է, որ նախագահ Լուկաշենկոյի հետ նույնպես խոսել են գիտակրթական ու տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին։ «Մեր երկու երկրներում կրթությունն ու գիտությունը գնահատվում են, և դրանց զարգացման ուղղությամբ իրական քայլեր են արվում։ Այս կապակցությամբ ես շնորհավորեցի նաև Բելառուսի նախագահին, ով նայում է դեպի ապագա, քանի որ այդ ապագան շատ շուտ է գալու։ Աշխարհը արագ փոխվում է, այնպես որ պետք է զբաղվել կրթությամբ։ Ես այստեղ եմ, որպեսզի ևս մեկ անգամ հավաստիանամ, որ մենք պատրաստ ենք և կարող ենք համագործակցել։ Եկել եմ, որ երկխոսությունը շարունակենք և ավելի խորը հարաբերություններ հաստատենք»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ փոքր երկրները չպետք է վախենան փոփոխություններից, այլ կարող են առանձնահատուկ լուծումներով հանդես գալ։ Նա բերել է «Թումո»-ի օրինակը՝ նշելով, որ լինելով փոքր երկիր՝ Հայաստանն այս ոլորտում դարձել է այս նախագծի արտահանողը Եվրոպա։

Նախագահը նշել է նաև, որ տպավորված է Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկով, որը միջավայր է ստեղծում տեխնոլոգիական զարգացման համար։

Հանդիպման ավարտին նա պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, Հայաստանում հիմնարար գիտությունների զարգացման հեռանկարային ուղղություններին, քիմիական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությանը և այլն։

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի բելառուսական պետական համալսարանի՝ Մինսկի ռադիոտեխնիկական քոլեջի մասնաճյուղի ռեսուրս կենտրոն։ Ռեկտոր Վադիմ Բոգուշը ներկայացրել է քոլեջի գործունեության հիմնական ուղղությունները։ Նախագահը շրջայց է կատարել քոլեջի էլեկտրոնիկայի և սարքաշինության լաբորատորիաներում, եղել է ռետրո համակարգիչների թանգարանում։

 

← Վերադառնալ